Հայկ Զալիբեկյան․ «ճարտարապետը պետք է դառնա տարածության պրոդյուսեր»
Ճարտարապետություն

Հայկ Զալիբեկյան․ «ճարտարապետը պետք է դառնա տարածության պրոդյուսեր»

Ճարտարապետության գրադարանը (LfA) սկսում է զրույցների շարք՝ գրադարանի հիմնադիրների միջև։ Auditoria նախագծի ղեկավար Ալեքսեյ Լաշկովը եղել է TL Bureau արվեստանոցում և խոսել դրա հիմնադիր Հայկ Զալիբեկյանի հետ՝ կրթության, այլ ստուդիաների հետ համատեղ աշխատանքի, սեփական նախաձեռնությամբ նախագծեր պատրաստելու և ճարտարապետության ապագայի մասին։

Տեքստը՝ Ալեքսեյ Լաշկովի/LfA

 

Լուսանկարները՝ Միտյա Լյալին

 

Ճարտարապետության գրադարանի հարցազրույցները

 

#Ճարտարապետություն

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Հայկ, սկսենք կրթությունից։ Որտե՞ղ ես սովորել ճարտարապետություն։ 

 

Դե երևի արժի ասել, որ ես մեծ հաշվով պատահական գնացի սովորելու այդ գծով։ Փոքր ժամանակ երազում էի դառնալ ֆուտբոլիստ, ոչ թե ճարտարապետ։ Բայց մենք տեղափոխվել էինք Ռուսաստան, ես ռուսական անձնագիր չունեի, դրա համար չէի կարող պատանեկան թիմերում ներգրավվել։ Ֆուտբոլին ամենամոտը մարզական լրագրությունն էր, բայց այդտեղ էլ չհերիքեց ռուսերենս։ Է՞լ ինչ գիտեի՝ նկարել։ Ծնողներիս ասացի, որ կարող եմ դառնալ դիզայներ։ Օրինակ՝ զգեստների։ Չէ, դա էլ չանցավ, մեծ ներդրումներ էր պահանջում։ Երկար մտածեցինք ծնողներիս հետ, կանգ առանք ճարտարապետության վրա։ Այդպես հայտնվեցի ՌՈՒԴՆ-ում (Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան - խմբ․), որտեղ 99 թվին ինժեներական ֆակուլտետում բացվել էր ճարտարապետության և քաղաքաշինության ամբիոնը։ Ես ընդունվեցի երկրորդ հոսքով։ Արդեն սովորելիս սկսեց ծագել իրական հետաքրքրությունս։

 

Ի՞նչ միջավայր էր ՌՈՒԴՆ-ում։ 

 

Անկեղծ ասած՝ մեր մասնագիտական ուսուցումը թույլ էր։ Առանձնապես մրցույթ էլ չկար նույնիսկ, հիմա իրավիճակը այլ է, ակտիվացել է։ Մեր ժամանակ հազիվ մեկուկես խումբ հավաքվեց։ Թեև ընթացքում սկսեցին հայտնվել լավ մասնագետներ, իսկ հենց բուհի միջավայրը շատ հավեսն էր։ 

 

Ինչի՞ն էին հատկապես ուշադրություն դարձնում։ 

 

Քանի որ ինժեներական ֆակուլտետ էր, առաջնահերթը տեխնիկական մասն էր։ Նյութերի դիմադրություն, նյութաբանություն՝ դա շատ լավ էր դրված, իսկ գեղարվեստական մասը տուժում էր։ Ասենք, առաջադրանք էին տալիս ինչ-որ շենքի ռեկոնստրուկցիա, ու մի կիսամյակ նստած նկարում ես դա ձեռքով։ Ինչևէ, 2006-ին ավարտեցի բակալավրիատը, 2009-ին՝ մագիստրատուրան։ Բայց այդ ժամանակ արդեն ավելի շատ աշխատում էի, քան սովորում։ 

 

Որտե՞ղ ես աշխատել։ 

 

