«Ձմեռը մարտին». հայկական ֆիլմ Կաննի կինոփառատոնի մրցույթում
78-րդ Կաննի կինոփառատոնի ուսանողական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է հայ-էստոնական համատեղ անիմացիոն ֆիլմ՝ ռեժիսոր Նատալյա Միրզոյանի «Ձմեռը մարտին» անիմադոկը։ Պրոդյուսեր Արմինե Հարությունյանն էլ դարձավ առաջին հայաստանյան պրոդյուսերը, որի արտադրած անիմացիոն ֆիլմերը ընտրվեցին և՛ Անսի, և՛ Կանն։ Կարեն Ավետիսյանը դիտել է ֆիլմը Կրուազետում։
Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի
Յուրովի հարազատ դարձած «Բունյուել» կինոդահլիճում տեղի ունեցավ Նատալյա Միրզոյանի տիկնիկային ճանապարհորդությունը արտագաղթի և վտարման մասին։ Հարազատությունը պայմանավորված է վերջերս նույն դահլիճում «Բարև, ես եմ»-ի ցուցադրությամբ ու թե այնժամ անսովոր ու հաճելիորեն տարօրինակ էր Մարտին Վարդազարյանի շեփորը, այստեղ՝ «Թռչեի մտքով տուն»-ը. Կաննի 78-րդ կինոփառատոնի Cinef ուսանողական մրցույթում էստոնա-հայկական կարճամետրաժ տիկնիկային անիմադոկը անդրադառնում է ռուս-ուկրայինական պատերազմի արդյունքում առաջացած ներքին փլուզման, խուճապի և մղձավանջի զգացողություններին, առանձնանալով էստետիկ նրբագեղությամբ և կտորից, բամբակից, ստվարաթղթից, կարկատաններից ու անկենդան տիկնիկներից հյուսված օրագրային բանաստեղծականությամբ։
Ֆիլմի պաշտոնական թրեյլերը
16 րոպեանոց ֆիլմի առանցքում Դաշայի և Կիրիլի պատմությունն է՝ մի երիտասարդ զույգ, որը հետպատերազմական մարտին ստիպված փախչում է Ռուսաստանից դեպի Վրաստանի սահման, որտեղ դրվագները աստիճանաբար վերածվում են կենտրոնացված պատմության՝ ներկայացված կնոջ՝ Դաշայի հայացքով։ Կոպիտ կտորից պատրաստված տիկնիկները՝ կարծես սպիեր ունեցող կարերով, շարժվում են ձեռակերտ դեկորների միջով, իսկ հետո կտորից և ստվարաթղթից պատրաստված աշխարհը ֆիլմում քանդվում է հենց մեր աչքի առջև՝ բացահայտելով մարդկային գոյության փխրունությունը։
Ֆիլմը թվացյալ ռոուդ-մուվի է, միևնույն ժամանակ՝ հակաոդիսական, որտեղ ուղևորվում են ոչ թե տուն վերադառնալու, այլ փախչում են տնից՝ առանց վստահ լինելու, թե նոր հանգրվանը երբևէ կդառնա տուն։ Այդ հուզական ճանապարհորդության ներքին լարվածությունն արտացոլվում է պատկերային հորինվածքներում ու տեխնիկական լուծումներում․ տիկնիկների չընդհատվող շնչում, ոտաբոբիկ հերոսուհու քայլերում, պատռվող կտորե տներում ու կապկպված ձեռքերում, որոնք փոխանցում են այն կորսված պատկանելիության ցավը, որն առայսօր ապրում է հազարավոր մարդկանց մեջ։
«Մարտյան ձմեռը» ֆիլմ է ոչ միայն արտագաղթի մասին, այլև ստեղծված է հենց արտագաղթի պայմաններում՝ փոքրիկ, նուրբ, քաղաքական ու խորապես մարդկային օրինակ, թե ինչպես է հիշողությունը վերածվում անիմացիայի, իսկ անիմացիան՝ հիշողության, վկայության և դիմադրության գործիքի։