Գիրք նվիրելու օր․ «Ասում եմ չէ՞՝ էդ նրա՛նք են ինձ գտնում»
Գրատոն

Գիրք նվիրելու օր․ «Ասում եմ չէ՞՝ էդ նրա՛նք են ինձ գտնում»

Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, Երևանի գրքամոլները պատմում են, թե ինչու են սիրում գիրք նվիրել ու նվեր ստանալ։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

*Գրքի պալատի շենք, Տերյան փողոց,

փետրվարի 19,

կլոր շարված աթոռներ,

հերթական հանդիպումից 10 րոպե առաջ,

մասնակիցները կանգնած զրուցում են*

 

- Ես միշտ ասել եմ՝ նվերները լինում են 3 տեսակ՝ լավ, վատ ու գիրք։ Էս գիրք կարդացող մարդիկ շատ ուրիշ փոխհարաբերությունների մեջ են գրքերի հետ։ Ո՞նց էր ասում Չարենցը։ Հա, հիշեցի՝ «Օ՜, գրքերի աշխարհը — տիեզերք է անեզր»։

 

Գիրքը իր չի, որ նվիրես ու էդ կետում ավարտվի նրա ճակատագիրը՝ մաշվի, գնա։ Ամենքս (մենք՝ գրքամոլներս, էլի) մի բանով տարօրինակ ենք. հեչ լսած կա՞ս, որ որևէ ուրիշ առարկայի հետ մարդիկ էդքան էմոցիա կապեն։ 

 

Մի ծանոթ ունեի՝ միանգամից երեսուն գիրք էր նվիրում։ Մեկն էլ մի ամբողջ կյանք Ենգիբարովի գիրքն էր ման եկել (հոր հետ կապող ամենաթանկ հիշողություններից էր) ու հենց վերջապես գտել էր, իրեն չէր պահել, նվիրել էր սիրածին։ Ճիշտ է՝ սիրածն էլ մի կարգին մարդ չէր, դավաճանել էր, բայց դե գոնե նա էլ էր մեր պես գրքամոլ. հաջորդ օրը առել, բերել էր նույնից։

 

- Համաձայն եմ հետդ, բայց մի բան ասեմ՝ ես, օրինակ, տանել չեմ կարողանում, որ ինձ գրքեր են նվիրում. հետո ի՞նչ, որ անունով գրող եմ, չեմ սիրում, էլի՜։ Թեև մի մարդ կա էս աշխարհում, ում նվիրած գրքերը աչքիս լույսի պես պահում եմ։ Մեր վերջին հանդիպմանը, հիշում եմ, Սենեկայի «Նամակներն» էր բերել։ Ի՜նչ շքեղ հրատարակություն էր, մենակ տեսնեիր։ Նույնիսկ իմ առաջին գրքում որոշ հատվածներ կան մեջբերված։ 

 

Բայց չէի մտածել, գիտե՞ս, փաստորեն՝ գիրքը գիրք ա ծնում։

 

***

- Այսօրվա պես հիշում եմ՝ ի՜նչ սիրուն օր էր, ինչքան շատ ձյուն եկավ։

 

Համալսարանի վերջին տարիներն էին։ Ամենաշատը գրականության դասերին էի սպասում։ Դա այն օրերն էին, երբ անցնում էինք Ռաբինդրանաթ Թագոր (հնդիկ գրող էր), նույնիսկ արդեն մի քանի բան ընթերցել էինք։ Առաջին իսկ րոպեից Թագորի պոեզիան դիպել էր սրտիս։ Էլ ոչինչ աչքերիս առաջ չէր գալիս, քնում-արթնանում էի՝ երազելով նրա գրքի մասին։ Միայն Տիգրանն էր հասկացել, թե ինչ ուղեղային մորմոք է տանջում ինձ։

 

Մի օր էլ, հիշում եմ, սովորականի պես եկանք դասի։ Ամբողջ գիշեր ձյուն էր եկել։ Ներս մտավ Տիգրանը, իր կանաչ, սիրուն աչքերով նայեց ինձ ու մեկնեց մի գիրք։ Սևը՝ կանաչի վրա գրված էր՝ «Ռաբինդրանաթ Թագոր»։ Թե որտեղից էր այդ տարիներին գտել էդ գիրքը, այդպես էլ չիմացա։ Միայն թե ձմեռային այդ առավոտ հոգիս ծաղկեց էդ կանաչ գրքից։ 

 

Անցել է 37 տարի, Տիգրանը էլ չկա, իսկ ես ժամանակ առ ժամանակ դեռ ընթերցում եմ այդ գիրքը։

 

Հետաքրքիր է, չէ՞՝ մարդիկ գնում են մեր կյանքից, բայց իրենց նվիրած գրքերը՝ երբեք։

 

***

- Վաղուց արդեն գրքերն են ինձ գտնում, ոչ թե ես նրանց։

 

Ժամանակ կար՝ ինչ հազվագյուտ գրքի մասին երազում էի, շատ արագ հայտնվում էր մոտս։ Մի անգամ ընկերոջս՝ ռեժիսոր Համլետ Վարդանյանի հետ զբոսնում էինք, երբ Համլետը հարցրեց, թե ինչ գիրք եմ ամենաշատը այդ պահին ուզում կարդալ։ Ես ասացի՝ լեհ գրող Ստանիսլավ Պշիբիշևսկու «Homo Sapiens» վեպը։ Ցավոք, գիրքը հնարավոր չէր գտնել, որովհետև 1906 թե 1908-ից հետո չէր վերահրատարակվել։ Համացանցում չկար, Հայաստանի ոչ մի գրադարանում/գրախանութում՝ նույնպես, Մոսկվայի բուկինիստների մոտ էլ մեծ գումար արժեր։ Մեր զրույցից րոպեներ հետո բաժանվեցինք։ Համլետը «Նաիրի» գրատուն էր ուզում մտնել, ես էլ տուն էի շտապում։ 

 

Տասը րոպե անց զանգեց, - «Էն լեհ գրողի անունը կհիշեցնե՞ս»։ Հիշեցրի։ Ասաց. «Չես հավատա, բայց հենց նոր մի արկղ գիրք են բերել «Նաիրի», և էդ քո երազած գիրքն էլ՝ մեջը՝ 1906 թե 1908 թվի հրատարակության, գինն էլ՝ երկու հազար դրամ»։ 

 

Հաջորդ օրը էդ գիրքը ես Համոյից նվեր ստացա։

 

Ասում եմ չէ՞՝ էդ նրա՛նք են ինձ գտնում։

 

***

- Մինչև 12 տարեկանս պապան ամեն տարի ինձ գիրք էր նվիրում։ Մեր փոքրիկ ավանդույթն էր։ Մեկ էլ միշտ Խնկո Ապոր գրադարան էինք գնում, մի գիրք պապան էր ընտրում, մի գիրք՝ ես։ Դա շատ պատասխանատու բան էր ինձ համար։ Ախր էդ կատակ բան չի՝ ե՛ս պիտի գիրք ընտրեի։ 

 

Հետո, երբ արդեն 14 տարեկան էի, Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» վեպն էր հրատարակվել, կարծեմ՝ բեսթսելեր էր, բայց մերոնք ինձ չէին առնում։ Քաղցկեղի մասին էր։ Ասում էին՝ դեռ փոքր ես նման ծանր գրքեր կարդալու համար, ես էլ նախկինում մենակ «Հոբիթի» պես գրքեր էի կարդացել։ 

 

Բայց բան եմ ասում՝ կատակ բան չի գիրք ընտրելը։ Ընտրե՞լ ես, ուրեմն ամեն գնով պետք է ունենաս։ Եվ ի՞նչ արեցի ես. իհարկե հավաքեցի բուֆետիս փողերը՝ մի ողջ կարողություն՝ 3500 դրամ, ու փետրվարի 19-ին՝ ուղիղ 9:50, մտա «Բուկինիստ» ու գնեցի այն։ 

