Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան. «Շատ եմ սիրում գինի, բայց չեմ սիրում մենակ խմել»
Վերջին տարիներին Հայաստանում իսկական գինեգործական վերածնունդ է տեղի ունենում։ Տարիներ առաջ դրա ակունքներում կանգնած էր Karas Wines ընկերությունը։ Ընկերության ղեկավար Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը ԵՐԵՎԱՆին պատմել է, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, ինչ բարդություններ անհրաժեշտ եղավ հաղթահարելու առաջին տարիներին, և ուր է գնում Karas-ն այսօր։
Տեքստը՝ Վիկտորիա Սամուելի
Լուսանկարները՝ Karas Wines-ի
ԵՐԵՎԱՆ #84 | 2024
Արևմտյան Հայաստանից Արգենտինա ու դեպի Արարատյան դաշտ
Իմ նախնիները, ցեղասպանությունից փախչելով, հաստատվել են Արգենտինայում, որտեղ էլ նոր կյանք են սկսել։ Երբ հնարավորություն եղավ վերադառնալու Հայաստան, իմ պապիկն ու նրա եղբայրը՝ Էդուարդոն, սկսեցին հաճախ գալ այստեղ, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո Էդուարդոն արդեն սկսեց մտածել Հայաստանում ներդրումներ անելու մասին։ Նա շատ գաղափարներ ուներ, որոնց միավորում էր Հայաստանի տնտեսության վրա դրական ազդեցություն թողնելու ձգտումը։ Ունենալով փորձ Արգենտինայի նման զարգացած այգեգործական մշակույթ ունեցող երկրում՝ նա ուզում էր իր ապագա նախագիծն անպայմանորեն կապել հողի հետ։ Եվ այդպես նա սկսեց հողատարածք փնտրել Հայաստանում, և, ի վերջո, ընտրությունը կանգ առավ Արմավիրի մարզի՝ Արարատյան դաշտի վրա։ Այնտեղից երևացող Արարատ լեռան տեսարանը նրան հիշեցրեց դպրոցում իր լսած աստվածաշնչյան պատմությունը Նոյի առաջին խաղողի վազը հենց այդ տեղում տնկելու մասին, և այդպես ամեն ինչ իր տեղն ընկավ. այսօր այդ նույն կետում, որտեղ նա ունեցել էր այդ ոգեշնչումը, արդեն տեղակայված է մեր գինեգործարանը։
Անվանում. ի պատիվ հին ավանդույթների
Ես նաև մեր անվանման պատմությունն եմ սիրում. կարասը հնում օգտագործվել է ջուր, գինի, գարեջուր պահպանելու և տեղափոխելու համար։ Էդուարդոյին շատ դուր եկավ այդ բառի պատմությունը, ազդեցիկությունն ու հնչեղությունը, և անվանումը հենց այս տրամաբանությամբ էլ ընտրվել է՝ ի նշանավորումն մեր հին ավանդույթների։
Բարդություններ. ի՞նչ է հայկական գինին
Ամենասկզբում դժվար էր բացատրել աշխարհին՝ որն է Հայաստանի գինին։ Որոշ դեպքերում մարդկանց համար դժվար էր նույնիսկ հասկանալը՝ որտեղ է Հայաստանը քարտեզի վրա։ Մարտահրավերները հատկապես լինում էին հաղորդակցման մեջ, այն իմաստով, որ մարդկանց դժվար էր հետաքրքրել և ներգրավել այս ամենում։ Ես այդ ժամանակ նույնպես աշխատում էի և՛ Հայաստանում, և՛ Արգենտինայում, ու հստակորեն տեսնում էի տարբերությունները և նաև այն հետաքրքրությունը, որ մարդիկ ունեին արգենտինական գինիների հանդեպ։ Հայկական գինու հանդեպ այդ պահին դա չկար։ Իսկ հիմա լրիվ հակառակն է։ Երբ ես սկսում եմ խոսել գինու մասին, որ ստեղծում եմ Պատագոնիայում, մարդիկ ասում են՝ դա հրաշալի է, բայց մեզ պատմիր ավելին Հայաստանի և հայկական գինիների մասին։
Հայկական գինեգործության վերածնունդը
Մոտ 15 տարվա ընթացքում մենք կարողացանք հետաքրքրություն ստեղծել Հայաստանի և հայկական գինիների հանդեպ։ Եվ ես կարծում եմ, որ սա միայն մեր արածի շնորհիվ չէ, այլ հենց գինու, որը ծնվում է այս բնակայքից, այս ողջ տարածքից, որն այնքան պատմություններ ունի պատմելու։
Մենք, իհարկե, այդ ժամանակ չէինք պատկերացնում, որ Karas-ն այսպիսի հեղափոխություն կարող է անել, բայց հասկանում էինք, որ մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա՝ վերականգնելու մեր մոռացված ավանդույթները և գինեգործական հին տեխնոլոգիաները։ Այսպիսով, հայկական գինին, որն ունի ավելի քան 6000 տարվա պատմություն, վերածնվեց։
Հայերի ու գինու կապն արյան մեջ է
Ես իսկապես հիանում եմ հայկական գինեգործական ժառանգությամբ և հատկապես այն կապվածությամբ, որ կա հայերի մեջ այդ ժառանգության հանդեպ։ Ընդ որում, կապ չունի Հայաստանից ես, թե Սփյուռքից։ Ինձ թվում է՝ որ դա արյան մեջ է, և երբ այդպիսի կապվածություն ես ունենում, հարգանքն ու սերն առ իրար դառնում է այդ կարևոր արժեքներից մեկը։ Ես հենց այդ արժեքներն եմ կրում իմ մեջ։ Իսկ գինին, կարծում եմ, մեզ թույլ է տալիս այս ավանդույթները պահպանել և աշխարհին հասցնել։
Հայ-արգենտինական տարբերություններ. գինեգործությունն այստեղ ու այնտեղ
Հիմնական տարբերությունն այն է, որ Արգենտինայում շատ են ներգաղթյալները Եվրոպայից՝ Իտալիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, այսինքն՝ երկրներից, որտեղ գինին իրենց մշակույթի անբաժան մասն է, և գինեգործությունն արգենտինական մշակույթում արմատացած է։ Բոլորը խմում են գինի, և այնտեղ դրա տարածումը երբեք մարտահրավեր չի եղել։ Իսկ Հայաստանում նույնիսկ հիմա դեռ երբեմն գինին համարվում է ինչ-որ նոր, ժամանակակից բան, որն իրականում այդպես չէ։ Ստացվում է, որ մի կողմից՝ մենք ունենք գինեգործության հազարամյակների պատմություն, մյուս կողմից՝ գինու ճիշտ օգտագործումը սկսվել է մոտ 15 տարի առաջ։ Մինչ այդ տնական գինիներն էին փոքրիշատե տարածված, այն էլ՝ գյուղերում։ Բայց երբ մենք սկսեցինք տարածել այն, ընկալումները սկսեցին փոխվել։ Կարծում եմ՝ հիմա այն համարվում է հարուստ, ոչ պարզունակ խմիչք և նորից դառնում է հայկական մշակույթի մի մասը։
Մյուս կողմից՝ արգենտինացիները, ինչպես և մենք, շատ կարևորություն են տալիս մարդկանց, ավանդույթներին, և դրանով էլ հեշտանում է այս երկու երկրների միջև սիներգիան։
Karas-ն ունի գինու 20-ից ավելի տեսակ
Գինիների տարբեր շարքեր ունենալու գաղափարը միշտ կար և շարունակվում է, որովհետև մենք հավատում ենք, որ գինին յուրաքանչյուրի համար է։ Նկատի ունեմ՝ որևէ մեկը չպետք է վախենա մեկ բաժակ գինի խմելուց, որովհետև բավականաչափ ծանոթ չի գինիներին կամ տեսականին քիչ է։ Ես գինի եմ պատրաստում, որպեսզի մարդիկ կարողանան ուրախանալ, որպեսզի նրանց ուտեստները, զրույցները, ժամադրությունները դառնան էլ ավելի լավը։
Մենք առաջարկում ենք տարբեր համերի, տարբեր բարդության և նույնիսկ տարբեր գների գինիներ։ Այս ամենը գինեխմությունը դարձնում է ավելի մատչելի և հարմարեցված՝ հեշտացնելով սպառումը։
Գինին ավելի համեղ է, երբ խմում ես սիրելիների հետ
Ես շատ եմ սիրում բալանսավորված գինիներ։ Դա նաև այն է, ինչին ես միշտ ձգտում եմ գինու արտադրության մեջ։ Ես նախընտրում եմ համի և բույրի լավ համակցությունը։ Հատկապես սիրում եմ այն գինիները, որոնք պատմություններ են պատմում։ Հավատում եմ, որ ամեն գինի խմելու իր ժամանակն ունի։ Եթե մեծ հավաքույթ է, շատ մարդիկ, ավելի թեթև գինի եմ նախընտրում, որ վայելենք, ուրախանանք և շատ չմտածենք։
Ավելի մտերմիկ ընթրիքի ընթացքում ընտրում եմ Karas Areni-ն, որն ավելի շատ շերտեր ունի, ավելի շատ բարդություն և հարստություն։ Այն ժամանակ է պահանջում, որ գավաթի մեջ բացվի և վեր հանի յուրաքանչյուր նոր համային շերտ։ Ինձ համար այս գինին շատ էլեգանտ է, ռոմանտիկ և ոչ շատ ծանր։
Ես շատ եմ սիրում գինի, բայց չեմ սիրում մենակ խմել։ Կարծում եմ, որ գինին ավելի համեղ է, երբ այն խմում ես ընկերներիդ, ընտանիքիդ, սիրելի մարդկանց հետ՝ հաճելի զրույցների և պատմությունների ուղեկցությամբ։ Այնքան հոգի, որ այս խմիչքի մեջ կա, պետք է տարածվի և լցնի բոլորի սրտերն ու բաժակները։
Գինու համար սահմաններ չկան
Ես միանգամայն համաձայն եմ այս ընկալման հետ, որովհետև կարծում եմ՝ գինին անվերջության խմիչք է։ Գինու համար սահմաններ չկան։ Այնքան շատ բազմազանություն, այնքան շատ վայրեր կան, որտեղ կարող ես ստեղծել գինիներ և ի վերջո, վայելել դրանք։ Գինիներն այնքան տարբեր են լինում՝ կախված հողից, եղանակից, մարդկանց մեկնությունից, որ այնքան հեռու կարող են հասցնել քո մտքերը։ Եթե վերադառնամ հարցին, այո, այն աստվածների խմիչք է, որովհետև բերում է ուրախություն ու կապում է բոլոր նրանց, ովքեր միասին գինի են խմում։ Դրա մեջ այնքա՜ն ոգեղենություն կա։