«Իմ մի մասնիկն է, իմ ընտանիքի անդամն է».  Արարատի տեսարանով ապրող մարդիկ
Արարատ

«Իմ մի մասնիկն է, իմ ընտանիքի անդամն է». Արարատի տեսարանով ապրող մարդիկ

Գեղեցիկ տեսարան, ազգային խորհրդանիշ, հուշեր այցելության մասին, կորսված հայրենիքի կարոտ. ի՞նչ են զգում մարդիկ, որոնք Երևանում ապրում են Արարատի տեսարանով։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարները՝ Պատմողների անձնական արխիվներից

 

ԵՐԵՎԱՆ #88 | 2025

Լիլիթ Ալթունյան

նկարիչ, մանկական պատկերագրքերի հեղինակ

 


Ամերիկյան համալսարանի հետևի կողմում մի թաքնված տեղ կա, այդտեղ եմ ապրում՝ վեցերորդ հարկում և սարն ամբողջությամբ երևում է: Լսում էինք, որ սփյուռքահայերն էին միշտ «Մասիսով տուն» գնում, բայց իրականում երբեք չեմ մտածել, որ դա ինձ համար էլ կարևոր կլինի կամ արժեք կարող է ներկայացնել: Ուղղակի էդպես ստացվեց, և հետո միայն արժևորեցի նրա գեղեցկությունն ու ներկայությունն իմ տեսադաշտում: 


Բալկոնում ճոճանակս այնպես եմ կախել, որ դեմքով սարին նայի ու երեկո-առավոտ, երբ սարը երևում է, ոնց որ զարդ լինի: Մայրամուտի ժամանակ է շատ սիրուն լինում, իսկ ընդհանրապես, Մասիսը ոնց որ եթերային սար լինի, ինձ միշտ դա է զարմացրել: Սարը կարծես ոչ թե հողից է վերև բարձրանում, այլ ամպերից է ներքև իջնում: 


Թղթի վրա սարը նկարել եմ միայն փոքր ժամանակ, երբ մեծ հիասթափություն ապրեցի՝ իմանալով, որ սարը մերը չէ։ Բացի այդ, սարը չեմ նկարում, որովհետև ռեալիզմ չեմ նկարում. ինձ համար ռեալիզմին վաղուց ֆոտոն է փոխարինել, և սարի գույները առավելագույնը ֆոտոն կարող է փոխանցել: Դրա համար, երբ սարը շատ գեղեցիկ է լինում, ֆոտո եմ անում և ուղարկում իմ բարեկամներին: Ափսոս, որ սարը մերը չի, բայց ուրախ եմ, որ սարի գեղեցկությունը մեզ է մնացել։

 


 

Մերուժան Մինասյան
ճարտարապետ 

 

 

Ծնունդով Պարսկաստանից եմ։ Հայաստան եմ հայրենադարձվել 1997 թվին. հող գնեցինք, տուն սարքեցինք: Մեկ-երկու տարի է, որ լրիվ համայնապատկերն ունենք Մասիսի (Ուլնեցի-Ռուբենյաց փողոցի վրա է տունը): 


Որպես ռոմանտիկ սփյուռքահայ՝ կարևոր էր, որ տնից Մասիսը երևա: Թեև չէի ասի՝ այդքան էլ կարևոր է, որ ամեն օր նայեմ սարին, բայց նկատել եմ՝ կան եղանակներ՝ հատկապես արևածագի ժամանակ, շատ գեղեցիկ գույներ են ստեղծվում սարի շուրջը: Դրա համար շատ շուտ պետք է արթնանալ՝ 05:30, որ այդ պահը բռնացնես։ Մի քանի անգամ անգիտակցաբար ինքս ինձ բռնացրել եմ, որ շուտ արթնանում եմ, որպեսզի գնամ տեսեմ այդ ամենը... 


Երբ որ սարը շատ ես տեսնում, արդեն սովորական է դառնում: Մյուս կողմից՝ միշտ հիշում ես, որ դա պարտավորեցնող ինչ-որ բան ունի, հիշեցնում է լիքը բաներ, որ պիտի անես, որ թողել ես գետի մյուս ափին։ Ռոմանտիկ չհնչի, բայց հայ լինելու պարտավորություն է հիշեցնում Մասիսն ու ասում է, որ դեռ անելիք կա ու դեռ շատ անելիք կա:

 


 

Սեվադա Պետրոսյան
ճարտարապետ

 

 

Առաջին անգամ Մասիսը տեսանք սեպտեմբերի 21-ի առավոտյան. անկախություն, 90-ականներ, շա՜տ տպավորիչ էր, հուզիչ էր, մանավանդ, որ ընդամենը 13 տարեկան երեխա էի: 
Երևանում սարի դիրքն ու նրա միայնակ լինելն այդ ֆոնի վրա շատ տպավորիչ է, անկախ նրանից, թե ինչ բացասական զգացմունքներ կարող է այն առաջացնել՝ կորսված հայրենիք, ափսոսանք և այլն… Այս տանը՝ Անտառայինում, ապրում եմ 2020-ից, նախքան այդ՝ որտեղ ապրում էի, չէր երևում սարը, և պատճառներից մեկը, որ մենք այս տունը վարձեցինք, հրաշալի տեսարանն էր: Ու էն պարզ առիթը, որ ամեն օր Մասիս ունենք, ամբողջ տրամադրությունը փոխում է: 


Հիմա ես Մասիսը տեսնում եմ Ազգային ժողովի հետ: Անձամբ ես չեմ հիանում էդ ճարտարապետությամբ, թեև ինչ-որ սիմվոլիկա կա էդտեղ՝ երկրի պետականության խորհրդանիշերից մեկը մյուս խորհրդանիշի հետ համատեղ տեսնելը հետաքրքիր է, իսկ ամեն օր տեսնելը՝ առավել ևս: 


Հետո ուրիշ շինություններ էլ հայտնվեցին։ Մեկ-մեկ ասում ես, որ էդ շենքերը՝ հատկապես բարձրահարկերը, տեսարաններն աղավաղում են, այսինքն՝ Մասիսն ամբողջությամբ չի երևում՝ միայն լանջերից մինչև գագաթը, բայց Մասիսի ֆոնին էդ ամեն ինչն էդքան էլ էական չէ:

 


 

Էլիզաբեթ Շիրինյան
արվեստաբան

 

 

Այնպես է ստացվել, որ ծնված օրվանից իմ բնակության բոլոր վայրերից Մասիսը միշտ տեսել եմ: Հայրական տունս Խնկո Ապոր փողոցում էր՝ Ժամացույցի գործարանի մոտ և պատուհանից երևացող սարը մի՛շտ իր վրա ուշադրություն սևեռող, խոսակցության թեմա ստեղծող հատկություն ուներ: Երբ հյուրեր էին գալիս, մենք միշտ ցույց տալու բան ունեինք. մեր ամենաթանկ հյուրասիրությունն էր սարը. ասում էինք՝ մի հատ դուրս եկեք պատշգա՜մբ… 


Հետո տեղափոխվեցինք Մոնումենտ՝ Ազատության պողոտա. բարեբախտաբար, որքան էլ հիմա տարածքում բարձրահարկեր կան, ինքն անսասան մնացել է, բայց ցավոք, ֆոնն է շատ փոխվել: Նախկինում ֆոնը «Հաղթանակ» զբոսայգու հրաշք, խիտ անտառն էր, որը գնալով էկոցիդի ենթարկվեց և հիմա այդտեղ առանձ-նատներ են: Ամեն դեպքում, մենք դեռ վայելում ենք Մասիսը: 


Հինգ տարի ապրել եմ Գոգոլի փողոցում՝ նորից տեսարանը Մասիսն էր: Հիմա էլ նույն տեսարանն ունենք Դավթաշենից, բայց ոչ այդքան պարզ: Ամերիկայից միշտ հյուրեր ենք ունենում, ասում են՝ դուք million dollar view ունեք: 


