«Խոսող կտավներ». տեսնել ձեռքերով
«Ինչո՞ւ ոչ մե՛ր կտավները մե՛ր թանգարաններում՝ մե՛ր քաղաքացիների համար». այսպես մտածեց «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան, երբ 2022 թվականին եվրոպական թանգարաններից մեկում տեսավ հայտնի կտավի շոշափելի տարբերակը՝ տիֆլոմեկնաբանության ուղեկցությամբ, որոնք թույլ են տալիս կույր և թույլ տեսողությամբ մարդկանց հաղորդակցվել արվեստի հետ: Շուտով ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ մեկնարկեց «Խոսող կտավներ» ներառական նախագիծը:
Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի
Լուսանկարները՝ «Սարեր» ՀԿ-ի
Շոշափել, լսել, խոսել
Սովորաբար, որպես շոշափելի կտավ ընտրվում են սյուժետային աշխատանքներ, քանի որ ըստ նախագծի հեղինակի՝ «դրանք ավելի հետաքրքիր են, քան, ասենք, «Սև քառակուսին» կամ որևէ նատյուրմորտ»: Հիպոալերգեն պլաստիկից ստեղծվում է ընտրված կտավի ռելիեֆային պատկերը։ Սակայն ամբողջական տպավորություն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նաև ուղեկցող տիֆլոմեկնաբանությունը՝ կտավի մասին պատմող ձայնագրված նկարագրությամբ. տիֆլոմեկնաբանությունն իր հերթին ուղեկցվում է կտավի սյուժեին համահունչ երաժշտությամբ: Նախագծի հնչունային ռեժիսորը և գլխավոր փորձագետը Վահան Նահապետյանն է, որն ունենալով տեսողության խնդիր՝ լավ է հասկանում այս խոցելի խմբի մարդկանց լեզուն: Մոտ վեց ամիս է պահանջվում մի կտավը «խոսեցնելու համար». ամենադժվարը նկարի ճիշտ մեկնաբանությունն է, մնացածը տեխնիկական հարցեր են»,- ասում է Էռնա Ռևազովան:
«Սարեր» ՀԿ հիմնադիր Էռնա Ռևազովան
2023 թվականին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի «Երևան քաղաքի վերակառուցման գլխավոր հատակագծի» շոշափելի կրկնօրինակը: Դրա համար Վահան Նահապետյանը հատուկ ձայնագրել է Վարդավառի լճի ձայնը և հատակագծի շոշափելի կրկնօրինակի համապատասխան հատվածում հենց այդ հնչյուններն են:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում ներկայացված են վարպետի վեց տարբեր կտավների շոշափելի կրկնօրինակները: ARARAT կոնյակի գործարանի հովանավորությամբ «Հայաստան» պաննոն ունի եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն տիֆլոմեկնաբանություն, մյուսներն առայժմ միայն հայերեն են հնչում: «Բազմալեզու տիֆլոմեկնաբանությունները զբոսաշրջային գրավչության տեսանկյունից շահեկան կլինեն, բայց առայժմ դրա համար ֆինանսները չեն բավականացնում»,- ասում է Ռևազովան:
Ծռերը, շունը, կատուն և մյուսները
Առաջին վեց շոշափելի կրկնօրինակները ստեղծվել էին Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի աշխատանքների հիման վրա. Վարդգես Սուրենյանցի, Սարգիս Մուրադյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի հայտնի գործերն արդեն հնարավոր է նաև տեսնել ձեռքերով:
2024-ը հոբելյանական տարի էր հայկական էպոսի համար (լրացավ առաջին հրատարակության 150 և առաջին համահավաք բնագրի 85-ամյակը). շոշափելի կրկնօրինակ ունի Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում պահվող 85-ամյա «Սասունցի Դավիթ» գորգը: Երվանդ Քոչարի ձևավորած «Սասունցի Դավիթ» էպոսի յոթ պատկերազարդումների շոշափելի կրկնօրինակերը ևս «խոսում են» թանգարանում:
«Հայաստանի կինոյի հիմնադրամի» հետ համատեղ ստեղծվել է նաև հայերեն առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմի՝ «Շունն ու կատուն», շոշափելի կրկնօրինակը. հիմա այն «խոսում» է Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:
Նոր հարթություն
Շոշափելի կտավների հնարավորություններն անսահմանափակ են և ամեն նոր կտավի հետ հեղինակները փորձում են դրանք ավելի բացահայտել: Դրանք նաև նոր վարքականոն են բերում թանգարան: Եթե դասական նկարների պարագայում արգելվում է դրանց դիպչել, ապա շոշափելի կտավների դեպքում զբոսավարներն իրենք ենք խնդրում այցելուներին դիպչել, շոշափել կտավները. սա իր հերթին նոր հարթություն է վիզուալ արվեստի վարպետների գլուխգործոցների համար:
Նախաձեռնության արձագանքը մեծ է. վերջերս տեսողության խնդիրներ ունեցող մի խումբ իտալացի զբոսաշրջիկներ էին եկել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան հատուկ դրանց ծանոթանալու համար: Էռնա Ռևազովան դժվարանում է նկարագրել այսպիսի այցելուների էմոցիաները. «Ամեն անգամ ես նրանց հետ նրանց չափ հուզվում եմ»,- ասում է նա:
Նախաձեռնության հեղինակը հույս ունի, որ պետական և մասնավոր սեկտորի աջակցությամբ Հայաստանում դեռ շատ կտավներ «կխոսեն»: