Գիրք ծննդոց՝ յաղագս երաժշտութեան
Նոր գիրք

Գիրք ծննդոց՝ յաղագս երաժշտութեան

Նայիրի Խաչատուրեանի և Սարգիս Անտոնյանի նոր արվեստագիրքը, որից պոկվել չի լինում։

Տեքստը՝ Նայիրի Խաչատուրեանի, Մայդա Շավակի, Արքմենիկ Նիկողոսյանի

 

Նկարազարդումները՝ Սարգիս Անտոնյանի


Լուսանկարները՝ Դավիթ Գալստյանի

 

ԵՐԵՎԱՆ #82 | 2021

#ՔաղաքըԿարդումԷ

Սեպտեմբերին լույս տեսավ «Ծագող արև» մատենաշարի առաջին՝ «Զար զընգը» մանկական արվեստագիրքը, որը միավորել է հեղինակ Նայիրի Խաչատուրեանին և նկարիչ Սարգիս Անտոնյանին։ Գիրքը հրատարակվել է արևելահայերենով և արևմտահայերենով, տպագրությանն օժանդակել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամը։ Նայիրի Խաչատուրեանը, ինչպես նաև արվեստագետ Մայդա Շավակն ու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը բացատրում են, թե ինչ է սա։ 

 


Նայիրի Խաչատուրեան, գրքի համահեղինակ

Բանահյուսությունն իմաստության աղբյուր է։ Այն նաև եղել է մարդկության անհատական և հավաքական առաջին ստեղծագործական դաշտը։ Որպես մի ավանդազրույց՝ «Զար զընգը» արվեստագիրքը պատմում է, թե ինչպե՛ս ծնվեց երաժշտությունն աշխարհում, թե ինչպե՛ս է մարդու հոգին կապված երաժշտությանը և թե ի՛նչ հույզեր ու զգացմունքներ է արթնացնում երաժշտությունը։ Ազատ թրթիռ առաջացնող այս վեհ համամարդկային երևույթի ստեղծումն էջ առ էջ, բառ առ բառ, գույն առ գույն է բացահայտում երեխան իր ընթերցման ուրույն ռիթմով։ Գրի, գծի, տիպ ու տառի խաղերը գրքում տանում են դեպի հնչյունն ու ձայնը, որի բնական օգտագործմամբ երեխան ու ծնողը միասին դառնում են բանահյուսության կրողը։ Գիրք ծննդոց՝ յաղագս երաժշտութեան կամ ինչպես բանահյուսության՝ այս դեպքում ժողովրդական երգի փոխանցումն իրագործել գրի, գծի, տիպ ու տառի միջոցով…

 

***
«Զար զընգը» գրքով ծնունդ առավ aha collective-ի «Ծագող արև» մատենաշարը, որը նվիրված է մանկական հայալեզու արվեստագրքերի ժանրի ստեղծմանն ու տարածմանը։ 


Մանկական արվեստագրքերի ժանրն ընդգրկում է տպագիր ստեղծագործություններ, որոնք առաջարկում են երեխաներին առաջին քայլն անել դեպի արվեստի աշխարհ։ Այս ժանրի ակունքներում է կանգնած 20-րդ դարի իտալացի արվեստագետ Բրունո Մունարին, որի աշխատանքներից ներշնչված աշխարհի բազմաթիվ արվեստագետներ շարունակում են զարգացնել ոլորտը։ 


Մանկական արվեստագիրքն արվեստի գործ է՝ գրքի տեսքով։ Այն իր մեջ պարունակում է մի աշխարհ, որը զարմացնում և հարցադրում, մարտահրավեր է նետում ընթերցողին՝ արվեստագետի զգայունությամբ։ Գիրքն ինքնին մի ամբողջություն է. տեքստը, նկարազարդումը, ձևաչափը, թղթերի, տպագրական և կազմարարական եղանակների ընտրությունը։ Արվեստագիրքը շոշափելի նուրբ գործ է, որը երեխաները կարող են ուսումնասիրել առանց զսպման. կամաց-կամաց նրանք կհայտնաբերեն արվեստագրքի առաջարկած բազմաթիվ հնարավորությունները։ 


Ինչպես արվեստի ցանկացած ստեղծագործություն, արվեստագիրքը նույնպես տարիք չի ճանաչում։ Իր նուրբ հպման հնարավորություններով և անակնկալ առաջացնող բովանդակությամբ արվեստագիրքը հուզական կապ է ստեղծում գրքի և երեխայի միջև, և գիրքը դառնում է երեխայի համար լիակատար արժեք և ոչ լոկ որպես պատմվածքի «ընդունարան»։

 

 

 

