Արեգ Բալայան. «Մենք պետք է անցնենք մեր ճանապարհը»
#ՆորԱպագա

Արեգ Բալայան. «Մենք պետք է անցնենք մեր ճանապարհը»

Հոդվածը ստեղծվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝  Արեգ Բալայանի, «Հետևանքը. արտեֆակտ» շարքից

 

 

Լուսանկարիչ և հայտնի Բլոճիկների հեղինակ Արեգ Բալայանն արցախցի է։ 2016-ի ապրիլյան պատերազմում Արեգը ծառայել է սահմանապահների հետ, եղել Արցախի հյուսիսային սահմանին՝ «Եղնիկներ» զորամասում: Այդ օրերի նրա ստեղծած MOB ֆոտոշարքն արժանացել է “LensCulture Exposure Awards”-ի երկրորդ մրցանակին: Երկրորդ արցախյանում նույնպես սահմանին էր, բայց այս անգամ արդեն որպես վավերագրող։ Խնդրել ենք Արեգին պատմել Հայաստանի նոր ապագայի, հնարավորությունների ու բազմաթիվ «ի՞նչ անել»-ների մասին։ 

  

Մենք պետք է հասկանանք թե ով ենք

Նոր, ավելի լավ ապագայի ճանապարհին առաջին քայլը ինքներս մեզ ճանաչելն է։ Պետք է հասկանանք թե ով ենք մենք։ «Մենքը» պիտի հստակ սահմանվի։ Ու հենց այդ «մենքի» սահմաններում պիտի շատ բան հասկանանք ինքներս մեր մասին։ Գերմարդկային ջանքեր գործադրելով պիտի հասկանանք ինքներս մեզ, ընդունենք մեր ամեն ինչը՝ թերություններն ու առավելությունները։ Եվ երբ կհասկանանք թե ով ենք և ինչ ենք ուզում, կարելի է մտածել ապագայի մասին։ 

 

Եկեք դադարենք վախենալ նայել հայելու մեջ

Հիմա մեր ազգը տանը հայելի չի կախում, մի մասը կարծում է, թե ամենալավն է ու իրեն հայելի պետք չի, մյուս մասն էլ սարսափում է հայելու մեջ նայել։ Մենք պիտի հայելիներ կախենք բոլոր կողմերից ու ինքներս մեզ չվախենանք տեսնել բոլոր կողմերից, հասկանանք թե ինչն է թարս մեզ մոտ։ Կարծում եմ, մեր խնդիրների մեծ մասը գալիս է նրանից, որ մենք վախենում ենք մեր իրականությունից ու այդ վախից մենաք ինչ-որ պատմություններ, «բարոյական ու անբարոյական» հաղթանակներ ենք հորինում։ Մեղավորներին էլ անընդհատ դրսում ենք փնտրում, մեղադրում ենք հանգամանքները, ոչ թե ինքներս մեզ՝ չցանկանալով պատասխանատվություն վերցնել ոչ լավ ու ոչ էլ վատ բաների համար։  Լավ բաներից ուզում ենք շահել, վատ բաներն էլ որակում ենք որպես մեզ հետ կապ չունեցող։ Մարդիկ սովոր են օրինակ թալանողների մասին խոսելիս ասել թե նրանք հայ չեն։ Դրանով մենք դադարում ենք պատասխանատվություն վերցնել նրանց հանդեպ ու փոխել նրանց դեպի լավը։ Պետք է կամք, ցանկություն և միտք։ Այ՝ միտք է պետք։ Միտքն էլ պիտի ունենա ռեսուրս, հնարավորություն ու ցանկություն իրագործվելու։ Բայց նախ պետք է ընդունենք, որ թալանողն էլ է հայ, դավաճանն էլ է հայ և հասկանանք թե թալանողն ինչու է թալանում։ 

 

Ղազանչեցոցը՝ ռմբակոծցությունից հետո, Շուշի

 

Կարիք կա վերանայելու մեր արժեքները

Բոլոր ոլորտներում էլ խնդրի հիմքում նույն հարցերն են։ Հիմքում ընկած մարդը փչացած է։ Փչացած մարդուն որ ոլորտում էլ դնենք ոլորտը կփչացնի։ Առհասարակ մենք փչացած սերունդ ենք։ Սա գուցե շատ սուր է հնչում, բայց մեր սերունդը ոչ սովետ է, ոչ անկախություն, ոչ Ամերիկա, ոչ Եվրոպա, ոչ Ասիա ու ոչ էլ նույնիսկ Հայաստան։ Մենք կողմնորոշված, ձևավորված սերունդ չենք։ 

