Արարատը որպես քաղաքաշինական թեզ
Ինչպես Երևանը դարձավ ամֆիթատրոն, որի բեմում փայլում է Արարատը. պատմում է ճարտարապետության Միջազգային ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Կարեն Բալյանը։
Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի
Լուսանկարները՝ Shutterstock, Ինգա Ավանեսովա, iStock, wikipedia.org, AHA Collective / Արծվին Գրիգորյանի ընտանիքի արխիվ
ԵՐԵՎԱՆ #88 | 2025
Կարեն Բալյան
Թամանյանն Արարատին նայող քաղաք էր գծում
Երկար տարիներ դասագրքերում կարդացել էինք ստանդարտ ինֆորմացիա. «վարդագույն քաղաք» Երևանը կառուցվել է 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի կողմից: Չնայած շատ աղբյուրներով կոծկվում էր, բայց հայտնի էր, որ Թամանյանը Պետերբուրգից Հայաստան է տեղափոխվել դեռ 1919-ին ու այստեղ մնացել մինչ 1921-ը, ապա ստիպված տեղափոխվել է Թավրիզ, երբ Հայաստանում խորհրդային կարգեր են հաստատվել: Հայաստան է վերադարձել երկու տարի անց՝ խորհրդային իշխանությունների հրավերով, իսկ 1924-ին արդեն ներկայացրել է Երևանի քաղաքաշինական նախագիծը, որն անմիջապես հաստատվել է: Աներևակայելի էր պատկերացնել, որ մեկ տարում հնարավոր է քաղաք նախագծել, հատկապես երբ միայնակ ես ու քաղաքում երբեք չես ապրել:
Ու քանի որ Պերեստրոյկայի տարիներն էին, որ դրդում էին ամենը նորովի դիտարկել ու վերանայել, ես սկսեցի մտածել, աղբյուրներ ուսումնասիրել, և Սիմոն Վրացյանի հուշերում հաստատվեց, որ Թամանյանը Հայաստան է եկել Առաջին հանրապետության ղեկավարների հրավերով՝ նախագծելու Երևանը: Գտա նաև մեկ այլ փաստաթուղթ՝ թվագրված 1938-ով, որ մինչ օրս հրապարակված չէ. այն մեղադրում էր Թամանյանին ու Բունիաթյանին նացիոնալիզմի մեջ՝ Երևանի գլխավոր քաղաքաշինական թեզը դեպի Արարատ բացված լինելու համար։
Արարատը երևում էր Երևանի բոլոր տներից
Երևանը, ուր եկավ Թամանյանը, գտնվում էր այսօրվա Փոքր կենտրոնի սահմաններում. նախկին Ալավերդյան փողոցը, Արամի, Բուզանդի, Աբովյան փողոցները, Շահումյան հրապարակը, հատվածներ, որտեղ կառուցապատում կար՝ հիմնականում քարաշեն ռուսական ժամանակաշրջանի կառույցներ: Այս հարթությունը որոշակի թեքություն ունի, և ըստ այդմ՝ բոլոր տների պատշգամբներից երևում էր Արարատը:
Տները քարե ֆասադներով էին, դեպի բակ բացված, որտեղ պտղատու այգիներ էին՝ Արարատյան դաշտի պտղատու այգիները: Ու Թամանյանը նախագծեց քաղաք-այգի, որն ասես ամֆիթատրոն լիներ, որ նայում է դեպի Արարատ:
Ըստ նախագծի՝ նաև պետք է շեղ առանցք կառուցվեր այսօրվա Հյուսիսային պողոտան, որը միացնելու էր երկու հրապարակները և հեռանկար էր բացելու դեպի Արարատ, իսկ առանցքի երկայնքով պետք է կառուցվեին քաղաքի հիմնական անսամբլները՝ օպերան, կառավարական տունը: Սակայն ստալինյան շրջանում այս գաղափարը չեղարկվեց, քանի որ դիտարկվում էր ազգայնական:
Արարատի շատ տեսարաններ փակվեցին անկախացումից հետո
Հետագայում՝ Թամանյանի մահից հետո, երբ Նիկողայոս Բունիաթյանը, Միքայել Մազմանյանն ու Գևորգ Քոչարը բանտարկված էին, 1937-ին Լենինգրադից ժամանեց քաղաքաշինական մեծ խումբ, որ մի տարում արեց նոր նախագիծ։ Այդ նախագիծը 1971 թվականի՝ Միքայել Մազմանյանի գլխավոր հատակագծի հիմքում է՝ քաղաք, որի մեջ հիմա փաստացիորեն ապրում ենք: Ընդ որում՝ այս ռուս մարդիկ այնքան հիացած էին քաղաքի դիրքով, բնապատկերով ու Արարատով, որ լեռը դարձրին քաղաքաշինական թեզ, բայց առանց հրապարակից բացվող թամանյանական շեշտադրված հեռանկարի։ Արարատը դարձավ հաստատուն քաղաքաշինական գաղափար 1960-ականներին, «ձնհալի» տարիներին:
Պարադոքսալ է, բայց դեպի Արարատ նայող բազմաթիվ տեսարանները փակվեցին անկախության ձեռքբերումից հետո։ Քաղաքաշինական սխալներն ու անորոշություններն ամենուր են` դիցուկ՝ Հյուսիսային պողոտայի նախագիծը, որ վերջնականապես իրականացվեց, ունեցավ հակառակ ազդեցություն: Դրա գաղափարն էր շեշտադրել օպերան ու հրապարակը, բայց երկուսն էլ նսեմացվեցին հսկայական շենքերով:
Արծվին Գրիգորյանի հետազոտությունը՝ Երևանից Արարատի վրա բացվող տեսարանների նշագրումով / AHA Collective, Արծվին Գրիգորյանի ըտանիքի արխիվ
Ռաֆայել Իսրայելյանի Չարենցի կամարը բացառիկ կառույց է
Դեռևս 1960-ական թվականներին Արծվին Գրիգորյանը մի հետազոտական նախագիծ էր արել. քաղաքի հատակագծի վրա նշել էր կետերը, որտեղից երևում է Արարատը: Նույն տարիներին Ռաֆայել Իսրայելյանը նախագծեց երկու կարևոր ճարտարապետական կոթող, որտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ՝ Երևանից դուրս Չարենցի կամարը (Արարատի կամար) և Երևանի հյուսիսային բարձունքին՝ «Արագիլ» ռեստորանը:
Այս տեսանկյունից Չարենցի կամարը բացառիկ օրինակ է, թե ինչպես է հնարավոր ճարտարապետությունը ենթարկել սյուժեին, որն այս դեպքում Արարատն էր: Երբ բարձրանում ես աստիճաններով դեպի կամար, այստեղ կա չորս կադր. առաջին կադրը, երբ Արարատը չի երևում, երկրորդ կադր, երբ Մեծ Արարատի գագթն երևում է, երրորդ կադր, երբ այս 4,5 մետրանոց շառավղով կամարի մեջ տեղավորվում են երկու գագաթները որպես մի պատկեր և չորրորդ կադր, երբ քայլ ես անում, դուրս գալիս կամարից ու առջևում բացվում է աբսոլուտ տիեզերք, ողջ լանդշաֆտը գնում ու դառնում է ավելի քան 4000 մետր բարձրություն:
Սարյանը՝ Չարենցի կամարի մասին
«...Հեռուն՝ երկիրը, օդը, ալիքների պես եմ նկարել, որպեսզի կարողանամ հասնել բնության լայն, անհաս ընդգրկման, ինչպես բանաստեղծն է երգել: Այսպիսի զգացում ես միշտ էլ ապրել եմ մեր բնության առջև: Սակայն այս կետից Արարատն արտակարգ տպավորիչ է և շատ նման է Չարենցի հոգուն»։
«Արարատը և Չարենցի կամարը», 1958
Դեպի Արարատ տեսարանը վերածննդի խորհրդանիշ էր
1960-ականներին Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գուրզադյանը նախագծում են 50-ամյակի հուշահամալիրը՝ առանցքով ուղղված դեպի Արարատ, որի հարթակից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի քաղաքն ու լեռը։ Այս առանցքի վրա կառուցվեց և Կասկադը։
«Երևանը գնում է դեպի վեր․ այլևս ոչ մի կոնֆլիկտ Հայաստանում», Պյեռպաոլո Ռովերո, 2021
Դեպի Արարատ տեսարան է բացվում նաև Ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ ճարտարապետական գաղափարը հետևյալն է. ողբերգությունը ներկայացված է դամբարանի ձևով, իսկ վերածնունդը երկակի է արտահայտված՝ օբելիսկի և դեպի քաղաք, դեպի Արարատ բացվող տեսարանով, որպես ապացույց, որ արհավիրքը վերապրել ենք, վերածնվել ենք ու կենդանի ենք:
Խորհրդանշական է, որ այստեղ վերջին շրջանում ևս մի կոպիտ քաղաքաշինական սխալ տեղի ունեցավ՝ հեռանկարը դեպի Արարատ խոչընդոտվեց մի օտար բարձրահարկով։
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից բացվող տեսարանը
Թամանյանը տեսնում էր լեռը, ոչ թե սահմանը
Կարող է զարմանալի թվալ, որ թամանյանական Երևանը կառուցվել է մի սիմվոլի շուրջ, որը ֆիզիկապես երկրի սահմաններում չէ։ Բայց եկեք փորձենք Թամանյանի մտածելակերպը ռեստավրացնել. 1919-1920 թվականներին, երբ նա նախագծում էր քաղաքը, Արարատը Հայաստանի կազմում էր։ Երբ 1923-ին վերադարձավ Խորհրդային Հայաստան, Արարատն արդեն Թուրքիայում էր:
Բայց Թամանյանը լեռն էր տեսնում, ոչ թե սահմանը։ Ու երևի մտածում էր՝ «Երեկ էստեղ էր, էլի կգա»: Եվ չէ՞ որ 1945-ին դա իսկապես մոտ էր իրականությանը։