Ամուսինս սփյուռքահայ է, թեև արդեն քսան տարուց ավելի է Հայաստանում է ապրում և իրեն սփյուռքահայ չի համարում: Երևի սարը մեզ համար կարևոր է, դրա համար էլ միշտ մեզ հետ է: Բայց դաժանություն է ամեն օր տեսնել նրան, որը և՛ քոնն է, և՛ քոնը չէ: Մյուս կողմից՝ անկախ սահմաններից, Մասիսը բիբլիական կոթող է, հենասյուն, պահապան մեզ համար, մեր պետության համար: 


Մենք Մասիսի հանդեպ սերը փոխանցում ենք նաև մեր ընտանիքի նոր սերունդներին՝ անընդհատ մատնացույց անելով սարը՝ նայի, տես ի՜նչ սիրուն է…

 


 

Արաքս Մանուչարյան
ֆինանսիստ 

 

 

Դավթաշենում բնակարանս գնել եմ հե՛նց Արարատի տեսարանի և հայրիկիս անունի համար. ես Արաքս Արարատի Մանուչարյանն եմ: Ընդամենը մի բնակարան էր մնացել երրորդ հարկում, մերոնք ասացին՝ շատ լավ հարկ է, բայց ես բարձր հարկ էի ուզում, որպեզի Արարատը երևար: Մեկ էլ րոպեներ անց զանգեցին ասացին, որ տասներորդ հարկի բնակարանն ազատվել է: Հարցրեցի՝ Արարատի՞ն է նայում, ասացին՝ այո: Ուզում եմ: Զարմացան, հարցրեցին՝ չեք ուզո՞ւմ իմանալ՝ քանի քառակուսի է, և այլն, ասացի՝ ոչ. Արարատին է նայում՝ բավական է: Ընդհանրապես՝ Արարատը երկու առավելություն է տալիս՝ հարավային կողմն է նայում, նշանակում է՝ արևկող է բնակարանը, դե, նաև գեղեցիկ տեսարանը: Արարատին նայելիս ես նորից ու միշտ ինձ հայ եմ զգում ու տանն եմ ինձ զգում: Հետաքրքիր է, Արարատի շնորհիվ նաև Երևանն եմ սկսել սիրել, որովհետև ես Սևանից եմ, Սևանն իմ տունն է, ծնողներս են այնտեղ, բայց, երբ Սևանից գալիս եմ Երևան ու տեսնում եմ Արարատը, ամեն ինչ իր տեղն է ընկնում: 


30-ամյակիս ինձ նվեր արեցի և բարձրացա Արարատը: Բացարձակ լռության զգացողություն եմ ունեցել և եթե աշխարհում կա մի տեղ, որտեղից կարող էի զգալ Աստծո ներկայությունը, Արարատի վրա է եղել: Հետաքրքիր է, որ սարը բարձրացողներից ոմանք ֆիզիկապես լավ պատրաստված չեն լինում, բայց հաղթահարում են բարձունքը, իսկ 5000+ բարձրությունը խաղ ու պար չէ, բայց մենք՝ հայերս, հաղթահարում ենք, որովհետև կա ուժեղ կամք, և դա մեր ինքնությունն է: 


Որպես ֆինանսիստ էլ ասեմ, որ մենք մի քանի թղթադրամ ունենք, որոնց վրա պատկերված է Արարատը: Այժմ գործածության մեջ է 20,000, 50,000 և հին թողարկման 1000 դրամանոցը: Oրինակ՝ 20,000 դրամանոցը Հովհաննես Այվազովսկուն է նվիրված, որի վրա պատկերված է հատված «Նոյն իջնում է Արարատից» կտավից: Մյուսը «Նոյյան տապան» 500 դրամ կոլեկցիոն թղթադրամն է:

 


 

Էլեոնորա Արարատյան
Փի-Ար փորձագետ

 

 

2011 թվականից սարեր եմ բարձրանում ու նպատակ էի դրել բարձրանալ նաև Արարատը. 2022-ին բարձրացա: Դրոշ էի պատրաստել իմ ազգանունով՝ Արարատյան եմ ի վերջո, և երբ գագաթում էի, դրոշը բացեցի. խմբի մեծ մասն ազգանունս չգիտեր ու շատ հետաքրքիր պահ ստացվեց: Հետաքրքիր է՝ քանի՞ Արարատյան է բարձրացել Արարատը… 


Միշտ ասվում է, որ սարն այս կողմից ավելի գեղեցիկ է, այն կողմից՝ ոչ. ես այդպիսի մտքեր չունեցա, չէի ուզում այդպես մտածել ու այդպես տրամադրվել, որովհետև Արարատն ինձ համար միասնական է: Իհարկե, կլիման տարբեր է և դա էր հետաքրքիրը, որովհետև երբ այստեղից նայում ենք, թվում է այն միշտ պատված է ձյունով, բայց Արևմտյան Հայաստանի տարածքում կլիման ավելի շոգ էր, չորային, փոշի էր, միայն վերևի հատվածն էր սառույցով պատված:


Ես բնակվում եմ 16-դ հարկում ու իմ պատշգամբից միշտ երևում է սարը. 40 տարեկան եմ ու 3 տարեկանից նույն տեղից ամեն օր տեսնում եմ սարը: Ինքն իմ մի մասնիկն է, իմ ընտանիքի անդամն է: Երբ արթնանում եմ, քայլում եմ սենյակից սենյակ ու աչքս ընկում է պատուհանին և եթե ինքը չի երևում, կարծես մի բան այն չլինի, կանգնում եմ, ուշադիր նայում՝ ի՞նչ է եղել, ո՞ւր է փախել: Կենտրոնանում եմ, հասկանոմ եմ, որ էսօր մռայլ է ինքը, ամպամած է, անձրևոտ է ու չի երևում: Իսկ երբ երևում է, զրուցում եմ հետը, մաղթանքներ եմ իրեն ասում ու խնդրում եմ ինչ-որ բաներ ինձ տա ինքը: Մանավանդ արշավից հետո փոխվեց մոտեցումս, ու դրանից հետո միշտ խնդրում եմ, որ ինձ աջակից լինի ինքը և մտածում եմ՝ եթե ես բարձրացել եմ էդ սարը, ուրեմն ամեն ինչ կարող եմ անել:

 


 

Արմեն Յոլյան
կայքի ադմինիստրատոր

 

 

Իմ տունը Բանգլադեշում է՝ հինգհարկանի շենք է։ Այդ թաղամասը կառուցվել է 1972-73 թվականներին, ծնված օրվանից այստեղ եմ ապրում և ամեն առավոտ օրը սկսում եմ խոհանոցի պատուհանից Մասիսին նայելով. ասում եմ՝ բարև, եղբայր: Երիտասարդ տարիներին, որ պիտի ժամադրության գնայի, ձյուն, բուք-բորան էլ եթե լիներ, ես նայում էի, եթե Մասիսն ինձ ժպտում էր, ուրեմն գնում էի ու ամեն ինչ լավ էր լինում: 


Սկզբում լավ էր, որովհետև դիմացի բարձրահարկերը չկային, բայց հիմա ինչքան էլ նոր շինարարությունով փչացրեցին տեսարանը՝ խողովակ, խանութ, շենք, միևնույն է, Մասիսն ամբողջությամբ չի փակվում: Ժամանակին երևում էր անգամ սարի ամենաստորին հատվածը, հիմա երևում են միայն երկու գագաթները: 


Մասիսը տրամադրության սար է. լինում են ամպամած օրեր, մտածում ես՝ հիմա անձրև կգա, բայց տեսնում ես Մասիսը էդ մշուշի միջից երևում է, որովհետև ինքը որոշել է, որ այդ օրը պետք է երևա: Ծնողներս ասում էին՝ Մասիսը երևում է միայն այն մարդկանց, ում ինքն է ուզում: Եթե հիմա բնակարան գնելու լինեի ու հնարավորություն ունենայի, միանշանակ կընտրեի այնպիսի բնակարան, որտեղից սարը կերևար:

 


 

Զառա Բուդաղյան
հանրության հետ կապերի մասնագետ

 

 

Երբ որոշեցինք տուն գնել, շատ երկար էինք փնտրում, որովհետև ունեինք մի շարք շատ հստակ նախապայմաններ. քարի շենք, բարձ հարկ չլինի, պանելային չլինի և այլն։ Ու գտանք մի բնակարան, որի մեծ սենյակը ունի մեծ պանորամային ապակյա պատուհաններ, որոնք նայում են դեպի Արարատը։ Մամաս ու ամուսինս էին գնացել նայելու, ես աշխատանքի էի։ Ինձ մի հատիկ նկար էին ուղարկել՝ էդ պատուհանը իր տեսարանով։ Ես միանգամից ասեցի՝ առնում ենք։ Ամուսինս ասեց՝ իսկ մյուս սենյակնե՞րը, գուցե գաս ինքդ տեսնե՞ս, համ էլ պանելային շենք ա… Բայց էլ ի՞նչ կար տեսնելու։ 


Առանք։ 


Շենքի դիմաց էն ժամանակ երիտասարդ ծառեր կային, որոնք շատ առույգ սկսեցին աճել ու հիմա սարը համարյա փակում են։ Էդպես, սարը կանաչի մեջից աչքով է անում։ 
Բայց դե էդ ծառեր են։ Ավելի վատ էր, երբ դիմացի մայթի՝ տարիների շարունակ լքված փոսը, որը փորվել էր չկառուցված շենքի համար, հանկարծ փակվեց ճաղերով ու վրան դրվեց հերթական նորակառույցի նախագիծը։ Մի շաբաթ լացում էի, որովհետև հասկանում էի, որ տեսարանը ի սպառ կվերանա։ Ես չեմ կարող նայել պատուհանից ու սարի ու քաղաքի փոխարեն տեսնել գեշ էլիտար շենք։ Անցան տարիներ, շինարարությունը չսկսվեց, հանգստացանք։ Վերջերս նորից սկսվեցին աշխատանքները, չգիտեմ ինչ ենք անելու։ Հուսանք՝ ծառերը ավելի կմեծանան ու ամբողջությամբ տեսարանը կփակեն։ 


Արարատը ոնց որ հարազատ մարդ լինի, որ հեռու է, քո հետ չի, չնայած, որ կյանքիդ, ընտանիքի, ապագայիդ անբաժան մասն է։ Անբաժան, շատ սիրելի մարդու հուշ, որը միշտ քեզ հետ է, բայց որին չես կարող գրկել։

 


 

Նոյեմի Անդրեասյան
լրագրող

 

 

Աջափնյակում սեփական տների թաղամասում է մեր տունը: Հարևանը յասամանի ծառ ուներ, որը մեծացել էր ու երբ երկրորդ հարկի պատուհանը բացում էինք, այդ յասամանի բույրը ներս էր լցվում, իսկ յասամանի հետևում էլ Արարատն էր երևում: Հետո յասամանի ծառը կտրեցին, կողքի հարևանը երկրորդ հարկ կառուցեց, մի քանի շաբաթ առաջ էլ մյուս հարևանն արևային կայան տեղադրեց ու Մասիսը հիմա գրեթե չի երևում մեր պատուհանից: 


Ինձ համար միշտ տարօրինակ էր հնչում, երբ տան վաճառքի տեքստում գրված էր՝ հիանալի տեսարան դեպի Մասիս սարը, բայց երբ մեր տեսադաշտից Մասիսը կորավ, այդ ժամանակ հասկացա, թե ինչքան կարևոր էր այդ աչքերով կոնտակտը, հանդիպումը, հիմա եմ հասկանում, որ ինչ-որ բան պակասել է իմ տեսադաշտից: 


