🍷 «Քեֆը միավորում է սրտերը, բերում սեր և ծիծաղ»
Գինի

🍷 «Քեֆը միավորում է սրտերը, բերում սեր և ծիծաղ»

«Կարաս գինիների» նոր գինու՝ Kef by Karas-ի թողարկման առիթով, ԵՐԵՎԱՆը զրուցել է մի քանի երևանցիների հետ, որոնք սիրում են գինի և, իհարկե, քեֆ անել։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Karas Wines

#Գործընկեր

Քեֆ ՝ [գոյական] (ժողովրդական)

- Կերուխում, խնջույք

- Բավականություն, հաճույք, վայելք

- Տրամադրություն 

- Ցանկություն, կամք 

 

 

Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյան

«Կարաս Գինիների» ղեկավար 

Քեֆի գաղափարը կարելի է բացատրել մի քանի տարբերակով. քեֆը որպես միջոցառում, հավաքույթ կամ, երբ ասում ենք՝ «քեֆ ենք անում»՝ նկատի ունենալով այն լավ ժամանցը, որն ինքներս ենք ստեղծում։ Երկու դեպքում էլ այն ամբողջականության և ուրախության մասին է։ Ամենալավ քեֆը, նախևառաջ, առատության մասին է՝ համեղ սնունդ, գինի, երաժշտություն, զրույցներ ամեն անկյունում։ Քեֆը միավորում է սրտերը, բերում սեր և ծիծաղ. այն կյանքի իսկական տոն է։ Լավ քեֆի գաղտնիքը կյանքը վայելելուն բաց լինելու մեջ է։ Լավագույն քեֆերը տեղի են ունենում, երբ մենք պատրաստ ենք ուրախանալ և կիսվել այդ ուրախությամբ։ Իսկական քեֆի ժամանակ միշտ կա տեղ ևս մեկ հյուրի, ևս մեկ երգի, ու ևս մեկ կենացի համար։

 

Ես ծնվել եմ հայ-արգենտինական ընտանիքում և քեֆն իմ պատմության և ինքնության շատ կարևոր մաս է։ Դեռ մանկության տարիներից մեր տունը հենց այն վայրն էր, որտեղ տեղի էին ունենում բազմաթիվ քեֆեր։ Ծնողներիս մոտ միշտ շատ լավ է ստացվել հյուրեր ընդունելը, մայրիկս հիանալի խոհարար է և մեր տան սեղանները միշտ լի են ամենատարբեր համեղագույն ուտեստներով, մեր ընկերներն ու բարեկամները հավաքվում են դրանց շուրջ, հնչում է երաժշտություն, ծիծաղ, և զրույցներ մինչ վաղ առավոտ։ Այս հիշողություններն ինձ դարձրել են այն, ինչ ես կամ այսօր։ Քեֆն ինձ համար ապրելակերպ է, կյանքը վայելելու, մարդկանց հետ կապվելու և մեր սրտերում այս գեղեցիկ կյանքը տոնելու միջոց։ 

 

 

Գինին հենց քեֆի մասին է, գինու շիշը բացելը հրավիրում է բոլորիս տոնելու, միավորում է մարդկանց, ստեղծում է զրույցներ և դարձնում է սնունդը էլ ավելի համեղ։ Երբ պատկերացնում եմ գինին մինչև այն ստեղծելը, հենց քեֆի տրամադրությունն է ոգեշնչում ինձ՝ գինին մտածված է միմյանց հետ կիսվելու և վայելելու համար։ 

 

Ինչպես ասեցի՝ քեֆի գաղափարն իմ ինքնության մի մասն է։ Կյանքը տոնելը, աշխարհի հայերին միավորելն ու ուրախություն տարածելու գաղափարը դաջված է իմ հոգում։ Ստեղծելով Kef by Karas-ը՝ ես ցանկանում էի հարգանքի տուրք մատուցել կյանքին, ստեղծել գինի, որը մտածված և ստեղծված է տոնելու, կիսվելու և մեր սրտերը ընդլայնելու, որպեսզի կարողանանք զգալ մեր ինքնության գեղեցկությունը։ 

 


 

Վարդգես Հովեյան 

«Կարաս Գինիների» մարքեթինգի և վաճառքների տնօրեն

Քեֆն իրար նման ու նույն արժեքները կիսող մարդկանց հավաքն է, որոնք պատրաստ են հանդիպել ինչ-որ լավ առիթի կամ գաղափարի շուրջ, կիսվել իրենց դրական էներգիայով, հիշողություններով ու պարզապես միմյանց հետ լավ ժամանակ անցկացնել։ 

