Գրքի երևանյան փառատոն 2024․ գրքասերի ուղեցույց
Փառատոն

Գրքի երևանյան փառատոն 2024․ գրքասերի ուղեցույց

Մեկնարկում է Գրքի երևանյան փառատոնը՝ ամենասպասված տոնը բոլոր գրքասերների համար։ Սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին քաղաքը, ավելի ճիշտ՝ այս անգամ Հայաստանի ազգային պատկերասրահը, լիքն է լինելու գրքերով, գրողներով, հրատարակիչներով և ընթերցողներով։ Դե իսկ մենք՝ նվիրյալ գրքասերներս, այդ երեք օրերն անցկացնելու ենք Ազգային պատկերասրահի դահլիճներում և կամարների տակ՝ ոչ մի գիրք, միջոցառում կամ շնորհանդես բաց չթողնելու նպատակով։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

 

Փառատոնի ամբողջական ծրագիրը՝ այստեղ։

 

#ՔաղաքըԿարդումԷ

Օր #1 - Կատարեալ սէր մերժէ զերկիւղ

Գրքի երևանյան փառատոնը՝ Ազգային պատկերասրահում. ի՞նչը կարող է ավելի խորհրդանշական մեկնարկ լինել փառատնի համար, եթե ոչ Մեծարենցի հայտնի մատանու ցուցադրությունը։ «Կատարեալ սէր մերժէ զերկիւղ»՝ փորագրված է մատանու վրա, և սա անպայման տեսնել է պետք։ 

 

Նույն սրահում 14։00-ին տեղի կունենա քննարկում-բանավեճ Ագաթա Քրիստիի ֆենոմենի և դետեկտիվ ժանրի վերաբերյալ։ Վստահաբար շատերս նկատել ենք՝ չենք հասցնում աչք թարթել, մինչ Ագաթա Քրիստիի նոր հայերեն հրատարակություններն են լույս տեսնում։ Կարծես դետեկտիվ ժանրի պահանջարկն էլ աճում է։ Ուրեմն բանավեճի թեմա էլ կա։ 

 

Այս տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը գրական բաթլն է. այո-այո, հենց այդպես։ 18։00-ին բանաստեղծության ժանրում իրենց ուժերը կփորձեն գրողներ Նարեկ Կոսմոսը, Գևորգ Կաասը, Լուսինե Եղյանն ու Անի Տոնոյանը։ Պոետիկ բաթլը կներառի ինչպես իմպրովիզներ, այնպես էլ մեզ արդեն հայտնի ստեղծագործությունների փոփոխված տարբերակներ։ Իրոք որ, ուրբաթ երեկոն գրքոտ է լինելու։

 

…և ավարտվելու է շաաա՜տ գրական ստենդափով՝ ​​«Արի» ստենդափ ակումբի կոմիկներ Արմեն Սարգսյանը, Վազգեն Օհանյանը, Տիգրան Գևորգյանը և Անդրանիկ Համբարձումյանը գալու են Բուքֆեստ՝ գրականը և կոմիկականը համատեղելու նպատակով։ Մի անհանգստացեք՝ մուտքը տոմսով չէ, այլ գրքով։

 

Ի դեպ, այս ու մյուս բոլոր միջոցառումները, որտեղ տոմսի փոխարեն գրքեր են ընդունվում, բարեգործական են։ Հավաքված գրքերն ուղարկվելու են սահմանամերձ գյուղերի գրադարաններ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի միջոցով։

 

Հա՜, չմոռանանք նաև, որ Գրքի երևանյան փառատոնը Վերսոպոլիսի աջակցությամբ արդեն միջազգային հարթակ է բարձրացել։ Եվ այս տարի էլ հյուրընկալելու ենք գրողների Ռուսաստանից, Լատվիայից, Սլովենիայից, Իտալիայից, Վրաստանից և Իսպանիայից։

 

Փառատոնի ազդագիրը մշակվել է ZEAL ROOM ստուդիայում

 

Օր #2 - Բանաստեղծություններն այլևս այն չեն. «Չոռ ♡»՝ մեմաստեղծություններ

Փառատոնի երկրորդը օրը կսկենք անկախության շրջանի կարևորագույն հայ բանաստեղծներից մեկի՝ Հուսիկ Արայի «Երբ սիրում եմ քեզ» ժողովածուի և Էրվե Լը Տըլյեի «Անոմալիա» գրքի շնորհանդեսներով։ 

 