Հիմա սարը տեսնում եմ Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքից, որտեղ էլ աշխատում եմ՝ Արարատյան Հայրապետական թեմում: Ամեն օր, երբ դուրս եմ գալիս Առաջնորդարանի բակ, Մասիսի ու քաղաքի հանդիպման տրամադրությունն եմ զգում: Մի կողմում Հրազդանի կիրճն է, մյուսում՝ Սուրբ Սարգիս եկեղեցին, կոնյակի գործարանի բաց տեսարանն ու Մասիսը: Ամեն օր, եթե այս տեսարանը նկարեմ, առանձին ֆոտո-պատմություն կդառնա իմ, Մասիսի ու երկնքի երկխոսության մասին: 


Ինձ համար սարն առասպելներից, ավանդազրույցներից եկած կենդանի կերպար է, որ նրանք երկու եղբայրներ էին, ամեն առավոտ արթնանում, կապում էին իրենց գոտիները…

 


 

Ռոբերտ Մարկոսյան
մարքեթինգի մասնագետ, ֆուտբոլասեր

 

 

Հիշում եմ՝ դեռ մանուկ ժամանակ Տիգրան Մեծի պողոտայի մեր տնից Արարատը հիանալի երևում էր, երբ եղանակը պարզ էր լինում, ավելի արտահայտիչ էր: Հենց այդ ժամանակվանից էլ սկսվեց՝ մեծ, աժդահա ինչ-որ բան հեռվում, որ այնքան մոտ է, բայց այդքան հեռու իրականում: Արարատը հատկապես շատ եմ սիրում այն պարզ օրերին, երբ կարելի է անզեն աչքով տեսնել սարի ամեն թեքություն. անբացատրելի ուժ է տալիս ու տրամադրություն բարձրացնում: 


Բանակում ծառայության մի մասն Արտաշատում է անցել, որտեղից Արարատն է՛լ ավելի մոտ է ու էլ ավելի տպավորիչ: Առավոտյան մարզանքի ժամերին, երբ արևածագը դիմավորում ես, տեսնում ես՝ արևի շողերն Արարատի գագաթից դանդաղ իջնում են դեպի քեզ. շատ գեղեցիկ տեսարան էր: 


Այս լուսանկարում տեսարանը բացվում է Առաջին Մասիվից, որտեղ կնոջս հետ ամուսնության առաջին տարիներին վարձով էինք ապրում ու չէի էլ կարող պատկերացնել, որ նման տեսարան է լինելու իմ աչքի առաջ ամեն առավոտ ու երեկո: Քաղաքն էլ փռված է Արարատի դիմաց: Հիմա այդտեղ էլ չենք ապրում, ճիշտ է, ավելի մոտ ենք Արարատին, բայց տեսարանն այդքան էլ լավը չէ: 


Արարատը մեր բրենդն է, ինչպես, օրինակ՝ ARARAT կոնյակը կամ «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Կարծում եմ՝ հատկապես ֆուտբոլային ակումբի մասով մենք լիարժեք չենք գիտակցում, թե որքան կարևոր է այդ բրենդի մասսայականացումն ու միջազգային զարգացումը: Լավ է, որ գոնե կոնյակի պարագայում ամեն ինչ լավ է: Հուսանք, որ ֆուտբոլային «Արարատն» էլ կրկին մի օր կթնդա ամբողջ Եվրոպայով մեկ:

 


 

Էլեն Բաբալյան
ժուռնալիստ

 

 

