Գարաժային ապրումներ
Միջավայր

Գարաժային ապրումներ

Մեր օրերում զարմանալի տրանսֆորմացիա սկսեցին ապրել երևանյան ավտոտնկաները։ Եթե ժամանակին դրանք օգտագործվում էին ուղիղ գործառույթով՝ ավտոմեքենան ապահով պահելու համար, երբեմն որպես խորդանոց, որոշ դեպքերում՝ ավտոարհեստանոց կամ լվացման կետ բացելու համար։ Իսկ այսօր ավելի ու ավելի հաճախ գարաժներում բացվում են սրճարաններ, խանութներ և այլ հանրային տարածքներ։ Թեմայի մեջ խորացել է ԵՊՀ պրոֆեսոր, Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ, միգրացիոն հետազոտությունների մասնագետ, աշխարհարագետ Մարիա Գունկոն։

Տեքստը՝ Մարիա Գունկոյի

 

Լուսանկարները՝ Մարիա Գունկոյի, 8rr-ի

 

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

«Նա միացրեց լույսը, նա փակեց ավտոտնակը»․ այսպես  է սկսվում սովետական ռոք-ռահվիրաներ Նաուտիլուս Պոմպիլիուս խմբի երգերից մեկը, որը պատմում է փոքր քաղաքում երկու սիրեկանների պատմությունը։ Երկուսն էլ ամուսնացած էին և չէին կարող հանդիպել հանրային վայրերում։ Ավտոտնակը դարձել էր նրանց սիրո հանգվարնը, իսկ հետո նաև գերեզմանոցը․ զույգը խեղդվել էր կարբոնի մոնոքսիդի արտահոսքից։ Այս երգը թերևս կարող էր հիմնված լինել իրական դեպքերի վրա։ 

 

Ժամանակակից Երևանում ավտոտնակները շատ ավելի խոր արմատներ ունեն, քան դրանց ֆիզիկական պատերը։ Սա ազատության տարածք է, որն ազատագրում է ընտանեկան իրականության հուզական ճնշումից, ինչպես նաև հանրային ու պետական պահանջներից։ Զարմանալի չէ, որ արհեստավորներին և գործարարներին այդքան հարմար այսպես կոչված «գարաժային տնտեսությունը» գոյություն է ունեցել Երևանում շատ վաղուցվանից, սակայն վերջին տարիներին նոր թափ է առել։ 

 

Գարաժային կուտակումները Երևանում

 

Այսօր Երևանի կենտրոնի բակերում կարելի է հանդիպել բազմաթիվ, թույլ տվեք օգտագործել այդ բառը, «հիփսթերահարված» ավտոտնակներ, որոնցում տեղակայված են սրճարաններ, բարեր ու խանութներ։ Եթե նախկինում գարաժները մարգինալացված, չհրապուրող միավորներ էին, ապա հիմա դարձել են գրավիչ հանրային վայրեր, հատկապես ստեղծագործ մարդկանց համար։ 

 

Այս նոր տեսակի գարաժների հաջողությունը Երևանում ակնհայտ է։ Ավելի ու ավելի գարաժատերեր վերափոխում են իրանց շինությունները նոր տեսակի օգտագործման համար։ Հաշվի առնելով նաև անշարժ գույքի օրեցօր աճող գները, սրանցով ավելի հեշտ է գտնել վարձակալողներ, ինչի շնորհիվ ոլորտը ավելի ու ավելի կփոխվի։ 

 

Ներկայացնում ենք հինգ պատմություն ավտոտնակների մասին, որոնք խորհրդանշում են նորության և ներառականության համար պայքարը։ 

 

8rr. երևանյան ավտոտնակների հիփսթերահարման սկիզբը

Ի հակառակ տարածված կարծիքի, թե այս շարժումը սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ռուսաստանցիների մեծ տեղափոխման հետևանքով, գործընթացը սկիզբ է առել դեռևս 2020-ին։ Նախաձեռնողը հայ-ռուս մի զույգ էր։ 

 

«8րրի [կարդացվում է «օրոր» - խմբ․] պատմությունը կապված է կնոջս անցյալի հետ, - պատմում է Սաշան, որը սկսել էր այս նախագիծը կնոջ՝ Մարիամի հետ, - Նա ծնվել ու մեծացել է Երևանում՝ կրելով ու սիրելով քաղաքի էսթետիկան, որից անբաժանելի է գարաժային շերտի խառնաշփոթն ու ջերմությունը․․․ Երբ Մոսկվայից Երևան տեղափոխվեցինք, սկսեցինք տարածք փնտրել միկրո-բիզնեսի համար, մի տարածք, որը մերը կլիներ, գոնե որ կարողանայինք փոփոխել ըստ մեր ցանկության։ Երեխայիս հետ օրերով թափառել եմ Երևանի բակերով։ Ի վերջո հայտնաբերեցինք մի լքվացծ ավտոտնակ, որի մեջ ծառ էր աճում»։

 

 

Սաշան ու Մարիամը հայտարորություն փակցրեցին․ «Կվարձակալենք ձեր ավտոտնակը կոմերցիոն նպատակներով, խնդրում ենք՝ զանգահարեք»։ Գարաժի տերը զանգեց մաքուր հետաքրքրությունից՝ ու՞մ մտքով կարող էր անցնել վարձակալելու այդ անպիտան ավտոտնակը և ի՞նչ գործի համար։ Երկար-բարակ բանակցություններից հետո զույգը ստացավ համաձայնությունն ու սկսեց լայնածավալ փոփոխությունները։ 

 

«Ինձ դուր է գալիս, որ բնակիչներն ունեն հնարավորություն փոփոխելու քաղաքն ու ստեղծել նոր տարածքներ։ Շինությունների տարատեսակն կցակառուցումները կարելի է դիտարկել որպես նյութական հայտարարություն․․․ Ես ուզում էի օգտվել այդ ազատությունից», - ասում է Սաշան։ 

 

8րրում վաճառվում էին դիզայներական ձեռագործ նմուշներ՝ տան համար։ Դրանք ստեղծվում էին աշխարհի տարբեր ծայրերում։ Կարևոր նրբություն․ վաճառվող իրերը մեծամասամբ տան համար էին․ «Մենք տեղափոխվել էինք Երևան երկու ճամպրուկով, այնպես որ տան համար իրերի խանութ բացելը խորհրդանշական քայլ էր մեր կողմից, այդպես մենք էլ մեր համար էինք փորձում նոր տուն ստեղծել․․․»

 

8րրն աշխատեց ավտոտնակում շուրջ երկու տարի, բայց ի վերջո տարածքի տերը դուրս հանեց Սաշային ու Մարիամին։ Այժմ խանութը գործում է միայն օնլայն։

 

Սաշան մինչև հիմա լավ չի պատկերացնում, թե որն էր պատճառը․ «Մենք որոշեցինք շատ չխորանալ, քանի որ ի վերջո գարաժն իրենն էր, իր անձնական ազատության տարածքն էր ու մենք պիտի հարգենք դա»։

 

8րրին հաջորդեց ևս մի քանի նախաձեռնություն, որոնք արդյունքում կազմեցին յուրատեսակն գարաժային կոոպերատիվ՝ Սարյան փողոցում ու մոտակայքում։ Դրանց թվում են Ոչ լույս ոչ մութ սուրճի խանութը, Հումմուս Կիմչի սրճարանը, Վոլչոկ զգեստի խանութը և Ռեյջե Գարաժ վինջաժի խանութը։ Առաջին երկուսի գաղափարները 8րրի պես ծնվել են դեռ քովիդի համավարակի ժամանակ, իսկ մյուս երկուսն իսկապես ռելոկացիայի ալիքի արդյունք են։ 

 

Ոչ լույս ոչ մութ

Բավական երկար ժամանակ սուրճի ոլորտում աշխատելուց հետո Կառլենը որոշել էր սեփական խանութը բացելու մասին, բայց դա գրեթե անհնար էր՝ սահմանափակ բյուջեի պայմաններում։ 8րրի Սաշան էր, որ հուշել էր ավտոտնակային տարածքների մասին։ 

 

Վանաձորցի Կառլենը հիշում է, որ իր 1988-ի երկրաշարժից հետո իր բարեկամները դեռ երկար ժամանակ ապրում էին գարաժներում՝ վախենալով նոր ցնցումերից։ Մի պահ իրենց ընտանիքի մետաղյա գարաժում միաժամանակ ապրել է 12 հոգի։ Այնպես որ միտքը, որ ավտոտնակը կարող է ծառայել ոչ միայի ավտոյի համար, նոր չէր Կառլենի համար։ 

 

 

 

Մի քանի ամիս փնտրելուց հետո նա գտավխաղողի ծառով գեղեցիկ գարաժ Սարյանում։ Հիշում է, որ դժվար էր տիրոջը համոզելը, քանի որ նախկինում բակում մի արգենտինական բար է եղել, որը մեծ դժգոհություններ է առաջացրել բնակիչների շրջանում։ 

 

«Մի քանի ամիս գարաժը վերանորոգելիս, ես ամեն օր շփվում էի տեղացիների հետ ու բացատրում, թե ինչպիսին է լինելու խանութը, որ մենք միայն սուրճ ենք վաճառելու, առանց ալկոհոլի ու սննդի․․․ - հիշում է Կառլենը, - Հայաստանում ամեն բնակիչ դիտարոկում է բակը որպես անձնական տարածք, տան շարունակություն, որտեղ երեխաներն ե խաղում։ Այդ պատճառով է, որ անվստահություն են զգում, երբ օտար մարդիկ գալիս են բակ ու անում, ինչ ուզում են։ Բացման օրվանից ու մինչ օրս ես անձամբ հետևում եմ մեզ եկող բոլոր մարդկանց, որ հանկարծ չխանգարեն տեղի բնակիչներին»։

