6 այլընտրանք գրասենյակին․ աշխատելու սրճարաններ
ԵՐԵՎԱՆի աշխատասեր հեղինակը պատմում է, թե որ սրճարաններում է սովորաբար աշխատում, երբ որոշում է փախչել գրասենյակային առօրյայից կամ երբ փչանում է խմբագրության օդորակիչը։
Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ ներկայացված սրճարանների սոցցանցերից
*Այս նյութը չի պարունակում որևէ տեսակի գովազդ և արտահայտում է խմբագրական թիմի, մասնավորապես` հեղինակ Մարգարիտ Միրզոյանի անձնական, խիստ սուբյեկտիվ կարծիքը։
*Այս նյութը որևէ կերպ չի քննադատում գրասենյակում աշխատել նախընտրող մարդկանց։
Վերջին տարիներին Երևանը ակնհայտ տեկտոնիկ փոփոխությունների է ենթարկվել, հատկապես սրճարանների և ռեստորանների ոլորտում։ Մի կողմից՝ նկատելի են աճող, վաղուց եվրոպականի հետ համեմատելի անհարմար գները, մյուս կողմից՝ դասական ձևաչափի սրճարանները սկսում են փոխարինվել նոր կոնցեպտուալ տարածքներով, որոնք փոխում են մարդկանց սովորություններն ու ընկալումները։ Պարզվում է ուտել-խմելուց, սոցիալականացվելուց բացի, մերօրյա սրճարաններում կարելի է նաև աշխատել։ Առաջին հայացքից թվում է, որ աշխատանքային տարածքը պետք է հնարավորինս անձայն ու մեկուսացված լինի, բայց արի ու տես, որ մեզնից շատերը նախընտրում են կենտրոնանալ ամենաաղմկոտ տարածքներում, դնել սիրելի ականջակալները և խորասուզվել աշխատանքի մեջ։
Աչաջուր
@achajour
Հասցե՝ Փարպեցի 22 / Սիրահարների այգի
Աշխատանքային ժամեր՝ 08:00- 00:00
Փարպեցու Աչաջուրը
Աչաջուր սրճարաններում կա երկու ակնհայտ առավելություն։ Առաջին՝ այնտեղ միշտ կարելի է գտնել ԵՐԵՎԱՆի թարմ համարը, երկրորդ` այնտեղ մտնելուց հետո քո ամբողջ գիտակցությունը մտնում է աշխատանքային ռիթմի մեջ։ Կան մարդիկ, ում Աչաջուրում տեսնելը դարձել է սովորություն, և կան մարդիկ, ում միայն այնտեղ կարելի է տեսնել, կրկին, աշխատելիս։
Երևի թե Աչաջուր(եր)ը առաջին սրճարաններից է, որտեղ երևանյան էկոհամակարգում առաջին անգամ նկատվել է համակարգչով աշխատող մարդ։ Աչաջուր պետք չէ գնալ բարձր խոհանոցի հետևից, թեև տավարի մսով սենդվիչը (հատկապես, եթե խնդրեք, որ մանանեխը փոխարինեն նանայի թանձրուկով) հավակնում է քաղաքի լավագույնների ցուցակում հայտնվելուն։ Այստեղ միշտ կգտնեք սուրճ, թեյ ու թխվածքներ ձեր աշխատանքային ընթացքը մաքսիմալ վայելելու համար։
Եթե ուզում եք պարզապես աշխատել և ավարտին հասցնել բոլոր կիսատ դեդլայնները, գնացեք Փարպեցու մասնաճյուղ։ Եթե ուզում եք զուգահեռաբար վայելել երևանյան ամառը, գարունն ու վաղ աշունը իրենց բոլոր գույներով, միանշանակ ընտրեք Սիրահարների այգու Աչաջուրը։
Ground Zero Specialty Coffee
@ground_zero_specialty_coffee
Հասցե՝ Սարյան 1
Աշխատանքային ժամեր՝ 08:00- 00:00
Մինչև Ground Zero-ի բացվելը, կարծում էի, որ անհնար է աշխատել Սարյանի անվերջ հոսքի և հարյուրավոր (հաճախ գինովցած) մարդկանց չլռող աղմուկի մեջ։ Բայց արի ու տես, որ հնարավոր է։ Ground-ը առանձին կղզյակ է ստեղծել, որտեղ բոլորը գալիս են աշխատանքի, լավ սուրճի, իրենց հանրահայտ առանց շաքար յոգուրտ պարֆեի և համեղ սենդվիչների համադրության հետևից։
Բայց ինձ համար առավելություններից ամենակարևորն այստեղի սեղանների ճիշտ բարձրությունն է։ Առաջին հայացքից անկարևոր թվացող այս դետալը որոշիչ դեռ է խաղում հատկապես, երբ գալիս ես երեք-չորս ժամ կենտրոնանալու հետևից։ Ինչը պակաս կարևոր չէ՝ հոսանքի վարդակները ևս շատ հարմար դիրք ունեն. ստիպված չես չափչփել հատակները` նստարանի տակ դրանք փնտրելով։ Կարճ ասած, եթե դեդլայնին մնացել է կես ժամ, հանգիստ եկեք այստեղ, եթե հաջողեք և գտնեք ազատ սեղան, ամեն ինչ կստացվի։
Green Point
@greenpointyerevan
Հասցե՝ Հանրապետության 62
Աշխատանքային ժամեր՝ 09:00- 00:00
Green Point-ի փափուկ միջավայրն էլ իր գրավչությունն ունի։ Այս փոքրիկ և տաքուկ տարածքը թելադրում է իր աշխատանքային միջավայրը. այստեղ ստացվում է լավ ուսումնասիրություն անել, կամ երկար հասունացած մտքերի շուրջ մի լավ հոդված գրել։ Կարող եք տեղավորվել նախասրահի փոքրիկ սեղանների մոտ, կամ նստել ընդհանուր սեղանի շուրջ և զգալ ձեզ տանը աշխատելիս։ Հանրապետության հրապարակից այն կողմ ընկած ամենահաջող տարբերակներից է աշխատանքային ընթացքի մեջ ընկնելու համար։
Այնտեղ, նույնիսկ եթե բոլոր սեղանները զբաղված են, չկա անհանգստության որևէ զգացում և կարելի է հանգիստ կենտրոնանալ ձեր անելիքների վրա։ Չմոռանաք փորձել նաև հայտնի բեյգլները, ամենապարզ տարբերակով՝ սերուցքային պանտրով։
Lumen Coffee 1936
@lumen.coffee.1936
Հասցե՝ Մաշտոց 45
Աշխատանքային ժամեր՝ 08:30- 00:00
Լուսանկարը՝ Դանիլլ Պրիմակի
Lumen Coffee-ի երկու մասնաճյուղերը գրավում են ամենատարբեր մարդկանց։ Մինչդեռ շատերն աշխատանքի համար նախընտրում են առաջին Lumen սրճարանը Տերյան փողոցում, ես աշխատանելու լավագույն փորձառություններից մեկը ունեցել եմ Մաշտոցի հին գրախանութի տեղում բացված կետում։ Մի քանի ամիս առաջ այնտեղ բացվել է ներսի սրահը, որը նախատեսված է հենց աշխատավոր ժողովրդի համար։ Հարմար բարձր սեղան, ճիշտ տեղադրված վարդակներ սեղանի տակ, մեկ շոթ էսպրեսսոյով կապուչինո, գրանոլա և ձեր հոդվածն արդեն ստեղծման ակտիվ ընթացքի մեջ է։
Սուրճի բույրերը և առաջին սրահի աչք շոյող ինտերիերն ավելացնում են ավելի երկար մնալու ցանկությունը։ Անձնական փորձից ասեմ, որ հատկապես պրոդուկտիվ են կիրակնօրյա այցելությունները, երբ քաղաքը քնած է, օրվա ժամերը ալարկոտ և անշտապ. իսկը ժամանակն է աշխարհից կտրված աշխատելու համար։
Jermots
@jermots.cafe
Հասցե՝ Տպագրիչներ 13
Աշխատանքային ժամեր՝ 09:00- 23:00
Կրկին վերադառնալով Հանրապետության հրապարակից դեպի հարավ-արևելք ընկնող հատվածներին՝ հաճելի աշխատելու ու նաև չաշխատելու վայր է Jermots-ը։ Տարածքի անվանումը արդեն հուշում է, որ այնտեղ գնալով ու ընկնելով ջերմոցային պայմանների մեջ գուցե չուզեք աշխատել, բայց կարծում եմ երբեմն դա էլ է պետք՝ առանց որևէ խղճի խայթի։ Բայց չշեղվենք, հատակից առաստաղը ձգվող պատուհաններից պարբերաբար կնկատեք ընկնող տերևները կամ հազվադեպ անցնող մարդկանց. այդ առումով Տպագրիչների այս հատվածը շատ հանգիստ է ու աշխատանքի տրամադրող։ Ամեն պարագայում արժի մտնել այս սրճարանը, վայելել միջավայրը, համով խոհանոցը, և, բնականաբար, աշխատել սրտին շատ հարազատ և կարևոր բաների շուրջ։
Sloenka
@sloenka_evn
Հասցեք՝ Փափազյան 22/3
Աշխատանքային ժամեր՝ 09:00-22:00
Ընդամենը վերջերս դառնալով կոմիտասցի՝ բնազդաբար փնտրում էի մոտակայքում լավ սուրճի, թխվածքների և աշխատանքի տրամադրող միջավայր։ Այս նյութն արդեն փոխանցել էի խմբագրիս, երբ Ինստագրամում տեսա, որ նոր սրճարան-բեյքըրի է բացվել հենց մեր խաչմերուկում։ Կիրակի առավոտյան որոշեցինք գնալ և բացահայտել այն։ Ամեն ինչ այնքան համեղ էր ու հաճելի, որ երկուշաբթի առավոտյան շատ երկար ձայնագրություն թողեցի խմբագրիս. բոլոր կոմիտասաբնկաները (և ոչ միայն) պետք է իմանան այս վայրի մասին։
Sloenka-ի խորքի աջ կողմում տեղակայված երկար սեղանները հենց մեր նման այլընտրանքային-սրճարանային գրասենյակներ փնտրողների համար են. ճիշտ լուսավորություն, վարդակներ ճիշտ բարձրության վրա, շատ համեղ թխվածքներ ու սենդվիչներ (փորձեք սաղմոնով սենդվիչը և դեռ երկար ինձ կհիշեք՝ շնորհակալական խոսքերով)։ Սուրճի գինը ևս բավականին հաճելի է՝ 1000 դրամ փոքր չափսը, 1200 դրամ՝ մեծը։ Հենց խելամիտ գներն էլ թույլ են տալիս նույնիսկ խնայողական ռեժիմի դեպքում ժամանակ առ ժամանակ վայելել սրճարանից աշխատելու բերկրանքը։