Հայ, կոսմոպոլիտ, նորաձև
Ի՞նչն է դարձնում Փարաջանովի արվեստն այդքան հայկական ու միևնույն ժամանակ՝ այդքան աշխարհինը։ Ու ինչպե՞ս է ստացվում, որ նույնիսկ մեզ համար դեռևս մինչև վերջ չբացահայտված նրա ստեղծագործական լեզուն ոգեշնչում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող ու տարբեր աշխարհընկալման տեր արվեստագետների։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը փորձել է գտնել այս հարցերի պատասխանները՝ հայ և համաշխարհային նորաձևության մեջ փարաջանովյան ոգեշնչումների օրինակով։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
ԵՐԵՎԱՆ #86 | 2024
Կոսմոպոլիտ հայը
Շատերը կասեն, թե Սերգեյ Փարաջանովը հայկական պոստմոդեռնիզմի վառ ներկայացուցիչ է, մյուսները՝ թե նա դուրս է բոլոր տեսակի իզմերից, մի մասը կասի, որ հայկական, վրացական, ուկրաինական և իրանական մշակույթներն ու ազգագրությունն առանցքային են Փարաջանովի արվեստում, մյուս մասն էլ կպնդի, թե գործ ունենք մեծամասամբ հորինված ազգագրության ու ծեսերի հետ։ Փարաջանովի ֆենոմենը հենց նրանում է, որ այս բոլոր պնդումներն էլ ճիշտ են։ Խաղալով կանոնիկի ու ոչ կանոնիկի հետ, զարգացնելով թեմաներ ու դրանց նոր իմաստ հաղորդելով, ստեղծելով վիզուալ հանգավորումներ՝ նա ձևավորում է սեփական պատկերագրությունը։
Փորձենք գտնել մեր ուղենիշն ու նաև համարձակվենք պնդել, որ Փարաջանովի արվեստը հայկական է և որ նրա արվեստի առանցքում տեսանելի են հայկական պոստմոդեռնիզմի սկզբունքները։ Այսպես՝ գեղարվեստական աշխարհայացքային մտածողությունը, ինչպես և ձևաստեղծման տեխնոլոգիան, մեդիան ժամանակակից է և արևմտյան, իսկ ստեղծագործության էսթետիկան թե՛ արևմտյան է ու թե՛ արևելյան միաժամանակ։
Բայց և չենք կարող չարձանագրել, որ Փարաջանովը սինթեզում է գեղարվեստական ոճերը. հայկական որմնանկարներից և մանրանկարներից մինչև Իրանի ղաջարական նկարչություն, Թիֆլիսի կյանքից մինչև սյուրռեալիզմ, փոփ-արտից մինչև ուղղափառ սրբապատկերներ, Կուրոսավայից մինչև Հովնաթանյան, ուկրաինական լեգենդներից մինչև Լեոնարդո դա Վինչի, հնավաճառների տաղավարներից մինչև Չարենցի պոեզիա, Վախթանգովի և Յակուլովի թատերական ապրումներից մինչև իրական բանտային ապրումներ։ Եվ, ի վերջո, ամենաառանցքայինը՝ Սայաթ-Նովա, ում ստեղծագործության մեջ տեսնում ենք դասական հայ բանաստեղծական միտքն ու արևելքի աշուղական պոեզիան։ Եվ հենց սրանով է Փարաջանովը միաժամանակ հայ ու կոսմոպոլիտ։
Դուն կրակ, հագածդ կրակ
