Ամստերդամյան զեկույց. հայկական վավերագրական  կինոն IDFA-ում
Կինո

Ամստերդամյան զեկույց. հայկական վավերագրական կինոն IDFA-ում

Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին» վավերագրական ֆիլմը ցուցադրվելու է Տրիեստեի միջազգային կինոփառատոնում։ Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը դիտել է այն ամստերդամյան IDFA կինոփառատոնում, որտեղ երկու տարի առաջ թնդաց Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը: ԵՐԵՎԱՆի խնդրանքով նա պատմել է, թե ինչպիսին է եղել Հայստանի ներկայությունն այնտեղ։

Տեքստն ու լուսանկարները՝ Սոնա Կարապողոսյանի

 

Գլխանկարը՝ «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմից

#Կինո

Աշխարհի ամենահեղինակավոր վավերագրական փառատոնը

Ժամանակակից վավերագրական փառատոները դարձել են աշխարհի ուրույն հայելին, որոնց ծրագրային տասն օրերի ընթացքում հանդիսատեսն առերեսվում է արդի աշխարհի ամենահրատապ, բայցև փոքրիկ ու տեղային խնդիրներին, սիրտը փշուր-փշուր անող և ամենաոգեշնչող պատմություններին: Նկարագրությունը հատկապես ճշմարիտ է IDFA-ի` Ամստերդամի վավերագրական միջազգային փառատոնի դեպքում (International Documentary Festival of Amsterdam), որը շուրջ 250 ֆիլմ է ցուցադրում աշխարհի տարբեր անկյուններից, ինչպես նաև հյուրընկալում է հարյուրավոր ռեժիսորների և պրոդյուսերների, որոնք իրենց նախագծերով մասնակցում են բազմաթիվ աշխատարանների և համադրված հանդիպումների IDFA Ակադեմիայի, IDFA Ֆորումի և այլ ծրագրերի շրջանակներում: 

 

 

Հայերն ու Ամստերդամը․ Փարաջանովից մինչև Արցախ

Հայկական պատմությունները ևս անմասն չեն մնացել փառատոնի ծրագրից: Առաջին հայկական ֆիլմը, որ մրցանակի արժանացավ IDFA-ում, Ռուբեն Գևորգյանցի «Կղզիներն» (1987) էր, որ պատմում էր Սերգեյ Փարաջանովի ու Անդրեյ Տարկովսկու ընկերության ու ստեղծագործության մասին: 

 

Ռուբեն Գևորգյանցի «Կղզիները»՝ Սերգեյ Փարաջանովի ու Անդրեյ Տարկովսկու մասին

 

Անկախության առաջին տարիների հասկանալի պասիվությունից հետո հայկական կինոն վերադարձավ Ամստերդամ Արտավազդ Փելեշյանի հետահայաց ցուցադրություններով, տարբեր հայկական նախագծեր ներկայացվեցին IDFA ակադեմիայում, օրինակ` Անժելա Ֆրանգյանի «Թթի տնական օղի»` Արցախի մասին պատմող նախագիծը: Արդեն 2023-ին մեծ հաղթանակ գրանցեց Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը` արժանանալով փառատոնի գլխավոր և FIPRESCI (Կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային ֆեդերացիա) մրցանակներին, ինչը դրեց ֆիլմի փառատոնային տպավորիչ երթուղու սկիզբը:

 

Սփյուռքահայ կինո

Հաճելի բազմազանությամբ էր ներկայացված հայկական կինոն IDFA-ում այս տարի: Ի հավելումն`  IDFA Ակադեմիայում ներկայացված Լիլիթ Մխիթարյանին, ծրագրում կային չորս հայկական կամ առնվազն հայազգի ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր: Այս տարի IDFA-ի հատուկ հյուրը Սուսանա դե Սուսա Դիասն էր` պորտուգալացի ռեժիսոր, որ հայտնի է իր փորձարարական և էսսե-վավերագրական ֆիլմերով: Դիասին հնարավորություն էր տրվել կազմելու իր սիրելի 10 ֆիլմերի ցանկը, որոնք կներգրավվեն փառատոնի ծրագրում. ռեժիսորը դրա մեջ էր ներգրավել Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի «Բևեռից մինչ հասարակած» (Dal Polo All'Equatore, 1987) ֆիլմը: Տեսողական էսսեի և փորձարարական կինոյի մեջտեղում գտնվող այս գործը կազմված է կինոպիոներ Լուկա Կոմերիոյի 1925 թվականի ճանապարհորդական նկարահանումներից, որոնք հայտնաբերել, վերամշակել և վերագունավորել են Ջանիկյանն ու Ռիչչի Լուկկին: Չնայած ամստերդամյան սառը քամուն և անձրևին` քաղաքի ամենագեղեցիկ կինոթատրոնի` «Տուչինսկսու» սրահը լի էր հանդիսատեսով առավոտյան ժամը 9-ին, ինչը բավական ոգեշնչանք էլ ապահովելու դիտորդներին փառատոնային ողջ օրվա համար:

