«Զակոյի» ստեղծագործական թիմի հետազոտական այցը Գերմանիա
«OnOff» անիմացիոն ստուդիայի գեղարվեստական թիմի անդամները՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանը, նկարիչներ Տիգրան Մանգասարյանը, Միլենա Ադամյանը և Գոռ Ենգոյանը, ավարտեցին իրենց այցը Գերմանիա, որտեղ ուսումնասիրություններ էին կատարում՝ «Զակո» անիմացիոն ֆիլմի նախապատրաստական աշխատանքների շրջանակում։
Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի
Ֆիլմը նկարիչ Սարգիս Մանգասարյանի կյանքի անհավանական պատմությունն է, որը նա արձանագրել է գերմանական զինվորական ճամբարներում իր գերության տարիներին։ Զակո՝ այսպես էին գերմանացիները կոչել խորհրդահայ նկարիչ Սարգիս Մանգասարյանին: Անցնելով ճամբարային դժոխքով՝ նկարիչը ողջ մնալու համար ստիպված էր նկարել իր դահիճներին ու նրանց զոհերին։ Գերմանիայում ստեղծագործական թիմը մասնավորապես ուսումնասիրեց Սարգիս Մանգասարյանի՝ Զակոյի անցած ճանապարհը։ 10-օրյա հետազոտության ընթացքում, նրանք այցելել են նախկին ռազմական ճամբարներ և թանգարաններ։
Տիգրան Առաքելյան, ռեժիսոր
Նախագծի հետ առաջին անգամ առնչվել եմ 2009-ին, երբ ընկերներիցս մեկը ծանոթացրեց նկարիչ Տիգրան Մանգասարյանի հետ, որն այդ ժամանակ կազմակերպում էր կոմիքսների փառատոնը: Գնացինք իր արվեստանոց, և տեսա, թե ինչպես է ինքը ակրիլով թղթի վրա նկարում ապագա «Զակոյի» կերպարներին։ Չափազանց տպավորված էի այդ աշխատանքով: Հետո, արդեն 2019-ին, երբ կարդացի ամբողջական գիրքը, հասկացա, որ այս պատմությունը պետք է վերածել անիմացիայի՝ թե՛ վիզուալի, թե՛ ասելիքի տեսանկյունից էր կարևոր, որովհետև դա մի գիրք էր, որի նմանը Հայաստանում դեռ չէր եղել։ Մի կողմից էպիկական պատմություն էր՝ էպիկական իրադարձությունների ֆոնին, մյուս կողմից՝ շատ անձնական էր ու այն էլ պատմվում էր գլխավոր հերոսի որդու կողմից։ Կարծում եմ՝ հենց այսպիսի պատմություններ է պետք պատմել աշխարհին։ Շատ ֆիլմեր կան Երկրորդ համաշխարհայինի մասին, բայց դրանք հազվադեպ են անդրադառնում գերության միջով անցած միլիոնավոր մարդկանց ճակատագրերին։ Այնպես որ, վստահ ենք, որ միջազգային հանդիսատեսին էլ կհետաքրքրի այս պատմությունը։
Շատ մեծ ու պատասխանատու աշխատանք է։ Խոսքը միայն բարդ անիմացիայի մասին չէ․ մեզ անհրաժեշտ էր նյութի բազմակողմանի ուսումնասիրություն՝ ավելի համոզիչ պատմություն ստանալու համար։ Օրինակ՝ Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ Հովհաննիսյան ինստիտուտի հետ համատեղ գիտական հետազոտություն կազմակերպեցինք։ Աշոտ Գրիգորյանն ուսումնասիրել է արխիվները, Զակոյի ձեռագրերը, իր նամակները ու փորձել հասկանալ, թե որտեղ և ինչ պայմաններում են դրանք արվել։ Հաջորդ քայլն արդեն տեղանքի ուսումնասիրությունն էր։ Որքան էլ համացանցի տված հնարավորություններն ունենաս, ստեղծագործողը պետք է սեփական փորձառությունն ունենա միջավայրի, մթնոլորտի հետ։ Անձնական շփումը այդ միջավայրերի հետ շատ մեծ ազդեցություն է թողնում վիզուալ էսթետիկայի վրա, ինչը, բնականաբար, ֆիլմում շատ կարևոր դեր է խաղում։
Հիմա ֆիլմը հասել է նախաարտադրության փուլ: Այս այցը և, ընդհանրապես, մի քանի հիմնադրամների ու կառույցների աջակցությունը, շատ կարևոր էր։ Արդեն ունենք ավարտուն սցենարը, վերջացնում ենք վիզուալ ոճը և պատրաստվում ենք սկսել ֆիլմի արտադրությունը:
Տիգրան Մանգասարյան, նկարիչ, «Զակո» գրաֆիկական նովելի հեղինակ