Մի քանի փոքր բյուրոներում, բայց հիմնականում Դենիս Լոբանովի Officeproject ստուդիայում, որն անում էր կոմերցիոն ինտերիերի դիզայն ամբողջ Ռուսաստանում։ Տասը տարի համարյա աշխատեցի այնտեղ, հետո տեղափոխվեցի Երևան։ Սկզբի ժամանակներն ապրում էի Երևանում, բայց պատվերներ անում Մոսկվայի համար։ Համարյա երեք տարի։ Հետո առաջարկ եղավ snkh-ից աշխատել իրենց հետ։ Հետո հայտնվեց այստեղ մեծ գրասենյակային պատվերի հնարավորություն, բայց դա անելու համար պետք էր ունենալ արդեն պաշտոնական սեփական բյուրո։ Գնացի ու գրանցեցի։ Այդպես էլ ծնվեց TL Bureau-ն։ 

 

 

TL BUREAU-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ

 

Ի դեպ, ինչու՞ է այդպես կոչվում։ 

 

Մոսկվայում Դենիսի մոտ աշխատելիս համակարգչիս էկրանի հետնամասին պարբերաբար ինչ-որ բոցեր էի գրում ու փակցնում։ Ասենք, երբ Կիմ Չեն Իրն էր մահացել, գրել էի՝ «Ծաղիկներն այստեղ դրեք», և այլն։ Հավես էր։ Մի օր էլ մի լավ մեծ տենդերի մասնակցեցինք ու չանցանք։ Մի երկու միլիոն դոլարի հարց էր, ափսոս էր։ Չդիմացա, ցուցանակ կպցրեցի՝ «Տյապ-լյապ դիզայն»։ Դենիսը եկավ, փնփնթաց, հետո ծիծաղեցինք։ Ու երբ դուրս եկանք ծխելու, պաշտոնապես խոստացա բոլորին, որ եթե մի օր բացեմ սեփական արվեստանոցս, հենց այդպես էլ կկոչեմ։ Այդպես Երևանում բացվեց TL-ը։ 

 

Ինչպե՞ս կնկարագրես TL-ի հայեցակարգը։ 

 

Վերջերս Սարհատ Պետրոսյանը (քաղաքաշինարար, LfA-ի համահիմնադիր - խմբ․) Ճարտարապետության գրադարանում դասախոսության ժամանակ ասաց, որ դասական ճարտարապետությունն ավարտվել է, էլ չկա։ Հիմա մենք ոչ թե շենք ենք նախագծում, այլ տարածություն ու միջավայր։ Համաձայն եմ իր հետ։ Հանրային տարածքները մեզ համար վաղուց կարևորագույն նշանակություն ունեն։ Այգիներ, փողոցներ, խաղահրապարակներ։ Այնպիսի բաներ, որոնք Հայաստանում հազարից մեկ են կյանքի կոչվում։ Լավ է, վերջերս ինչ-որ շարժ կա այդ ուղղությամբ։ Բայց համ էլ քանի որ շատ եմ սիրում սպորտը, շատ հետաքրքիր է զբաղվել մարզական օբյեկտներով, չնայած, որ այդ ուղղությունը շատ յուրահատուկ ու փոքր է։ Քիչ են ճարտարապետները, որոնք մեկից ավելի մարզական շինություն են նախագծել։ Դրանք հատուկենտ, ունիկալ պատվերներ են, որոնք կատարելը պատվաբեր հարց է։ Այս տարի առաջին անգամ ենք ստացել մարզական օբյեկտի պատվեր։ 

 

Ստուդիայի ներսում ինչպե՞ս եք մոտենում աշխատանքին։ Ինչպե՞ս է կազմակերպվում թիմային աշխատանքը։ 

 

Կարծում եմ, որ ես բավական մեծ ազատություն եմ տալիս բոլորին։ Կան բաներ, որոնք լավ գիտեմ, ասենք, ճանապարհը պետք է այսպիսին լինի, իսկ մայթը՝ այսպիսին։ Այստեղ ստեղծագործելու տեղ քիչ կա։ Իսկ մնացած հարցերում՝ ինչ ուզում ես, ոնց ուզում ես։ Միշտ թույլ եմ տալիս, որ մարդիկ իրականացնեն այն, ինչ ուզում ու պատկերացնում են։ 

 

 

ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ինչպե՞ս են սովորաբար ծնվում ձեր նախագծերը։ Երբեմն, երբ նայում ես ձեր սոցցանցերը, թվում է, որ դրանցից շատերը ձեր նախաձեռնությունն են, ոչ թե մրցույթի կամ պատվերի հետևանք։ 

 

Դե, նախ մենք հրապարակում ենք մեր աշխատանքի շատ փոքր մասը ու, այո, սովորաբար դրանք մեր նախաձեռնություններն են։ Օրինակ, ինչ-որ խնդրահարույց տեղ ենք տեսնում քաղաքում, ու ոչ թե պարզապես ասում ենք, որ այստեղ խնդիր կա, այլ նկարում ենք այն լուծումը, որը պատկերացնում ենք։ Ինտերյերային, սրճարանային, բնակարանային շատ նախագծեր չենք տեղադրում, ու ստեղծվում է տպավորություն, թե մենք այլ կերպ չենք աշխատում։ Գյումրիի խաղահրապարակի նախագիծը, օրինակ, ծնվեց մոծակի մեծ արձանից։ Նայեցի, տեսա, մտածեցի, որ կարելի է դրա շուրջ ստանալ խաղահրապարակ, նախագծեցինք, հետո արդեն ստացանք խաղահրապարակի պատվեր։ Այդ ժամանակ էլ վերջնական տեսքի բերեցինք մոծակին։ 

 

Աշխատում ես նկարչի պես, փաստորեն, նախօրոք ունես միտք, որը ճիշտ պահին առաջարկում ես։ 

 

Այո։ Կամ էլ մասնակցում ես հանրային տարածքի նախպագծման մրցույթին, որտեղ պարտադիր լրացնում ես տեխնիկական առաջադրանքը, իսկ եթե մի կտոր էլ մնում է ազատ, այ, այդտեղ անում ես, ինչ ուզում ես։ Դա հենց այն պահն է, երբ թիմն ունի ազատություն։ Իմ գործը հետևելն է, որ և՛ պատրադիր մասը չանտեսվի, և՛ ստեղծագործական փուլը լավ անցնի։ 

 

Նման է համադրողի աշխատանքի․․․

 

Կարծում եմ, դա իմ ինժեներական ուսուցման հետևանքներն են։ Ես առաջին հերթին ուշադրություն եմ դարձնում տեխնիկական հիմքին, իսկ հետո արդեն դրա վրա կարելի է ստեղծագործել։ 

 

 

Ասացիր, որ ձեր նախաձեռնած նախագծերի մեծ մասը մնում է թղթի վրա։ Իսկ ինչպե՞ս եք դուք փորձում դրանք առաջ տանել, ո՞րն է նախագծելուց հետո հաջորդ քայլը։ 

 

Եղել են դեպքեր, երբ քաղաքային իշխանություններն են մեզ դիմել այդ նախագծերին ծանոթանալուց հետո, թեպետ տարբեր պատճառներով համատեղ նախագծերն էլ չեն իրագրործվել։ Ունենք նախագիծ իմ ծննդավայր Հրազդանի համար՝ ծրագիր ենք կազմել, թե ինչպես կարելի է վերակառուցել հին լքված զբոսայգին։ Բայց ասել, որ մենք ամեն ինչ թողել ու ամեն գնով փորձում ենք այս նախագծերը կյանքի կոչել, սուտ կլինի, հատկապես, երբ երկրորդ կողմի ակտիվությունը չկա։ Սրանք չեն արվում նրա համար, որ անպայման հաջորդ օրը կառուցվեն։ 

 

Բա ինչու՞։ 

 

