Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռամաս որմնանկարի վերաբացումը
Կասկադ

Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռամաս որմնանկարի վերաբացումը

Գրիգոր Խանջյանի 100-ամյակի առիթով Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ամբողջությամբ վերականգնել է նկարչի կոթողային եռամաս որմնանկարները՝ «Հայոց այբուբեն», «Վարդանանք» և «Հայաստանի վերածնունդը»։ Ապրիլի 27-ին կկայանա «Խանջյան» սրահի հանդիսավոր վերաբացումը։

Լուսանկարները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Գրիգոր Խանջյանի ընտանիքի արխիվ

#Արվեստ

Գրիգոր Խանջյանը աշխատել է Կասկադ համալիրում 1992-2000 թվականներին, ստեղծելով դեռևս 1980-ական թվականների կեսերին ծրագրված կոթողային որմնանկարը, բաղկացած երեք մասից․ «Հայոց այբուբեն», «Վարդանանք», «Հայաստանի վերածնունդը»: 2002 թվականից սրահը հայտնվել է «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամի հոգածության ներքո, իսկ 2009 թվականին դարձել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի մասը՝ վերանվանվելով ականավոր հեղինակի պատվին։

 

 

 

Խանջյանը «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» պատկերները 1970-ականների վերջում ստեղծել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով, որոնց հիման վրա գործվել են գոբելեններ և զարդարել են Վեհափառի նստավայրի հատուկ հանդիսությունների սրահը։ 1983 թվականին որոշում կայացվեց, որ մշակութային առումով առանցքային ստեղծագործությունների մոնումենտալ տարբերակները պետք է իրենց տեղը գտնեն դեռևս կառուցվող Կասկադ համալիրի առաջին սրահում։ Կոմպոզիցիան ամբողջացնելու համար նկարիչը նաև ավելացրեց երրորդ պատկերը՝ «Հայաստանի վերածնունդը»։ Այս վերջին հատվածի վրա՝ հեղինակի մահվանից հետո, աշխատեց նաև նկարիչ Հենրիկ Մամյանը։

 

 

 

Գրիգոր Խանջյանի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, 2025 թվականին «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը՝ Քեթլին Գաֆէսճեան-Բարադարանի գլխավորությամբ որոշում կայացրեց որմնանկարների վնասված հատվածների վերականգնման և ընդհանուր աշխատանքի կոնսերվացման վերաբերյալ։

 

Խանջյանը՝ որմնանկարի վրա աշխատելիս

 

Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ

 

«Վարդանանք» գոբելենը

 

2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլ ամիսը բարձրակարգ վերականգնողների թիմը աշխատեց «Խանջյան» սրահում, մոնումենտալ գեղանկարչության բարձրագույն որակավորման նկարիչ-վերականգնող, «Մոսկովյան վերականգնում» առաջին մրցույթի հատուկ մրցանակի դափնեկիր, Սանկտ Պետերբուրգ քաղաքի որմնանկարների պատվավոր վերականգնող Նիկոլայ Միխայլովի գլխավորությամբ, ով թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում որմնանկարների վերականգման երկար տարիների փորձ ունի։

հավելյալ նյութեր