Homeing․ տունը՝ շարժման մեջ
Այնպես է ստացվել, որ այսօր տունն ավելի շատ միտք է շարժման մեջ, քան ֆիզիկական միավոր։ Homeing հետազոտական արվեստի նախագիծը ստեղծել է միջավայր, որտեղ տան այդ բոլորովին նոր հայեցակարգը հնարավոր է ուսումնասիրել և հասկանալ։
Հարցազրույցը՝ Մարգարիտ Միրզոյանի
Լուսանկարները՝ Անաստասիա Նաչենկինայի / Homeing
Ցուցահանդեսը տեղի կունենա Ճարտարապետության գրադարանում՝ սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 1-ը
Նախագիծն իրականացվում է Urbanista հարթակի հետ համատեղ
Մարիա Գունկո
Փիլիսոփայության դոկտոր (DPhil) թեկնածու՝ Օքսֆորդի համալսարանի Մարդաբանության և թանգարանային ազգագրության դպրոցում՝ «Դատարկություն. Ապրող կապիտալիզմն ու և ժողովրդավարությունը հետսոցիալիզմից հետո» նախագծի շրջանակներում։ Սշխատել է Գերմանիայում, Ֆրանսիայում և Հայաստանում։ Հրավիրված դասախոս Երևանի պետական համալսարանում։
Մարիա Կրեմեր
Նախկինում դասախոս՝ Բարձրագույն տնտեսագիտության դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի Շրջակա միջավայրի դիզայնի բաժնում։ Նրա աշխատանքները ներկայացվել են տարբեր միջազգային ցուցադրությունների շրջանակներում Գերմանիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Վրաստանում և Հայաստանում։
ԵՐԵՎԱՆը զրուցել է համահիմնադիրներ Մարիա Գունկոյի և Մարիա Կրեմերի հետ նախագծի ստեղծման, «Lost and Found Bureau» նախաձեռնության և սեպտեմբերի 13-ին Ճարտարապետության գրադարանում (LFA) մեկնարկող համանուն ցուցահանդեսի մասին։
Տունը՝ որպես բայ
Մարիա Կրեմեր
2023-ի ամառն էր։ Ես ու Մարիան նստած էինք «Ոչ լույս ոչ մութ» սրճարանում: Տեղավորվել էինք խաղողի վազի ստվերում և զրուցում էինք տարբեր թեմաներով։
Շուտով պարզ դարձավ, որ երկուսիս հետաքրքրող թեման տունն է։ Խոսակցությունը թափ էր հավաքում ՝ միահյուսվելով մասնագիտական փորձի հետ և համեմվելով միգրացիայի մասին անձնական պատմություններով։ Այն «տունը», որի մասին մենք խոսում էինք, տարբեր մասնիկներից կազմված կոլաժ է, դառնալու շարունակական գործընթաց, անդադար աշխատանքային պրոցես։ Նստած մտածում էինք՝ տուն, home։ Մարիան ասեց՝ Homeing, և մեր նախագիծը գտավ իր անվանումը։
Մարիա Գունկո
Ի սկզբանե մտածում էինք մի քանի վայրերում թեմատիկ ինստալյացիաներ տեղադրելու մասին։ Սակայն Արցախում տեղի ունեցած հումանիտար աղետի պատճառով դա այլևս տեղին չէր թվում: Մենք հասկացանք, որ մեզ համար ավելի կարևոր է բացահայտել մարդկային պատմությունները և խորասուզվել այս նոր համատեքստի մեջ, քան կառուցել որևէ ֆիզիկական բան: Առաջին օրվանից էլ պարզ գիտակցում էինք, որ չենք կարող խոսել տան մասին որպես ստատիկ միավոր՝ իր նորմատիվ ընկալմամբ։ Առաջին հերթին, քանի որ բոլորս շատ տարբեր պատկերացումներ ունենք տան մասին, բացի այդ, մենք պարբերաբար փոխում ենք մեր բնակության վայրը, որոշ բաներ վերցնում ենք մեզ հետ, որոշ բաներ գտնում ենք նոր միջավայրում։ Այսինքն՝ տունը պարբերաբար փոփոխվող, հոսող, ստեղծման գործընթացում գտնվող երևույթ է, որը երբեք վերջնական պրոդուկտ չէ։ Այդ պատճառով էլ՝ Homeing որպես բայ։ Այսինքն՝ մեր նախագիծը ունի ևս երկու ուղղվածություն՝ հոսացող տունը որպես սոցիալական գործընթաց և մարդիկ, որոնք կորցրել են այն։
Մարիա Գունկոն և Մարիա Կրեմերը
Տան պես շրջիկ քանդվող-հավաքվող խորանարդը
Մարիա Գունկո
Դեռ նախագծի ամենասկզբում Մարիան ստեղծել էր շատ հետաքրքիր ինստալյացիա ՝ Lost and Found Bureau։ Դա խորանարդ է, որի մեջ տեղադրված է աթոռ և լամպ, և դու կարող ես նստել դրա մեջ։ Մենք նախապես կազմել էինք հարցաշար և մարդիկ տարբեր միջոցառումների ժամանակ հնարավորություն են ունեցել մտնել այդ խորանարդի մեջ և հեռախոսի միջոցով լրացնել հարցաշարը։ Lost and Found Bureau-ն արվեստի արտահայտում է և, միևնույն ժամանակ, արխիվ։
Հարցաշարում կա 16 հարց. Տան գույնի, լուսավորության, հոտերի, առարկաների, պատուհանից բացվող տեսարանի մասին։ Հարցրել ենք նաև՝ ինչ իրեր եք վերցրել կամ փոշմանել, որ թողել եք այնտեղ։ Նաև կան շատ կարևոր հարցեր տանը վերաբերող ավանդույթների մասին, իրադարձությունների, որոնք լցնում էին այն իմաստով։ Այս պահին 160 պատասխան ենք ստացել և արխիվավորել։ Լրացնողների մեջ կան մարդիկ Արցախից, Ռուսաստանից, Ուկրաինայից ու նաև Վրաստանից։
Մարիա Կրեմեր
Ես անվանում եմ Lost and Found Bureau-ն նոմադական բյուրո, որը ճանապարհորդում է տարբեր վայրերով և տարբեր ցուցադրությունների ու միջոցառումների ժամանակ տեղեկատվություն է հավաքում։ Առաջին անգամ այն Գյոթե կենտրոնում է ներկայացվել, հետո գնացել է Բեռլին, Թբիլիսի, Բաթումի և շուտով կվերադառնա Երևան։ Այսինքն՝ սա նույնպես միգրացիոն նոմադական գործընթաց է, որը իրականացվում է մոնո տարածական օբյեկտի միջոցով։ Այն առհասարակ հավաքվող քանդվող է, նույնիսկ հնարավոր է ճամպրուկով տեղափոխել մի երկրից մյուսը:
Երազանք ու հիշողություն
Մարիա Գունկո
Սեպտեմբերի 13-ին տեղի կունենա Lost and Found Bureau նախաձեռնության ցուցահանդեսի բացումը: Հարցաշարի պատասխաններից ստացված անհատական հիշողություններից փորձել ենք ստեղծել տան հավաքական փորձառություն։
Հայտարարել էինք արտիստների կանչ և խնդրել ներկայացնել արվեստի գործեր՝ հիմնվելով այդ հիշողությունների կամ դրանցից մի քանիսի վրա։ Խոսքը ոչ թե պարզապես պատկերելու, այլ այդ առարկաները վերաիմաստավորելու մասին է։ Ի վերջո, տունը, որի մասին մենք խոսում ենք, հա՛մ երազանք է, հա՛մ հիշողություն, իսկ վերջինս, ինչպես հայտնի է, իրականության ոչ ճշգրիտ արձանագրումն է։
Ցուցադրությունը տեղի կունենա Ճարտարապետության գրադարանի բակում գտնվող ավտոտնակում։ Այն կիսադատարկ է լինելու, մի քանի պայմանական իրերով, ինչպես և նոր տունը, որտեղ մենք գալիս ենք և պիտի հարմարություններ ստեղծենք։ Տեղում կտրամադրվեն վիրտուալ իրականության ակնոցներ, որոնց միջոցով էլ կերևան այն կերպարները, որոնք վերաիմաստավորել են նկարիչները։ Այդ իրերը արխիվից գտնված ցիտատների տեսքով էին, օրինակ՝ կարմիր սեղան, հայրիկի շախմատի տախտակը, մայրիկի վիշիվանկան, փափուկ խաղալիք, և այլն։
Նարեկ Բարսեղյանի աշխատանքը
Մարիա Կրեմեր
Այսինքն՝ մենք ստանում ենք միքս իրականություն, որտեղ մարդն ակնոցով իրական տարածքի վրա տեսնելու է իր հիշողությունների և երազանքների պրոեկցիան։ Խաղացել ենք իրերի տեղադրվածության և չափերի հետ։ Դրանցից որոշները լինելու են առաստաղին, որոշներն ավելի մեծ, քան կան իրականում։ Տարածքի մեջտեղում տեղադրվելու է մեր խորանարդաձև ինստալյացիան, իսկ դրա դիմացն կլինի էկրան, որով բոլորը տեսնելու են այն, ինչ տեսնում է ակնոցներ կրող մարդը։
Արտիստներին գրեթե չենք սահմանափակել. կարևոր էր միայն, որ համատեքստին ծանոթ լինեն և կապ ունենան տարածաշրջանի հետ։ Արդյունքում հանդիպել ենք շատ տարբեր մարդկանց՝ իրենց կարիերայի շատ տարբեր փուլերում։ Արտիստների ընտրությունը կատարել ենք՝ կարևորելով աշխատանքի որակն ու անկեղծությունը։ Ոմանք ընտրել էին մեկ իր, մյուսները՝ մի քանիսը՝ վրայից կոլաժի պես ավելացնելով սեփական հույզերը, պատկերացումներն ու ընկալումները։
Հարցաշարը կազմելիս համագործակցել ենք Երևանի պետական համալսարանի սոցիոլոգների հետ և միջոցառման ժամանակ նրանք կներկայացնեն մեր ուսումնասիրության արդյունքներն ու դրանց վերլուծությունը։
Սամար Յոնեսի աշխատանքը
Միասին նոր բան ստեղծելու մասին
Մարիա Գունկո
Այս միջոցառման և, առհասարակ, նախագծի միջոցով ուզում ենք ուշադրությունը սևեռել հարկադիր տեղափոխության հարցին, հատկապես, երբ դա արդեն սովորական երևույթ է, այլ ոչ թե բացառություն։ Մարդիկ ստիպված են անդադար ընտելանալ նոր վայրերի և պետական մարմիներն ու ինստիտուտները պատրաստ չեն պատշաճ ձևով ընդունել այդ մարդկանց ու ապահովություն տալ։ Բացի այդ, այս նախագիծը նաև որոշակի թերապիա է հենց մեր համար, քանի որ մենք ինքներս գտնվում ենք այդ գործընթացում։
Մարիա Կրեմեր
Այս նախագիծը նաև մարդկային կապերի ստեղծման մասին է։ Մենք ուզում ենք ստեղծել ապահով միջավայր, որտեղ կհավաքվեն ամենատարբեր մարդիկ, և ավելի խոցելի խմբի մարդիկ կկարողանան հեշտությամբ ինտեգրվել, փոխհարաբերվել տեղացիների հետ, վերաիմաստավորել իրենց փորձառությունը։ Այստեղ խոսում ենք ավելի շատ ոչ թե ֆիզիկական, այլ սոցիալական տարածության մասին, համայնքի մասին, որը կշարժվի առաջ՝ ստեղծելով նորը։ Այս պահին վերջնաարդյունքի մասին չենք էլ կարող խոսել, քանի որ այստեղ ավելի կարևոր է ճանապարհը, որի ընթացքում ծնվում են գաղափարներ, հայտնվում են նոր մարդիկ, միահյուսվում են տարբեր կապեր, այս ամենը դառնում է ավելի կայուն։
Արդեն մեկ տարի անցել է գաղափարի ստեղծումից։ Սկզբում երկուսով էինք, իսկ այսօր ունենք մեր վիզուալ ինքնությունը, Ուրբանիստայի թիմը, մեր համատեղ գրանտը, պետական համալսարանի սոցիոլոգներին, նկարիչներին, գործընկերներին և այլն։
Անահիտ Սարգսյանի աշխատանքը
Շարժումը և փոփոխությունը ՝ որպես ապրելակերպ
Մարիա Գունկո
Մեր գաղափարը ստեղծվեց շատ ճիշտ վայրում և համատեքստում։ Երբ ծանոթանում ես հայերի պատմության հետ, հասկանում ես, որ նրանք պարբերաբար շարժման մեջ են եղել ոչ սեփական ցանկությամբ։ Բացի այդ, սովետական տարիներին հայերը հայտնի էին նրանով, որ անդադար կառուցում, վերակառուցում և աշխատում էին իրենց տան վրա։ Պատճառները տարբեր էին՝ ամուսնություններ, տատիկի մահը, երեխայի լույս աշխարհ գալը։ Այդ մասին խոսում են նաև Երևանի շենքերի անվերջ կցակառույցները։ Տպավորություն է, որ տունը երբեք չի եղել ստատիկ։ Այսպիսով, մեր նախագիծը տեղավորվում է մշտական շարժման և փոփոխությունների բարենպաստ համատեքստում, որտեղ հայկական տունը դինամիզմի մարմնացումն է:
Մարիա Կրեմեր
Նախագծի ակտուալության տեսանկյունից՝ բնական է, կենտրոնական դեր է խաղում այն, որ 2022 և 2023 թվականին այստեղ եկան շատ մեծ թվով մարդիկ։ Այդ մարդիկ այլ են, բերում են իրենց հետ սեփական հիշողություններն ու պատկերացումները։ Շատ կարևոր է հասկանալ, թե ոնց ենք մենք համատեղվում իրար հետ։ Որպես ճարտարապետ՝ ամեն օր քայլելով Երևանով, ես ինքս զգում եմ, որ այդ նոր մարդկանց հոսքը որոշակի փոփոխությունների է ենթարկում այս տարածքը՝ երբեմն ագրեսիվ, երբեմն՝ հարգանքով։ Մեզ համար կարևոր էր ուսումնասիրել, թե ինչպես է մեր միջավայրը արձագանքում նոր մարդկանց առկայությանը և ապրումներին։ Այնպես որ, սա հետաքրքիր կարող է լինել և՛ միգրանտների, և՛ տեղացիների համար։