Ժամանակակից թատրոնի «Ժամանակավոր փառատոնը»
Թատրոն

Ժամանակակից թատրոնի «Ժամանակավոր փառատոնը»

Հունիսի 2-ից 5-ը Երևանում կբեմադրվեն հայաստանյան և ռուսաստանյան անկախ արվեստագետների ներկայացումները

Փառատոնի ամբողջական ծրագիրը

#Արվեստ

Ժամանակավոր փառատոնը ժամանակակից թատերական և կատարողական արվեստի իրադարձություն է, որը կմիավորի հայաստանյան անկախ թատրոնների և էմիգրացիայում հայտնված ռուսաստանյան արվեստագետների նախագծերը։ Կազմակերպիչները ցանկանում են ոչ միայն սատարել արվեստի գործիչներին և բեմադրել արդի ներկայացումներ, այլ նաև տեղական և էմիգրանտական համայնքների միջև ծանոթության և շփման հնարավորություններ ստեղծել։  

 

Հիմնական գաղափարը ձևակերպելով՝ փառատոնի կազմակերպիչներն ասում են․ «Ինչպես պարզվեց՝ թատրոնը լրիվ անպետք է ամեն ինչում, բացի մի բանից։ Թատրոնը թույլ է տալիս մարդկանց հավաքվել և միասին լինել։ Ոչ թե ձևական, օգտապաշտական առումով՝ նստատեղեր զբաղեցնել և դառնալ պարտերի մի մաս, այլ գոյաբանական առումով՝ նույն տարածության մեջ հավաքված մարդկանց հետ իրական, խորը, էական հաղորդակցման մեջ մտնել։ Միասին լինել՝ նշանակում է միասին մտածել և միասին գործել, վերաիմաստավորել և վերստեղծել ինքներս մեզ և մեզ շրջապատող աշխարհը։ Թատրոնը կարող է դա անել, երբ մնացածն անզոր են, և պետք է շարունակի դա անել, չնայած աղետին, ցավին, ուժասպառությանը։ Թատրոնը կարող է և նորից կսկսի դա անել՝ հունիսի 2-ից 5-ը Երևանում։ Եվ դա կոչվելու է «Ժամանակավոր փառատոն»։ 

 

Փառատոնի նախագծերը բեմադրվելու են քաղաքի տարբեր մշակութային հարթակներում և բացօթյա տարածքներում։ Ներկայացնենք այդ նախագծերից մի քանիսը։ 

 

 

Բաբելոն թատրոնը կբեմադրի երկու ներկայացում։ Փառատոնի բացման օրը՝ հունիսի 2-ին, կբեմադրվի «Bukowski» տիկնիկային վավերագրական ներկայացումը Չարլզ Բուկովսկու կյանքի հիման վրա՝ սկանդալիստ, կնամոլ, եսասեր և քֆուրչի մարդու մասին, ով ամերիկյան անդերգրաունդի ամենապայծառ ներկայացուցիչն է եղել, ում համբավը դրա սահմաններից դուրս շատ ավելի լայն տարածում է գտել, իսկ գործերը մինչ օրս տպագրվում են ամբողջ աշխարհում։ Թատրոնի երկրորդ նախագիծն է «Քաղաքը, որտեղ ես եմ» ներկայացում-զբոսանքը՝ հիմնված Իվան Վիռիպաևի պիեսի վրա։ Հանդիսատեսը մեկնելու է քաղաք-ուրվական, զբոսնելու է նրա փողոցներով և բակերով, ծանոթանալու այդտեղ ապրող մարդկանց հետ, բացահայտելու է վայրեր, որոնք հազիվ թե կգտներ սովորական օրերին։ Այս ներկայացմանը հնարավոր է ներկա գտնվել հունիսի 3-ին, զբոսանքը կմեկնարկի թատրոնի շենքի մոտից։ 

 

Մաշա Սապիժակի «Inner Voice (Ներքին ձայնը)» պերֆորմանսը հիմնված է պատերազմը և ռեժիմը չսատարող և Ռուսաստանում մնացող մարդկանց օրագրերի գրառումների վրա։ Հանդիսատեսը դառնում է պերֆորմանսի մասնակից․ դահլիճում գտնվողները կարող են կարդալ Մաշայի հավաքած օրագրերի գրառումները, կիսվել զգացողություններով կամ պարզապես կողքից դիտել։ Մաշա Սապիժակը ուսումնասիրում է անձի սահմանները ծաղկող բռնապետության և պետական բռնության պայմաններում։ Ինչպես են դրանք փոխվում, երբ մարդ տարիներով շարունակ ապրում է իշխանության՝ գնալով ուժեղացող ճնշման տակ։ Ինչպես է մարդ, առանց նկատելու, գնալով ավելի ու ավելի անազատ դառնում, հայտնվում չգիտակցված ինքնացենզուրայի տակ և սկսում իրեն մեղավոր զգալ և ամաչել նրա համար, որ աստիճանաբար հարմարվում է տեղի ունեցողին։ Պերֆորմանսի մասնակից կարելի է դառնալ հունիսի 2-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ 

 

 

Փոքր թատրոնում թատերագիր Ասյա Վոլոշինան ընթերցելու է իր «Ձկնամարդը» պիեսը։ Դա պատմություն է այն մարդկանց մասին, որոնք անընդհատ անհանգստության մեջ են ապրում հայրենիքում իրենց ապագայի համար։ 2021թ․ պիեսը բեմադրել է Յուրի Բուտուսովը՝ Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։ Պիեսն ընթերցվելու է հունիսի 3-ին՝ Քսենյա Բուռլանկովայի և Կիրիլ Ագրանովսկու անիմացիայի ուղեկցությամբ։ 

 

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում՝ ՆՓԱԿ-ում հունիսի 4-ին կբեմադրվի Tech Degh թատրոնի «Խոսա հետս, էնքան բան կա խոսալու» ներկայացումը։ Աշխարհում, որտեղ վերջերս է ավարտվել պատերազմը, պարզվում է, որ աղետի մասին սովորական լեզվով խոսելն անհնար է։ Համանուն ներկայացման հերոսուհին է դառնում կինը, ում լռությունն ավելի խոսուն է դառնում, քան տղամարդկանց արտաբերած բազմաթիվ բառերը։ Ներկայացման հիմքում է ժամանակակից հայ գրող Նարե Գրիգորյանի համանուն էսսեն։ 

 

 

Հունիսի 5-ին փառատոնը կեզրափակվի «Քրոնոտոպ» ժամանակավոր միավորման «Վազորդները» ներկայացմամբ։ Դա ներկայացում-ճանապարհորդություն է, ներկայացում ճանապարհին և ճանապարհի մասին։ Գլխավոր հերոսուհու հետ միասին, ով անընդհատ տեղաշարժի մեջ է տեսնում գոյության իմաստը, հանդիսատեսը կսուզվի մի պատմության մեջ, որը որոշակի պահի երկատվելու է։ Հանդիսատեսին կընձեռվի ընտրության հնարավորություն․ մնալ կողքից դիտորդ, կամ դառնալ արկածի մասնակից, ճանապարհ մեկնել, որը կբերի ներկայացման կենտրոնական կետին, այնտեղ, որտեղ հնչում են թմբուկի ռիթմերը և ջերմացնում է խարույկը։ Օրվա ընթացքում ներկայացմանը կարելի է հետևել օնլայն, իսկ երեկոյան արդեն օֆլայն՝ Երևանի փողոցներում, ներկա գտնվել պատմության ավարտին։ 

հավելյալ նյութեր