Մեծ եղբայրը գալիս է Երևան․ «1984» մյուզիքլի համաշխարհային պրեմիերան
Հոկտեմբերի 17-ին և 18-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «1984» մուլտիմեդիա մյուզիքլի համաշխարհային պրեմիերան։ Պատմում ենք այդ հավակնոտ նախագծի մասին։
Տոմսերն ու ներկայացման մասին մանրամասները՝ 1984show.com
Ջորջ Օրուելի՝ 1949-ին լույս տեսած դասական հակաուտոպիան վերջին տարիներին կրկին ու կրկին վերադառնում է համաշխարհային բեսթսելերների ցանկեր։ Համացանցում էլ պարբերար հայտնվում է մեմն այն մասին, որ Օրուելը նախազգուշացում էր գրում, ոչ թե ձեռնարկ։ Կարդացողներն էլ նկատում են, որ գիտաֆանտաստիկ վեպի բազմաթիվ բաղադրիչներ այլևս բացարձակ ֆանտաստիկ չեն թվում, այլ դարձել են մեր առօրյան (և դա ոչ մի լավ բան չի խոսում մեր առօրյայի մասին)։ Հենց մեր այս այս նոր իրականության մեջ է Օրուելի պատմությունը տեղափոխում «1984» նոր մուլտիմեդիա մյուզիքլը, որի համաշխարհային պրեմիերան հոկտեմբերի 17-ին և 18-ին տեղի կունենա Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Երևանում ստեղծել, հետո՝ ճանապարհ ընկնել
Նախագծի հետևում «Կինոկլուբ Երևանն» է և պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը։ Վերջին մի քանի տարիներին «Կինոկլուբը» Երևանում կազմակերպել է կինոդիտումներ ու համերգներ, բայց հիմա հատկապես կենտրոնացել է սեփական թատերական նախագծերի վրա։
Ընդ որում, նրանց ներկայացումները չեն ստեղծվում միայն Երևանի համար, այլ աստեղ առաջին անգամ ցուցադրվելուց հետո սկսում են շրջագայել աշխարհով։ Այդպես եղավ Սերգեյ Դովլաթովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Ճամպրուկի» դեպքում։ Երևանյան մեկնարկից հետո ներկայացումը հյուրախաղերով հասավ Եվրոպայի և Իսրայելի տարբեր քաղաքներ։ Նույն ճանապարհն անցնում է նաև Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» վեպի հիման վրա Լիա Ախեջակովայի մասնակցությամբ ստեղծված ներկայացումը։
«1984»-ը նույն շարքի ամենամասշտաբային փորձերից է։ Երևանյան պրեմիերայից անմիջապես հետո ներկայացումը ճանապարհ է ընկնելու․ հոկտեմբերի 20-ին և 21-ին այն կցուցադրվի Թբիլիսիում, ապա՝ հոկտեմբերի 25-ին Բաթումում, իսկ արդեն հայտարարվել են նաև հաջորդ տարվա հյուրախաղային նոր կանգառներ։
Օրուելը՝ ուղիղ եթերում
«1984»-ի ստեղծողները չեն փորձել բեմում բառացի վերարտադրել Օրուելի աշխարհը։ Գործողությունը տեղափոխվել է մեր ժամանակներ՝ ուղիղ եթերների, թոք-շոուների, թվային հսկողության և մեդիայի միջոցով իրականություն կառուցելու աշխարհ։
Մեծ եղբայրն այլևս պարզապես տեսախցիկներից հետևող անտեսանելի հայացք չէ։ Նա հայտնվում է էկրանին, խոսում միլիոնավոր մարդկանց հետ և աստիճանաբար փոխում այն իրականությունը, որն այդ մարդիկ տեսնում են։ Իսկ կենտրոնում Ուինսթոնի ու Ջուլիայի պատմությունն է՝ երկու մարդու, որոնք փորձում են պահպանել սերն ու իրենց անձնական ազատությունը մի աշխարհում, որտեղ զգացմունքը կարող է հանցագործություն լինել, իսկ ճշմարտությունը՝ ամեն օր խմբագրվող նյութ։
Ընդ որում, բեմադրությունը միայն Օրուելի տեքստով չի սահմանափակվում։ Ռեժիսոր Կոնստանտին Կամենսկու խոսքով՝ հեղինակները «1984»-ի աշխարհին միացրել են Եվգենի Զամյատինի մեկ այլ մեծ հակաուտոպիայի՝ «Մենք»-ի սիրային գծի մոտիվները (այս վեպը գրվել է ավելի վաղ և մեծապես ազդել Օրուելի գլուխգործոցի վրա)։ Քաղաքական մեքենան այստեղ մի փոքր հետ է քաշվում, իսկ առաջին պլան է գալիս մարդը՝ համակարգի ներսում իր ամենաանձնական զգացմունքով։
Կամենսկին ներկայացումը ձևակերպում է ոչ թե որպես քաղաքական պամֆլետ, այլ որպես «դժվար ժամանակներում հայտնված մարդկանց հոգիների ուսումնասիրություն»։ Նրա համար առանցքային հարցը ոչ այնքան այն է, թե ինչպես է գործում համակարգը, որքան՝ ինչ է կատարվում մարդու ներսում, երբ արտաքին աշխարհը սկսում է փլուզվել։
Ինչո՞ւ մյուզիքլ
Առաջին հայացքից Օրուելի մռայլ ու խեղդող «1984»-ը մյուզիքլի համար ամենաակնհայտ նյութը չէ։ Նախագիծն ի սկզբանե ընդհանրապես բեմի համար չէր նախատեսված։ Սերգեյ Ցելիկովը պատմում է, որ 2022-ին Հայաստան տեղափոխվելուց հետո ցանկանում էր «1984»-ի հիման վրա ֆիլմ նկարել։ Շուտով պարզ դարձավ, որ Օրուելի աշխարհը էկրանին համապատասխան մասշտաբով ստեղծելու համար հսկայական բյուջե է պետք։ Հաջորդ տարբերակը անիմացիան էր, բայց այդ նախագիծն էլ չիրականացավ։ Ավելի ուշ, արդեն երևանյան «Чемодан»-ի հաջողությունից հետո, Ցելիկովը վերադարձավ «1984»-ի գաղափարին և առաջարկեց այն ռեժիսոր Կոնստանտին Կամենսկուն։ Կամենսկու արձագանքը պարզ էր՝ սա պետք է երաժշտական ներկայացում լինի։ «Այդ դեպքում եկեք մյուզիքլ անենք»,— որոշել են նրանք։
Երաժշտությունն այստեղ պարզապես երգերով ընդմիջվող դրամատիկ գործողություն չէ։ Պաշտոնական նկարագրությամբ՝ այն սկսվում է այնտեղ, որտեղ բառերն այլևս բավարար չեն։ Ռեժիսորի ձևակերպումն ավելի պարզ է․ եթե պատմության կենտրոնում սերն է, ապա երաժշտությունն այդ զգացմունքի բնական լեզուն է։ «Երբ բառերն անզոր են՝ սկսում են երգել»,— այս միտքն էլ դարձել է ներկայացման յուրատեսակ սկզբունքներից մեկը։
Ներկայացման համար գրվել է 14 օրիգինալ երգ․ դրանցից մեկը՝ «Комната 101»-ը, արդեն հրապարակվել է մինչև պրեմիերան։
Պոլոզկովա, Կրասովիցկի և մյուսները
Երգերի տեքստերը հատուկ «1984»-ի համար գրել է ժամանակակից ռուսական պոեզիայի ամենահայտնի հեղինակներից Վերա Պոլոզկովան։ Երաժշտության հեղինակը Ալեքսանդր Կրասովիցկին է՝ Animal ДжаZ և Zero People խմբերի ֆրոնթմենը։ Ընդ որում, Կրասովիցկին այստեղ ոչ միայն կոմպոզիտոր է․ նա նաև խաղում է գլխավոր՝ Ուինսթոն Սմիթի դերը։ Կրասովիցկու խոսքով՝ ամբողջ երաժշտությունն ու տեքստերը ինքն ու Պոլոզկովան զրոյից ստեղծել են մոտ մեկ ամսում։
Ջուլիայի դերում մյուզիքլների սիրահարներին լավ ծանոթ Թեոնա Դոլնիկովան է՝ «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրը։ Հեռուստահաղորդավարի դերը կատարում է թատրոնի և կինոյի դերասան Եվգենի Պրոնինը, իսկ Փարսոնսին մարմնավորում է Վլադիմիր Դարագանովը։
Բեմադրության ռեժիսորը Լոնդոնում աշխատող Կոնստանտին Կամենսկին է։ Բեմանկարչությունը ստեղծել է Նինա Կոբիաշվիլին, տեսադիզայնը՝ մեդիաարտիստ Իլյա Դելյատիցկին։ Նախագծի երաժշտական պրոդյուսերը երաժշտական լրագրող և պրոդյուսեր Բորիս Բարաբանը է, գործիքավորումները կատարել է Ալեքսանդր Նեկրասովը, պրոդյուսերը՝ Սերգեյ Ցելիկովը։
Արդյունքում ստացվել է երեքժամանոց, ընդմիջումով մուլտիմեդիա ներկայացում, որը միավորում է դրամատիկ թատրոնը, կենդանի երաժշտությունը, տեսանյութը, էկրաններն ու ուղիղ եթերի լեզուն։ Ժանրային բնորոշումն էլ բավական խոսուն է՝ մելոդրամա, երգիծանք, մյուզիքլ։
Երբ, որտեղ
«1984» մուլտիմեդիա մյուզիքլի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 17-ին և 18-ին, ժամը 19:30-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Ներկայացումը ռուսերեն է, տևողությունը՝ մոտ երեք ժամ՝ ընդմիջումով, տարիքային սահմանափակումը՝ 12+։ Տոմսերի արժեքը ներկայում սկսվում է 12 000 դրամից և, կախված տեղից, հասնում մինչև 40 000 դրամի։