 

Եթե սիրում ես այն, ինչ անում ես, ուրեմն անպայման կքաղես պտուղները

Անհնար է, որ ամբողջությամբ տրվես քո սիրած գործին, սիրես գործդ ու լավ բան դուրս չգա դրանից։ Անգամ եթե գործդ բակի մեկ ծառը ջրելն է՝ նպատակ չդնելով պտուղը, ամբողջությամբ նվիրվես գործին, միևնույնն է, քաղելու ես այդ պտուղները։ Ես ինքս շատ տարբեր բաներով եմ զբաղվել կյանքում, տարբեր կերպ փող եմ աշխատել․ լավաշ եմ թխել, ցանկապատ ներկել, նույնիսկ դպրոցական տարիներից սկսած ինչ աշխատանք ասես չեմ արել, բայց այդ ամենին զուգահեռ միշտ եղել է լուսանկարչությունն ու միշտ եղել է խզբզելը։ Ես նպատակներ չէի դրել, ինքն իրեն եկավ, հասավ մի կետի, որ ես այսօր զգում եմ իմ արտահայտչամիջոցի ազդեցությունը։ 

 

Մաղավուզցի փախստականները Շուշիում

 

Պետք է ստեղծենք այն, ինչ մեզ պետք է

Եթե կա ասելիք, եթե կարողանում ես տեսնել, ապրել ու ցույց տալ ապրածդ, փոխանցել ուրիշներին ու դեռ մի բան էլ քաղել դրա պտուղները, դրանից ավել էլ ի՞նչ է պետք։ Պետք է ստեղծենք այն, ինչ մեզ պետք է, մնում է միայն հասկանալ թե մեզ ինչ է պետք։ Եվ պետք է անել հիմա, ոչ թե անվերջ պլանավորել։ Պլանավորելու մեջ ինչ-որ տարօրինակ բան կա։ Ի՞նչ եղավ այն բոլոր մարդկանց պլանների հետ, ովքեր գաղափարներ ունեին Արցախի հետ կապված։ Շատ բան ենք պլանավորում, բայց ճանապարհին շատ ավելին բաց ենք թողնում։  

 

Չեմ ուզում նմանվել ոչ մեկի, չեմ ուզում կրկնել ոչ մեկի հաջողությունները

Ես ուզում եմ անցնել իմ ճանապարհը, հանդիպել իմ մարդկանց, կառուցել իմ հարաբերությունները։ Ոչ ոք չի կարող կրկնել մյուսի ճանապարհը, որովհետև այդ ճանապարհին միշտ ամեն բան տարբեր է, հանգամանքներն ու գործոնները տարբեր են։ Օրինակ՝ մենք նայում ենք մի թանկարժեք մեքենայի, ու ասում, որ մենք էլ ենք ուզում այդ մեքենայից, բայց երբեք ինքներս մեզ հարց չենք տալիս, թե արդյոք պատրաստ ենք անցնել այն նույն ճանապարհը, ինչն անցել է այդ մեքենայի տերը նախքան մեքենան ունենալը։ Գուցե նա հիմա միջուկային ֆիզիկոս է, շատ լավ է վաստակում ու կարող է նույնիսկ տիեզերք թռչել, բայց նախքան դա ստիպված է եղել օրը 12 ժամ աչքերը ցավեցնելով գիրք կարդալ ու դրա համար զոհել է իր փոքր երազանքները, չի ունեցել մանկություն, չի խաղացել բակում։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք անցնել այդ նույն ճանապարհը։ Բայց գուցե մենք անցնենք մեկ այլ՝ մեր ճանապարհը և այն նույնպես տանի մեզ դեպի մեր ցանկալի ավտոմեքենան կամ տիեզերքը։ Նույնը կարելի է ասել և Հայաստանի մասին, մենք պետք է անցնենք մեր ճանապարհը։ Օվկիանոսում նավարկելիս յուրաքանչյուրն իր ճանապարհով է մոտենում փարոսին։ 

 

Բլոճիկները՝ ռմբակոծված դպրոցի պատին, Արցախ