«Անորան» մեծ էկրաններին
Երևանի կինոթատրոններում վերջապես ցուցադրվում է Շոն Բեյքերի «Անորան», որն անցած մայիսին ստացավ Կաննի փառատոնի գլխավոր մրցանակը, իսկ օրեր առաջ հայտնվեց Օսկարի վեց անվանակարգերի շորթ-լիսթերում (այդ թվում՝ որպես լավագույն կինոնկար), և որտեղ նշանակալից դերեր են խաղում Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Եթե ինչ-որ հրաշքով դեռ ծանոթ չեք այս զարմանալի կինոնախագծի սյուժեին, ապա երկու բառով այն կարելի է պատմել այսպես․ նյույորքցի ստրիպ-պարուհի Անորան (նույն ինքը՝ Էնին) մի երեկո ստանում է առատաձեռն երիտասարդ հաճախորդ՝ ռուս օլիգարխի զավակ Վանյային։ Մի քանի «գործնական հանդիպումները» վերածվում են գրեթե ընտանեկան երջանկության, բայց ինչպես շուտով կպարզի Էնին, իրական կյանքը նման չէ ռոմանտիկ կինոների։
2024 թվականի մայիսին «Վիտամին ակումբի» անդամ ու «Քարե դարդի» դերասան Վաչե Թովմասյանը հայտնվեց Կրուազետում՝ որպես աշխարհի ամենահեղինականվոր կինոփառատոնի գլխավոր մրցույթի մասնակից ֆիլմի դերակատար։ Իսկ երբ փառատոնի վերջում հայտնի դարձավ, որ ամերիկացի անկախ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորան»՝ լեգենդար «Pretty Woman» կատակերգության յուրատեսակ վերաիմաստավորումը, ստացել է փառատոնի գլխավոր՝ Ոսկե արմավենի մրցանակը, շատերս ստիպված էինք ծնոտներս հավաքել հատակից։
Պաշտոնական թրեյլերը
Իհարկե, եթե ծանոթ եք Բեյքերի ֆիլմագրությանը, հայկական բավական նկատելի բաղադրիչն «Անորայում» բնավ զարմանալի չէ։ Կարեն Կարագուլյանը ռեժիսորի վաղեմի բարեկամն է ու հանդես է գալիս նրա բոլոր ֆիլմերում՝ սկսած 2000-ականների միկրոբյուջետային կինոնկարներից մինչև Ուիլեմ Դեֆոյի մասնակցությամբ ու Օսկարի հավակնած «Ֆլորիդա նախագիծը» (որը, ի դեպ, ցուցադրվել էր Ոսկե ծիրան կինոփառատոնում՝ ռեժիսորի ներկայությամբ)։ Ավելին, նույնիսկ այլ հայ դերասաններն առաջին անգամ չեն խաղում նրա մոտ․ 2015-ի «Նարինջում» Կարագուլյանից բացի կադրում երևում են Ալլա Թումանյանն ու Արսեն Գրիգորյանը։
Զարմանալի չէ նաև գլխավոր հերոսների միջավայրը․ Բեյքերի գրեթե բոլոր ֆիլմերում այս կամ այն կերպ ներկայացվում են սեքս-աշխատողների առօրյան, կենցաղը, մարդկային ու մասնագիտական խնդիրները, պայքարը ավելիին հասնելու համար, ու այդ ամենը առանց մեղադրանքի ու վերևից նայելու, այլ ամենայն ջերմությամբ ու կարեկցանքով։
Այս անգամ Բեյքերի աշխատանքը վերջապես հայտնվեց ինդուստրիայի ամենավառ լույսերի ներքո, իսկ Վաչե Թովմասյանին ակդ պահին բախտ վիճակվեց լինելու ռեժիսորի ու նրա հայ ընկերոջ կողքին (ի դեպ, Վաչեն շատ համահունչ է նայվում բեյքերական տրագիֆարսում, ու Կարագուլյանի հետ հիշարժան էկրանային դուետ կառուցում՝ ընթացքում դիալոգներ ասելով անգլերեն, ռուսերեն ու հայերեն լեզուներով)։
Հատված ֆիլմից (որտեղ հնչում է հայերեն խոսք)
Ամեն դեպքում, սա մեզ ծանոթ մեյնսթրիմ ռոմատիկ կատակերգություններից չէ։ Չնայած, որ առաջին հայացքից «Անորան» իսկապես հիշեցնում է Ջուլիա Ռոբերթսի ու Ռիչարդ Գիրի դասական ֆիլմը, կատարումը և զարգացումներն այստեղ լրիվ այլ են։ Օրինակ, այստեղ չեն քաշվում սեքս-աշխատողների աշխատանքը մանրամասնություններով ցուցադրելուց, այնպես որ առաջին իսկ տեսարանից դիտողին դեմ եմ տրվելու մերկ մարմիններ, ակումբային բարքեր ու կենակցման բազում տեսարաններ։ Բացի այդ, անսպասելի շատ են հայալեզու բազմահարկ հայհոյանքները՝ Կարագուլյանի ու Թովմասյանի կատարմամբ (ինչն էկրանին կատարվողը դարձնում է շատ բնական ու հավատալի)։
Եթե այդ ամենից չեք նեղվում, ապա հանգիստ վայելեք 2024-ի Կաննի հաղթող ֆիլմը և ապագա Օսկարի գլխավոր հավակնորդներից մեկը։ Բայց ամբողջ հմայքը զգալու համար, հորդորում ենք դիտտել ֆիլմի օրիգինալ տարբերակը (հիմնականում անգլերեն, մասամբ՝ ռուսերեն ու հայերեն), որն էլ ներկայացված է երևանյան կինոթատրոններում։