«Բուրևեստնիկից»՝ «Արարատ»․ մի օր հանրահայտ կորտերում
Թենիս

«Բուրևեստնիկից»՝ «Արարատ»․ մի օր հանրահայտ կորտերում

Ալեք Մանուկյան 2. սա Երևանում «Արարատ» թենիսի ակումբի հասցեն է. հենց այսպես է ճանաչում ակումբը անկախության սերունդը: «Բուրևեստնիկ». այսպես է ընկալում ակումբը ավագ՝ խորհրդային սերունդը: Պարզապես «թենիսի կորտեր». այսպես գիտեն տարածքը ահել-ջահել բոլոր երևանցիները: Մինչ որոշվում է տարածքի հետագա ճակատագիրը, ԵՐԵՎԱՆը գնացել է կորտեր ու շփվել այստեղ հավաքվող տարբեր մարդկանց հետ։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի

 

 

 

Յուրա Մկրտչյան

«Թենիսի աջակցության հայկական հիմնադրամի» նախագահ, սկսել է խաղալ 50 տարեկանից

Ես կորտերից մի քիչ եմ մեծ․ 52 թիվ եմ, կորտերը սկսել են սարքել 58 թվականից, սկզբում երկուսն էին։ Այսինքն՝ առնվազն վեց տասնամյակի պատմություն կա էստեղ: Այս կորտերը երբ կային, Օղակաձև այգին, որպես այդպիսին դեռ չկար, ծառեր էին պարզապես:

 

Ես դեռ չէի խաղում թենիս, բայց երբ դպրոցական տարիքում գնում էինք ֆուտբոլ նայելու ստադիոնում, էսպես էինք գնում։ Էստեղ Գետառն էր, մե՜ծ խողովակ էր ջրատար, դրանով էինք անցնում-գնում, ու միշտ անցնում էինք կորտերի կողքով։ 


Կորտերը՝ 1970-ականներին | HinYerevan.com կայքից

 

Իսկ արդեն խաղալը սկսել եմ 50 տարեկանում: 2011-ից էլ հիմնեցի «Թենիսի աջակցության հայկական հինադրամը»: 3-րդ և 4-րդ կորտերը Գետառի անմիջապես կողքին էին ու ճանապարհը էնքա՜ն հեռու էր, գետը չէր թողնում փողոցի աղմուկը լսվեր, իսկ հիմա աղմուկը խանգարում ա: Գետառ էնքա՜ն գնդակ էր լցվում…

 

Նախանցած տարի էստեղ սիրողական շատ մեծ մրցաշար անցկացրեցինք՝ մոտ 60 հոգի էին խաղում՝ վետերաններ։ Ավարտին Շամիլ Տարպիշչևը հանձնեց մրցանակները. Տարպիշչևը թենիսի աշխարհում դեմք ա: Տարպիշչևի հետ անձամբ եմ շփել, որ էստեղ էկավ. մտավ կորտեր, ասեց՝ էս կորտերում ես էղել եմ 50 տարի առաջ, էս կորտերում ես խաղացել եմ։ Որ պատկերացնեք՝ Խորհրդային Միության հավաքականի ավագն էր: Սա էլ՝ կորտերի որակի ու միութենական կարևորության մասին։ 

 

Մենակ Տարպիշչևը չէր, Ալեքսանդր Մետրևելին էլ է եղել էստեղ՝ խորհրդային միակ թենիսիստն էր, որ հասել էր Ուիմբլդոնի եզրափակիչ։ 1973-ին էստեղ անցկացրել են Խորհրդային Միության առաջնությունը, որտեղ Մետրևելին հաղթեց։ Այս կորտերում խաղացել ա Օլգա Մարոզովան՝ ՈՒիմբլդոնի խառը զուգախաղերի և զուգախաղերի չեմպիոն: 

 

 

 

Մետրևելին՝ «Բուրևեստնիկում» անցկացված ԽՍՀՄ առաջնության ժամանակ | «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթից

 

Այս կորտերում բավական երկար ժամանակ անցկացվում էր դիվանագետների ամենամյա թենիսի մրցաշար, ինչպես նաև միջազգային այլ կառույցներից գալիս  էին ստեղ և անցկացնում էինք մրցաշար: Էստեղ իմ աչքով տեսել եմ բազմաթիվ դեսպանների խաղը՝ Ֆրանսիայի, Լատվիայի, Անգլիայի, Արգենտինայի, Իտալիայի։ Որպես դեսպան չեմ կարող գնահատել իրենց աշխատանքը, բայց թենիս՝ նորմալ սիրողական մակարդակի խաղում են:

 

 

 

Կան մարդիկ, որ էստեղ են անցկացրել իրենց կյանքը․ 7-8 տարեկանից սկսել են խաղալ, հիմա արդեն 70 տարեկան են, ու մինչև հիմա գալիս են: Սիրային պատմություններ էլ են եղել. մեր մարզիչներ Վահրամն ու Մարջիկն էստեղ ծանոթացան ու ամուսնացան:

 

Պարտադիր չի թենիսիստ լինես, որ կորտերը տպավորեն։ Երևանցի ես եղել, քայլել ես էս փողոցով, համալսարան ես եկել, ուսանող ես եղել, աչքիդ ընդունված են եղել կորտերը: Սրանք երբեք համալսարանի կորտերը չեն եղել, բայց շատերի գլխում էդպես են ընկալվում: Ասում ես՝ «Արարատ» թենիսի կորտեր, ասում են՝ էդ ո՞րն  ա, ասում ես՝ Ալեք Մանուկյան փողոց՝ էդ որտե՞ղ ա, ասում ես՝ համալսարանի կորտեր՝ հաաաա՜…