Մեզ համար ենք անում, անում ենք, որ ուրիշ մարդիկ տեսնեն, թե ինչ կարող էր լինել։ Հասարակությունն էլ դրա հետևանքով ավելի պահանջկոտ է դառնում իշխանությունների հանդեպ։ Այստեղ ապրելու իմ 8 ու կես տարիների ընթացքում նկատել եմ, որ մարդիկ ավելի տեղեկացված ու պահանջկոտ են դառնում։ 

 

ԳՐԱԴԱՐԱԿ

 

Ձեր մեկ այլ նախաձեռնած ծրագիր է Գրադարակը։ Ինչպե՞ս այդ ամենը սկսվեց։ 

 

2017 թվականին ինձ դիմեց մոսկվացի մի հայրենադարձ աղջիկ՝ Արուսիկը, խնդրեց նախագծել գրադարան, այնպես, որ երեխաները սկսեն կարդալ։ Բանն այն է, որ քաղաքում գիրք կարդալը նորից նորաձև է դարձել, իսկ գյուղերում դեռ շատ սուր է խնդիրը։ Ես համաձայնվեցի, բայց այն պայմանով, որ ես անում եմ այն, ինչ ուզում եմ՝ առանց գնին ուշադրություն դարձնելու, որ հետո արդեն ֆինանսավորումը գտնենք։ Կառուցեցինք առաջինը, հետո հասկացանք, որ սա կարող է դառնալ մեծ, շարունակական նախագիծ, որ գոնե մեկական գրադարան կառուցվի ամեն մարզում։ Հատուկ սրա համար հիմնադրամ բացեցինք, որպեսզի ամեն նոր կառույցի համար կարողանանք ֆինանսավորում գտնել։ Հիմա յոթն արդեն աշխատում են, երկուսն էլ շուտով կբացվեն։ 

 

Դրանք միշտ արվում են եղած կառույցներու՞մ։ 

 

Այո, դպրոցների գրադարաններն են, կամ անցյալից մնացած մշակույթի տներ, զրոյից չենք կառուցում, քանի որ դա թանկ է։ Սկզբում տեղավորվում էինք 20 հազար դոլարի սահմաններում, իսկ վերջիններն արդեն հասնում են 50 հազարի։ Զրոյից կառուցելը շատ կբարդացներ գործը։ 

 

 

Եթե ես ճիշտ եմ հասկանում, ոչ միշտ է ձեր բյուրոն դրանք նախագծում։ 

 

Առաջին հինգը մեր բյուրոյում են նախագծվել, բայց դրանց մեջ էլ կան գրադարաններ, որոնց ես ինքս մատով չեմ կպել, մեր թմի այլ անդամներն են արել։ Իսկ հետո որոշեցինք որ ամեն նոր գրադարանը նախագծի մեր գործընկերներից որևէ մեկը։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ բոլորը համաձայնվեցին աշխատել ձրի, քանի որ նախագիծը կոմերցիոն չէ ու ճարտարապետության վրա գումար ծախսելը կբարդացներ հարցը։ Մյուս կողմից՝ բոլորն ունեն ազատություն անելու ինչ կուզեն՝ եղած բյուջեի սահմաններում։ Այնպես որ՝ ամեն գրադարան յուրահատուկ ճարտարապետական փորձ է։ 

 

Ըստ էության, չկա միանգամից բնութագրված պատվե՞ր։ 

 

Ինչ-որ առումով, պատվիրատուն ես եմ, ես հետևում եմ, որ ամեն դեպքում ամեն ինչ իր տեղում լինի։ Ասենք, չգիտեմ, պրոեկտոր ու էկրան, ծառը, որի վրա փակցնում են գրադարանային տոմսերը, և այլն։ 

 

Բայց մոդելն է հետաքրքիր։ Առաջին գրադարակից հետո դրա շուրջ մի ամբողջ աշխարհ ծնվեց՝ իր սեփական օրենքներով, մասնագետների համագործակցությամբ, կրթության ու ճարտարապետության համատեղությամբ․․․

 