 

Կարծում եմ՝ քեֆը ոչ միայն հայկական մեծ սեղանների շուրջ տեղի ունեցող հավաքներն են, այլ նույնիսկ սովորական ուրբաթ երեկոն է երևանյան բարում, փաբում կամ ռեստորանում, նույնիսկ անծանոթ մարդկանց հետ։ Իմ և ընկերներիս հետ շատ են պատահել նման դեպքեր, երբ մեզ միացել են անծանոթ մարդիկ, որոնք կամ այդ օրը մեզ հետ են եղել, իսկ հետո անհետացել, կամ մնացել և դարձել են մեր լավ ընկերները։

 

Քեֆ անելու մշակույթը ես ժառանգել եմ իմ ծնողներից և իրենց ընկերներից։ Ընտանեկան-ընկերական քեֆերը, այն բոլոր խոսակցությունները, պատմությունները, անեկդոտներն ու կատակները, որոնք տեղի էին ունենում, որպես երեխա ինձ միշտ շատ հետաքրքիր էին։ Ի վերջո, այդ երբեմն մինչև լուսաբաց տևող ընկերական և ընտանեկան հավաքույթների ընթացքում հնչած մտքերն են հյուսում մեր հետագա մտածողությունն ու վարքագիծը։

 

Տարիների ընթացքում քեֆերի ֆորմատներն ավելի են լայնացել ու մեծացել։ Նույնիսկ մեր խմբի՝ FairWind-ի համերգները իրենց տեսակի մեջ կարելի է ռոք-քեֆ համարել, քանի որ մարդիկ գալիս են, նույն ձև իրար հետ ուրախանում, պարում, երաժշտություն են լսում, խմիչք են կիսում, բաժակ են բարձրացնում։

 

 

Գինին շատ կարևոր է քեֆի մշակույթում, այն ավելի աուտենտիկ է դարձում այդ հավաքույթները։ Գինու ճիշտ ընտրությունը ևս շատ կարևոր է, քանի որ գինու աշխարհը շատ բազմաժանր է և հնարավորություն է տալիս ամբողջ երեկո ունենալ բոլորովին նոր փորձառություններ՝ ընդամենը փոխելով և իրար հետ զուգակցելով գինու տեսակները։

 

Երբ մենք քննարկում էինք հենց այս գինու գաղափարը և առաջարկվեց ընտրել «Kef by Karas» անվանումը, երկրորդ կարծիք լինել չէր կարող, քանի որ մեզ համար շատ կարևոր էր աշխարհին ցույց տալ և պատմել իսկական հայկական տոնախմբության պատմությունը և այն ամբողջ մթնոլորտն ու ֆանտաստիկ էներգետիկան, որն առաջանում է այն քեֆերի ժամանակ։ Մենք շատ էինք ցանկանում աշխարհին պատմել իրական հայկական ՔԵՖ-ի մասին։

 

Պիտակն ամբողջությամբ արտացոլում է մեծ հայկական սեղանի գաղափարը, որտեղ շատ տարբեր տարիքային խմբերի և հետաքրքրությունների մարդիկ գալիս և միասին անցկացնում են փառահեղ ժամանակ, փորձում են համեղ ուտելիք, խմում են լավագույն հայկական գինի, պատմում են իրար տարբեր պատմություններ, կիսվում են դրական լավ վայբերով։ 

 


 

Դիանա Մալենկո 

Դերասանուհի, հաղորդավարուհի 

Դե՜ քեֆ բառն ասոցացվում է ուրախության հետ, բայց մի յուրահատկություն կա այդ բառի մեջ։ Եթե քեֆ, ապա՝ հայկական։ Ֆրանսիայում «ֆետի» կգնաս, ԱՄՆ-ում «փարթիի» ու միայն մեզ մոտ`քեֆի։

 

Ինձ համար խմիչքն ու երաժշտությունը քեֆի անբաժան մասն են։ Հավաքույթի ժամանակ կարելի է, օրինակ, խաղեր խաղալ, զրուցել, բայց էլ ինչ քեֆ՝ առանց խմելու, պարելու ու երգելու։ 

 

Երբեմն ամենահիշվող քեֆերը հենց անծանոթ շրջապատում են ստացվում. չգիտես ինչ սպասել։ Նոր մարդիկ նոր տրամադրություն և քեֆի իրենց տարբերակն են առաջարկում։ Այդպես, ընկերներիս հետ Իսպանիայի համալսարաններից մեկում հանդիպեցինք 3 հայ երիտասարդի։ Իրենք էլ տան տիրոջ կարգավիճակով որոշեցին մեզ գիշերային քաղաքն ու կյանքը ցույց տալ։ Ակումբները իսպանական էին, բայց մեր քեֆը՝ միլիոն ու հայկական էր։

 

Կարծում եմ՝ գինին քեֆի նախաբանն է։ Հենց գինուց է սկսվում թեթև, ջերմ տրամադրությունը։ Եթե քեֆը գինով եք սկսել, կա երկու հակացուցում։ Առաջինը՝ խմիչքը չփոխել։ Երկրորդը`չչարաշահել։ Երկու դեպքում էլ չեք հիշի՝ ինչպես եք տուն հասել։

 


 

Արման Մարգարյան 

Հաղորդավար

Քեֆի բանաձևն ինձ համար պարզ է՝ ընկերներ, լավ գինի, լավ տրամադրություն, հետաքրքիր զրույցներ ու գուցե նաև հաջորդ օրը որոշ բաներ չհիշելը։ Իրականում լավ գինին ցանկացած քեֆի ամենակարևոր նախապայմաններից է։ Կարճ ասած՝ եթե գինին լավը չէ, քեֆն էլ լավ չի անցնի։

 

Վերջերս հրավիրված էի «Կարաս վայնրի», որտեղ շատ լավ ժամանակ անցկացրինք ընկերների և գործընկերների հետ։ Մինչ այդ էլ գինի խմում էի, բայց այդ օրվանից հետո սկսեցի այն ավելի հասկանալով խմել։ Գինին անպայման պիտի լինի չոր, ոչ մի կիսաքաղցր կամ քաղցր, և, իհարկե, ցանկալի է այն վայելել հենց հասկանալով։ 

 

Քեֆերն էլ իրենց տարբեր ֆորմատներն ունեն, իմ տարբերակը հաստատ հայկական տիպիկ տաշի-տուշին չի։ Քեֆ բառը իմ համար որևէ կապ չունի պարտադիր 6/8-ների հետ։ Հակառակը, մարդիկ առանց դրա այնպիսի քեֆեր են անում, որ ոչ մի այլ բանի հետ չես փոխարինի։ Ռոք կամ այլ տեսակ երաժշտություն լսելով՝ նույնպես հնարավոր է քեֆ անել։ 

 

Մի օր՝ շաբաթ առավոտյան 12-ից InVino-ում նստած շամպայն էի խմում, մեկ էլ եկավ Վարդգեսը [խմբ. Վարդգես Հովեյան] մի 12 հոգով, խաշից հետո։ Ինչպես միշտ միացանք իրար, մի քիչ նստեցինք ու որոշեցինք շաբաթ օրը ցերեկվա ժամը մեկին գնալ կարաոկե երգելու։ Կարաոկեներից մեկը բառիս բուն իմաստով բացեցինք, որովհետև ժամը վեցից նոր պիտի սկսեին աշխատել։ Այդպես օրը ցերեկով շատ լավ քեֆ արեցինք։ 

 

Լավ քեֆ կարելի է անել, թե մոտիկների, թե անծանոթների հետ։ Կարևորը լավ մարդիկ լինեն, քեֆ անող բարի մարդիկ լինեն։ Երևանյան գինի խմելու մշակույթի լավը հենց այն է, որ կարող ես, օրինակ, In Vino-յում մենակով նստել ու մի ժամից արդեն նոր մարդկանց հետ քեֆ անելուց կլինես։ 

 


 

Վիլյամ Կարապետյան

Դիզայներ 

Քեֆ ասելով հասկանում եմ շատ պարզ՝ ընկերներով իրար հետ հավաքվել և ուրախանալ։ Ձևաչափն ու մնացած դետալները կարևոր չեն՝ էականը ընկերներն են. մարդիկ են ապահովում ուրախությունը։ Գինին այդ ամենում մեծ դեր ունի, քանի որ գինի խմողները շատ են։ 

 

