«Ճամփորդություն Այվազովսկու արվեստում»․ լույսի, ձայնի ու շարժման մեջ
Հունվարի 9-ին Երևանում բացվեց «Ճամփորդություն Այվազովսկու արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը, որը ներկայացնում է հայազգի աշխարհահռչակ ծովանկարչի ստեղծագործությունները` լույսի, ձայնի և շարժման համադրությամբ։ ԵՐԵՎԱՆնն այցելել է այս տպավորիչ միջոցառումը։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Լուսանկարները՝ Anima Exhibitions
«ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԱՐՎԵՍՏՈՒՄ» մուլտիմեդիա ցուցադրությունը կգործի մինչև ապրիլի 2-ը՝ Հայաստանի նկարիչների միություն-ում (Աբովյան 16)։ Ցուցադրությունը բաց է ամեն օր՝ 11։00-ից 21։00։
Տոմսերը՝ այստեղ
Չնայած երևանյան երկնքից թափվող սիրուն հունվարյան ձյանը, Նկարիչների միության մուտքի մոտ տեղակայված գեղեցիկ շրջանակից ներս տիրում են ծովն ու արվեստը։ Այնտեղ, ուր դեռ մի քանի ամիս առաջ կարելի էր մի քայլով հայտնվել Վան Գոգի ննջասենյակում, այս օրերին արվեստասեր անցորդներին ներս է հրավիրում Հովհաննես Այվազովսկու արվեստանոցը․ այստեղ են մոլբերտին դրած կտավը, պատուհանից բացվող ծովային տեսարանն ու բարձրախոսներից հնչող ալիքների մեղմ խշխշոցը։ Սա նախաբանն է Anima Exhibitions ընկերության ինտերակտիվ ցուցադրության, որն այս անգամ նվիրված է մեծանուն հայազգի ծովանկարչի արվեստին։


Մինչ կանգնած ենք տոմսարկղի հերթում (հիմնականում ընտանիքներ են՝ երեխաների հետ), հանկարծ հիշում եմ զարմանալի պատմությունը Այվազովսկու՝ ընկերներին արվող յուրօրինակ նվերի մասին․ լուսանկարվում էր իր ղրիմյան արվեստանոցում դատարկ կտավի առաջ, ապա մոնոխրոմ դագերոտիպի վրա կտավի վրա ձեռքով փոքրիկ ծովանկար պատկերում։ Կարելի է ենթադրել, որ հին ու նոր տեխնոլոգիաները համատեղող ու ինտերակտիվությունը գնահատող Այվազովսկին կտպավորվեր նաև իր արվեստին նվիրված այս մուլտիմեդիա ցուցադրությունից։


«Ճամփորդություն Այվազովսկու արվեստում» նախագիծն առաջարկում է 43 րոպեանոց «նավարկություն» մեծ նկարչի կյանքի կարևորագույն իրադարձությունների ու շուրջ 300 կտավների անիմացիոն մեկնաբանությունների միջով․ առաջին փորձերից ու ճամփորդություններից մինչև կենդանի դասականի կոչումը, «Իններորդ ալիքից» մինչև «Աշխարհի արարումը», Պուշկինի հետ հանդիպումից մինչև ցուցադրություն Լուվրում։ Այս ամենը՝ 510 քմ մակերեսով ցուցասրահի շշմեցուցիչ 4 մետր բարձրություն ունեցող էկրաններին, որոնց վրա ալիքները ծփում են, մարդիկ շարժվում են, իսկ ծովային մենամարտերով կտավները վերածվում են իսկական ռազմական կինոյի։
Իդեալական տարբերակ՝ երեխաներին ոչ ձանձրալի ձևով արվեստ ներկայացնելու համար։
Այս մուլտիմեդիա ճամփորդությունից հետո էլ կարելի է խորացնել Այվազովսկու մասին գիտելիքներն ու գնալ տեսնել արդեն նկարչի իրական կտավները։


Ցուցադրության հետկադրային պատումի առաջին հատվածում ներկաներին հայտնում են, որ պատանի Այվազովսկին չէր հավատում վաճառական հորը, որն ասում էր, թե աշխարհում կան երկրներ, որոնք ծով չունեն։ Ըստ ապագա նկարչի, դա անհնար էր, քանի որ մարդ ո՞նց կարող է ապրել առանց ծովի... Բայց մի՛ տխրեք, որ Հայաստանում ծով չկա, փոխարենը ուրախացեք, որ Հայաստանն ունի Այվազովսկու պես ծովանկարիչ, իսկ նրա արվեստն արդեն դուրս է եկել սովորական փայտյա շրջանակների սահմաններից։