Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը՝ Կաննի կինոփառատոնում
Կանն

Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը՝ Կաննի կինոփառատոնում

Կաննի անցած 79-րդ կինոփառատոնում Cannes Classics ծրագրում ներկայացվեց «Pelechian Project»-ը՝ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հինգ կարճամետրաժ ֆիլմերից կազմված 90-րոպեանոց վերականգնված ծրագիրը։ Լուսանկարիչ Ասատուր Եսայանցը ներկա է եղել միջոցառմանը։

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի / YantsImages

#Կինո

Փելեշյանին Կաննի փառատոնը ներկայացնում է որպես հայ կինոյի առանցքային անուններից մեկը և «դիստանցիոն մոնտաժի» հայրը։ Պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր, որ «նրա կինոն գտնվում է վավերագրականի ու խաղարկայինի սահմանագծին՝ ռիթմի, ձայնի և մոնտաժի միջոցով մարդկանց, բնության, հիշողության ու հավաքական պատմության պատկերները վերածելով բանաստեղծական կինոյի»։ «Pelechian Project»-ը ներառում է 1966-1975 թվականներին նկարահանված հինգ ֆիլմ՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970) և «Տարվա եղանակներ» (1975)։ 

 

Արտավազդ Փելեշյանը

 

Թիերի Ֆրեմոն և Արտավազդ Փելեշյանը

 

Վերականգնման նախագիծը նախաձեռնել է Coproduction Office-ը՝ Cineteca di Bologna-ի հետ համագործակցությամբ և անձամբ Փելեշյանի վերահսկողությամբ։ Ֆիլմերի 4K սկանավորումն իրականացվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, բացառությամբ «Բնակիչներ» ֆիլմի, որը 2K որակով սկանավորվել է Մինսկի «Բելառուսֆիլմ» ստուդիայում։ Վերականգնման և գունաշտկման աշխատանքներն իրականացրել է L’Immagine Ritrovata լաբորատորիան։ Նախագիծն իրականացվել է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության, ՎԳԻԿ-ի և «Բելառուսֆիլմի» մասնակցությամբ, ZDF/ARTE-ի, ArMa Media Production LLC-ի և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։

 

 

Արտավազդ Փելեշյանին ուղեկցում էր Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն և ArMa Media Production-ի ղեկավար Շուշանիկ Միրզախանյանը

 

Ցուցադրությունը կայացել է Bunuel դահլիճում՝ ռեժիսորի ներկայությամբ, իսկ բացման խոսքն ասել է Կաննի կինոփառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն։

 

 

2023-ին նույն Cannes Classics ծրագրում ցուցադրվել էր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգնված տարբերակը։

հավելյալ նյութեր