10 գիրք՝ փետրվարի 19-ին նվիրելու համար
Գրողը տանի

10 գիրք՝ փետրվարի 19-ին նվիրելու համար

Լավագույն նվերը գիրքն է, լավագույն տոնն էլ՝ Գիրք նվիրելու օրն է՝ փետրվարի 19-ը։ ԵՐԵՎԱՆը խորհուրդ է տալիս մի քանի թարմ հայալեզու հրատարակություն, որոնք արժե նվիրել լավ մարդկանց։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

#ՔաղաքըԿարդումԷ
Գրականության մեջ երկրի դիմանկարը փնտրողների համար

 

Նորայր Սարգսյան «Հանրապետություններից երրորդը»

 

 

Նախորդ տարի տպագրվեց արձակագիր Նորայր Սարգսյանի առաջին վեպը՝ «Հանրապետություններից երրորդը», որը պատերազմների, դրանցից հետո եկող իրականության և անկախության շրջանի Հայաստանի իրական հոգեբանական պատկերն է՝ հագեցած առօրյա-կենցաղային, ինչ-որ տեղ զավեշտալի մանրամասներով։

 

Եթե պատահաբար բաց եք թողել այս գիրքը, անպայման ներառեք այն 2025-ի գրքային նվերների ցանկում։

 



 

Հայաստանի նորագույն պատմությամբ հետաքրքրվողների համար

 

Արա Թադևոսյան, Լուսինե Ղարիբյան «Վանոն ու Վազգենը․ Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը»

 

 

Պատերազմի շուրջ գեղարվեստական գրականությունից միանգամից անցնենք վավերագրականին և պարզենք՝ որտեղի՞ց էին գալիս պատերազմի արմատները։
«Վանոն ու Վազգենը» Արա Թադևոսյանի և Լուսինե Ղարբիյանի կողմից խնամքով հավաքագրված հարցազրույցների ամբողջություն է Երրորդ հանրապետության երկու կարևորագույն դեմքերի մասին։ Այս գիրքը պարտադիր ընթերցանության գրականություն է նրանց համար, ովքեր փորձում են գտնել անկախ Հայաստանի իրական «դեմքը»։

 


 

Պարտությունը վերլուծելու ցանկություն ունեցողների համար

 

Կարեն Հարությունյան, Վիգէն Չըթըրեան, Աշոտ Ոսկանյան, Մկրտիչ Կարապետյան «44. Պարտություն»

 

 

Կրկին վերադառնալով պատերազմին՝ այս անգամ առաջարկում ենք ոչ թե պոետիկայի կամ հիշողությունների, այլ փաստերի տեսանկյունից դիտարկել 2020-ի պատերազմը։ «44. Պարտություն» գիրքը գրվել է Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից և ներառում է ինչպես հարցազրույցներ, վերլուծություններ, այնպես էլ մանրամասն ժամանակագրություն և ռազմական գործողությունների քարտեզ։

 



 

Կոնցպետուալ պոեզիայի սիրահարների համար

 

Կարեն Ղարսլյան «Ոչ մի ուրիշ բառ»

 

 

Մի բան է ապրել խաղաղությունից խաղաղություն, այլ բան՝ զգալ Հայաստանը առանց ավելորդ բառերի։ Կոնցեպտուալ պոեզիան կրկին Կարեն Ղարսլայանի ձեռքում է՝ այս անգամ «Ոչ մի ուրիշ բառ» հայկուների ժողովածուով։ 

 

Գրողը, կազմաքանդելով ու նորից կառուցելով Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» հայտնի բանաստեղծությունը՝ ժողովածուն գրել է բացառապես «Ես իմ անուշ…»-ի բառերով՝ ստեղծելով լրիվ նոր, այլ, «արդի» բովանդակություն։ 

 


 

Առօրյա-ազգային հոգսերից կտրվել ցանկացողների համար

 

Կարեն Անտաշյան «Չոռ♡»

 

 

Եթե ձեզ հոգնեցրինք պատերազմների մասին խոսելով՝ առաջարկում ենք նվիրել ձեր մտերիմ ընթրեցասերին (նաև ինքնուրույն ընթերցել) Կարեն Անտաշյանի բանաստեղծություն-մեմաստեղծությունների ժողովածուն և հոգին սնուցել առօրյա հաճելի զբաղմունքներով։ 

 

«Չոռը♡»՝ գրված մեմերի ոճավորումով, լուրջ և անլուրջ, հեգնական ու դրամատիկ կարևոր զգաղոցությունների մասին է, որոնք երբեմն չափազանց պոետիկ ենք ապրում մեր սովորական տանը մեր հարազատ բազմոցին նստած։ Այնպես որ՝ օտարածին տիկտոկյան մեմեր նայելու փոխարեն՝ կարդացեք հայեցի մեմաստեղություններ։

 


 

Ժամանակակից Հայաստանում ապրող վիշապների ճակատագրով անհանստացողների համար

 

Արտավազդ Եղիազարյան «Վիշապաքարի գաղտնիքը․ Քարի վերջը»

 

 

Մեր այս խառը ցանկում, իհարկե, չենք մոռացել պատանի գրքասերներին, հատկապես նրանց, ովքեր Վզգո վիշապի վաղեմի ֆաներն են։ 2024-ի վերջին լույս է տեսել Արտավազդ Եղիազարյանի «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի երկրորդ մասը։ Ասել է, թե ժամանակն է պարզելու, թե ինչպես դասավորվեց Վահագնի կյանքը վիշապների վերադարձից երկու տարի անց։

 



 

Մեծական լուրջ ֆենթըզին գնահատողների համար

 

Հայկ Հովյան «Գիսանե: Հավերժական կայսրություն»

 

 

Շարունակելով հայկական դիցաբանության թեման՝ որպես գրքային նվեր (կամ նվերային գիրք) միանշանակ դիտարկեք Հայկ Հովյանի վեպը՝ Հավերժական կայսրության տիրույթում իրենց անկումն ապրող միֆական էակների, նրանց պայքարի ու փոփոխվող իրականության մասին, որտեղ կգտնեք ծանոթ հարցերի պատասխաններ: 

 


 

Հայ-սայֆայի վերածնունդին հետևողների համար

 

Արմկոն «Դիցային» ժողովածու

 

 

Երբ ասում ենք ֆանտաստիկա/ֆենթեզի, ուրեմն Արմկոնն էլ հետն է։ Շատ շուտով՝ փետրվարի 20-ին սպասվում է համայնքի պատրաստած նոր ժողովածուի՝ «Դիցայինի» շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել Արմկոն 2023 չորրորդ մրցույթի արդյունքում։ Այս անգամ ժանրի հեղինակների ոգեշնչման աղբյուրը հայկական առասպելներն են։

 



 

Մռայլ իրականությանն առերեսվելուց չխորշողների համար

 

Համբարձում Համբարձումյան «Բուդը»

 

 

Փետրվարի հաջորդ կարևոր շնորհանդեսը նվիրված է արձակագիր, սցենարիստ Համբարձում Համբարձումյանի «Բուդը» պատմվածքների ժողովածուին՝ 2018-ի «Կորեական դելիկատես» ժողովածուից հետո հեղինակի առաջին գիրքը։ Պատմվածքները, որոնց հեղինակը կոչում է «շենգավիթյան շարք», բանվորագողական ենթամշակույթում ապրող մարդկանց կյանքի մասին է։ 

 

Այնպես որ անկախ նրանից՝ շենգավիթցի եք, մասիվցի թե բագրևանդցի՝ ընթերցեք «Բուդը» և մեկնընդմիշտ պարզեք ռաբիզության, գողական բարքերի ու սոցիալական խնդիրների ակունքները։

 


 

Հարազատ անուններում նոր շունչ փնտրողների համար

 

Գաբրիել Գարսիա Մարկես «Կհանդիպենք օգոստոսին»

 

 

2024-ի մարտի 6-ին՝ Մարկեսի ծննդյան օրը, լույս տեսավ նրա հետմահու վիպակը, որը նա գրել է, երբ արդեն մասամբ կորցրել էր հիշողությունը: «Կհանդիպենք օգոստոսինը» այն գիրքն է, որը Մարկեսը չի ցանկացել հրատարակել և նույնիսկ ոչնչացնելու դատավճիռ է կայացրել, բայց այնուամենայնիվ գրողի մահից 10 տարի անց նրա որդիների ջանքերով գիրքը լույս տեսավ (ընդ որում՝ ամբողջ աշխարհի հետ միաժամանակ նաև Հայաստանում)։ Ինչպես միշտ, Մարկեսը պոկում է ընթերցողին ու տեղափոխում իր կառուցած, ոչինչին չնմանվող մոգական աշխարհ։ 

հավելյալ նյութեր