«Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը նոր ֆրանսիական գործընկեր ունի
Անիմացիա

«Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը նոր ֆրանսիական գործընկեր ունի

Ֆրանսիական Աննսի միջազգային անիմացիոն փառատոնին կից գործող Mifa շուկայի հայկական տաղավարում հունիսի 16-ին Sacrebleu Productions ֆրանսիական աշխարհահռչակ անիմացիոն ընկերության հիմնադիր պրոդյուսեր Ռոն Դայեսի և հայկական ՕնՕֆֆ անիմացիոն ստուդիայի համահիմնադիր, պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի միջև ստորագրվեց համատեղ արտադրության համաձայնագիր՝ «Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի վերաբերյալ։

Հայաստանում հիմնադրված անիմացիոն ստուդիայի համագործակծությունը ֆրանսիական Sacrebleu Productions-ի հետ, որը ոլորտում հայտնի է իր անիմացիաների յուրօրինակ ձեռագրով, հնարավորություն կտա «Զակո» ֆիլմին համաշխարհային ֆիլմարտադրությունում իր ուրույն տեղը զբաղեցնել և հայկական ժամանակակից անիմացիան ներկայացնել ավելի մեծ մշակութային շրջանակներում, ընձեռելով լայն հնարավորություններ ֆիլմի հետագա դիստիբուցիայի/տարածման համար:

 

Ֆիլմը նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի անհավանական պատմությունն է, որը նա արձանագրել է գերմանական զինվորական ճամբարներում իր գերության տարիներին։ «Զակո» (ZAKO)՝ այսպես էին գերմանացիները կոչել խորհրդահայ նկարիչ Սարգիս Մանգասարյանին: Անցնելով ճամբարային դժոխքով՝ նկարիչը ողջ մնալու համար ստիպված էր նկարել իր դահիճներին ու նրանց զոհերին։

 

 

«Մեր նպատակն է գրաֆիկական նովելի էսթետիկայի և ժամանակակից VR տեխնոլոգիաների, Quill ծրագրի հնարավորությունների ու դասական CG գործիքակազմի համակցման և սինթեզման արդյունքում մշակել և ստանալ անիմացիոն ֆիլմի առանձնահատուկ ոճ»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Տիգրան Առաքելյանը։

 

Sacrebleu Productions-ը, որը հիմնադրվել է 1999 թվականին Ռոն Դայենսի կողմից, ավելի քան 90 կարճամետրաժ ֆիլմերի հայտնի պրոդյուսեր է: Նրանց աշխատանքներն ընտրվել են Կաննի և Վենետիկի հեղինակավոր փառատոներում: 

 

«Ինձ գրավեց «Զակո» ֆիլմի պատմությունը և այն ամենը, ինչ ֆիլմը կրում է իր մեջ. ինչպես արվեստը երբեմն կարող է կյանքեր փրկել, ինչպես երկրի ծագումը կարող է որոշել ճակատագիրը, և ինչպես այսօրվա նոր տեխնոլոգիաները կարող են հանդիսատեսին ընկղմել մի պատմության մեջ, որը, ցավոք, անընդհատ կրկնվում է: «Զակո»-ն հայելին է մեր մարդկային վիճակի։ Ժամանակն է սովորել նայել ինքներս մեզ և հարգել մեր ով լինելը»- ասում է Sacrebleu Productions-ի հիմնադիր և պրոդյուսեր Ռոն Դայենսին:



«Զակոն» արդեն ստացել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» աջակցությունը, իսկ այս տարվա Աննսի միջազգային անիմացիոն փառատոնին մասնակցությունը հնարավոր է դարձել «Հովնանյան հիմնադրամի» դրամաշնորհի օգնությամբ։

հավելյալ նյութեր