ԵՐԵՎԱՆ #74. շապիկ
Նաիրա Մուրադյանի անիմացիոն շապիկը։
Նկարազարդումն ու gif-ը՝ Նաիրա Մուրադյանի
ԵՐԵՎԱՆ #74 | 2022
ԵՐԵՎԱՆի նոր համարը նվիրված է հայկական անիմացիային։ Եվ ո՞վ կարող է ավելի լավ արտացոլել այդ մոգական աշխարհը, քան անիմացիոն փորձով մեկը։ Այդ մեկը Նաիրա Մուրադյանն է՝ հայկական անիմացիոն կինոյի ամենաինքնատիպ հեղինակներից մեկը:
Նաիրայի թեթև ձեռքով ԵՐԵՎԱՆի շապիկը վերածվեց երևակայական անիմացիոն ֆիլմի մի կերպարի պարահրապարակի։ Շապիկի կառուցվածքն ավելի լավ պատկերացնելու համար, Մուրադյանը բացատրում է ավանդական անիմացիայի հիմունքները․ «Նախ՝ անիմատորը տալիս է շարժման կարևոր նկարները՝ «կոմպանովկաները», որից հետո գործին միանում է «ֆազովշիկը», որը փուլավորում է դրանք, ավելացնելով «կոմպանովկաների» միջև ընկած նկարները»։
Իսկ դա ահռելի աշխատանք է։ Նաիրայի կարծիքով անիմատորի աշխատանքի ամենադիպուկ բնորոշումը տվել է լեգենդար Ֆյոդոր Խիտրուկը (սովետական «Վինի-Թուխի» ռեժիսորը), ասելով, որ անիմատորի գլխավոր հատկությունը չուգունե հետույքն է։ Որովհետև պետք է ժամերով ու օրերով նստել մի տեղում ու նկարել։
Շապիկի հերոսը այդ ինքնազոհ անիմատորներից մեկն է։