Վերջին ճամբարներից մեկը, որտեղ հայրիկն իր գերության վերջին տարում, վերջին դաժան փորձություններով անցնելով, այն քչերից էր, որ դեռ պահպանվել էր։ Ի՞նչ պիտի զգայի ես այն ճանապարհին՝ մեքենաներով, որոնք սրընթաց ընթանում էին դեպի հյուսիս, որը մեզ տանում էր Sandbostel։ Մեքենայի պատուհանից նույն բնապատկերն էր՝ անտառներ, դաշտեր և էլեկտրական պտտահողմեր։ Ժամանակակից Գերմանիայից և ոչ մի մասնիկ արդեն չէր հիշեցնում մռայլ անցյալի իրականությունը։ Մռայլ անցյալի իրականությունը մնացել էր միայն հայրիկի հուշերում, որոնք ես «աքցանով» էի քաշում հատիկ֊հատիկ, որպեսզի տարիներ անց թղթի վրա պառկեին և հիմա էլ կենդանանային սքրինի վրա։
Ի՞նչ կմտածեր հայրիկը, եթե կենդանի լիներ, և ես նրան հայտնեի, որ մեկնում եմ Sandbostel․․․ Անընդհատ մտքումս կառուցում եմ այն տեսարանը, թե ինչպես դա նրան պիտի ասեի և որ պահին։ Եվ կառուցածս պատկերները տարօրինակ կերպով կատակերգական դրվագներ էին դառնում նրա անցյալի մեծ դրամայի մեջ։ Ասենք, նախաճաշի պահին կամ ընկերների հետ շախմատ խաղալիս, երբ սիրում էին իրար «կծմծել»՝ «ղազագիրը գրի, տղա ջան» ու ծիծաղել անվերջ։ Կասեի շատ կարճ․
- Պապ, Sandbostel եմ գնում։
- Ի՞նչ․․․ - երևի գդալը կամ ֆիգուրը ձեռքից ընկնեին։ Շատ ուրախ մարդ էր, և նրա հումորի ծագումնաբանությունը երևի միայն գենետիկ չէր, այլ միգուցե նաև կորսված երիտասարդության և դառը անցյալի արդյունք։
Sandbostel, լավ հիշում եմ այդ անունը, կամ ավելի հաճախ՝ Gross Lübars կամ Altengrabow։ Անուններ, որոնք այն ժամանակ ինձ շատ բան չէին ասում, իսկ հիմա մի տեսակ «միս ու արյուն» էին դարձել, երբ սկսել էինք շոշափել ու իմաստավորել դրանք։
- Արդեն հասնում ենք, navigator-ը 100 մետր ա ցույց տալիս,- ասաց ղեկին նստած մեր ընկերը։
Եվ շատ հանկարծ, ծառերի արանքից երևացին barak-ները։ Գերմանիայում մեր տեսած ճամբարներից լավագույն պահպանված մեկը։ Իրականում հսկա ճամբարից լավագույն պահպանված էր միայն սովետական հատվածը։ Սովետական հատվածները միշտ առանձնացված էին մնացած երկրների հատվածներից, որովհետև Ստալինը գերիներ չէր ճանաչում, «դրանք դավաճաններ են», ասում էր նա։ Արդյունքում «Կարմիր Խաչը» սննդով նրանց չէր օգնում, և մեր պատկերացումները իրական չէին լինի, եթե լուսանկարներում չտեսնեինք գերհյուծված, «կաշի ու ոսկոր» մնացած մարդկանց։
- Եվրոպական հատվածից երբեմն հացի կտորներ էին շպրտում փշալարից այս կողմ։ Բայց վերցնողներին հսկիչները տեղում գնդակահարում էին,- ասաց Ինեսը, որը մի ամբողջ օր նվիրեց մեզ՝ իր հուզիչ պատմություններով լցնելով անձրևներից ու քամուց կամաց-կամաց քայքայվող վերջին ճամբարներից մեկը։
Անհավատալի է, բայց սրանք հենց այն բարաքներն են, որոնցից մեկում հայրիկն ապրեց իր գերության վերջին օրերը․․․ Այն ճանապարհը, որով նրան տանում էին քարհանքերում և տորֆի հանքերում աշխատելու, և այն հրապարակը՝ խոտածածկ ու կանաչ․․․ ոչ, այն ժամանակ հրապարակը խոտածածկ չէր, այլ մի փոշոտ «տափաստան», որ ամեն օր տրորվում էր հազարավոր գերիների կողմից, որը մենք էլի տեսանք լուսանկարներում։
- Փշալարից դուրս, մեկնած ձեռքերի երկարությամբ ոչ մի խոտ չէր աճում,- պատմում էր հայրիկը։- Ծլած խոտը իսկույն ուտում էինք։
Հետազոտությունը հնարավոր է դարձել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի, EU4Culture ծրագրի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի շնորհիվ։