13։00-ին էլ նախատեսվում է այս տարվա գրքի փառատոնի ամենակարևոր միջոցառումներից մեկը՝ «Գործակցության հարթակ»-ը՝ փիչինգը։ Սա ոլորտում նոր ուղիներ հարթելու հիանալի հնարավորություն է սկսնակ գրողների, դրամատուրգների և սցենարիստների համար։ Հարկավոր է միայն վերցնել ձեր լոգլայնները, սինոփսիսները և պատրաստել այնպիսի տեքստեր, որոնք կտպավորեն գրական գործակալներին և ռեժիսորներին։ Յուրաքանչյուր մասնակցի հանդիպումը տևելու է 10-15 րոպե։ Ամեն մենթոր կարող է հանդիպել առավելագույնը 8 մասնակցի։ Մուտքը՝ գրանցումով։

 

16։00-ին սպասվում է քննարկում Հայստանում գիտաֆանտաստիկայի և ֆենթըզիի զարգացման ուղիների մասին։ Իսկ որտեղ հայսայֆայը, այնտեղ էլ Արմկոնը, որը տարիներ շարունակ Հայաստանում անցկացնում է ժանրային մրցույթներ։

 

Գիտաֆանտաստիկայից ներդաշնակ անցում կատարենք պատկերապատումի՝ կոմքիսի ժանրին և մասնակցենք «Սասունցի Դավիթ» պատկերապատման պերֆորմատիվ ընթերցմանը։ «Սասունցի Դավիթ» կոմիքսը թումանյանական բնագրի նոր ադապտացիան է, որը շատ արագ դարձել է ուսումնաօժանդակ ձեռնարկ։  

 

Իսկ ընթերցումից ուղիղ մեկ ժամ անց՝ 18:00-ին, կմեկնարկի մեկ այլ կարևոր ժամանակակից պոետի՝ Կարեն Անտաշյանի նոր մեմաստեղծություններով (հեղինակի սեփական բնորոշումն է, մենք ոչինչ չենք հորինել) ժողովածուի շնորհանդեսը՝ «Չոռը ♡»։ Գիտենք, գիտենք, մենք էլ ենք սրտատրոփ սպասում։  

 

Սեպտեմբերի 7-ի կարևոր շնորհանդեսները այսքանով չեն ավարտվի։ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում 19։00-ին տեղի կունենա «Թատերական Երևան» ծրագրով հրատարակված պիեսների ժողովածուների շնորհանդեսը։ Իսկ թատերական երեկոն կեզրափակենք Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» մենաներկայացումով։ Մուտքն էլ, արդեն գիտեք, գրքով է։

 

Օր #3 - Փառատոնի վերջին օրը

Փառատոնի վերջին օրը՝ կիրակին, կսկսվի իտալական գրականության ամենահայտնի ստեղծագործություններից մեկով՝ Ջուզեպպե Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպի շնորհանդեսով։ Ասում են՝ այս գիրքը անպայման կարդալ է պետք (իսկ գրքից հետո նաև համանուն ֆիլմն է պետք դիտել, այդպիսով նաև հարգելով մի քանի օր առաջ կյանքից հեռացած Ալեն Դելոնին)։

 

Բայց վերադառնում ենք Վերսոպոլիս հարթակին։ Սեպտեմբերի 8-ի ծրագրի մեխը արտասահմանցի բանաստեղծների հետ հանդիպումներն են։ Գրքասերներին կներկայանան իտալացի Վալենտինա Կոլոննան, վրացի Դիանա Անփիմիադին, ապա իսպանացի Թերեսա Խուան Լոպեսը։ Մեկը մյուսից հետաքրքիր հանդիպումները կավարտենք ANTIպոեզիայի ընթերթումներով։ Գիրքն էլ, դե գիտեք, դռներ է բացում։))

 

Գրքի փառատոնը փոքրիկ գրքասերներին էլ չի մոռացել։ Չարենցի տուն-թանգարանում՝ «Էնկի» ստվերների շարժական թատրոնում, 13։00-ին տեղի կունենա «Գիքորի երազը» ստվերախաղը (4+), իսկ ծնողների և մանկավարժների համար՝ 15։00-ին «Ճանապարհ դեպի ստեղծարարություն» Արմինե Անդայի աշխատարանը։


Իսկ վերջում, ավանդաբար, Գրքի երևանյան միջազգային փառատոնը կավարտենք մրցանակաբաշխությամբ։ 19։00-ին տեղի կունենա Բուքֆեստի փակման արարողությունը, և ելույթ կունենա Գոռ Սուջյանը։ Եվ մենք՝ գրքասերներս, անհամբեր կսպասենք՝ ընթերցելու այս տարվա հաղթող ստեղծագործությունները պոեզիա, արձակ, դրամատուրգիա և մանկապատանեկան գրականություն անվանակարգերում։

 

հավելյալ նյութեր