Այդպես էլ սինթեզված են ոգեշնչումները հենց իրենից՝ Փարաջանովից։ Իր կոլաժների ու հատկապես ֆիլմերի միջոցով աշխարհի դիզայներներին Փարաջանովը նվիրում է գործվածքների և ձևերի ահռելի բազմազանություն՝ թույլ տալով ուզածդ ձևով քանդել ու հավաքել այդ վառ խճանկարը։ Հագուստը Փարաջանովի ֆիլմերում հայտնվում է ոչ մինչև վերջ հարթ, ապլիկատիվ, ոչ էլ խոր եռաչափ, սակայն միանգամայն շոշափելի և համահունչ իր ֆիլմերում ձևավորած ընդհանուր վիզուալ համակարգին։ Նա ներկայացնում է հագուստը որպես մակերես, ֆակտուրա, գունային բիծ և որպես կերպարաստեղծ ուժ։ Բազմազան գործվածքներն ու ասեղնագործ տեքստիլներն ընդգծում, ձևավորում կամ թաքցնում են մարմիններն ու տարածությունը՝ հորինված աշխարհների սիրո, ծննդյան և մահվան ծեսերի մեջ։ «Դուն կրակ, հագածդ կրակ…». Սայաթ-Նովայի բանաստեղծական գունապնակն իր արտահայտումն է գտնում նաև Փարաջանովի ֆիլմերի հագուստում` ի դեմս մշակութային տեսանկյունից ամենասեմանտիկ գույների՝ սևի, կարմիրի ու սպիտակի։
Այսպես, ժամանակի ընթացքում նորաձևության պատմությունն արձանագրում է հավաքածուներ, որոնք այս կամ այն ձևով հարգանքի տուրք են մատուցում Վարպետին։
Բրազիլացի դիզայներ Ալեքսանդր Հերչկովիչը Սերգեյ Փարաջանովից ոգեշնչումն արտահայտեց իր 2010-ի աշուն–ձմեռ հավաքածուում՝ ներառելով ազգային տարազի ժամանակակից վերարտադրություններ, որտեղ գլխազարդերը, մետաղական և փայտե հավելումները, բրդյա վերարկուներ հիշեցնող վերնահագուստն ու ասեղնագործ զարդանախշերի պրինտները միանգամից հիշեցնում են «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը։ Նորաձևության քննադատները Հերչկովիչի այս հավաքածուն որակեցին որպես նրա լավագույնը։
2015-ին Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում ուկրաինացի դիզայներ Ուլյանա Սերգեյենկոն ներկայացրեց իր գարուն–ամառ հավաքածուն՝ ոգեշնչված «Նռան գույնից» և Նիկո Փիրոսմանիի գեղանկարներից։ Դիզայներին հաջողվել էր նորաձևության լեզվով վերարտադրել ազգային մոտիվներն ու սիլուետները։ Սերգեյենկոն համառ պատմական ու ազգագրական ակնարկներ է անում՝ համադրելով դրանք խիտ ասեղնագործված զանգակաձև կիսաշրջազգեստների և դասական բրիտանական ժակարդի հետ։
2018–ին հայ դիզայներ Արամ Նիկոլյանը գարուն–ամառ «Մուսա. Փարաջանով» հավաքածուով տուրք մատուցեց իր մուսային։ Այս էկլեկտիկ հավաքածուն Փարաջանովին ներկայացնում է երեք դիտակետից՝ ֆիլմեր, կոլաժներ և հենց Փարաջանովի կերպարը։ Տարազային սիլուետներ, ժանյակներ ու ոսկեթել ասեղնագործություն՝ ժամանակակից մատուցմամբ։
Իտալացի դիզայներ, Kenzo նորաձևության տան նախկին կրեատիվ տնօրեն Անտոնիո Մարրասի 2016-ի գարուն-ամառ հավաքածուն ևս ոգեշնչված էր Փարաջանովից. կոտրված ափսեի բեկորների պրինտ, հարուստ գունապնակ, ոսկու, արծաթի, բրոնզի, ասեղնագործ զարդանախշերի, ուլունքների առատություն, հղում դերվիշական հագուստին՝ ի դեմս լայն տաբատների, բաճկոնների և կիսաշրջազգեստների ու մի վերջին շտրիխ՝ առաջին շարքում դրված նռներ ցուցադրության ժամանակ։
2020-ին Լեդի Գագայի «911» տեսահոլովակը, իսկ ավելի ճիշտ՝ մինի-ֆիլմը, ռեժիսոր Թարսեմ Սինգհի հարգանքի տուրքն է արտ-հաուս դասականներին, ինչպիսիք են Ալեքսանդր Խոդորովսկու «Սրբազան լեռը», Ֆեդերիկո Ֆելինիի «81/2–ը» և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»։ Փարաջանովյան ոգեշնչումները տեսահոլովակում բացի ուղիղ տեսարանային հղումներից իրականացվել են նաև հագուստի միջոցով՝ շնորհիվ Գագայի, նրա նորաձևության տնօրեն Նիկոլա Ֆորմիչետիի և ոճաբան Մարտա դել Ռիոյի կողմից ընտրված մի շարք հատուկ գործվածքների։
2021-ին ստեղծագործական երկար դադարից հետո վրացի դիզայներ, Bicholla բրենդի հիմնադիր Բիչոլլա Տետրաձեն վերադարձավ նոր՝ աշուն-ձմեռ «Փարաջանով» հավաքածուով։ Ըստ նրա, Փարաջանովը կարողացել է մնալ միանգամայն ազատ՝ խորհրդային գրաքննության պայմաններում և այդ ստեղծագործական խիզախությունը մեծապես ոգեշնչել է դիզայներին։
Իր հավաքածուում նա խաղում է «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները» և «Աշուղ Ղարիբ» ֆիլմերի պատկերներով։ Հավաքածուի գունային սխեման առանձնանում է սևի, արքայական մանուշակագույնի և սպիտակի դրամատիկ հակադրություններով: Զգեստները կարված են թավիշից, ժանյակներից, մետաքսից, շիֆոնից և ժակարդից ու զարդարված են Փարաջանովի սիրելի մարգարիտներով, ծովախեցիներով և այլ գանձերով։
2024–ին էլ Հայաստանի նորաձեվության եվ դիզայնի պալատի նախաձեռնությամբ հայ մի շարք դիզայներներ իրենց աշխատանքները ցուցադրեցին Փարաջանովի թանգարանում՝ ոգեշնչվելով Վարպետի գեղագիտությունից։
Փարաջանովյան ոգեշնչում՝ 2024–ի Միլանի նորաձևության շաբաթին
2017-ին հայկական «Արտույտ» բրենդը Փարաջանովի թանգարանի հետ համագործակցության արդյունքում հանդես եկավ նոր գարուն–ամառ հավաքածուով։ Մետաքսե շարֆերի հավաքածուն ներկայացրեց կոլաժների վերատպություններ՝ դա Վինչիի, Պինտուրիկիոյի արվեստին արված՝ Վարպետի հղումներով ու տիպիկ փարաջանովյան վիզուալ լուծումներով։ Արդեն այս տարի՝ սեպտեմբերի 21-22-ին Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում «Արտույտը» հանդես եկավ Փարաջանովի 100-ամյակին նվիրված շարֆերի և 18 զգեստներից բաղկացած նոր oտ–կուտյուր «Փարաջանով 100» հավաքածուով։
«Փարաջանով 100»–ը Վերածննդի վեհության և ժամանակակից մինիմալիզմի բանաստեղծական յուրահատուկ միաձուլում է, որը միավորում է հավերժական նրբագեղությունն ու ժամանակակից նորարարությունը: Հավաքածուի ցուցադրութունը Միլանում ուղեկցվել է Փարաջանովի արվեստը ներկայացնող իմերսիվ շոուով, Վարպետի ֆիլմերի մասին դասախոսությամբ և ֆիլմերի ցուցադրությամբ։
Իսկ մինչ այդ, հետևելով Փարաջանովի 100-ամյակին նվիրված ստեղծագործական գործընթացներին, վստահաբար կարող ենք փաստել, որ Վարպետը, հաղթահարելով գրական նարատիվը, իր արվեստ է ներմուծել նորաձևության, գեղանկարչության, երաժշտության, խորեոգրաֆիայի և մնջախաղի պոետիկան՝ դրանով իսկ հարստացնելով իր արվեստն ու ստեղծելով ոգեշնչման նոր հնարավորություններ բոլորի համար՝ անկախ ազգությունից