Իսկական քեֆը միայն ընկերների հետ կարելի է անել, կարող են լինել և անծանոթներ, բայց շատ քիչ թվով, որտև ամեն մարդու մոտ չես կարող քեզ պահել այնպես, ոնց կպահես ընկերներիդ մոտ։ Իրական քեֆը՝ դա երբ մաքսիմալ անկեղծ ես, մաքուր. քեֆի իմաստը հենց դա է։ Տեղը նույնիսկ կապ չունի, քանի որ կան հարազատ մարդիկ, որոնց հետ բոլոր քեֆերը անցնում են շատ լավ։ 

 

 

Պիտակը ստեղծելիս հիշեցի, որ Հարութը Թումաղյան մի նկարազարդում ուներ, դրա հիման վրա փոփոխեցինք և ստացանք քեֆի արարողությունը, որտեղ հավաքվել են ընկերներ, բարեկամներ, հաճելի մթնոլորտ է, լիքը գինի և ուտելիք։ Առաջին սպիտակ և կարմիր գինիների նկարազարդման մեջ ներկայացրել ենք քեֆի սկիզբը, երբ մարդիկ պատրաստվում են, սեղան են գցում, իսկ ռեզերվի վրա արդեն պատկերել ենք ամենապիկը, այնտեղ մարդիկ պարում են գինովցած են, ավելի դրական ու հաճելի մթնոլորտ է երևում։

 

Այսինքն՝ երկու պիտակների վրա գործընթաց ենք ցույց տվել. սեղանը գցեցին, քեֆը սկսվեց ու հետո տժացին։

 


 

Ներսես Ավետիսյան

Դերասան, երգիչ, հաղորդավար

Տարիքս հաշվի առնելով՝ արդեն կարող եմ ինձ թույլ տալ ասել, որ ես քեֆչի մարդ եմ։ Շատ եմ սիրում ցանկացած տեսակի քեֆ, կապ չունի՝ ճանաչում եմ այդ մարդկանց, թե չէ, ես միշտ երկու ձեռքով կողմ եմ բոլոր քեֆերին, խմելուն, պարելուն, շփվելուն, ծանոթանալուն։ Էս օրերին, հաշվի առնելով ամբողջ աշխարհի վիճակը ու անկանխատեսելի զարգացումները, չնախատեսված քեֆիկներն ու քեֆերը օգնում են, որ մի պահ գոնե կտրվենք այն ամենից, ինչ մեր շուրջն է կամ մեր Տելեգրամում։ Հակառակ դեպքում կարող է խելագարվենք։ Փոքր չնախատեսված երեկոները փրկօղակ են թե՛ էմոցիոնալ, թե՛ հոգեբանական, օգնում են դեմոտիվացիայից գոնե մի քիչ դուրս գալու համար։ 

 

Երբ ասում են քեֆ, միշտ հիշում եմ իմ կյանքի առաջին քեֆերը։ Ես մեծացել եմ Գառնիում, և մեր թաղի տների այգիները բոլորը կպած էին իրար ու բաժանվում էին միայն ցանցերով։ Այդ ցանցերի մեջ էլ կային դռներ, որոնց միջով մեր մայրիկները անցնում էին մի այգում մյուսը ու գնում սուրճ խմելու, իսկ հայրիկները՝ շփվելու։

 

Բոլոր տներում կային իմ տարիքի երեխաներ, և մենք ամեն օր հավաքվում էինք ցանցերի մոտ և որոշում այդօրվա քեֆը ինչպես ենք կազմակերպելու։ Մեկն ասում էր՝ ես կբերեմ պանիրը, մյուսը՝ լիմոնադը, մյուսը կոմպոտը, մեկ ուրիշը՝ լոլիկն ու վարունգը։ Այդ ամեն հավաքում բարձրանում էինք տներից մեկի տանիքը, որտեղ մեզ էին սպասում խնձորի արկղերից պատրաստված սեղան աթոռները։ 7-10 տարեկանում գինու փոխարեն կոմպոտ էինք խմում, բայց իմ առաջին քեֆի հիշողությունները հենց սրանք էին։ Հենց այդ քեֆերին լինում էին առաջին պաչիկները մեր թաղի աղջիկների հետ, նոր բացահայտումները, խաղերն ու ամեն ինչը։ Դրանք ուղղակի հավաքույթներ չէին, այդ ժամանակ շատ հարցեր ու հետաքրքրություններ էին առաջանում և մենք այդ բոլոր հարցերը լուծում էինք տանիքներում։

հավելյալ նյութեր