 

Կառլենը համոզված է, որ եթե գործ ես անում բակում, պետք է ենթարկվես այն մշակութային նորմերին, որոնք ընդունված են այդ տարածքում․ «Իրականում, ինչքան էլ փորձես վերափոխել տարածքը, միևնույն է՝ դու մնում ես գարաժում, որը բակային սոցիալական կյանքի անբաժան մասն է»։

 

Hummus Kimchi

Hummus Kimchi-ն ընտանեկան բիզնես է, որը հիմնել հրեական արմատներով քույր ու եղբայր, ինչպես նաև նրանց ամուսինները, որոնցից մեկը հայ է, մյուսը՝ մասամբ կորեացի։ Հիմնադիրներից մեկը՝ Սաշան, կատակում է, որ սրճարանը, որը գտնվում է Երևանում, բայց մասնագիտացած է հրեական ու կորեական խոհանոցի վրա, իրենց չորսի խառնուրդն է։ Ամուսնու՝ Տիգրանի հետ, Սաշան երկար տարիներ ապրել է Մոսկվայի ու Երևանի միջև։ Սրճարանի գաղափարը ծագել է, երբ Սաշայի եղբայրը Դիման Իսրայելում ավարտել է խոհարարական դասընթացները։ Իսկ Երևանում ավելի արագ ու էժան կլիներ, քան Մոսկվայում։ 

 

Նրանք հատուկ գարաժ չեն փնտրել, պարզապես պետք էր մատչելի ու հարմար տարածք՝ սրճարանի համար անհրաժեշտ մինիամալ պայմաններով, ցանկալի է՝ բազմամարդ փողոցներից ոչ հեռու։ Եվ ահա, երբ նկատեցին այս գարաժը, պարզվեց, որ այնտեղ ամեն ինչ կա, նույնիսկ թոնիր։ 

 

 

«Զարմացել էի, մտածեցի՝ այդ ի՞նչ եղել սրանից առաջ․․․ Պարզվեց, որ նախկին ավտոտնակը արդեն հասցրել էր վերափոխվել բանջարեղենի խանութի, հետո փուռի, հետո նույնիսկ մի ազգայնական կուսակցության գրասենյակի։ Տարօրինակ տեղ էր։ Բայց մարդիկ կարծում էին, որ մե՛ր գաղափարն էր տարօրինակ՝ խոհանոցների խառհնուրդ, գարաժ, մեծ ընդհանուր սեղան․ Երևանում, ասում էին, ոչ ոք այդպես չի նստի»։

 

Hummus Kimchi-ն բացվեց 2022-ի սկզբին և արագ հաջողություն ունեցավ։ Շուտով հենց սրճարանի տակ բացվեց Shin բարը։ սաշան նշում է, որ սրճարանի հաճախորդները հիմնականում ոչ հայեր են, թեև հարաբերակցությունն աստիճանաբար փոխվում է։ 

 

«Մենք չենք բացել սրճարան "ռելոկանտների" համար, - վստահեցնում է նա, - Այո, մենք ինքներս ներգաղթյալ ենք, բայց այնքա՜ն հաճելի է տեսնել, որ գնալով ավելի ու ավելի շատ տեղացիներ են բացահայտում մեր սրճարանը։ Մենք ուրախ ենք ընդունելու խառը մարդկանց՝ երեխաների ու ընտանի կենդանիների հետ, կարևորը բոլորն իրենց զգան ինչպես տանը»։

 

Volchok

Ոչ լույս ոչ մութի հարևան գարաժում գտնվում է 2022-ի ապրիլին բացված Վոլչոկ հագուստի խանութը։ Մուտքի դուռը հիշեցնում է դիմացի շենքի ճաղապատված պատուհանը․ փոքր դետալ, որը դարձնում է խանութը բակի բնական բաղադրիչը։ 

 

Վասյան և իր գործընկերները Երևան են եկել 2022 թվականի մարտին՝ ռուսաստանցիների ներգաղթի առաջին ալիքով։ Ռուսաստանում մի քանի խանութ ունեցող գործարարները միանգամից սկսեցին տեղ փնտրել նաև Երևանում։ 

 

 

 

«Նախ՝ տեսանք մի նախագիծ գարաժում՝ 8րրը։ Հետո տեսանք Ոչ լույս ոչ մութ խանութը։ Մտածեցի՝ սա իրական երազանք է։ Գուցե նրանից էր այ զգացումը, որ փոքր ժամանակ շատ եմ ժամանակ անցկացրել գարաժների մեջ ու շրջակայքում․․․ Գուցե կապված էր Էփփլի գարաժային առաջին օրերի մասին պատմություններից, չգիտեմ։ Համենայն դեպս, հենց գարաժն էր իրապես համապատասխանում մեր փողոցային հագուստի բրենդի ոգուն։ Սա հեշտ հասանելի վայր չէ, մենք մարդաշատ փողոցում չենք, ուրեմն նա ով գալիս է այստեղ, գալիս է մեզ համար»։

 

Հարմար ավտոտնակն գտնելու հարցում Վասյան օգտվել էր 8րրի հիմնադիրներից ստացված խորհրդից․ «Մարիամն առաջարկեց հայտարարություններ տպել։ Գրեցինք երեք լեզվով՝ "կվարձակալենք գարաժ", ու փակցրեցինք տարբեր տեղերում։ Առաջին զանգողները չէին հասկանում, թե ինչներիս է պետք, կարծում էին թե ավտոարհեստանոցի համար ենք փնտրում։ Բայց հետո մի աղջիկ զանգեց, որին շատ զվարճալի թվաց մեր գաղափարը և նա համաձայնվեց»։

 

Rage Garage

«Ես ու ընկերուհիներս գարաժում փարթիներ ենք կազմակերպում գարաժում ու միշտ կատակում ենք, որ ժամանկաին տղերքն էին ասում՝ "գնում ենք գարաժում լռվենք", իսկ հիմա սա լրիվ աղջկական բան է դարձել»․ այսպես է սկսում իր պատմությունը Արգենիկան՝ 2022-ի դեկտեմբերին բացված Rage Garage վինտաժի խանութի հիմնադիրը։

 

Նախքան այս խանութը, Արգենիկան երբեք չի զբաղվել վինտաժով, փոխարենը ակտիվ է եղել գիտակից օգտագործման և շրջակա միջավայրի պաշպտանության գործում։ Հիշում է, ինչպես էր Մոսկվայից Երևան տեղափոխվելիս «ոչ ադեկտվատ հոգեբանական վիճակում» արագ հավաում ճամպրուկները։ Իսկ հասնելիս պարզվել էր, որ վերցրել էր հետը միայն մի շալվար ու ճամփորդությունների ժամանակ գնված ժակետների հավաքածուն։ Այս ժակետները հետագայում դարձան իր վինտաժ խանութի սկզբնակետը։ Հետագայում հավաքածուն համալվրեց այլ վինտաժ խանութներից կամ միջազգային ճամփորդություններից բերվածիրերով, դրանց գումարվեցին տեղացի հայ արհեստավորների պատրաստած սպասքն ու զարդերը։ 

 

Իսկ ահա գարաժը, որտեղ այս ամենը հիմա վաճառվում է, պատկանում է Արգենիկայի ընկերներին, որոնք մինչ այդ օգտագործել են տարածքը որպես խորդանոց։ 

 

 

«Մեղմ ասած՝ թափթփված էր, - հիշում է առաջին տպավորություններն Արգենիկան, - ոտքերիս տակ հող էր, պատերին՝ աղի հետքեր։ Բայց այ հետևի պատիին բնական բազալտի մի կտոր էր․ ավտոտնակները կառուցել էին բազալտի հանքի մոտ։ Դա նշան էր, քանի որ ժամանակին ես մտածում էի, որ ուզում եմ բնական քարից կանգնած ունենալ, բայց դա չափազանց թանկ էր։ Փոխարենը՝ ստացա բազալտով մի ամբողջ պատ։ Սիրեցի այս գարաժն առաջին հայացքից»։

 

Արգենիկան նշում է, որ գարաժի ներքին հարդարանքը միանգամից հղում է անում տեղական պատմությանը։ Պատերի համար օգտագործվել են հին խորհրդային սալիկներ, կանգնակը տուֆից է։ Ինչպես և Hummus Kimchi-ի Սաշան, նա էլ կողմնակից է եկվորների ավելի խոր ինտեգրմանը․ «Սա իմ անձնական ցավն է։ Ես չեմ ուզում, որ սա լինի միգրանտական նախագիծ։ Դրա համար մի քանի միջոցառումներ ենք արել՝ հրավիրելով միայն տեղական բիզնեսի ներկայացուցիչներին, երկրորդ հարկում էլ նախատեսում եմ տեղացի էկո-ատկիվիստների համար դասախոսությունների սրահ բացել, - պատմում է Արգենիկան, որը մինչև վեց տարեկան ապրել է Երևանում, հետո նոր տեղափոխվել Ռուսաստան․ - Հայրս Ռուսաստանում հիմնականում շփվում էր հայերի հետ, այնպես որ ես շատ լավ գիտեմ, որ ինտեգրման բացակայությունը լավ ազդեցություն չի թողնում»։

հավելյալ նյութեր