 

Ստեղ միշտ շատ հետաքրքիր ա եղել. մի քիչ ներքև ֆիզկուլտ ինստիտուտի թենիսի  կորտերն էին և լողավազանը. սպորտային տարածք էր. սկզբում դրանք վերացան, հիմա՝ սա:

 

 


 

Խաչատուր Ավետիսյան

ՀՀ պրոֆեսիոնալ մեծ թենիսի պատանեկան չեմպիոն, 13 տարիներից 8-ը կորտում է անցել

Էս կորտերը ոնց որ երկրորդ տունս լինեն: Իմ ամենասիրելի հատվածը 3-րդ կորտն ա, որովհետև գրունտ ա՝ ավազի վրա ավելի հեշտ ա, չես հոգնում: 

 

Լսել եմ խոսակցությունները քանդելու մասին: Չարժի քանդել էս կորտերը: Էստեղ ոչ միայն մեծ պատմություն կա՝ ավելի հին կորտեր Հայաստանում չկան, համ էլ շատ լավ պայմաններ են պարապելու համար, էն էլ՝ շատ մատչելի գներով։ Ասում են՝ գուցե տեղափոխեն ուրիշ տեղ, բայց էլ էդ հաճույքը չի լինի, էդ սիրած կորտը չի լինի: 

 

 

 

Բելլա Ավետիսյան

5 տարեկանից պարապում է այս կորտերում (հիմա 10 տարեկան է)

Սկզբում դժվար էր, ռակետը ծանր էր, բայց հետո՝ չէ: Մարզիչները օգնում են, բացատրում են, որ ամեն ինչ ճիշտ անենք: Ես խորհուրդ կտամ չմարզվողնեին՝ գան թենիսի. սկզում մի քիչ տանջվում ես, բայց վերջում լավ ա լինում քո համար:

 

Այգեստանում եմ ապրում, մոտիկ տեղից եմ գալիս էստեղ: Ընկերուհու հետ եմ գալիս, ու իմ համար հաճույք ա թենիս խաղալը: Ես կողքը շախմատ էլ եմ պարապում ու հաճախ էնտեղից եմ գալիս եմ մի հատ կորտերին նայեմ, կարոտս առնեմ, գամ: 

 

Ավետիս Մանուկյան

Մարզիչ, 1974-ից պարապում ու աշխատում է «Բուրիվեստնիկում»

Տարածքը 1950-ականներից գոյություն ունի: «Բուրիվեստնիկը» կամավոր սպորտ- ընկերութուն էր: Հիմնականում ուսանողներն էին շատ, մասնակցում էին մրցումների: 1990-ականներից  արդեն «Արարատ» թենիսի ակումբ դարձավ:

 

 

Ընդհանուր տարածքը մոտ 9000 մետր քառակուսի է, կան 6 բաց և 2 փակ կորտեր՝ փոքր տարիքի երեխաների համար են: 

 

Ծնված օրվանից՝ 54 թվականից, էստեղի բնակիչ եմ, իսկ որպես մարզիչ աշխատում եմ  74-ից, երբ  ֆիզկուլտուրայի ինստիտուտի 2-րդ կուրսում էի սովորում: Թենիսը ինձ ամեն ինչ տվել ա՝ ֆիզիկական, հոգևոր, ընկերություն, բարեկամություն, հիշողություն… Երբ  մտնոմ եմ ներս, տեսնում եմ կորտերը, դրանից էն կողմ ուրիշ բան չկա, չեմ տեսնում: 

 

«Բուրիվեստնիկը»՝ «Արարատը», երևանցիներին, առաջին հերթին, առողջություն ա տալիս՝ ամենակարևորը, Երևանին էլ՝ հիշողություն ա տալիս. դրանից լավ բա՞ն: 

 

Լևոն Դավթյան/Կարեն Դավթյան

Լևոնը 2 տարի է ինչ մարզում է. հայրիկի հետ է գալիս կորտ, իսկ հայրը կորտերի հի՜ն ու երկարամյա մարզվողներից է 

Լևոն․ Շաբաթ-կիրակի եմ գալիս թենիսի, բայց մյուս օրերին, որ էստեղով անցնում եմ, աչքս գցում եմ, տեսնեմ ո՞վ կա կորտում, ի՞նչ են անում: 4-րդ, 5-րդ կորտերում եմ հիմնականում խաղում, դրանք եմ շատը սիրում:  Մաշտոցից եմ գալիս, մոտիկ ա, հարմար ա, ուրիշ տեղ հարմար չի լինի:

 

 

Կարեն․ Յոթ տարի պարապել եմ էստեղ: Հին բակի նման տեղ ա էս տարածքը իմ համար, որտեղ կարելի ա գալ, լավ զգալ, լիցքավորվել, գնալ։ Դե, հին բակեր Երևանում արդեն գրեթե չկան: Չգիտեմ՝ ո՞վ ա որոշում կայացնելու, ո՞նց ա կայացնելու, բայց քանդելը լուծում չի, կամ՝ տեղափոխելը: Ինչ-որ լավ բան կա, փոխանակ զարգացնենք, քանդելու մասին ա խոսք գնում: