Yeremyan 20․ ռեստորանից մինչև ամբողջական էկոհամակարգ
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Երեմյան ընկերությունների խումբը ձևավորվել է որպես Հայաստանի ամենամեծ ու ազդեցիկ գաստրոնոմիկ էկոհամակարգերից մեկը՝ միավորելով ռեստորաններ, գյուղատնտեսություն, արտադրություն, կրթություն և լայնածավալ սննդի ծառայություններ։ Ներկայացնում ենք ոլորտի առաջատար ընկերության պատմության գլխավոր իրադարձությունները։
17.06.2026
2006
Երեմյան ընկերությունների խմբի պատմությունը սկսվում է «Պանդոկ Երևանից», որի հայեցակարգը վերաիմաստավորեց հայկական խոհանոցի ներկայացումը քաղաքային միջավայրում։ Այն ժամանակ, երբ ռեստորանային ոլորտը դեռ ձևավորման փուլում էր, այս նախագիծը բերեց փորձառության վրա հիմնված մոտեցում՝ համադրելով ավանդական խոհանոցը, մթնոլորտն ու մշակութային տարրերը։ Նախագծի հիմքում եղել է նաև հյուրընկալության ոլորտում հայ հասարակության կյանքում փոփոխություն մտցնելու մեծ մղումը՝ համադրելով հարուստ անցյալը նորարարական ապագայի հետ։

2008–2014
«Պանդոկ Երևանն» արդեն այնքան ճանաչելի էր, որ մարդկանց հոսքը սպասարկելու անհրաժեշտությունից մի քանի մասնաճյուղեր բացվում են քաղաքի տարբեր հատվածներում։ Բոլոր նոր պանդոկներում պահպանվում էր տնական ջերմ ու համեղ մթնոլորտը և «ֆերմայից՝ սեղան» սկզբունքը։
Միևնույն ժամանակ, «Երևանի Շաուրմայի» մեկնարկը նշանավորում է մուտքն արագ սննդի սեգմենտ՝ կոտրելով արագ սննդի մասին պատկերացումները և առաջարկելով բարձր որակի սնունդ ու սպասարկում։
2015
Դեռ 2006-ից «Պանդոկն» իրականացնում էր առաքումներ, սակայն 2015-ի Առաքման կենտրոնի ստեղծումը Երեմյան ընկերությունների խմբին ամբողջությամբ տեղափոխում է քաղաքի առօրյա կյանք՝ դառնալով ամենօրյա սպառման մշակույթի մաս՝ արագ, հասանելի և նույն բարձր որակով։

2017
«Լավաշի» բացումը, որտեղ հայկական ազգային խոհանոցն այլ՝ միջազգային մակարդակով ներկայացվեց, դառնում է շրջադարձային պահ. «ֆերմայից՝ սեղան» հայեցակարգի շրջանակում հատուկ «Լավաշի» համար բացվեց մարզային մթերման կետը։
Նույն շրջանում բացվում է «Շերեփը». քաղաքում առաջին բաց խոհանոցով և շոուի տարրերով այս ռեստորանը հաստատեց ընկերության նորարարական մոտեցումը նույնիսկ ավանդական խոհանոցում։

2018
Հրազդան գետի ափին՝ քաղաքային թոհուբոհից հեռու, բայց միաժամանակ քաղաքի սրտում բացվում է «Պանդոկ Երևան գետափին» ռեստորանը։ Այստեղ պանդոկային հյուրընկալությունը նոր բարձունքների է հասնում։ Ամռանը ռեստորանում երաժշտական երեկոներն ամենասպասված իրադարձությունն են հյուրերի համար։ Ռեստորանի այցեքարտն են յուրօրինակ երաժշտական ներկայացումները՝ հայկական առասպելների վրա հիմնված «Արա Գեղեցիկն» ու «Հայկը և Բելը»։
Զուգահեռ զարգանում են ճաշարանային ծրագրերը՝ ընկերությանը դուրս բերելով միայն ռեստորանային ձևաչափից և դարձնելով սննդի ծառայությունների խոշոր մատակարար տարբեր ոլորտների համար։

2019
Հիմնվում է «Yeremyan Academy»-ն՝ Հայաստանում խոհարարական արվեստի և հյուրընկալության առաջատար կրթական հարթակներից մեկը։ Մեծ Բրիտանիայի «City of Oxford College»-ի հետ համագործակցությամբ մշակված ծրագրերը ձևավորում են ոլորտի նոր սերնդի մասնագետներ՝ ապահովելով բարձր զբաղվածություն։
Նույն տարում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքում բացվում է նաև «Լիվինգսթոնը», որտեղ առաջարկում են բարձր եվրոպական խոհանոց ու բարձրորակ ժամանց։ Իսկ Սարյան փողոցում բացվում է «Սմոքինգ Շեֆ» սթեյքհաուսը։
Միևնույն ժամանակ մեկնարկում է Երեմյան կաթնամթերքի արտադրությունը՝ հիմնված «Սերմից՝ սեղան» ամբողջական մոդելի վրա։ Սեփական ֆերմաներից ստացվող կաթը վերամշակվում է ժամանակակից գործարաններում՝ ապահովելով փակ արտադրական շղթա, միջազգային սերտիֆիկացում և բարձր որակ։
2020
«Կազա Նոստրայի» բացումով Երեմյան ընկերությունների խմբի թիմն իրականություն է դարձնում իտալական ռեստորան ունենալու և Հայաստանում իտալական խոհանոցի խորությունն ու փիլիսոփայությունը ճանաչելի դարձնելու իր երազանքը։

2021
2021 թվականին բացվում է «Ռենոմեն», որը Երեմյան ընկերությունների խմբի fine dining ուղղության ամենանշանակալի ձեռքբերումներից է։ Այն ներկայացնում է բարձր հեղինակային խոհանոց և հայկական գաստրոնոմիան տեղափոխում է նոր՝ միջազգային չափանիշների մակարդակ։

Երեմյան ընկերությունների խումբը շարունակում է ընդլայնել իր ծառայությունները՝ զարգացնելով քեյթրինգային ուղղությունը և մեծածավալ սննդի կազմակերպման լուծումները։ Նույն տարում բացվում է «Սիզընս» այգին, որի «Սիզընս ռեստորանը», «Սիզընս սրճարանը» և «Սիզընս Սվիթլենդը» միասին ներկայացնում են նոր մոտեցում՝ քաղաքային տարածքը վերածելով ամբողջական փորձառության։

2025
Քսանամյակին ընդառաջ Երեմյան ընկերությունների խումբը մոտենում է երկու նոր նախագծով. նախ՝ էկոհամակարգին միանում է «Santafe» ռեստորան-սրճարանը։ Բացօթյա երևանյան միջավայրը, Կասկադի համայնապատկերը, պրոֆեսիոնալ անձնակազմը և բարձրորակ սնունդը սրճարան-ռեստորանը դասում են քաղաքի սիրելի վայրերի շարքում։
Ապա Երեմյան ընկերությունների խումբը Երևանի կենտրոնում հանդես եկավ նոր ռեստորանային կոնցեպտով՝ ճապոնական խոհանոցով։ «Kagayaki» անվանումը թարգմանաբար նշանակում է պայծառություն և փայլ՝ ոգեշնչված ծագող արևի երկրի պայծառ մշակույթից և խոհանոցից։



