«Մենք ենք մեր անտառները»․ ցուցահանդես
Ցուցահանդես

«Մենք ենք մեր անտառները»․ ցուցահանդես

Մարտի 21-ին՝ անտառների միջազգային օրը, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տարածքում բացվեց ԱՀԱ Կոլեկտիվի «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօդյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներ Նայիրի Խաչատուրեանը, Նվարդ Երկանյանն ու Անտրէ Գումուշճեանը պատմել են միջոցառման իրականացման, նպատակների ու մասնակիցների մասին։

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 20-ը։ Երկամսյա ցուցահանդեսը նպատակ ունի բարձրացնել մոլորակի վրա կյանքի հավասարակշռության պահպանման համար անտառների առանցքային դերի և դրանց պաշտպանության կարևորության մասին իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել անտառվերականգնման աշխատանքները Հայաստանում: Գործընկերներ` «Իմ անտառ Հայաստան», «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ, «Բնության համաշխարհային հիմնադրամ», Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալություն։

 

 

Արվեստագետներ`
Անուշ Ղուկասյան
Արազ Բողարյան
Արեգ Մովսիսյան
Արմինե Շահբազյան
Արեւիկ Դ’Օր
Հարութ Թումաղյան
Լենա Դերունց
Մայդա Շավակ
Մելիք Սոֆոյան
Շամիրամ Խաչատրյան
Նվարդ Երկանյան
Սամվել Սաղաթելյան
Սյուզ Սիրունյան
Վահրամ Մուրադյան
Վիլյամ Կարապետյան

 

Համադրողներ`
Նայիրի Խաչատուրեան եւ Նվարդ Երկանյան

 

Ցուցադրության ձևավորում՝
Գայանե Սոֆոյան


Ցուցադրության ազդագիր՝
Սարգիս Անտոնյան

#Դիզայն #Արվեստ

«Մենք ենք» նախագծի թեմաների ընտրությունը 

Նայիրի. «Մենք ենք» ազդագրերի ցուցադրության նախագիծը ծնվեց 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ շատ ինքնաբուխ՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հետ համագործակցությամբ։ Ինչպես խորագիրն է փոխանցում, նախագիծը նպատակ ունի խոսել այսօր մեզ հուզող հարցերի մասին և բարձրաձայնել մեր հասարակության արդի խնդիրները, որոնց շուրջ քիչ քննարկում կամ իրազեկում կա։ 

 

Նվարդ. Մենք փորձում ենք անդրադառնալ այդ պահին խնդրահարույց և կարևոր թեմաներին: Անտառները վտանգված են ամբողջ աշխարհում, բայց Հայաստանը չի կարող շռայլել իր ռեսուրսները և պետք է շատ պատասխանատու մոտենա դրանց: Երբ «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը դիմեց մեզ համագործակցության առաջարկով, ես ու Նայիրիին միանգամից խանդավառվեցինք, քանի որ երկուսիս համար էլ այս խնդրի շուրջ խոսակցությունը շատ կարևոր էր: 

 

 

 

Նայիրի․ Ազդագրային արվեստն այն դիպուկ միջոցն է, որով կարելի է խոսել հասարակության լայն շերտերի հետ և փորձել ճեղքել զանգվածային գիտակցությունը։ Բնապահպանական հրատապ հարցերից է անտառների պաշտպանությունն ու անտառվերականգնման աշխատանքները։ «Իմ անտառ Հայաստանի» հիմնադիր Անտրէ Գումուշճեանի նախաձեռնությամբ «Մենք ենք» ցուցադրության երրորդ թողարկումը սկսեցինք կազմակերպել Հայաստանում աշխատող երեք կարևոր անտառվերականգնման կազմակերպությունների հետ։  

 

Ինչպես մեր ցուցադրության ազդագրի և ներածականի մեջ ենք նշում, Հայաստանում անտառածածկ տարածքը կազմում է 300 000 հա կամ ընդհանուր տարածքի մոտ 10%-ը։ Իսկ համաշխարհային միջին ցուցանիշը 31% է։ Որպեսզի մեր երկիրը չդասվի ցածր անտառածածկ երկների շարքում և ապրենք բարեկեցիկ ու առողջ միջավայրում, դեռ շատ աշխատանք ունենք տանելու։ 

 

Անդրէ. Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկվում են անհերքելի դրական միջոցառումներ, և մենք ուրախ էինք, որ նրանք ներկա էին ցուցահանդեսի բացմանը: Սակայն կարծում եմ, որ շատ ավելին պետք է արվի նաև Տարածքային կառավարման և Էկոնոմիկայի նախարարությունների կողմից։ Անտառները պետք է դադարեն շահագործվել, և անտառածածկույթը պետք է ավելանա Հայաստանում։ Սա կարևոր է, որպեսզի ապագայում ունենանք այնպիսի երկիր, որտեղ հնարավոր է ապրել։
 

Մասնակիցները

Նվարդ. «Մենք ենք» նախագիծն արդեն իր շուրջ կարծես ձևավորել է փոքր համայնք, բայց ամեն թողարկումով աշխատում ենք ներգրավել նոր արվեստագետների մեր խումբը բազմազանեցնելու և նոր պատկերային այլ ձայներով համալրելու համար: Միշտ հետևում ենք դաշտում նոր հայտնված տաղանդավոր երիտասարդներին և աշխատում ենք ներգրավել: 

 

Նայիրի. Փորձում ենք յուրաքանչյուր թողարկման ժամանակ հրավիրել երիտասարդ և ավագ սերնդի նկարիչների, թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից։ Սիրում ենք շարունակել նախորդ թողարկումների ժամանակ ձևավորված համագործակցությունները, ինչպես, օրինակ` Սարգիս Անտոնյանի հետ, որը երեք թողարկումների ազդագրերի հեղինակն է և «Մենք ենք» խորագրի տարբերանշանի ստեղծողը (տառատեսակի անունը` «Արցախ bold»)։ Միևնույն ժամանակ սիրում ենք համագործակցել նոր նկարիչների հետ, որ «Մենք ենք» համայնքն ավելի լիարժեք լինի։ Ոմանք ազդագրային ոլորտում մեծ փորձ ունեն, ուրիշները նոր են սկսում։ Ցուցադրությունը դառնում է հարթակ՝ ոլորտը զարգացնելու և արդի հայկական տեսողական արվեստի դաշտի ուղղությունները տեսանելի դարձնելու։

 

 

 

Տարածքը

Նվարդ. Ընդհանրապես, ազդագրերն ավելի լավ են աշխատում հանրային տարածքներում: Քանի որ մեր նպատակն էր անտառների խնդիրների մասին բարձրաձայնելն ու իրազեկվածությունը բարձրացնելը, հանրային տարածքում ցուցադրությունն անցկացնելը բնականորեն որոշվեց: Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ անելը թե՛ պրակտիկ և թե գաղափարական լուծում էր: Նախ՝ այն հեշտությամբ հասանելի է բոլորին և երկրորդ՝ գտնվում է կառավարական կենտրոնում: Հանրային տարածքում ցուցադրություն անելը թույլ է տալիս ամեն տեսակի ու տարիքի մարդկանց ներգրավել իբրև հանդիսատես` պատահական անցորդներ, տուրիստներ, դպրոցական երեխաներ, կառավարության աշխատակիցներ: Գայանե Սոֆոյանը՝ ցուցադրության ճարտարապետ ձևավորողը, «Մենք ենք» համայնքի կարևոր անդամներից է և մեզ շատ է օգնել թե՛ նախորդ, թե՛ այս թողարկման ցուցադրության ժամանակ: Գայանեի նախագծով ցուցադրության մոդուլներից երկուսում տեղադրել ենք 2 ցանցաճոճ (նույն ինքը՝ գամակ), որպեսզի մարդիկ կարողանան հանգստանալ և ժամանակ անցկացնել ցուցադրության մասին մտածելով: 