 

Գիտեի՝ դա պիտի անեմ հենց փետրվարի 19-ին, այլ կերպ հնարավոր չէր։

 

Առաջին գիրքը, որ գնում ես ինքդ քեզ համար, առաջին սիրո պես մի բան է, էլ կյանքում չես մոռանում։

 

***

- 2009 թիվն էր, փետրվարի 19-ը դեռ նոր-նոր էր գրքի տոն դարձել։ Արամ Պաչյանի հետ Կասկադում գիրք նվիրելու օր էինք կազմակերպել` էս տոնը կայացնելու, մարդկանց մեջ գրքի հանդեպ սեր արթնացնելու համար։ 

 

Էդ ժամանակ Արամը «Հրապարակ» օրաթերթում սյունյակ ուներ՝ «Ճագարի օրագիրը», էնտեղ գրել էր, որ էսինչ ժամին կլինի Կասկադում` գիրք նվիրելու։

 

Ես էլ ֆեյսբուքով տարածեցի, Կարենն էլ միացավ։ Մի խոսքով, գնացինք, տեսանք՝ մոտ 8-10 հոգի մարդ է հավաքվել, մի էդքան էլ երևի լրագրող կար։ 

 

Իրար գրքեր նվիրեցինք ու եկանք տուն, բայց ամենակարևորը՝ ամբողջ ընթացքում մի զգացողություն ունեի, որ մենք շատ կարևոր բան ենք անում, ինչ-որ շատ կարևոր բանի սկիզբ ենք դնում։ Ու հիմա՝ 15 տարի անց, փետրվարի 19-ը իսկական տոն է դարձել. բանկերից մինչև փաբեր ու սրճարաններ՝ մարդիկ իրար գրքեր են նվիրում։ Երևի իսկապես էդ օրը շատ կարևոր բան էինք անում…

 

Գիրք նվիրելու օրը Կասկադում, 2011թ․, լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

 

***

*Գրքի պալատի շենք, Տերյան փողոց,

փետրվարի 19,

բոլորը նստած են,

հերթական հանդիպումը սկսված է*

 

- Սիրելիներս, ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ, որ այս անչափ հուզիչ օրը այստեղ եք։ Այսօր խոսելու ենք մեր անձնական սովորությունների մասին։ Հիշեցնեմ, որ այստեղ բոլորս ապահով միջավայրում ենք, հայերեն ասած՝ բոլորս «սվոյ ենք»։

 

Դե ինչ, եկեք սկսենք։

 

Եվս մեկ անգամ միասին.

 

*բոլորը միաժամանակ*

 

- Մենք գրքամոլներ ենք, և մենք հպարտ ենք դրանով։

 

***

- Ողջույն, ես Արևն եմ։ Երբ ինքս ինձ համար գիրք եմ գնում, միշտ մակագրում եմ գրողի անունից։ Օրինակ՝ «Ֆրանսուազ Սագանից Արևին»՝ ջերմ մաղթանքներով։

 

- Հիանալի է, Արև ջան, շատ յուրահատուկ մոտեցում ունես։ Եկեք ծափահարենք Արևին։

 

*ծափահարում են*

 

- Ես Արաքսն եմ, և ես երբեք, հասկանու՞մ եք, երբեեեք ոչ մի գիրք նվեր չեմ ընդունում, եթե այն մակագրված չէ։

 

- Ես Լենան եմ, և ես միշտ գրքի առաջին էջը կարդալուց հետո կարդում եմ գրքի ամենավերջին բառը ու ամբողջ ընթացքում մտածում, թե էդ ի՞նչ պիտի լինի, որ հենց էդ բառով ավարտվի գիրքը։

 

- Ողջույն, ես Ստասն եմ, և ես գրքերս դասավորում եմ խստիվ իմ կողմից սիրված լինելու հաջորդականությամբ։

 

*ծափահարում են…*

 

հավելյալ նյութեր