Ու փաստացի, սա նույնպես հանրային տարածք է։ Ի դեպ, մենք չենք բացում ու գնում, այլ շարունակում ենք հետևել գրադարաններին։ Օրինակ, տեղացիների մեջ գտնում ենք գրադարանավար, աշխատավարձ ենք վճարում նրան։ Որքան կարողանում ենք, թարմացնում ենք գրքերն ու գրենական պիտույքները։ 

 

Ի դեպ, ինչպե՞ս եք ընտրում, թե որ գյուղում եք աշխատելու։ Գյուղական համայնքը որևէ կերպ ներգրավվա՞ծ է լինում։ 

 

Բաց կանչի պես մի բան ենք անում, ստանում ենք հայտեր տարբեր գյուղերից, գնում ենք, շփվում ենք գյուղապետի կամ օրինակ՝ դպրոցի տնօրենի հետ։ Պատահում է, որ համատեղ ֆինանսավորում է լինում նաև գյուղի կողմից։ Եթե գյուղում կամ մոտակայքում կան շինարարներ, իրենց ենք ներգրավում, թեկուզ եթե որակը մի քիչ տուժում է, լավ է, որ աշխատանքային տեղերը հենց այստեղ են բացվում։ Բացի այդ, այդպես ավելի սերտ կապ է ձևավորվում մարդկանց ու ապագա գրադարանի միջև։ Ի դեպ, ունենք լավ դեպքեր, որ գրադարանի շուրջ ինչ-որ նոր փոքր բիզնեսներ էին բացվում, ակտիվանում էին մարդիկ, սկսում գյուղի զարգացման մասին մտածել։ Եթե սա փող բերեր, կարելի էր զբաղվել ամբողջ կյանքի ընթացքում, բայց քանի որ ունենք ներքին սկզբունք՝ սրանով փող չաշխատել, այլ հակառակը՝ հնարավորինս ներդրում անել, ստիպված աշխատում ենք գրադարակի վրա ազատ ժամանակ։ 

 

ՄԱՐԶԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

Գիտես երևի, ժամանակին տիեզերք էր ուղարկվել մի սկավառակ՝ մարդկության մեծագույն մշակութային ու գիտական հաջողությունների մասին, որ եթե այն գտնեն այլմոլորակայինները, մեր մասին լավ կարծիք կազմեին։ Այ եթե քեզ առաջարկեին TL-ը ներկայացնել այդ սկավառակում, ո՞ր նախագիծը կտրամադրեիր։ 

 

Ես այն մարդկանցից եմ, որոնք երբ հանձնում են նախագիծը, դադարում են դրանով հետաքրքրվել։ Չեմ մոռանում իհարկե, բայց ինձ ավելի հետաքրքիր է գալիքը։ Այն, ինչ արդեն եղել է, ինձ մեկ է։ 

 

Ոչ թե սիրելի, այլ բնութագրող նախագիծը, որից կերևա, թե ինչ է TL-ը։ 

 

Հենց հիմա կասեի, որ դա մարզադաշտն է։ Նախ՝ նոր ենք այն նախագծել, երկրորդն էլ՝ հնարավոր է, որ այն կկառուցվի։ 

 

Դե արի խոսենք դրա մասին։ Կպատմե՞ս։ 

 

Ես մանկուց տարբեր մարզաձևերով եմ զբաղվել, ամենալուրջը երևի թե ֆուտբոլով։ Ինչպես ասեցի, չդարձա մարզիկ, չդարձա լրագրող, ոչ էլ նույնիսկ ֆուտբոլային մրցավար։ Իսկ ահա մարզական կառույցներն ինձ գերում են իրենց մոնումենտալությամբ։ Կարող ես ամբողջ կյանքդ կառուցել շատ սիրուն բնակելի շենքեր, բայց հազվադեպ են դրանք դառնում նշանավոր։ Իսկ մարզական օբյեկտները տեղ ունեն և՛ գեղարվեստական լուծումների, և՛, իհարկե, ինժեներական։ Պետք է հաշվի առնես հսկայական մարդկային հոսքերը, տրանսպորտը, տեխնոլոգիաների կիրառումը։ Նաև միշտ հիացել եմ արդեն որպես այցելու մարզադաշտում երկրպագուների ամբոխի մեջ լինելու փորձառությամբ, պարզապես անկրկնելի է։ 

 

 

Հաճախ խոշոր մարզական կառույցները ստեղծվում են կոնկրետ իրադարձություններին ընդառաջ՝ Օլիմպիական խաղեր կամ առաջնություններ։ Ու հաճախ հնչում է քննադատություն, որ դրանք մշտապես տանում են րոպեական մեծ ռեսուրսներ, բայց հեռանկարում անիմաստ են, իսկ այդ մարզադաշտերը հետագայում չեն ինտեգրվում սովորական կյանքի մեջ։ Ի՞նչ ես կարծում, այսօր պե՞տք է հաշվի առնել այդ մարտահրավերները։ 

 

Ես հավատացած եմ, որ պահի գեղեցկությունը միանգամայն արժե, որպեսզի դրանք կառուցվեն։ Նույնիսկ եթե հետո դրանք չեն օգտագորվեծլու ինչպես հարկն է։ Բայց Օլիմպիական խաղերի բացումը, կամ Աշխարհի առաջնության եզրափակիչը այնքան էպիկական են, որ ամեն ինչ արժեն։ Այո, վերջին տարիներին փորձում են անել ժամանակավոր կառույցներ կամ ինտեգրված այլ գործառույթների հետ, բայց, որպես կանոն, դա չի աշխատում։ 

 

Հայաստանում մտքովս երեք օրինակ է անցնում․ «Հրազդանը», որը, ցավոք, լքված է ու ինտեգրված չէ կյանքի մեջ, «Հանրապետականը», որն օտագործվում է, բայց այնպես է տեղակայված, որ գրեթե չի երևում, ու «Սպարտակը», որը, փաստորեն, նախատեսում են քանդել ու կառուցապատել։ Ինչպե՞ս կմենաբանես այս երեք սցենարները, ճակատագրերը։ 

 

«Հրազդանը» նման է մեծ քանդակի, որը գեղեցիկ է ու ափսոս է դեն նետելը, բայց չես հասկանում՝ ինչ կարելի է անել։ Կոմերցիայի տեսանկյունից, պետք է քանդել ու կառուցապատել։ Ֆուտբոլ արդեն հնարավոր չէ անցկացնել, մնում են տոնավաճառն ու հատուկենտ համերգները։ Ի՞նչ անի սեփականատերը։ Որպես ճարտարապետ կարելի է պնդել, որ պետք է պահպանել, բայց ինչ ուզում ես արա՝ իր սկզբնական գործառույթով սա հնարավոր չէ օգտագործել։ 

 

Բայց չէ՞ որ պարտադիր չէ ամեն ինչին այդքան ռացիոնալ մոտենալ։ Գուցե ինչ-որ այլ լուծումներ կան․․․

 

Որպես սպորտին ծանոթ մարդ՝ կարող եմ ասել, որ չկա այնպիսի սցենար, որը ենթադրում է կառույցի պահպանություն և եկամտաբերություն։ Ուրիշ բան, եթե այնպիսի հասարակություն ունենայինք, որտեղ բոլորը գնահատեին «Հրազդանը», հիանային, իշխանություններն էլ սեփականատիրոջն ասեին՝ դու կարող ես քանդել սա ու աշխատել 10 դոլար, բայց քանի որ սա մեծ արժեք է, դու մի քանդիր, աշխատիր 3 դոլար, իսկ մնացած 7-ը մենք քեզ կփոխհատուցենք, կարևորը, որ ստադիոնը հավերժ կանգուն մնա։ Բայց իրականությունն այդպիսին չէ։ Մի օր «Հրազդանը» կքանդեն։ 

 

Այ այդ ժամանակ դու կմասնակցես քո նախագծո՜վ։ 

 

Դե, վստահ չեմ, որ քանդելու դեպքում տեղում նոր ստադիոն կկառուցեն։ Բայց ինչևէ։ Ինչ վերաբերում է «Հանրապետականին», ապա այն օգտագործվում է, հնարավորինս թարմացվել, ադապտացվել է, բայց ամեն դեպքում հին է ու շատ փոքր։ Դրա համար էլ հիմա խոսակցություն է գնում նոր ազգային մեծ մարզադաշտի մասին։ Բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ որպես կառույց դեռ երկար կանգուն կմնա։ Իսկ «Սպարտակը» ևս մեկ անգամ փաստում է, որ մեզ այսօր ուրեմն պետք են նոր տներ, ոչ թե մարզական օբյեկտներ։ Սեփականատերը վաճառում է։ Այստեղ չկա որևէ առանձնահատուկ ճարտարապետական արժեք, բայց կա տեղի հիշողությունը, որը կջնջվի կգնա։ 

 

Բայց ախր քաղաքային սցենարի տեսանկյունից սա ֆանտաստիկ դեպք է՝ քաղաքի կենտրոն, գործարանային տարածք, ու այնտեղ ահա ֆուտբոլի դաշտ, կարատեի դահլիճ․․․ Շատ ցավալի է, կարծում եմ։ 

 

Ցավալի է, բայց սա մեր իրողությունն է, պետք է փորձել փոխել կամ համակերպվել, երրորդ տարբերակ չկա։ 

 

ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ԴԵՐԸ

 

Ինչպե՞ս փոխել։ 

 

Ցույց տալ այլընտրանքը։ Մենք Tarberak բյուրոյի հետ մի անգամ այդպիսի նախագիծ արեցինք՝ «Պատի հետևում»։ Պետական մի հիմնարկի տարածքի մասին էր, որտեղ պատի հետևում հսկայական ամայի տարածք է թաքնված։ Մենք առաջարկում էինք քանդել պատը ու ստեղծել նոր հանրային կանաչ տարածություն կենտրոնում, Մատենադարանից ոչ հեռու։ Ահա նախաձեռնության միջոցով փորձում ենք ցույց տալ, որ կարելի է այլ կերպ մոտենալ տարածքներին։ Մի քանի օր առաջ, ի դեպ, առաջարկությունն ուղարկեցինք քաղաքապետարան։ 

 

Վերադառնալով Սարհատի մտքին․ եթե ամեն ինչ փոխվում է, ինչո՞վ պետք է զբաղվի ճարատարապետն այսօր, ըստ քեզ։ 

 

Ես կանվանեի դա տարածության պրոդյուսեր։ Ըստ էության, մենք ու շատ ուրիշներն արդեն դրանով են զբաղված։ Երբ ծրագրավորում ես տարածությունները, հատկապես նորագույն տեխնոլոգիաների նորանոր զարգացումները հաշվի առնելով։ 

 

Դա արդեն համաշխարհային տենդե՞նց է։ Ու՞մ փորձին կարող ես հղում անել։ 

 

Ենթադրենք, պատվիրատուն գալիս է ու ասում, որ ուզում է կառուցել գինու գործարան։ Եթե ժամանակին գինու գործարանը արտադրական մաս էր ու գուցե խանութ, ապա հիմա շատ նոր շերտեր են ավելացել։ Ու ճարտարապետը պետք է կարողանա առաջարկել ու համատեղել նաև դեգուստացիոն սրահ, հանդիսությունների սրահ և այլն, և այլն, որպեսզի ամեն մի քար հնարավորինս եկամտաբեր դառնա։ Իսկ եթե ուզում ենք կոնկրետ օրինակ, թող լինի MVRDV-ի հայաստանյան «Գագարին» նախագիծը, որտեղ ճարտարապետական բյուրոն կազմակերպում է մի հսկայական տարածք, որտեղ, որպես այդպիսին, բուն շենքերն այնքան էլ շատ չեն։ 

 

Իսկ դիզայնը, դետալի մշակումը, ձևերի հետ աշխատա՞նքը, ինչպե՞ս անել, որ դրանք էլ չմնան երկրորդ պլանում։ 

 

Չգիտեմ ինչպես, երևի պետք է ուշադիր լինել, համ էլ ավտոմատիզացիան գնալով շատանալու է ու մեր փոխարեն դա կարվի ավտոմատացված կերպ։ Եվս մի նախագծի մասին պատմեմ, որը մենք ենք հղացեերեսուն հեկտար տարածքում անտառ ենք ուզում տնկել Բուսաբանական այգում տարածքում։ Ես ու Նիկոլայ Թորոսյանը մտածեցինք դրա մասին, որպես պատերազմում զոհվածների հիշատակ։ Հետո միացավ Tarberak-ը։ Հետո հասավ կառավարությանը, քաղաքապետարան և այլն։ Ինչևէ, աշխատանքներն արդեն ընթանում են։ Մենք գրեցինք գաղափարը, կատարեցինք էսքիզը ու հիմա այլևս չենք մասնակցում, բայց փոխարենը այն իրականացվում է։ Գուցե երեսուն տարի հետո ոչ մեկ չհիշի, որ ես ու Կոլյան ենք հղացել այս ծրագիր, բայց թող լինի այդ անտառը, որտեղ ես՝ ալեհեր մի ծերունի, կգնամ զբոսնելու։ Դա ավելի կարևոր է։ Նույնիսկ եթե մեր էսքիզին էլ նման չլինի։

 

Ի՞նչ ես կարծում, կարելի՞ է նույն սցենարով առաջ տանել ստադիոնի գաղափարը, ներքևից վերև ճանապարհով։ 

 

Չէ, դժվար։ Նախ՝ անտառի դեպքում կարևորագույն դեր էր խաղում հուշի գաղափարը, ստադիոնը դրանով չես անցկացնի։ Հետո մարզադաշտ կառուցելը ավելի թանկ է։ Նաև իր բնույթով դա կոմերցիոն նախագիծ է, ի տարբերություն անտառի։ 

 

 

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

 

Մրցույթների մասին չխոսեցինք։ Որքա՞ն հաճախ ես մասնակցում։ 

 

Հնարավորություն ունենալու դեպքում՝ անմիջապես։ Սեուլի հարակից շրջաններից մեկի համար նախագծել ենք այս գրադարանը։ Այն ժամանակ մեր Գրադարակների ակտիվ փուլում էինք, սա էլ արեցինք Tarberak-ի հետ։ Կարծում եմ՝ շատ ուժեղ նախագիծ էր, բայց չանցանք։ Հետո պարզեցինք, որ էնտեղ սովորաբար կորեացի կամ չինացի ճարտարապետներն են հաղթում։ 


Հայաստանում մի մրցույթ հաղթել ենք, բայց դա էլ դեռ չի կառուցվել։ Հրազդանում ՋԷԿ-ի հովացման աշտարակի արտաքինի փոփոխության նախագիծ էր, հաղթեցինք, բայց հետո պարզվեց, որ շատ թանկ էր նստելու իրականացումն ու պատվիրատուն հրաժարվեց գաղափարից։ 

 

Կարծում եմ՝ մրցույթներին պետք է հաճախ մասնակցել, քանի որ դրա մեջ նաև սպորտային ազարտ կա, երբ ջանում ես մրցակիցներից լավ անել։ 

 

Նկատել եմ, որ դու հաճախ ուրիշ բյուրոների հետ ես մասնակցում մրցույթներին։  

 

Քանի որ մեր թիմը փոքր է՝ ամենաշատը 5 հոգի ենք եղել, ապա հաճախ ուրիշների հետ ենք մասնակցում, որպեսզի ռեսուրսները հերիքեն։ Հետո հետաքրքիր է, որ երբ երկու բյուրո է աշխատում, աշխատանքը բաժանվում է այնպես, որ ամեն մեկն իր վրա վերցնի այն, ինչում ինքն է ուժեղ, հետո երկու մասնիկները համադրվում են, ստացվում է, որ ինքնըստինքյան կողքից հայացք կա։ Կախված է առաջադրանքից։ Այդ հաղթած մրցույթի նախագիծը, օրինակ, միայն TL-ինն է։ 

հավելյալ նյութեր