 

Նայիրի. ԱՀԱ կոլեկտիվի նպատակներից է արվեստը հասցնել տարբեր լսարաններին. պետական թանգարաններից մինչև սահմանամերձ գյուղ, մասնավոր թանգարանից` հանրային տարածք։ «Մենք ենք»-ի երկրորդ թողարկումից ի վեր ազդագրերի ցուցադրությունն իրականացնում ենք հանրային այնպիսի տարածքներում, որտեղ հասարակության տարբեր խավեր են «հանդիպում»։ Նախորդ թողարկումն իրականացրեցինք «Բաղրամյան» մետրոյին հարակից Սիրահարների այգում։ Այսօր արվեստը ներկա է Հանրապետության հրապարակի կայարանում։ Անտառվերականգման թողարկման թիրախներից գլխավորը լինելով կառավարությունը՝ շատ հստակ էր մեզ համար, որ այն պետք է կազմակերպվի կառավարության շենքերի մոտ։ Մեր գաղափարական ուղղության մեջ է նաև մտնում հանրային տարածքների վերաիմաստավորումն ու աշխուժացումը, ճարտարապետական ներուժի լիարժեք բացահայտումն ու զարգացումը։ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի նախագծած «Հանրապետության հրապարակ» կայարանի ճարտարապետությունը շատ սիրված է, բայց միևնույն ժամանակ` անտեսված։ Նախատեսում ենք մի շարք միջոցառումներ կազմակերպել ցուցադրության շրջանակում, որ վայրը կրկին «ծաղկի» քաղաքի կյանքում։ Մեր ժամանակներում շատ անգամ ժառանգությունը պահպանելու և վերակենդանացնելու համար ճարտարապետներն առաջարկում են նոր լուծումներով զարգացնել տարածքը, բայց, իմ համոզմամբ, կառույցներին միշտ չէ, որ «նոր» լուծումներ են պետք. տարածքներն ապրում են, եթե իրենց մեջ ու իրենց շուրջ բովանդակալից շարժ է տեղի ունենում։ 

 

 

Զուգահեռները՝ Կենտրոնի ծառահատումների հետ

Նվարդ. Ցուցահանդեսի բացումից ընդամենը երկու օր անց սկսվեցին Թումանյան փողոցի աղմկահարույց հատումները։ Ամեն անգամ ծառահատումները մեծ ցավ են պատճառում, անկախ նրանից՝ անհրաժեշտություն են, թե ագահություն: Ես մեծացել եմ հենց Թումանյան փողոցում, այդ ծառերի հետ: Երևանի փոքր կենտրոնում ամռանը գտնվելն անտանելի է: Չեմ պատկերացնում ինչ է մեզ սպասում այս ամռանը, առանց շուքի` այրվող ասֆալտով շրջապատված: 

 

Իհարկե, կանաչապատման մասնագետ չեմ, որպեսզի ճիշտ կարողանամ գնահատել նման մասշտաբային ծառահատման անհրաժեշտությունը, և մի՞թե չկային այլ մեթոդներ հիվանդ ծառերը բուժելու համար (եթե հավատանք, որ ծառերն իսկապես հիվանդ էին), բայց ամեն դեպքում տեսարանը շատ դրամատիկ է և նման ծառահատումից հետո քաղաքին 20-30 տարի է պետք վերականգնվելու համար, փոխարինվող ծառերն էլ ավելի դեկորատիվ բնույթ են կրում և թեև գեղեցիկ են, երբ ծաղկում են, բայց չեմ կարծում, որ նույն կլիմայական առավելություններն ունեն: 

 

