Չապլինը, Դալին, Իսահակյանը և մյուսները
Սթրիթ արտ

Չապլինը, Դալին, Իսահակյանը և մյուսները

Ինչպե՞ս Չապլինը ու Դալին հայտնվեցին Գյումրու փողոցներում, և ի՞նչ է իրենից ներկայացնում փողոցային արվեստը Հայաստանի մշակութային կենտրոնում:

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Առնոս Մարտիրոսյանի, Gyumri Street Art


ԵՐԵՎԱՆ #57 | 2019

#ՆերքինՏուրիզմ #Դիզայն

Հանդիպել ենք տղաների հետ, ովքեր սթրիթ արտի միջոցով ստեղծում են այսօրվա Գյումրու բնավորությունն ու տրամադրությունը:

 

Անցում ենք «Վարպետաց փողոց» ցուցանակի կողքով, հետո ջուր ենք խմում քարակերտ պուլպուլակից, այնտեղից՝ աջ, նեղ բակերով հասնում ենք Գյումրի Սթրիթ Արթ նախաձեռնության արվեստանոց: Տան դարպասի կողքին՝ բետոնե պատին, ձեռքով արևից պաշտպանվելով դեպի հեռուն է նայում կապույտ-սպիտակ շապիկով աղջիկը․ սա, իհարկե, արտ խմբավորման աշխատանքներից մեկն է։ Իսկ արվեստանոցի պատից եկողներին դիմավորում են երեք հսկա փղերը, բոլոր անկյուններում արվեստի աշխատանքներ են ամենատարբեր ոճերով, ծաղիկներով պաստառների վրա էլ՝ կոլաժներ: Նկարիչներ Լևոնը, Տարոնը և Մկրտիչը Գյումրիում սթրիթ արթի առաջամարտիկներից են:

 

«Ընդամենը ութ տարի առաջ գյումրեցիները ծանոթ չէին այդ երևույթին ու մեր համար սա էքսպերիմենտի նման մի բան էր,- պատմում է Լևոնը,- բայց ոգեշնչվելով Banksy-ի, Obey-ի և այլ սթրիթ արտիստների աշխատանքներով, միևնույն է, դա արեցինք»։ Այդպես Գյումրու Ինտերնացիոնալ փողոցի վրա հայտնվեց Չարլի Չապլինը: Դա քաղաքի հայտնի կինոյի հատվածն էր, որտեղ էլ որոշեցին պատկերել վարպետին: Հետո այլ փողոցներում հայտնվեցին Դալին, Պիկասոն, Կլիմտը, Հակոբ Հակոբյանը և շատ ուրիշ հարգարժան այրեր: Տղաները նպատակ չունեին պարզապես իրենց հետքը թողնել Գյումրու պատերին, ուզում էին, որ իրենց նախաձեռնությունը նաև բովանդակային լինի և ճանաչողական բնույթ կրի: Գյումրեցիները, կարծես, ջերմորեն ընդունեցին քաղաքի նոր բնակիչներին:

 
Մկոն, Լևոնն ու Տարոնը

 

Բայց, ինչպես հայտնի է, փողոցային արվեստի համար մեկ հակառակորդը, որպես կանոն, քաղաքային իշխանություններն են լինում։ Գյումրիում, բարեբախտաբար, առանձնապես խնդիրներ չեն եղել։ Միայն թե քննարկման առարկա էր դարձել ու հետո չեղարկվել բաց կրծքով կնոջ պատկերը, իսկ ընդհանրապես՝ չեն խանգարում․ նախանձելի իրավիճակ այս ոլորտում աշխատող արվեստագետի համար: «Բոլորս տարբեր տեխնոլոգիաներով և ոճերով են նկարում, դրա համար երբեմն ավելի բարդ է իրար մեջ համաձայնվելը, քան քաղաքապետարանի հետ»,- ասում են տղաները:

 