Մայդա Շավակ, արվեստագետ

Սովորաբար գիրքը լուռ առարկա է: Այս գիրքը եզակի է. հնչում է։ Թեպետ ոչ մի էլեկտրոնային հնարք չկա՝ ոչ մի կոճակ, որը պետք է սեղմել ձայնագրված ձայն լսելու համար։ Պարզապես թուղթ և մեղեդի, որը մարդ պետք է գտնի ինքն իր ներսում:


Հեռվից ոչ մի բան չես նշմարում: Երբ մոտենում ես, շապիկից մի շեղակի կայծ է կանչում, լույսի փայլեր, մեզնից՝ մանր արտացոլումներ: Երբ աչքերը սահում են բառերի վրա, մենք նկարի միջոցով ընկալում ենք ջրի մեջ սուզվելու ձայնը, լուցկու ճարճատյունը, թևի հարվածը, փղի ոտնաքայլը, պտտվող մուկը, բախվող քարերը սեղմված միմյանց. ձեռքերը շրջում են էջերը, որոնցից մի քանիսը կտրտած են, փայլում են և ուղղում են մեր աչքերը դեպի այս ստեղծագործության բաբախող սիրտը՝ «Զար զընգը» ժողովրդական երգը: Մի ամբողջ տիեզերք է կազմավորվում և կենդանանում այս առաջին երգի պատմության շուրջ, որը շնչում է երկրի վրա, հնուց, շա՜տ հնուց, մարդկային կյանքից առաջ, կենդանիների, բույսերի, հանքանյութերի կյանքից առաջ, առաջին շունչի պատմությունը, կարծես աշխարհը ոգեշնչվել էր իր վազքը սկսելուց առաջ:


Եթե պատահի, որ մեր ձայնը դողում է ժողովրդի առջև, որ շփոթվում է անծանոթ մարդկանց առջև, ձայնը դառնում է պարզ և ինքնավստահ, երբ խոսքը վերաբերում է երեկոյան բարձրաձայն կամ շշուկով երեխայի համար կարդալուն կամ երգելուն, մեկուսացած։ Մեր մարմինը հիշում է միգուցե, որ կյանքը փոխանցվում է բերնեբերան, որ երգը հանգստացնում և ուղեկցում է փոքրերին ու մեծերին մարդկության արշալույսից ի վեր: 


Այս գիրքը դիտելու, կարդալու, դիպչելու, երգելու առարկա է: Յուրաքանչյուրը կգտնի իր ձայնը՝ հնչեցնելու «Զար զընգը»-ն: Արդեն հազար անգամ երգված, հազար հնչերանգով, այսուհետև, յուրաքանչյուր ընթերցողի և յուրաքանչյուր ականջի համար, ով այն լսում և նորից խնդրում է. առաջին երգը գրքում է, այն փայլում է, տարածվում և կլանում է մեզ, արձագանքում է մեզ, անդրադառնում մեր մեջ, այսօր և վաղը, հավերժ:

 

 

 

Արքմենիկ Նիկողոսյան, գրականագետ

Գուցե պարադոքսալ թվա, բայց զուսպ ու դիպուկ բառերով և պատկերներով է առավելապես հնարավոր շատ բան ասելը, առավել ևս՝ բարդ բան ասելը: «Զար զընգը» հեքիաթը երևի թե ամենաբարդ ու դժվար պատմելի երևույթի մասին է՝ երաժշտության արարչագործության: Ու որքա՜ն զուսպ ու դիպուկ է բառերն ընտրել Նայիրին, ու որքա՜ն զուսպ ու անչափելիորեն խոսուն է նկարազարդել Սարգիսը: Յուրաքանչյուրը, առնչվելով այս հիրավի շքեղ ու հիրավի արվեստագրքին, կըմբոշխնի տիեզերական երաժշտության ռիթմը՝ գրի, գծի, գույնի ու մեղեդու այստեսակ ներդաշնակություն նույնիսկ անհնար է երևակայել:  


«Զար զընգը» հեքիաթը, այդ առումով, դուրս է գալիս լինում է/չի լինում-ի տրամաբանությունից, այստեղ եղել է ու լինում է-ի տրամաբանությունն է, որ հեքիաթ ասվածի բառիմաստներից զերծում է հորինումի տարրն ու թողնում բացառապես հրաշքն ու հիացումը:


Ու ճաշակը, ճաշակը, ճաշակը, որ ուղղակի հորդում է արվեստագրքի ամեն մի միլիմետրից, գույն-պատկեր-բառ-մեղեդի համադրության ամեն մի նրբերանգից:
Զարմանալի գիրք է, որ աներևակայելիորեն ստույգ զգացողություններ է փոխանցում: