Բարդակ 2.0
2023-ի վերջում Ստեփանակերտից Երևանի Օղակաձև այգի տեղափոխվեց լեգենդար «Բարդակ» փաբը՝ Արցախի ամենահայտնի նստավայրերից մեկը։ ԵՐԵՎԱՆը մի ուրբաթ երեկո անցկացրել է նոր «Բարդակում»՝ անցյալը հիշելու, տարբերությունները քննարկելու և ապագայի մասին խոսելու համար։
Տեքստը՝ Էլեն Բաբալյանi
Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի
ԵՐԵՎԱՆ #84 | 2024
Բրազիլիա՞, թե՞ Հայաստան
Ստեփանակերտի միակ փաբի մասին գիտեին բոլորը՝ արցախցիները, երբևէ Ստեփանակերտում եղած հայաստանցիներն ու արտասահմանցի տուրիստները, խաղաղապահներն ու նույնիսկ ադրբեջանցիները: Փաբը կրում էր խորհրդանշական անուն՝ «Բարդակ»՝ ասես իր մեջ ամփոփելով այն ողջ բարդակը, որ տարիներ շարունակ գոյացել էր Արցախյան հարցի շուրջ: «Բարդակի» Ազատն էլ պակաս հայտնի չէր, նա միակն էր, ով իրավունք ուներ Արցախի հսկա դրոշն իր նույնքան հսկա մեքենային ամրացված շրջել քաղաքում, բարձրանալ դիրքեր:
Սակայն պատմության այս էջն Ազատը թողեց անցյալում ու 2023-ի սեպտեմբերին բոլորի հետ եկավ Հայաստան: Դուրս գալու որոշումը դժվար է կայացրել, եկավ, երբ մնալն արդեն անիմաստ էր, քանզի մի ծաղկով գարուն չի գա: «Ուզում էի հասնել Երևան ու միանգամից մեկնել Բրազիլիա՝ ընկերներիս մոտ: Որոշել էի, որ եթե իմ տանը չեմ ապրելու, գոնե մի այնպիսի երկրում ապրեմ, որ ձմեռ չլինի: Բայց Տեղի գյուղում կամավորների ջերմությունը, հոգատարությունը փոխեց որոշումս, հասկացա, որ մեզ այստեղ սպասում են»,– պատմում է Ազատը:
Հայաստանում ապրելու մասին երբեք չէր մտածել, միայն գիտեր, որ կան բազում լքված գյուղեր, որտեղ կարելի է եվրոպական մոդելի սմարթ գյուղատնտեսություն ներդնել, համայնքը զարգացնել: Բայց «Բարդակը» հաղթեց բոլոր բիզնես գաղափարներին ու որոշվեց երկրորդ կյանք տալ սիրելի փաբին:
Մեռնող տարածքի համբավը
Երևանցի չլինելով էլ Ազատը գիտեր, որ այստեղ փաբերի հավաքատեղին Պուշկին-Կողբացի փողոցների միջակայքն է, բայց հեշտ տարբերակներ արցախցիները չեն ընտրում: Երբեք: Ու նրա փաբը բացվեց Օղակաձև այգու ֆանտանների հարևանությամբ, նախկին «Շալե» սրճարանի տարածքում, ավելին՝ երկրորդ հարկում: «Մինչև վերջին օրն ինձ համոզում էին վարձակալության դեպոզիտը չտալ, ասում էին՝ չի աշխատի, բայց ինձ հետաքրքրեց հենց մեռնող տարածքի համբավը»:
Ազատը Ստեփանակերտից առաջին հերթին հետը բերել է իր հավատը: Հետո նաև հին ժամացույցն ու գրոմոֆոնը, Տիգրանակերտի ցուցանակը, դրոշներ ու ինտերիերի որոշ դետալներ: Մնացածն էլ կամաց-կամաց հավաքվեց ու շատ չանցած արդեն երևանցի «Բարդակը» պաշտոնապես հայտարարեց բացման մասին:
«Բարդակը» միջավայր է
Օղակաձև այգու այդ հատվածը «Բարդակի» բացման օրը վերակենդանացավ, վաղուց այդ տարածքում այդքան մարդ չէր հավաքվել: Եկել էին բոլոր-բոլորը, խոսում էին բարբառներով ու գրական հայերենով, քննարկում պատերազմն ու խաղաղությունը, խմում գարեջուր ու… Արցախի օղի, քանի որ այլ խմիչքները սպառվեցին առաջին մեկ ժամում: «Մեզնից ոչ ոք չէր սպասում նման հետաքրքրություն փաբի նկատմամբ, մտածում էինք՝ դե, ով մեզ գիտի, կգա, կշնորհավորի»:
Իսկ նրան գիտեն շատերը, ու երկրորդ հարկում անսովոր լուսավոր ու գրեթե սպառված խմիչքներով փաբը ոչ մի հարց ու պահանջ չառաջացրեց այցելուների մոտ, որովհետև գիտեին՝ Ազատը շուտով ամեն ինչ կկարգավորի:
Երեք ամիս անց «Բարդակն» արդեն ամբողջովին ինտեգրվեց մայրաքաղաքի կյանքին, ավելին՝ հիմա հայտ է ներկայացնում բարեկարգել հարակից այգին, լուսավորություն անցկացնել, շաբաթօրյակներ անել: «Բարդակում» սպասում են արևոտ օրերին, որպեսզի երաժիշտները դրսի պատշգամբում նվագեն սաքսոֆոն կամ կիթառ՝ լցնելով այգին երաժշտությամբ: Ի վերջո, «Բարդակը» միջավայր ստեղծելու մասին է: Հիմա արդեն նաև տարածքի՝ երկար տարիներ տևող դանդաղ արնահոսությունը կանգնեցնելու և ապաքինման մասին:
Կոմոդն էր ափսոս
Ստեփանակերտում ով որևէ հին իր ուներ, առաջինը զանգում էր Ազատին: Գիտեին՝ նա գիտի հին իրերի իրական արժեքը: Արցախի բոլոր հին կոմոդները նրանն էին, կողք կողքի շարված՝ ասես աղոթարան լինեին: Ով մեկ անգամ տեսել է դրանք, կհասկանա: Երևանում Ազատը դեռ չի գտնում նման կահույք. «Ամբողջ օրը list.am-ում եմ, անընդհատ փնտրում եմ, դուք էլ ասեք բոլորին՝ ով հին իրեր ունի, բերեք, «Բարդակում» դրանց լավ կնայենք»:
Կոմոդների բացակայությունը թեև անհնար է լրացնել, սակայն փաբի այցելուների քանակը կարծես դրանից չի տուժում: «Ստեփում անցուդարձը քիչ էր, մարդն էլ էր քիչ, այստեղ ինչքան էլ քիչ լինի, մեկ է՝ էլի շատ է, դեռ հարմարվում ենք օրական այսքան մարդու հետ ծանոթանալուն, սպասարկելուն»:
Մի կարևոր տարբերություն էլ կա երկու «Բարդակների» միջև. Ստեփանակերտի փաբը չուներ խոհանոցի կարիք, իսկ այստեղ առանց դրա անհնար կլիներ: Ազատն ասում է, որ այստեղ խոհանոց աշխատեցնելը հաճույք է, խանութներում ամեն ինչ կա, կան նաև ամեն ինչի առաքիչներ: Մանրուք, որը երևանցիները երբեք չէին նկատի: Բայց կոմոդները, իրոք, ափսոս էին…
Բա Բեատրի՞սը, Դանթեն
Ստեփանակերտում Ազատն ուներ չորսպոզանի ոչխար՝ Դանթեն: Որտեղից էր գտել՝ անհայտ է: Դանթեի համար նաև կին էր գտել՝ Բեատրիսը, խոշոր, խելացի աչքերով մի քմահաճ ոչխար: Այս զույգն ուներ սեփական պալատը՝ գոմը, մշտապես թարմ խոտը: Պատերազմական երկրում նրանք ապրում էին փառահեղ, համարյա բուրժուական կյանքով: Սակայն նրանց Երևան բերելու թեման չի էլ քննարկվել: Դժվարությամբ հարցնում եմ՝ ի՞նչ եղավ նրանց հետ: Պատասխանում է կտրուկ, առանց թարթելու իր կապույտ աչքերը. «Բեատրիսին գայլերը կերան, Դանթեին բաց եմ թողել, ձիերի ու էշի հետ, բայց վերջերս հոլովակ տեսա՝ էշը կար, Դանթեն չկար արդեն»: Փաստորեն, հետևում է հոլովակներին, որտեղ երևում է Ստեփանակերտի ներկայիս կյանքը:
Ռազմավարական կարևորության օբյեկտ
«Փաբը չեն նկարում, հենց հասնում են «Բարդակին», միանգամից վիդեոն անջատում են, երևի մտածում են, որ ռազմավարական կարևորության օբյեկտ է եղել: Փաբում զենք կար, վերջին օրերին պահեստ էր դարձել, նույնիսկ դաշնամուրի մեջ եմ թաքցրել»: Հարցնում եմ՝ ինչո՞ւ է նայում այդ վիդեոները, ինչո՞ւ չի խնայում իրեն: Ասում է՝ կարոտում եմ ու այդ կարոտն օգտագործում որպես ուժի աղբյուր, որ նորից ամեն ինչ սկսեմ զրոյից: «Ինձ հնարավոր չի կանգնեցնել, կոտրել: Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կվերադառնա: Այդ վիդեոները նայելիս ռունգերս զգում են վառոդի հոտը: Դուք դա չեք հասկանա, և դա լավ է»: Լռում ենք բազմանշանակ: Ժամանակին ժամանակ տալիս ու հիշեցնում՝ ով հին իրեր ունի, տարեք «Բարդակ», այնտեղ գիտեն նրանց իրական արժեքը: