Հայավարի cancel culture․ երևանյան չեղարկումների պատմություն
Մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկումներ են ընթանում երգչուհի Սևդալիզայի երևանյան համերգի չեղարկման շուրջ։ Երաժիշտ Արթուր Աթայանն ուսումնասիրել է վերջին տարիներին այլ չեղարկումները ու փորձել հասկանալ, թե ինչու և ինչպես է այդպես տեղի ունենում։
Տեքստը՝ Արթուր Աթայանի
Հայկական համացանցում պարբերաբար համազգային տուրուդմփոց է սկսվում, որի հետևանքով չեղարկվում են տարբեր մշակութային միջոցառումներ, մասնավորապես՝ արտասահմանյան արտիստների համերգները։ Չեղարկման սցենարը սովորաբար նույնն է․բազմաթիվ զայրացած քաղաքացիներ սոցիալական կայքերում պնդում են, որ հերթական արտիստի որևէ երգ «մեր ազգին հարիր չէ», «այլասերված է» և «սատանիստական», և վիրավորում է մարդկանց կրոնական զգացմունքները։ Վիրավորվելուց բացի, համերգ չեղարկողները նաև հայ ազգի դեմ ուղղված դավադրություններ են փնտրում՝ հանգամանորեն վերլուծելով երգերն ու հոլովակները և ինչ-որ սիմվոլիկ (ու հիմնականում մտացածին) ենթատեքստեր գտնելով։ Ցավալի է, բայց այս ամենը վերածվել է հանրային ճնշման և գրաքննության բավական էֆեկտիվ համակարգի։
Իհարկե, չեղարկում էլ կա, չեղարկում էլ։ Օրինակ, մի երկու տարի առաջ ադրբեջանական լեյբլի հետ համագործակցող Անդրո անունով ուկրաինացի երգչի համերգի, կամ օրինակ, սկանդալային բլոգեր Արսեն Մարկարյանի (թեև նա սկի արտիստ էլ չէ) ելույթի չեղարկումները շատ ակնհայտ պատճառներ ունեն, ու առանձնապես խորանալու կարիք էլ չկա։
Բայց բազմաթիվ այլ դեպքերում իրավիճակը բնավ այդքան միանշանակ չէ։ Բավական է, որ արտիստի գործերում կրոնի, հավատքի, եկեղեցու ու մի շարք այլ թեմաներով գոնե մի փոքր վիճելի ակնարկ լինի, զայրացած օգտատերերը գրոհում են կազմակերպիչների սոցցանցերի էջերը, գտնում են նրանց անձնական տվյալներն ու սպառնում ու, կարճ ասած, ամեն ինչ անում են, որպեսզի համերգը չկայանա։ Իսկ կազմակերպիչները միշտ չէ, որ պատրաստ են դիմանալ մահվան սպառնալիքներին, կամ օրինակ, վարկանիշային կորուստներին։ Ու համերգները չեղարկվում են։ Ու քանի որ թեման կարծես թե թեժ է մնալու մոտակա տարիներին, անդրադառնանք չեղարկման ամենահիշարժան դեպքերին։
Ֆիլիպ Կիրկորով, 2005
Հայկական cancel culture-ի առաջին ցայտուն նախադեպը Ֆիլիպ Կիրկորովի նախատեսվող համերգն էր Երևանում՝ 2005 թվականի ապրիլի 7-ին։ Արմատներով հայ և առիթից առիթ՝ հայ ազգի պարծանք Կիրկորովը պիտի ժպիտներ պարգևեր հայ կանանց՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Սակայն մոտ 30 երիտասարդական կազմակերպություն դիմում հղեց քաղաքապետարան, որպեսզի համերգը չեղարկվի, քանի որ պարզվեց, որ Ֆիլիպ Բեդրոսովիչը․․․ թուրքական երգեր է երգում, ու դա հերիք չէ, նաև մեդալ է ստացել ռուս-թուրքական հարաբերություններում ներդրում ունենալու համար (ախ, ի՜նչ սյուրռեալիստական է այսօր սա հնչում)։ Համերգը չեղարկվեց, բայց ամեն ինչ քիչ թե շատ բարեկիրթ ավարտվեց․Կիրկորովը նույնիսկ հարցազրույցում ասաց, որ չի ուզում անկոչ հյուր լինել Երևանում։ Ամենակարևորը՝ մշակութային բախումներ տեղի չունեցան։
Հատված այդուհանդերձ կայացած համերգից
Vader, 2019
Այսօր դժվար է հավատալ, բայց հաջորդ մեկուկես տասնամյակը գրեթե առանց սկանդալների էր անցել։ Իրենց հունով էին ընթանում ռոք ու մետալ բազմաթիվ համերգները, Երևանում ձևավորվում էր տեխնո-ակումբային մշակույթը, գալիս-գնում էին միջազգային խոշոր արտիստները։ Սակայն 2019 թվականի աշնանը հայտնի դարձավ, որ Հայաստան է գալու լեհական Vader լեգենդար դեթ-մետալ խումբը ու համերգ է տալու Տիկնիկային թատրոնում։ Այս համերգի շուրջ հսկայական մի սկանդալ սկսվեց, թեև Vader-ը Երևան եկած ոչ առաջին ու ոչ էլ վերջին մետալ խումբն էր, ու նրանց իմիջը բնավ ամենասկանդալայինը չէր նախկինում նվագած բոլոր արտիստներից։
Տեղի ունեցավ հետևյալը։ Լեհական խումբն ինչ-որ բանով դուր չեկավ ֆեյսբուքահայ օգտատերերին․ինչ-որ մարդիկ խմբի համերգներից ու հարցազրույցներից հատվածներ տեղադրեցին համացանցում (իհարկե, համատեքստից կտրած), ու քանի որ դրանք բավական շոկային էին մետալ մշակույթից անտեղյակ մարդկանց համար, մեծ աղմուկ բարձրացավ։ Բազմաթիվ քաղաքացիներ սկսեցին զանգել և գրել Տիկնիկային թատրոն, պրոցեսին մեծ եռանդով միացան այդ ժամանակվա ընդդիմադիր ակտիվիստները, որոշ պատգամավորներ, ու իհարկե լրագրողները, որոնց թեթև ձեռքով միջոցառումը դարձավ «սատանիստների համերգ»։ Այս կետից ձնագունդն արդեն կանգնեցնել չէր լինի և թատրոնի տնօրինությունը, շառից-փորձանքից հեռու, որոշեց չեղարկել համերգը։ Եվ, իհարկե, որպես կատակերգության արժանի ֆինալ՝ առավել աշխույժ ակտիվիստներից մեկը որոշեց թատրոնի մոտ պրոֆիլակտիկ խունկ այրել, որպեսզի «մաքրի մանուկների աուրան»։
Հանուն արդարության, կային նաև համերգը պաշտպանող դիրքորոշումներ մի շարք արվեստագետների, այդ թվում՝ Սերժ Թանկյանի կողմից։ Ու համերգն ի վերջո, թեկուզ և որոշ բարդություններով, կայացավ Պոլիգրաֆ ակումբում։ Բայց, ինչպես ասում են, տհաճ նստվածք մնաց։
«Հուզանք ու զանգ», 2019
Vader-ի համերգից ընդամենը չորս շաբաթ անց տեղի ունեցավ շատ ավելի մտահոգիչ միջադեպ՝ հարձակում «Հուզանք ու զանգ» բացօթյա ներկայացման մասնակիցների վրա։ Հանրապետության հրապարակի մետրոյի մոտ տեղի էր ունենում ժամանակակից պարի պերֆորմանս, որի մասնակիցները սպիտակ զգեստներ էին հագել, հնչում էր էլեկտրոնային երաժշտություն ու հայ պոետների բանաստեղծություններ։ Ու թեև այս ամենն արտասովոր տեսք ուներ, այստեղ առհասարակ չկար կրոնական որևէ ենթատեքստ, էլ չասած՝ ծաղր կամ անհարգալից վերաբերմունք որևէ մեկի հանդեպ։ Սակայն դա բնավ չխանգարեց տարածքում հանկարծակի հայտնված բազմաթիվ ակտիվիստներին վիրավորանքներ վանկարկել, պարողներին «սատանիստներ» անվանել ու նույնիսկ «զելյոնկա» շփել շիվարած աղջիկների վրա։ Ներկայացումն ընդհատվեց ու վերածվեց սկանդալի, որը հայտնվեց նաև մամուլում։ Պատմությունը երկար տարիների տհաճ զարգացումներ ստացավ, բայց մեզ համար այստեղ կարևոր է հատկապես երկու բան՝ առաջին անգամ չեղարկումը վերածվեց ֆիզիկական բռնության, և մյուս կողմից՝ ցանկացած պատահական անհասկանալի երևույթ «սատանիզմ» անվանելը դարձավ համատարած սովորություն։

Լուսանկարը՝ MORGENSHTERN/VK
Մորգենշտերն, 2022
Հաջորդ աղմկահարույց դեպքը Մորգենշտերնի համերգն էր, որը պիտի կայանար 2022 թվականի մարտի 11-ին։ Ռուսաստանցի հանրահայտ ռեփերին, իհարկե, օրինակելի անձնավորություն անվանել դժվար է, բայց չեղարկման հիմնական պատճառը նրա արտաքինն էր, մասնավորապես՝ ունքի վերևում «666» դաջվածքը։ Ըստ հայ օգտատերերի՝ այս դաջվածքը միանշանակ վկայում էր, որ արտիստը սատանայապաշտ է, իսկ նրա համերգը՝ համապատասխան արարողություն։ Ընդ որում՝ հենց այս անգամ հատկապես ակնհայտ դարձավ, որ որոշ առանձին օգտատերեր կիսատ-պռատ, սենսացիոն տեքստերով հատուկ են սրում իրավիճակը՝ մարդկանց ուղղորդելով ու հորդորելով կանխել համերգի անցկացումը։ Դա մասնավորապես երևում էր ֆեյսբուքում շրջող բազմաթիվ կոչերում, որոնցից տպավորություն էր ստեղծվում, որ ՀՀ քաղաքացիների կեսը բան ու գործ չունի՝ սատանային է պաշտում, իսկ մյուս կեսի սուրբ պարտականությունն է կորուսյալ եղբայրներին կա՛մ դարձի բերելը, կա՛մ, ըստ այլ մոտեցման, կոտորելն ու վտարելը։

«Սոմա, կրակե օղակ», 2022
Կրքերը դեռ չէին հանդարտվել, իսկ հաջորդ սկանդալն արդեն մոտ էր։ Տեղի էր ունեցել սարսափելի, անդառնալի մի բան․․․ ո՛չ, Մերիլին Մենսոնը չէր եկել Հայաստան, ու ոչ էլ երջանկահիշատակ Օզզին էր հերթական չղջիկին կերել Հանրապետության Հրապարակում, ո՛չ, շատ ավելի սարսափելի էր մեր գլխի եկածը․Օպերայի և բալետի թատրոնը որոշել էր բեմադրել Ավետ Տերտերյանի «Սոմա, կրակե օղակ» օպերան՝ գրված Եղիշե Չարենցի հայտնի պոեմի հիման վրա։ Պաստառի վրա կնոջ կարմիր դեմք էր։ Այսքանը։ Լուրջ։ Նորից կարդանք․ Չարենց՝ հայ մեծագույն պոետներից մեկը։ Տերտերյան՝ հայ կարևորագույն կոմպոզիտորներից մեկը։ Օպերա, վերջիվերջո։ Սակայն, կնոջ կարմիր դիմագծերն ու հնդկական դիցաբանության կերպար լինելն այնքան վախեցրեց հայ հանդիսատեսի մի մասին, որ հարյուրավոր մարդիկ հավաքվեցին քոմենթներում և բեմադրությունն անվանեցին․․․ իհարկե՝ սատանիզմ։ Այս թեզն ապացուցելու համար մեկնաբանողները չխնայեցին ո՛չ Չարենցին, ո՛չ Տերտերյանին, և, իհարկե, գտան հազար ու մի սիմվոլիկ բացատրություն, որ սա արվում է հատուկ հայ ազգը վերջնականապես քայքայելու համար։ Բարեբախտաբար, այս պատմությունը լավ ավարտ ունեցավ․ պրեմիերան մեծ հաջողություն վայելեց, հանդիսատեսը հիացած էր, իսկ դավադրապաշտները մի քիչ էլ բողոքեցին ու ցրվեցին մինչև հաջորդ առիթը․․․
Little Big, 2023
Այս դեպքը պատահեց մի տարի անց, երբ ՀՀ սկսեցին սովորականից ավելի հաճախ գալ ռուսական հայտնի արտիստներ։ Նրանցից ոմանք այլևս չէին կարող նվագել Եվրոպայում, մյուսները՝ Ռուսաստանում, և հայտնի երգիչների այս հոծ բազմությունը ստիպված գնում էր այնտեղ, որտեղ գոնե մի քիչ փող կար, օրինակ՝ Հայաստան։ Դա, մի կողմից, հաճելի էր․վերջիվերջո Noize MC-ին կամ СПЛИН-ենց այլ հանգամանքներում ե՞րբ կտեսնեինք, բայց մյուս կողմից էլ մի փոքր վիրավորական․ փաստորեն, մինչև դանակը ոսկորին չհասներ, մենք նրանց տեսնելու շանս էլ չէինք ունենա։
