10 նմուշ, չհաշված սև կատուն. Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածու
Ջերարդ Լ. Գաֆէսճեանի 100-ամյակի և ԵՐԵՎԱՆի՝ կատվաթողարկման կապակցությամբ ուսումնասիրում ենք մեծ ֆիլանտրոպի հավաքածուի ամենավառ նմուշները, որոնք լավագույնս արտահայտում են կոլեկցիոների նախասիրությունները, յուրահատուկ ճաշակը, գեղեցիկի ու իր ժամանակի զգացողությունը։ Իհարկե, սկսում ենք Բոտերոյի կատվից։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի
ԵՐԵՎԱՆ #89 | 2025
2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։
Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag
Ջերարդ Լ. Գաֆէսճեանը՝ այս վառ անհատականությունը, որը ծնվել է Նյու-Յորքում հայ գաղթականների ընտանիքում, իր կյանքի ընթացքում հասցրել է ծառայել ամերիկյան նավատորմում, մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, եղել է տնտեսագետ-իրավաբան, աշխատել իրավաբանական հրատարակչությունում, իրականացրել արվեստի իրավունքի ոլորտի նախագծեր, ամուսնացել, ունեցել զավակներ, դարձել խոշոր ձեռնարկության բաժնետեր, վաճառել իր բաժնեմասն ու մեծ կարողության տեր դարձել, եղել յուրօրինակ կոլեկցիոներ և ստեղծել արվեստի բացառիկ հավաքածու, փրկել մշակութային և պատմական արժեք ներկայացնող կարուսել Մինեսոտայում և օգնել է հայկական սահմանամերձ գյուղերին։
Ու չնայած այս հագեցած կյանքին, Ջերարդ Լ. Գաֆէսճեանի կարևորագույն նախագիծը մեզ՝ երևանցիներիս համար 2002-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի ստեղծումն էր։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, 2009-ից տեղակայված լինելով Երևանի յուրօրինակ ճարտարապետական կառույցներից մեկի տարածքում՝ Կասկադում, ոչ միայն վերաիմաստավորեց այդ կառույցն ու նոր կյանք հաղորդեց դրան, սահմանեց քաղաքաշինական նոր նշաձող, իր ազդեցությամբ վերափոխեց հարակից տարածքը՝ ընդհուպ մինչև Սարյան փողոց, այլև Ջիմ Թորոսյանի գլուխգործոցը վերածեց արվեստի տարբեր ուղղություններ ներկայացնող եզակի հարթակի: Իր հավաքածուից Հայաստան բերված նմուշներն իրականում յուրահատուկ, ոչ ստանդարտ գործեր են ոչ միայն Գաֆէսճեանի հավաքածուի համատեքստում, այլև հենց արդի ու ժամանակակից արվեստի տեսանկյունից և վստահաբար խոսում են Գաֆէսճեանի լայն մտահորիզոնի մասին։

Ֆերնանդո Բոտերո, «Կատու», 1998
Աշխարհում ամենահայտնի կոլումբացի արվեստագետը՝ Ֆեռնանդո Բոտերոն, իր բոտերիզմո ոճով Ջերարդ Լ. Գաֆէսճեանի շնորհիվ Երևանում ներկայացավ 3 գործով (դրանով աշխարհի շատ քիչ քաղաքներ կարող են հպարտանալ)՝ «Կատուն», «Ծխող կինը» և «Հռոմեացի զինվորը», երեքն էլ սկանդալային ու յուրահատուկ։
Բոտերոյի արվեստի առանցքը փքված կերպարներն են՝ համեմված հումորով ու յուրահատուկ հայացքով աշխարհին։ Առաջինը Երևան ժամանեց հենց «Կատուն»։ Առաջինն էր, որ առաջացրեց բազմաթիվ խոսակցություններ՝ սև կատվի հետ կապված նախապաշարմունք մինչև արվեստային քննարկումներ։ Բոտերոյի «Կատուն» ոչ թե պարզապես անիմալիստական քանդակ է, այլ իր արվեստի լիարժեք կերպար։ Այն մեծ չափերի է, ծանր, բայց միևնույն ժամանակ կարծես փափուկ լինի ու կարծես միաժամանակ թե՛ խաղալիք լինի ու թե՛ մոնումենտ։ Կատուն հանգստություն է ճառագում, նրա մարմինը, ինչպես և Բոտերոյի բոլոր կերպարները, կլորիկ է, հոսուն ու սահուն։ Այն չի հրավիրում իրեն դիտելու, այն պարզապես գոյություն ունի, ծանր, մարմնեղ, ազդեցիկ, մի քիչ հեգնական ու նուրբ, անսպասելիորեն իմաստուն ու հանդարտ։ Չնայած իր վիթխարիությանը՝ արձանը չի կորցնում կատվին բնորոշ պասիվությունն ու անտարբերությունը շրջապատի հանդեպ։ Բոտերոյի կատուն թերևս ձևի և բովանդակության համերաշխության բացառիկ օրինակ է, որ համադրում է ժամանակակից քանդակագործության ինտելեկտուալ լեզուն հանրային ընկալման ու ֆիզիկական ներկայության հետ։ Եվ, ի վերջո, այս Կատուն, հայտնվելով երևանյան քաղաքային միջավայրում, կատվին վայել անտարբերությամբ ու հանդարտորեն դիմակայեց բոլոր քննադատություններին՝ դառնալով Երևանի անբաժան մասը, խորհրդանիշներից մեկն ու պարզապես քաղաքի սիրելի կատվիկը։

Ջեք Յանգերման, «Թեվատարած արծիվ», 1971
Յանգերմանն ամերիկյան աբստրակտ արվեստի կարևոր ներկայացուցիչներից մեկն է, ում ստեղծագործությունն աբստրակտ արտահայտչաձևերի և մինիմալիզմի միահյուսում է և ում աշխատանքներն առանձնանում են գունային հստակությամբ, ձևերի կտրուկությամբ և ծավալային մտածողությամբ։ Ջեք Յանգերմանի «Թևատարած արծիվը» ձևի, շարժման և նյութի՝ չժանգոտվող պողպատի հայելային մակերեսին արտացոլվող իրականության զգայական միահյուսում է։ Քանդակն առանձնանում է ընդհանրացվածությամբ, սակայն այն իր սլացիկ գծային կառուցվածքով փոխանցում է արծվի էությունը՝ թռիչքի պահի լարվածություն, հավասարակշռություն և կենսական ուժ։ Հաջորդ անգամ Գաֆէսճեան քանդակների պարտեզում զբոսնելիս անպայման փնտրեք ձեր արտացոլանքը «Թևատարած արծվի» մեջ։

Յուե Մինջուն, «Անվերնագիր», 20-րդ դար
Յուե Մինջունը չինական ժամանակակից արվեստի ամենակարևոր և ամենաարտահայտիչ դեմքերից մեկն է։ Նա առավելապես հայտնի է իր ինքնադիմանկարների շարքով, որտեղ ինքն իրեն ներկայացնում է լայն, գրեթե սարսափելի գրոտեսկային ժպիտով, տարբեր աբսուրդային, երբեմն՝ ճնշող իրավիճակներում։ Նրա արվեստը կապվում է «ցինիկ ռեալիզմի» (Cynical Realism) շարժման հետ, որը ձևավորվեց 1990-ականների սկզբում Չինաստանում՝ իբրև արձագանք այդ շրջանի սոցիալական, քաղաքական և մշակութային իրողություններին։ Մինջունի «ժպտացող» կերպարները հաճախ պատկերված են խմբային, կրկնվող կոմպոզիցիաներում, որտեղ անհատականությունը մղվում է ստանդարտացման և ճնշման դաշտ։ Յուե Մինջունի գործերը ցուցադրվել են աշխարհի խոշորագույն թանգարաններում և հավաքածուներում՝ դարձնելով նրան ժամանակակից չինական արվեստի միջազգային խորհրդանիշ։ Իսկ երևանյան «Անվերնագիրը» նրա ստեղծագործության վառ ու հատկանշական նմուշներից է։

Ջոանա Վասկոնսելոս, «Թեյի տաղավար», 2012
Վասկոնսելոսը ժամանակակից պորտուգալացի արվեստագետ է, որն առավել հայտնի է իր մեծածավալ, գունեղ, հումորով և ֆեմինիստական հայացքով հագեցած ինստալյացիաներով։ Նրա գործերը հաճախ միավորում են ավանդական ֆեմինին խորհրդանիշները (նուրբ ասեղնագործություն, խոհանոցային ու զանգվածային սպառման և հիգիենայի իրեր) և մոնումենտալ ձևերը՝ վերաիմաստավորելով կանացի ինքնությունն ու կնոջ ընկալումը հասարակության մեջ։ Նրա «Թեյի տաղավարը» միավորում է կենցաղային առարկան և հանրային արվեստը։ Այն բացառիկ է՝ լինելով միաժամանակ նուրբ ու հսկայական, ունենալով նաև ուտիլիտար նշանակություն իբրև տաղավար, միաժամանակ պարունակելով հղումներ բրիտանական հետգաղութային թեյախմության թեմային՝ լինելով վանդակ թեյնիկի տեսքով։ Հաջորդ անգամ թեյնիկը տեսնելիս նայեք դրան՝ հաշվի առնելով այս բոլոր շերտերը, ու վստահաբար կսիրահարվեք այս գործին։

Ջերերդ Լ. Գաֆէսճեանի «Սուբարուն»
Գաֆէսճեանն այն վարել է 80-ականներին, իր իսկ գաղափարի համաձայն արդեն Հայաստանում 2009–ին կարծես մումիֆիկացված ու ներկայացված որպես ռեդի–մեյդ արվեստ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում բարերարի հավաքածուում։ Այն կարծես զմռսված հիշողություն է, իր կյանքի մի շրջափուլ, որով երբեմնի իրավաբանը հանդես է գալիս արդեն իբրև հեղինակ։

Ջի Յոնգ Հո, «Առյուծ 2», 2008
Ջի Յոնգ Հոն ժամանակակից կորեացի քանդակագործ է, որը հայտնի է իր յուրօրինակ մոտեցմամբ՝ ստեղծելով կենդանական հսկայական քանդակներ վերամշակված ավտոդետալներից, հին ռետինե անվադողերից։ Նրա աշխատանքները համադրում են տեխնոլոգիական ագրեսիան և բնության ուժը՝ ստեղծելով հիբրիդային արարածներ, որոնք միաժամանակ գրավիչ են և ահարկու։ Իր ստեղծագործություններով Ջի Յոնգ-Հոն վերանայում է բնականի ու տեխնածին աշխարհի միջև կապը՝ կասկածի տակ դնելով ժամանակակից մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները։ Այս հատկանիշների վառ մարմնավորումն է «Առյուծ 2»-ը, որն արվեստագետի ամենահզոր ստեղծագործություններից մեկն է՝ ստեղծված օգտագործված ռետինե անվադողերից։ Առյուծը՝ որպես ուժի, իշխանության և ազնվության համամարդկային սիմվոլ, այստեղ ներկայացված է խիստ սուր, գրեթե կիբերգրոտեսկային ձևով։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պարտեզում զբոսնելիս այն միանգամից գրավում է դիտողի ուշադրությունը։

Պիտեր Քոֆին, «Ծովահեն», 2007
Քոֆինն ամերիկացի ժամանակակից արվեստագետ է, ով հայտնի է իր ոգեշնչումներով արվեստի պատմությունից, գիտությունից, հոգեբանությունից և գրականությունից՝ ստեղծելով մուլտիմեդիա աշխատանքներ, որոնք վերակազմում են մեր շրջապատը՝ ստիպելով դիտողին վերաիմաստավորել սահմանված ընկալումներն ու ձևավորել նոր հայացքներ։ Ծովահենների մասին ժամանակակից պատկերացումները ծագում են երկու հայտնի գեղարվեստական կերպարներից՝ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզի» (1883) վեպի Լոնգ Ջոն Սիլվերից, ով ուներ փայտե ոտք և ուսին նստած թութակ, և Ջ. Մ. Բարիի «Փիթեր Փեն» (1904) պիեսի Կապիտան Հուկից, որի աջ ձեռքի փոխարեն մետաղյա կարթ կար։ Պիտեր Քոֆինի փոփ–արթային ծովահենն այս խորհրդանիշները վերածում է կրկնապատկված գրոտեսկային կերպարի, որն ունի երկու թութակ, երկու կարթաձև ձեռքեր, երկու փայտե ոտքեր, և անգամ երկու աչքի սև ժապավեններ։ Նա մարմնավորում է ժամանակակից հակահերոսի կերպարը՝ իշխանությանը հակադրվող, հասարակությունից դուրս ապրող և աշխարհով մեկ ազատ շրջող, անկոտրում, կույր ու վիրավոր։

Ռոբերտո Սեբաստիան Մատտա, «MAgriTTA» աթոռ, 1970–ականներ
Մատտան համարվում է սյուրռեալիզմի և հետպատերազմյան ավանգարդի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից։ Չիլիական ծագումով, բայց խորապես միջազգային այս արվեստագետի ստեղծագործությունն առանձնանում է միջդիսցիպլինար մտածողությամբ։ Նրա գեղարվեստական լեզուն սահուն ձուլում է ճարտարապետական տարածքի ըմբռնումը, գիտական աշխարհայացքը և հոգեվերլուծական մեթոդաբանությունը։ Մատտայի կտավներում և օբյեկտներում իրականությունը կարծես ապամոնտաժվում է՝ վերածվելով հեղուկ ու դինամիկ միջավայրի։ Նրա արվեստը սյուրռեալիզմից դուրս բերեց զուտ երազային պատկերման մոտեցումը՝ առաջարկելով փիլիսոփայական և քաղաքական ենթաշերտերով հագեցած նոր սյուրռեալիզմ՝ միաժամանակ թե անձնական և թե՛ կոլեկտիվ։
«MAgriTTA» աթոռը ստեղծվել է 1970-ականներին՝ որպես հարգանքի տուրք Ռենե Մագրիտի սյուրռեալիստական ժառանգությանը և հիշեցնում է Մագրիտի կտավներում հանդիպող կերպարի գլխարկը։ Այս աթոռը, չնայած ֆունկցիոնալ առարկա է, սակայն միաժամանակ բացարձակապես սյուրռեալիստական օբյեկտ է։ Այն խաղում է չափերի, համադրության և ձևի հետ՝ առօրյա կենցաղային իրը վերափոխելով խորհրդանիշի։ Հաջորդ անգամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի շարժասանդուղքով վեր բարձրանալիս ուշադիր եղեք ձախ կողմի փայտե հարթակների հանդեպ ևս։

«Corsair III» նավի մոդելը
Բացի ժամանակակից արվեստագետների քանդակային, գեղանկարչական կամ կիրառական արվեստի նմուշներից՝ Գաֆէսճեանը տարբեր աճուրդներից ձեռք է բերել նաև նմուշներ, որոնք սերտորեն կապված են իր կյանքի և ամերիկյան իրականության, պատմության ու մշակույթի հետ և որոնք մեծապես բացահայտում են կոլեկցիոների ներաշխարհը։ Այդպիսի նմուշներից է հատկապես «Corsair III» նավի մոդելը: Իրական զբոսանավը, ի դեպ, ժամանակին պատկանել է Ջ. Փ. Մորգանին՝ ամերիկյան բանկային համակարգի հիմնադիրներից մեկին, սակայն, երկրորդ աշխարհամարտի տարիներին այն օգտագործվել է ամերիկյան նավատորմի կողմից։ Ու հենց այս նավի վրա էլ այդ տարիներին ծառայել է ինքը՝ Գաֆէսճեանը։ Մոդելը ստեղծվել է մի բրիտանացի էնտուզիաստի կողմից, ով ստեղծում էր նավերի հսկայական մոդելներ՝ աշխատող շարժիչով ու ղեկով։ Իմանալով այս մոդելի գոյության մասին՝ Գաֆէսճեանը գնել է մոդելն ու նույնիսկ նպատակ ունեցել այն դնել հսկայական շշի մեջ։ Կոլեկցիոների լայնախոհության ևս մեկ ապացույց։

Ժաումե Պլենզա, «Արև, լուսին, երկիր» «Սեր, ատելություն, հոգի», 2012
Իսպանացի քանդակագործ Ժաումե Պլենզան ժամանակակից արվեստի ականավոր ներկայացուցիչներից է հատկապես հանրային քանդակի ասպարեզում: Նա ստեղծագործում է արվեստի տարբեր ոլորտներում՝ նկարչություն, քանդակ, գրաֆիկա, բեմական ձևավորում, վիդեո-արտ, ակուստիկ ինստալացիաներ, տեքստի և լույսի հետ աշխատանք: Նրա քանդակները հաճախ են պատկերում նստած կամ ծնկած կերպարներ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայումս ցուցադրված են Ժաումե Պլենզայի երկու աշխատանք: Նրա «Արև, լուսին, երկիրը» և «Սեր, ատելություն, հոգի» (այս բառերը գրված են կերպարների աչքերին) «Պոետներ» շարքից թերևս իր ամենահատկանշական աշխատանքներից են, որտեղ արվեստագետն աշխատում է ձևի, լույսի և գույնի հետ։ Պլենզայի այս կերպարները կոնկրետ անհատականություն չեն, և հանդիսանում են մարդու ընդհանրացված խորհրդանիշներ՝ մտածող, զգացող, ունկնդիր։ Նրանք, չնայած մարմնեղ լինելուն, կարծես բաց են տարածության մեջ, թափանցիկ ու հաղորդակից լույսի հետ։ Կասկադով զբոսնելիս վստահաբար նկատել եք այնտեղ վերևում նստած, ծնկները գրկած ու տարբեր լուսագունային տրամադրության մեջ այդ խոհեմ հսկաներին։