 

Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի «Բևեռից մինչ հասարակած» ֆիլմի ցուցադրությունը «Տուչինսկսի» կինոթատրոնի սրահում

 

Մյուս ֆիլմը, նկարահանված հայ ռեժիսորի կողմից, Արմանտ Երուանդ Թիւֆէնքեանի «Ծխի պես»-ն (In the Manner of Smoke, 2025) էր և ներկայացված էր փառատոնի «Պարադոքս» (Paradocs) ծրագրում, որը կենտրոնացած է փորձարարական կինոյի վրա: Թիւֆէնքեանի ֆիլմը, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարի մարտին ֆրանսիական հեղինակավոր Cinema du Reel փառատոնում և արժանացավ «Լավագույն միջազգային ֆիլմ» մրցանակին, երեք տարբեր մեթոդներով դիտարկում և ուսումնասիրում է Կալիֆոռնիայի վայրի հրդեհները: Դեկտեմբեր ամսին երևանյան հանդիսատեսը ևս հնարավորություն ունեցավ դիտելու Թիւֆէնքեանի ֆիլմը՝ Եվրոպական կինոամսի շրջանակներում: 

 

Ուրվականներն ու Շեքսպիրը

IDFA-ի «Լավագույնը փառատոներից» ծրագրում էր նաև Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» (My Armenian Phantoms, 2025), որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարի փետրվարին Բեռլինի կինոփառատոնի «Ֆորում» ծրագրում: 

 

«Լուսաշող» (Luminous) ոչ մրցութային ծրագրում էր ներկայացված Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին» ֆիլմը, որը պատմում է հայաստանյան ծերանոցներից մեկի բնակիչների մասին, որոնք մասնակցում են Շեքսպիրի պիեսի բեմադրմանը: Բեմադրության փորձերին զուգահեռ ռեժիսորները նաև պատկերում են հերոսներից մի քանիսի անձնական պատմությունները, որոնք թեև հումորով պարուրված, բայց ծերության և մենության դառնությունը արտացոլող վկայություններ են: 

 

«Վերապրել Շեքսպիրին» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

 

Հաշվի առնելով թեմայի զգայունությունը և մանիպուլատիվության դաշտ անցնելու մեծ հրապուրանքը` ֆիլմի գլխավոր արժանիք է դառնում ռեժիսորների` իրենց հերոսների նկատմամբ տածած հարգանքն ու բալանսի ստեղծումը` կառուցելու զգայական կապ խարիզմատիկ ծերունիների և հանդիսատեսի միջև և չվերածելու պատումը խղճահարություն կամ կարեկցանք կորզող դրամայի: Այսպիսով, Սահակյանն ու Ղազարյանը կարողանում են կառուցել ֆիլմ՝ հիմնված դասական վավերագրության լավագույն ավանդույթների վրա, որ հիշեցնում է կյանքի զավեշտալիության և վաղանցիկության մասին:

 

Ամփոփելով 2025-ի ամստերդամյան փառատոնի փորձառությունը և մտքում պահելով դրա նկատմամբ ուղղված բոլոր քննադատություններն առ այն, որ փառատոնն այնքան մեծ է, որ յուրաքանչյուր ռեժիսոր ստանում է 15 րոպե՝ խոսելու իր պատմության մասին, պետք է փաստել, որ նման հարթակները շարունակում են մնալ կարևոր բոլոր, այդ թվում` հայ ռեժիսորների և հայկական պատմությունների համար: Սյսպես է հնարավոր դառնում միմյանց ճանաչելն ու միմյանցից սովորելը:

հավելյալ նյութեր