Արամ Չախոյան. «Երևանում երաժշտությամբ կիսվելու մշակույթ կար»
Իմ Երևան

Արամ Չախոյան. «Երևանում երաժշտությամբ կիսվելու մշակույթ կար»

Հաղորդավար, Հայ FM ռադիոկայանի ծրագրերի տնօրեն Արամ Չախոյանը պատմում է երևանյան մելոմանների, դժվարությամբ գտնված ու գնված կասետների ու հայ էլեկտրոնային երաժշտության կայացման գործում Հայ FM-ի կարևոր դերի մասին։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#ԻմԵրևան #Ռեյվ

Ամբողջ մանկությունս ու պատանեկությունս անցել է Երևանի փոքր կենտրոնում։ Ամենահարազատ հատվածը Թումանյանի տուն-թանգարանի շրջակայքն է՝ այդտեղ էինք ապրում։


Տպավորվել է հատկապես Թումանյան փողոցի սրճաղացը, ուր մայրիկի պատվերով հատիկավոր սուրճը տանում էի աղալու։ Այդ թարմ աղացած սուրճի անուշ բույրը մինչ օրս զգում եմ Թումանյանով անցնելիս։


Այն ժամանակ Երևանի ծայրամասեր գնալու առիթ հիմնականում չեմ ունեցել։ Լիքը փախած տեղեր կան, ասենք՝ Քանաքեռում, Չարբախում, Էրեբունիում կամ Մասիվում, ուր երբեք չէի եղել։ Մինչ օրս էլ շատ վայրերում գուցե չկարողանամ լավ կողմնորոշվել։ Բայց, իհարկե, փոքր կենտրոնն էլ է շատ փոխվել։ Արդեն բավականաչափ տարիք ունեմ փոփոխությունները նկատելու համար։


Առաջին անգամ ականջակալներով Սթիվի Ուոնդեր եմ լսել։ Հայրիկի ընկերներից մեկի տուն պիտի գնայինք, ով ոչ միայն երկկասետանի մագնիտոֆոն, այլև տարբեր ձայնագրություններ ուներ։ Գնալուց առաջ հայրիկի հետ մի քանի դատարկ կասետ վերցրեցինք, որ որոշ բաներ ձայնագրենք։ Հայրիկիս ընկերն ականջակալներ տվեց, լսվեց Սթիվի Ուոնդերի ձայնը՝ Pastime Paradise-ն էր։ Հենց այդ պահին էր, որ առաջին անգամ ֆրիսոն (այո՛, երաժշտությունից ստացված բացարձակ հաճույքը նկարագրող այդպիսի բառ կա) ապրեցի։

 


Մելոմանները գտնում էին միմյանց Արայիկնոցում։ Արայիկը ռոքեր էր ու նաև պրոֆեսիոնալ լուսանկարիչ։ Բաղրամյանի իր ֆոտոստուդիայի պատերին հայտնի ռոք խմբերի, կատարողների սև ու սպիտակ, մեկումեջ էլ գունավոր լուսանկարներ էին փակցված, որոնք նաև վաճառվում էին։ Հիմա ո՞վ փող կտա, որ առնի, ասենք, Ռոլիգ Սթոնզի լուսանկարը։ Իսկ այն ժամանակ գնում էին, դե, չկար, չէր ճարվում, իսկ Արայիկը, չգիտես ոնց, գտնում էր դրանք։


Ամեն հինգշաբթի ու կիրակի Արայիկնոց էր գալիս Վարդանը։ Նա մի առեղծվածային մարդ էր, ով մի մեծ ալբոմ ուներ, որտեղ փակցված էին դիսկերի նկարներն ու ձեռքով գրված էին երգերը, տարեթվերը, հեղինակների անունները։ Մի մեծ մենյու էր, որից կարող էիր ընտրել ուզածդ կատարումը, Վարդանին վճարել ընդմիջման գումարներից հավաքած, ունեցած-չունեցածդ 7-10 ռուբլին ու ստանալ շատ որակով ձայնագրություններ։ Մարվին Գեյի, Դեփեշ մոդի, Փեթ Շոփ Բոյսի, ամբողջ ռոքի դասականների ու էլի շատ բաների միակ ու անկրկնելի մատակարարն էր Վարդանը։ Մի անգամ ինձ իր տուն հրավիրեց, տեսա իր ձայնագրման տեխնիկան, բազմաթիվ ձայնագրությունները։ Ինձ համար աշխարհի ամենահարուստ մարդն էր Վարդանը՝ այդքան շատ երաժշտություն ուներ։


Երաժշտությամբ կիսվելու մշակույթ կար. «Ես քեզ սա տամ, դու ինձ սա տուր»: Վարդանից գնելիս էլ տարբեր բաներ էինք ընտրում, որպեսզի քիչ գումար ծախսենք ու միասին ավելի շատ երաժշտություն ունենանք։ Այդպես՝ յուրաքանչյուրս մեր ֆոնոտեկան ունեինք, որ մի տեսակ բոլորինս էր։ Այդ ամենը շատ կարոտում եմ, դրա մեջ շատ բան կար, ավելի հետաքրիր էր։


Հայ FM-ը մշակույթ էր ձևավորում։ Հիմա է, որ միայն մի հեռախոս ունենալը բավարար է ուզածդ երաժշտությունը լսելու համար։ Այն ժամանակ այլ էր։ Համաշխարհային շատ հիթեր ու նույնիսկ պրեմիերաներ հայ ունկնդրին հասանելի էր լինում շնորհիվ Հայ FM-ի։ Մեր ֆոնոտեկան ձևավորվում էր բացառապես արտասահմանից բերված CD-ների, վինիլների ու կասետների հիման վրա։ Թե՛ զուտ հաղորդավարական մշակույթի ու թե՛ երաժշտական տեսանկյունից Հայ FM-ը միանգամայն նոր մոտեցում ու ֆորմատ էր առաջարկում։


1995-ին, երբ Հայ FM-ն արդեն աշխատում էր, դեռևս հովհարային անջատումների շրջանում մարդիկ մարտկոցներ էին գտնում ու փոքրիկ ռադիոընդունիչների միջոցով Հայ FM լսում։ Դա մեզ համար շատ մեծ բան էր։


Հայ FM-ով էլեկտրոնային երաժշտություն էր հնչում։ Մեզ հետ էին Իքս Ֆոբուս խմբի տղաները՝ Սամսոնն ու Աշոտը, ովքեր մեծ աշխատանք էին անում, վարում էին էլեկտրոնային երաժշտությանը նվիրված X-Club ծրագիրը, երաժշտություն էին գրում, հրավիրում վոկալիստների։ Այդ ամենը Հայաստանում արվում էր առաջին անգամ։ 90-ականներին հենց մենք էլեկտրոնային, էքսպերիմենտալ երաժշտությունը հասանելի դարձրեցինք հայաստանցիներին։ Դա հեղափոխական քայլ էր մեր կողմից։ Բազմաթիվ DJ-ներ Հայ FM-ում հնարավորություն ունեցան իրենց երաժշտությունը ներկայացնելու հանրությանը ոչ միայն ռադիոյի եթերից, այլև մեր կազմակերպած փառատոների ընթացքում։


Փառատոներին թե՛ որպես մասնակից ու թե՛ որպես ժյուրի ներկա էին լինում DJ Գռուվը, DJ Դեյլը, DJ Փլեյը, Արայիկը՝ Դիջոն, Կարենը՝ Կրետը ու էլի շատ տաղանդավոր մարդիկ։ Նրանցից շատերը հետագայում մեծ աշխատանք են տարել այդ ոլորտում։ Կարելի է ասել՝ Հայ FM-ն էլեկտրոնային երաժշտության դարբնոց էր։


1996-1997 թվականներին էլեկտրոնային երաժշտությունը մտավ իրական տարածք։ Մի քանի ակումբներ կային։ Ամենա այսպես ասած՝ կռուտոյը Կասկադն էր, այդտեղ լավ տեխնիկա կար վինիլներով։ Ես էլ եմ նվագել Կասկադում։ Մեկ էլ՝ Պոլիտեխնիկի կանաչ դահլիճն էր լեփ-լեցուն լինում գրեթե ամեն շաբաթ կամ կիրակի օրերին։ Ավելի ուշ՝ 2000-ականներին, նման վայրերը շատացան։


DJ լինելն ինձ կապում է իմ երիտասարդության հետ։ Այժմ տարվա մեջ 5-6 անգամ տարբեր միջոցառումների ժամանակ հանդես եմ գալիս վահանակի մոտ։ Դա իմ հոբբին է, ինձ իմ նախկին կյանքի հետ կապող միակ բանը։ Մնացած ամեն ինչ իմ կյանքում հիմնովին փոխվել է, բայց դիջեյությամբ ես երևակայական կապ եմ հաստատում իմ նախկին՝ երիտասարդ կյանքի հետ։

հավելյալ նյութեր