***

Տարոնի խոսքով, քաղաքն ինքն իրենով բազմերանգ չէ, և Գյումրու ոճին համահունչ լինելը միշտ չէ, որ կարևոր դեր է խաղում: «Հաճախ հակառակն ենք անում` քաղաքը ավելի վառ գույներով լցնելու համար: Կոնտրաստ մտցնելով հին շենքերի և պատկերների միջև` երկխոսություն ենք ստեղծում»: Բառի բուն իմաստով վառ օրինակ է լքված սև շենքերից մեկի լուսամուտի շուրջ տեղավորված գույնզգույն թիթեռների պարսը:

 

Օգտագործում են տարբեր մեթոդներ, տրաֆարետներ, պրոյեկտոր, տարբեր տեսակների ներկեր և սփրեյեր, իսկ աշխատանքներից գրեթե ոչ մեկը իրար նման չեն, դրա համար դժվար է մեկ ձեռագիր առանձնացնել քաղաքում տիրող սթրիթարթային տրամադրության մեջ: Մոտեցումների բազմազանության պատճառը երեք վառ անհատակությունների առկայությունն է, ինչպես նաև ամեն մեկի փոփոխվող հետաքրքրությունները։

 
 

 

Հիմնական նմանությունը գործերի մեջ այն է, որ բոլորի ներսում տղաները խոր իմաստ են ներդրել, մինչդեռ հաճախ արտիստների մոտ հիմնական շեշտը դրվում է տառերի մեծության և ոճի վրա: Այդ իսկ պատճառով, տղաներից ավելի շատ ժամանակ է պահանջվում գործը ծրագրելու, գաղափար ստեղծելու և իրենց մտքերը պատկերելու համար:

 
Կարծում են, որ սթրիթ արթը պիտի բովանդակություն ու զարգացում ունենա, այլապես վերածվում է առաջին դասարանցու սեղանին փորագրածի կամ կենդանու` իր տեղը նշելուն:

 

***

 
Թիթեռներով ինստալացիան
 
 

 

Տղաների խոսքով՝ այդքան էլ հեշտ չէ Գյումրիում արվեստով զբաղվել և անգամ երբեմն մտքեր են լինում տեղափոխվել այլ ոլորտ, բայց ոչ քաղաքից, քանի որ չնայած խոչընդոտներին, Գյումրու կյանքի ռիթմը թույլ է տալիս ազատ գրաֆիկով մտածել ու ստեղծագործել, բացի այդ, մնալու վայրի խնդիր ևս չունեն: «Ցավոք, ցուցադրվելու վայրերը շատ չեն՝ հաճախ անհնար է տեղ գտնել կամ էլ երկար հերթի պետք է սպասել,- նշեցին տղաները, — դրա պատճառով էլ, ապագայում պլանավորում ենք տատու-սրահի նման վայր ստեղծել, որտեղ բացի դաջվածքներից, հնարավոր կլինի մեր աշխատանքները գտնել, հուշանվերներ կվաճառենք»:

 

Ժամանակ առ ժամանակ պատվերներ են ունենում: Օրինակ՝ վերջերս պատկերազարդեցին «Շիրակ» ստադիոնի հատվածներից մեկը, իսկ Երևանում Պուշկին փողոցի վրա գտնվող ծաղիկներից մազերով աղջնակը (հաստատ տեսած կլինեք սոցցանցերում՝ Ֆեյսբուքի հիթ էր) ևս տղաների գործն է: Մայրաքաղաքում այլ գործեր ևս ունեն: Ժամանակին Լևոնը քաղաքական կարիկատուրաներ ու նկարազարդումներ էր անում, և իր էսքիզով Մեդիալաբի հետ համատեղ կանանց իրավունքների և քաղաքացիական ակտիվության վերաբերյալ սթրիթ արթեր արեցին:

 

Մեկում պատկերված էր ոստիկան` մի ձեռքով կնոջն էր բռնել, մյուս կողմից՝ դատավոր էր կանգնած: Հենց հաջորդ օրը դատավոր և ոստիկան գրվածքները ջնջեցին, իսկ պատկերը թողեցին:

***

 

 

Փողոցային արվեստը նաև ակտուալ խնդիրների մասին բարձրաձայնելու միջոց է։ Օրինակ՝ հոտած գետնանցումներին ուշադրություն սևեռելու համար կարելի է պատին հակագազ պատկերել։ Կամ խոսել քաղաքականության մասին՝ Վարդգես Գասպարիի կերպարի օգնությամբ․ նրան պատկերել էին քաղաքի սովետական շենքերից մեկի վրա: «Պահակը հարցրեց, թե ինչ եք նկարելու, ասացինք պարզապես գեղեցիկ նկար: Այդպես նկարեցինք հայտնի ակտիվիստին, ձեռքն էլ պաստառ, որի վրա գրված էր «մարդասպան, սրիկա, խուժան, — պատմում է Մկրտիչը, — այստեղ նույնպես պատկերը թողել էին, բայց գրվածքը՝ ջնջել»:

 

***

 
 
 
Գյումրու պատերի հյուրերը՝ Չապլինը, Այս Քյուբը, Դալին

 

Տղաները տարբեր սթրիթ արթ նախաձեռնություններով եղան Իսպանիայում: Լևոնին իր այցն անգամ ոգեշնչեց սկսել աշխատել նաև կոլաժներ ստեղծելու ուղղությամբ: «Այնտեղի փողոցներում ամենուր ճղած-կպցրած ամսագրերի կտորներ և լուսանկարներ են, որոնցից շատ հետաքրքիր ֆորմեր էին ստացվում՝ փողոցային գրաֆիտիների հետ համադրության մեջ,- հիշում է Լևոնը,- տեսածից ոգեշնչված, սկսեցի ֆոտոկոլաժներ պատրաստել դռների վրա»։ Նրա աշխատանքներից մեկին հանդիպեցինք Գյումրու «Սթիլ» գրաֆիկական արվեստի ցուցասրահում:

 

Հետագայում այդ ֆոտոկոլաժային հետաքրքրությունը որոշեցին նաև Գյումրու փողոցների վրա բերել և ներկա պահին տղաները աշխատում են մի մեծ կոլաժային սթրիթ արթի վրա, որում պատկերված են քաղաքի երկու ամենահայտնի գրողներից մեկը (Իսահակյանը), Ռուբենսի կանանցից մի քանիսը, Գյումրվա փողոցները և այլ հետաքրքիր կերպարներ: Հարցազրույցի պահին, տղաները պրոյեկտորի օգնությամբ արդեն պատի վրա գծանշանով անցկացրել էին ընդհանուր պատկերը: Այնտեղ էլ՝ առայժմ միայն ուրվագծերի ցանցով պատված շենքի մոտ թողնում ենք մի ընդհանուր գաղափարով տարված այս երեք շատ տարբեր նկարիչներին։

 

***

 
Ապագա սթրիթ արթի առաջին ուրվագծերը

 

Վերջին տարիներին սթրիթ արթը տարածվել է Գյումրիում՝ նոր արտիստներ են հայտնվել: Հիմնականում ուսանողական տարիքի երիտասարդ նկարիչ-դիզայներներ են: Մայրաքաղաքից նույնպես հյուրեր են ունենում, ովքեր իրենց հետքն են թողում քաղաքում: Իրենց ապագան տղաները պատկերացնում են Գյումրիում սթրիթ արթի մեջ: Առ այսօր, իրենց համար սեփական աշխատանքներից ամենախորհրդանշականը Դալիի պատկերն է: Այն տեխնիկապես շատ բարդ չէ և պարզ աշխատանք է, բայց յուրօրինակ տրամադրություն ունի, որը փոխանցվում է քաղաքին և իր բնակիչներին: