hosq. «ապագային միտված ծրագիր»
Ապրիլի 4-ից 6-ը Երևանում տեղի կունենա Études Lab #1 փորձարարական լաբորատորիան՝ ձայնային արվեստագետների, խորեոգրաֆների և վիզուալ արվեստագետների համար։ Երեք օրվա ընթացքում մասնակիցները կմշակեն աուդիո-վիզուալ պերֆորմանս, որը կուսումնասիրի հիշողություն թեման։ Պատմում ենք, թե ովքեր են կանգնած նախագծի հետևում և ինչ են առաջարկում։
Աղբյուր՝ hosq.co
Լաբորատորիայի մասնակիցները կյանքի կկոչեն իրենց գաղափարները համագործակցության միջոցով, իսկ վերջնական ստեղծագործությունները կմիավորվեն մեկ ընդհանուր նախագծի մեջ, որը կստանա դրամաշնորհ հետագա զարգացման և շրջագայության համար։ Լաբորատորիայի կուրատորներն են ստեղծարար ոլորտի առաջատարներ Ցոլակ Մլկե-Գալստյանը, Իլյա Մոշչիցկին, Սերգեյ Կամարովոն ու Լիդիա Գրյազնովան, Դիմա Ուստինովը, Անտոն Շչեգլովը, Շողակաթ Մլկե-Գալստյանը, Անդրիեշ Գանդրուբարը, Անդրոնիկ Խաչյանը։
Լաբորատորիան նորաստեղծ hosq միջազգային կազմակերպության առաջին խոշոր նախագծերից մեկն է։ Maison Marom էկոհամակարգի նոր մասնիկը լինելով, hosq-ը, ըստ դրա հիմնադիրների, կամրջում է արվեստը, գիտությունը և տեխնոլոգիան՝ մարտահրավեր նետելով մշակույթի և ստեղծարարության վերաբերյալ ավանդական մոտեցումներին։
Գեորգի Սաֆարով
«hosq-ն ինտեգրում է ստեղծարար ինդուստրիաները համաշխարհային լանդշաֆտի մեջ՝ ձևավորելով տարածք ոլորտի աճի համար», – նշում է կազմակերպության ղեկավար Գեորգի Սաֆարովը։ Որպես նախագծի ղեկավար՝ նա ձևավորում է hosq-ի տեսլականը՝ ստեղծելով դինամիկ և կայուն հարթակ, որտեղ ստեղծարարությունը ծաղկում է համագործակցության և միջոլորտային փոխանակման միջոցով։
Միևնույն ժամանակ այստեղ զբաղված չեն լինելու քաոտիկ փորձարկումներով, վստահեցնում է hosq—ի թիմի ղեակվար Անդրեաշ Գանդրաբուրը․ «Դա ապագային միտված ծրագիր է, որտեղ արվեստագետները, հետազոտողները և տեխնոլոգները մշակում են ստեղծարար համագործակցության և արտահայտման նոր շրջանակներ»։
Անդրեաշ Գանդրաբուր
hosq hub-ի հնարավոր ապագա տեսքը
Իր էությամբ hosq-ը միավորում է գիտելիքն ու պրակտիկան՝ իրականացնելով ռեզիդենտական ծրագրեր, լաբորատորիաներ և կրթական նախաձեռնություններ։ Այն արվեստը չի դիտարկում որպես առանձին ոլորտ, այլ որպես փոխազդեցությունների դինամիկ համակարգ, որտեղ տարբեր դիսցիպլինաները ազդում և ձևավորում են միմյանց։
Այս ծրագրերից բացի, hosq-ն ունի առանձին հիմնադրամ, որն աջակցում է տեղական նախաձեռնություններին, կրթական նախագծերին և համագործակցային տարածքների ստեղծմանը՝ ցուցահանդեսների, հետազոտությունների և ներկայացումների համար։ Այս բազմաշերտ մոտեցումը երաշխավորում է, որ փորձարարական աշխատանքները ոչ միայն նախաձեռնվում, այլև զարգացվում և պահպանվում են։