Ինչո՞ւ գնալ և ի՞նչ լսել Highland Metal Fest 2026-ին
🔨

Ինչո՞ւ գնալ և ի՞նչ լսել Highland Metal Fest 2026-ին

Ուրախացե՜ք, ռոքերներ, ցնծացե՜ք մետալիստներ։ Շատ շուտով՝ հունիսի 12-ից 14-ը, Երևանում կկայանա Highland Metal Fest 2026-ը, որը կլինի Հայաստանում երբևէ անցկացված ամենամեծ մետալ փառատոնը։ ԵՐԵՎԱՆ ամսագրի խնդրանքով երաժիշտ և համերգասեր Արթուր Աթայանը կպատմի՝ ինչ սպասել տարվա երաժշտական ամենածանր իրադարձությունից։

Տեքստը՝ Արթուր Աթայանի

 

Փառատոնի տոմսերը՝ այստեղ

#Ռոք

Ինչ է Highland Metal Fest-ը

Մի քանի շաբաթ առաջ սոցցանցերում հայտնվեց նոր մետալ փառատոնի պաստառը, որը տեսնելիս ակամայից աչքերդ էիր տրորում։ Zhesht Events ընկերությունը հերթական անգամ ծանր երաժշտության սիրահարներին մատուցեց անակնկալ՝ ավելի քան 25 տեղական և արտասահմանյան խմբերի մասնակցությամբ փառատոն, որը կտևի երեք օր և կկայանա երեք տարբեր վայրում՝ Տիկնիկային թատրոնում, Զովունիի մոտակայքում՝ բացօթյա տարածքում և Tonelab ակումբում։ Ու քանի որ այս առիթը բաց թողնել իսկապես չի կարելի, որոշեցի մի քանի պատճառ առանձնացնել, թե ինչու արժի անհապաղ տոմս գնել և երեք օր շարունակ մետալ վայելել, հատկապես, եթե դուք նորեկ եք ծանր երաժշտության աշխարհում։ 

 

Միջազգային հյուրեր

Արդեն 18 տարի շարունակ Zhesht Events-ը տարբեր երկրներից խմբեր է հրավիրում Հայաստան՝ մշտապես պահելով կարևոր մի նշաձող․ հրավիրված արտիստը, անկախ համբավից կամ դիտումներից, որակյալ, հետաքրքիր երաժշտություն է նվագում։ Այս տարին բացառություն չէ․ Հայաստան են ժամանում բազմաթիվ խմբեր։ 

 

Միայն վրացիներն այնքան շատ են, որ ենթադրում եմ՝ մի ամբողջ ավտոբուս կլցնեն երաժիշտներով։ Նախ՝ Հայաստան է վերադառնում տեղական հանդիսատեսի շրջանում հատուկ սեր վայելող Psychonaut 4-ը։ Փսիխոնավտները տարածաշրջանում այն հազվագյուտ խմբերից են, որ հասել են միջազգային ճանաչման ու շրջագայում են անգամ Ամերիկայում։ Խմբի ոճը շատ է փոփոխվել տարիների ընթացքում․ եթե վաղ ալբոմները իրենք իսկ անվանում էին post-soviet metal, իսկ տեքստերը հաճախ ռուսերեն էին, ապա վերջին՝ 2024թ․ «…Of Mourning» ալբոմն ամբողջովին վրացերեն է, տեղ-տեղ անողոք ու ծանր, տեղ-տեղ` մեղեդային ու հուզիչ։ 

 

 

Վրացական մի շարք խմբեր այնքան են երևացել հայկական բեմերում, որ դարձել են տեղական մետալ համայնքի լավ ընկերները։ Այդ թվում են իհարկե դեթ մետալ նվագող Dismorial-ն ու Angel of Disease-ը, որոնց հայ հանդիսատեսը միշտ մեծ ուրախությամբ է ողջունել։ Նրանց հետ միասին Երևան են վերադառնում հարդքորային xResitenciAx-ը ու վերջերս Տիկնիկային թատրոնում փառահեղ ելույթ ունեցած դում մետալային Ennui-ն, որոնց մելամաղձոտ գործերն ու թանձր սաունդը իսկական թրիփի են տանում ունկնդրին։ 



 

Երևանում մեկ անգամ ելույթ ունեցած թբիլիսյան Møther-ը կատաղի բլեք է նվագում ու հաստատ դուր կգա ոճի սիրահարներին, իսկ այ Zombie Orchestra-ն մեզ մոտ առաջին անգամ է գալիս։ Այս խումբն իրեն դիրքավորում է որպես «post-apocalyptic grindhouse dieselpunk» (թարգմանեք ոնց կուզեք), ու,  ըստ էության, թբիլիսյան մետալ անդերգրաունդի սուպեր-խմբերից մեկն է՝ Hymera-ի, Pyschonaut 4-ի և այլ խմբերի անդամներից կազմված։ 

 

 

Բացի վրացական մետալ անդերգրաունդի այս զանգվածային ներխուժումից, Երևան կժամանի ևս երկու միջազգային հյուր։ Գերմանական Բրեմենից գալիս-հասնում է Lagnia-ն՝ իսկական նվեր թրու, օլդ-սքուլային բլեքի սիրահարների համար։ Նրանց հնչողությունը հում ու շատ մռայլ է, ու ունկնդրին կարծես ժամանակի մեքենայով տեղափոխում է հեռավոր 90-ականներ, երբ բլեք մետալը շատ ավելի ռադիկալ էր։ Միջազգային մյուս հյուրը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում գործող Ka’aper խումբն է, որը նվագում է ժամանակակից շնչով մելոդիկ դեթ․ նրանց երաժշտության մեջ հարազատ բան կգտնեն թե սկանդինավյան մելոդեթի, թե գրուվ մետալի սիրահարները։ 

 

 

Հայկական խմբեր

Հիմնադրման օրերից Zhesht-ի կազմակերպած համերգներին նվագել են գրեթե բոլոր հայկական մետալ խմբերը։ Տեղական արտիստների համար սա հրաշալի հնարավորություն էր թե ինքնադրսևորվելու, թե ծանոթություններ հաստատելու, թե սիրելի խմբերի հետ անձամբ ծանոթանալու։ Highland Metal Fest-ում ներկայացված կլինի հայկական մետալ անդերգրաունդի գրեթե ողջ գունապնակը՝ երիտասարդներից մինչև անսպասելիորեն վերամիավորված վետերաններ։ 

 

Վերջիններիս թվին է պատկանում լեգենդար Ayas խումբը․ այն 1980-ականներից պարբերաբար վերադառնում է փոփոխվող կազմերով, որոնց կենտրոնում մշտապես կանգնած է Արթուր Միտինյանը՝ հայկական մետալի հայրերից մեկը։ Խումբը տարբեր փուլեր է անցել՝ սպիդ մետալից մինչև արևելյան շնչով սիմֆոնիկ մետալ, և անչափ հետաքրքիր է, թե ինչ անակնկալ է երկրպագուներին սպասում այս անգամ։ 

 

 

Փառատոնին անսպասելի շատ են հայկական բլեք (և հարակից ոճերի) խմբերը, որոնցից որոշները վերադարձել են տարիների լռությունից հետո։ Ուրախալի է, որ կնվագի Ildaruni-ն՝ հայկական այն բացառիկ խմբերից, որ մեծ ջանքերով կարողացել է Եվրոպայում արդեն երկու սկավառակ թողարկել։ Անցած աշնանը լույս տեսած նրանց փառահեղ ալբոմի մասին կարող եք կարդալ այստեղ, և մնում է հույս փայփայել, որ բեմից նաև նոր գործեր կլսենք։ 

 

 

Բեմում կլինի նաև նոր շունչ առած Divahar-ը․ կանանցից կազմված սիմֆո-բլեք այս կոլեկտիվը ժամանակին ահագին աղմուկ հանեց՝ հիշվող երգերով, տպավորիչ հոլովակներով ու գործերից մեկում լեգենդար Աթթիլա Չիհարի հետ դուետով։ Տարիների ընթացքում խմբի ակտիվությունը նվազել էր, սակայն, 2026 թվականին նրանք արդեն երկրորդ համերգն են տալու։ Հայկական բլեք բեմը կներկայացնի նաև վերամիավորված հեթանոսական Avarayr-ը՝ պարսկահայկական արմատներով խումբ, որը 2010-ականների կեսերից բավականին հայտնի դարձավ Հայաստանում։ Կնվագեն վերջին տարիներին ստեղծված մեր տեղական բլեք-սուպերխումբ Dagagh-ը, տասից ավել տարի հայկական բեմում ակտիվ բլեք/դեթ Merial-ը և անսպասելիորեն ակտիվացած և նոր ալբոմ թողարկած Rahvira-ն՝ 2000-ականների վերջից պարբերաբար լռություն խախտող անդերգրաունդային բլեք նախագիծը։

 

 

Բլեք մետալին արժանի մրցակցություն են ապահովում տեղական երիտասարդ, գրուվի, դեթի ու թրեշի միջակայքում ստեղծագործող խմբերը, որոնք ձևավորվել և եփվել են վերջին տարիներին։ Այս կոլեկտիվներն առանձնանում են նախորդ սերնդի համեմատ թարմ հնչող ու ջղային նվագով․ Rampant Beast, Mudlung (որոնց համար սա, ցավոք, վերջին ելույթը կլինի), Blood Moon, Pareidolia, Zahathdum՝ այս անունները արժանի են ձեր ուշադրությանն ու քաջալերմանը։ 


Շատ ուրախալի էր արտիստների ցանկում տեսնել ռելոկանտական Shimora-ին՝ շվեդական դպրոցի թրեշ/դեթ խումբը, որը հիմնադրվել է Երևանում ու հասցրել է բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերել։ Փառատոնին կտեսնենք նաև հայկական գրուվ մետալի վետերան Perfect Legacy-ին, որի կազմում վերջերս փոփոխություն է եղել, ինչպես նաև ավելի երիտասարդ, բայց ոչնչով չզիջող Selardi-ին, որն առանձնանում է շատ մանրակրկիտ աշխատած սաունդով (ու հայտնի մետալ երգերի 6/8-ի մեջ արված քավրներով)։ Հայկական խմբերի ցանկը պատվով եզրափակում է Eternally Scarred-ը՝ հայկական թերևս ամենահետաքրքիր դում մետալային նախագիծը, որի առաջին ալբոմն, ըստ իս, թերագնահատված գլուխգործոց է։ 



 

Աջակցություն կազմակերպչին

Բոլորս էլ կուզեինք, որ հայկական մետալ համայնքն ավելի աշխույժ լիներ․ ավելի շատ խմբեր ստեղծվեին, ավելի շատ ալբոմներ թողարկվեին, ավելի մեծ համերգներ լինեին ու ավելի շատ հանդիսատես գար այդ համերգներին։ Սակայն հենց այս համայնքն է, որ արդեն 18 տարի է հնարավորություն է տալիս Zhesht-ին նորանոր համերգներ նախաձեռնել՝ երբեմն բառացիորեն փրկելով կազմակերպչին ֆինանսական ձախողումից (ինչպես 2026-ի մարտին՝ Shape Of Despair-ի համերգի դեպքում)։ Այս տարի գործունեության 18-ամյակը (որին նվիրված ֆոտոցուցահանդեսը կտեսնենք փառատոնին) նշող Zhesht-ը հերթական անգամ հանձն է առել հայկական մետալին նոր շունչ հաղորդելը։ Ու թեև տոմսերի առաջին խմբաքանակը սպառվեց համերգից շաբաթներ առաջ, այսպիսի մեծ իրադարձությունները հնարավոր են միայն մեր՝ երաժիշտների ու հանդիսատեսի աջակցության շնորհիվ։ Եկեք ընդունենք, մեզ՝ մետալհեդերիս համար, համերգները մեր իրականության քիչ լուսավոր (հա-հա-հա) կետերից են, երբ կարող ես մի քանի ժամով մոռանալ առօրյան։ Ուրեմն, կազմակերպչին աջակցելն իսկապես կարևոր է ու պիտի արվի գիտակցված․ ամեն գնված տոմս մի փոքր ավելի հնարավոր է դարձնում հետագա է՛լ ավելի լավ համերգները։ 

 

Ամենավերջում կուզեմ հիշատակել մի թեմա, որը բազմիցս եմ քննարկել տարբեր հարթակներում։ Հայաստանում, ցավոք, պարբերաբար զարթնում են ինչ-որ շրջանակներ, որոնք որոշում են գրաքննել, արգելել, բռնաճնշել ալտերնատիվ մշակույթը՝ տեխնո ակումբները, ռեյվերը, ժամանակակից արվեստը, ինչպես նաև մետալ համերգները։ Ու թեև մեզ սահմանափակելու փորձերը, բարեբախտաբար, ապարդյուն են, ու մետալ համայնքն այս հարցում շատ միասնական է, պետք է միշտ հիշել, որ ինչքան ավելի ակտիվ լինի մեր մշակութային միջավայրը, այդքան հասարակությունն ավելի հանգիստ կվերաբերվի այսպիսի իրադարձություններին, իսկ գրաքննողներն ու արգելողներն էլ չեն ունենա որևէ աջակցություն։

հավելյալ նյութեր