Նայիրի. Սարսափելի ծառասպանդ է։ Ու դեռ շարունակվում է։ Ինչպե՞ս կարելի է այսքան «ֆասադային» վերաբերվել քաղաքին։ Հատված ծառերից պարզ երևում է, որ մեծամասամբ կենսունակ ծառեր էին, իսկ որոնք որ հիվանդ են, մի՞թե բուժելու հնար չկար։ Նոր ծառատեսակները ոչ ստվերային ծածկ են ստեղծելու, ոչ էլ մեր կլիմային ու փողոցների կանաչապատման համապատասխան ծառատեսակներ են։ Իսկ կանաչապատումը միայն ծառերի ու բույսերի մասին չէ, այլ նաև կենսաբազմազանության։ Կասկադում, Թումանյան փողոցում և այլուր տնկած ցածր սակուրաների կամ հուդայածառերի վրա թռչունները ոչ բույն են դնելու, ոչ էլ քաղաքային աղմուկին հակադրող իրենց ուրախ ծլվլոցով են մեզ ընկերակցելու։ 


Անդրէ. Ես հասկանում եմ, որ շատ տխուր է տեսնել, թե ինչպես են հատվում հասուն ծառերը: Տեղյակ եմ, որ այս որոշման մեջ ներգրավված են եղել բազմաթիվ մասնագետներ, այդ թվում՝ Բուսաբանության ինստիտուտը։ Հիվանդ ծառերը պետք է փոխարինվեն, և եթե այս գործողությունն արվի ճիշտ ձևով, ապա երկարաժամկետ հեռանկարում շահեկան է լինելու քաղաքի և նրա բնակչության համար:

 

Մեր կազմակերպությունը կենտրոնացած է անտառների վրա, որտեղ միլիոնավոր ծառեր և թփեր են: Նրանք միասին կազմում են կենդանի օրգանիզմներ, որի շնորհիվ յուրաքանչյուր ծառի ազդեցությունը բազմապատկվում է՝ հսկայական օգուտ տալով մարդկանց, նույնիսկ եթե նրանք ապրում են քաղաքներում:

 



Արվեստի ազդեցությունը

Նվարդ. Ես գտնում եմ, որ արվեստը ինքնին խնդիրներ չի լուծում, բայց այն կարող է ավելի տեսանելի ու լսելի դարձնել դրանք: Արվեստը կարող է նոր ճանապարհներ ցույց տալ և նոր հորիզոններ բացել: Արվեստագետի հայացքը կարող է օգնել խնդրին նայել այլ անկյունից, հետևաբար ավելի ստեղծարար լուծում գտնել: 

 

Նայիրի. Արվեստը շատ մեծ ուժ ունի ճեղքելու զանգվածային գիտակցությունը և բարձրացնելու հասարակությունը` խրախուսելով քաղաքացիական ներգրավվածությունը, զարգացնելով քաղաքացու քննադատական մտածողությունը, գեղագիտական ընկալումներն ու ճաշակը, շրջակա միջավայրի և կենսակերպի որակը։ Բայց մեր երկրում արվեստին դեռ լուրջ չենք վերաբերվում և այն մնում է մեծամասամբ ժամանցային դաշտում։ Հույս ունեմ, որ այս և այլ արվեստի նախագծեր հանրային տարածքներին նոր շունչ կտան և հանրությունը նոր հարաբերություն կստեղծի արվեստագետների հետ և նրանց բարձրացրած խնդիրների վերաբերյալ։


Անդրէ. Մենք հավատում ենք, որ արվեստը կարող է ուղերձը հասցնել դիտողներին, որպեսզի նրանք հասկանան անտառների կարևորությունը: Անտառները ձայն չունեն, բայց անփոխարինելի օգուտներ են բերում մարդկանց։ Սակայն քանի որ մենք ապրում ենք քաղաքներում, կարծում ենք, թե դրանք մեզ պետք չեն։ Սա ողբերգական իրավիճակ է, որը բացարձակապես պետք է փոխել:

հավելյալ նյութեր