Համերգների այդ շարքում կարծես թե պիտի անցներ ու գնար իրենց գրոտեսկային, աբսուրդիստական ու երբեմն ցենզուրայի սահմանն ահագին հատող երգերով հայտնի Little Big խմբի ելույթը։ Բայց նախորդ հաջողություններով ոգևորված ֆեյսբուքահայերն այս անգամ շատ ավելի կազմակերպված առցանց գրոհ գործեցին կազմակերպիչների վրա՝ իրականացնելով ստորագրահավաք, որում նշվում էին մասնավորապես խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի սկանդալային արարքները․ թե ինչպես է նա երգում տարբեր ոչ հայեցի թեմաներով և անարգում քրիստոնեական խորհրդանիշները։ Արդյունք՝ համերգը չեղարկվեց, որովհետև կազմակերպիչը չէր կարող երաշխավորել աշխարհում այդ ժամանակ բավական թրենդային արտիստի անվտանգությունը։
Sevdaliza, 2025
Ամենաթարմ դեպքը, թերևս, հոլանդացի (իրանա-ռուս-ադրբեջանական արմատներով) երգչուհի Սևդալիզայի համերգն էր Coca-Cola Music Fest-ի շրջանակում։ Նիդերլանդներում բնակվող երգչուհին ստեղծագործում է փոփի, r’n'b-ի ու էլեկտրոնային երաժշտության միջակայքում, իսկ նրա տեսահոլովակները կոնցեպտուալ արվեստի տարրեր ունեն։ Հենց նրա վերջին հոլովակը՝ «Messiah»-ն, գրավեց ֆեյսբուքահայ պատժիչ ամբոխների ուշադրությունը, և արձագանքը բավական օպերատիվ էր․մի քանի օրում բազմաթիվ մարդիկ հեղեղեցին փառատոնի բոլոր էջերը։
Հանուն արդարության նշենք, որ թեև հոլովակն ունի բավական հետաքրքիր սիմվոլիկ լեզու ու մշակութային հղումներ, այն իսկապես շատ պրովոկատիվ է․ կիսամերկ երգչուհին պառկած է խաչակերպ անկողնու վրա, իսկ երգի տեքստը, մեղմ ասած, երկիմաստ է։
Հետաքրքիր է, որ ավանդական տուրուդմփոցն այս անգամ նաև տարածվեց ֆեյսբուքի «արվեստասեր» սեգմենտում։ Բազմաթիվ օգտատերեր քննադատում էին չեղարկումն ու փորձում էին արդարացնել երգչուհու սկանդալային կերպարը՝ մատնանշելով խոսքի, խղճի ու արվեստի ազատությունը, իսկ մյուսները պնդում էին, որ հոլովակը չափից դուրս վիրավորական է, երգչուհին էլ իրենից առանձնապես բան չի ներկայացնում։ Ու թեև Կոկա-Կոլան հրատապորեն չեղարկեց երգչուհու ելույթը, բուռն բանավեճերը դեռ շարունակվում են։
Վերջաբանի փոխարեն
Արվեստը կարող է ծաղրել և սադրել նույնքան բարեհաջող, որքան հակառակը՝ փիլիսոփայել ճշմարտության մասին և քարոզել համամարդկային արժեքներ։ Ու հաճախ այս երկու հակադիր բևեռները կարող են միավորվել արվեստի մի գործի մեջ։ Ու խնդիրն այն է, որ ի տարբերություն ատելության խոսքի կամ բռնության կոչերի, արվեստում այդ բոլոր արտահայտումները չափել, կամ առավել ևս դրանց իրավական գնահատական տալ շատ ավելի բարդ է, հիմնականում՝ անհնար։ Եվ, իհարկե, միշտ ակտուալ է մնում նաև ճաշակի հարցը․ինչ-որ բան, որ գեղեցիկ ու հաճելի է ինձ համար, կարող է տհաճ լինել մյուսին։ Դրա համար էլ արվեստի գործերի մասին խոսում են ոչ թե դատավորները, այլ արվեստի քննադատները, որոնք փորձում են հասկանալ և արժևորել արվեստի գործերը։ Կամ հակառակը։ Եվ իհարկե, չմոռանանք ոսկե կանոնը՝ չես հավանում, մի՛ նայիր։