Սարյան փողոցի տարածքում երեխաներիս դպրոցին մոտ տուն էի փնտրում, երբ տեսա այս բնակարանը: Շատ վատ վիճակում էր, շքամուտքն էլ էր անմխիթար, աղբատարը դեռ շենքի ներսում էր, տունը երկար ժամանակ վարձակալության էր եղել հանձնված… Թափթփված սենյակների միջով անցա, դուրս եկա բացօթյա պատշգամբ: Դիմացս Արարատն էր իր ողջ վեհությամբ: Հասկացա՝ ամեն ինչը կարելի է վերանորոգել, դզել-փչել, փակել-բացել, բայց պատշգամբի տեսարանը հնարավոր չի ստեղծել, ու ասացի՝ ես հե՛նց այս տունն եմ ուզում: Հետագայում այդ պատշգամբը դարձավ իմ աշխատասենյակը, իմ ընկերների սիրած հավաքատեղին՝ նաև Արարատի շքեղ տեսարանի շնորհիվ: Երբեմն մշուշ է լինում ու սարը չի երևում, ասում եմ՝ էսօր Մասիսը խռովել է: Մի ընկերուհի ունեմ, երբ գալիս է ինձ հյուր, անպայման Մասիսը փակված է լինում, պարզ օրերին ևս. զարմանում է՝ ինչու սարն իրեն չի սիրում: Գիշերային տեսարանն էլ է շատ հետաքրքիր, սարի ներքևում բոցկլտում են լույսերը: Ոմանք ասում են՝ դա Արարատի լանջերին տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերն են, որոնք հսկում են ՀայաստանԹուրքիա սահմանը, ոմանք վստահեցնում են, որ Արարատի ստորոտին ապրող քրդերի վրաններն են, այն քրդերի, որոնք հայերին օգնում են բարձրանալ սրբազան լեռան գագաթը: Ռուս-ուկրաինական պատերազմը երբ սկսվեց, մի դոկումենտալիստ ռուս աղջկա՝ Նաստյային տեղավորեցի իմ տանը: Ամեն առավոտ սրճում էինք ու լռության մեջ նայում Արարատին, մտածում, խորհում: 20 օր հետո ասաց՝ ես պետք է գնամ Թբիլիսի, որովհետև գործեր ունեմ անելու, որոնք էստեղ չեմ կարողանում անել, ամբողջ օրը քո պատշգամբից նայում եմ Արարատին ու մնացած ամեն ինչն էնքա՜ն փոքր է թվում, էնքա՜ն անիմաստ…

 


 

Բայանդուր Պողոսյան
ծրագրավորող

 

 

Նախ՝ սկսենք նրանից, որ Մասիսին Արարատ ասելը համեմատաբար նոր երևույթ է մեզանում ու մենք դրա հետ կապված ահագին միֆեր ունենք, որոնք շատ հեշտ է հերքել: Ասում են՝ Նոյյան տապանն Արարատի լեռներում է, բայց դա ընդհանրապես կապ չունի Մասիս սարի հետ: Ինչևէ, դա այլ խոսակցության թեմա է։ Իսկ այս բնակարանը 1993-ին ենք ստացել՝ Նազարբեկյան թաղամասում: 


Ես մի քիչ արտոնյալ դիրքում եմ այն առումով, որ եթե հակառակ կողմից եմ նայում, Արագածն էլ եմ տեսնում: Բայց հաշվի առնելով, որ ես Ղափանից եմ, որը սարերի առումով շատ ավելի տպավորիչ է՝ մենակ Խուստուփը ինչ ասես արժի, ընդհանուր առմամբ հաճելի է սարն ամեն օր տեսնել: Մի քիչ մտահոգողն այն է, որ սարի վերջին ժայթքումը 19-րդ դարում է եղել, այսինքն՝ այն ընդամենը ննջող հրաբուխ է, ոչ թե մարած: 


Փոքր ժամանակ էական էր, որ ինքը Թուրքիայում է գտնվում, ավելի մեծ տարիքում լուրջ չի սենտիմենտալ զգացմունքներ ունենալ սարի նկատմամբ, բայց ինքը սիրուն սար է ու սիրուն տեսք է տալիս Երևանին, զարդարում է Երևանի տեսարանը, որովհետև ազնիվ լինենք՝ Արարատյան դաշտին նայելու ուրիշ բան չկա:

 


 

Վ. Քասսունի
նկարիչ

 

 

Ընդհանրապես ես նկարում եմ Արարատը քաղաքի տարբեր անկյուններից: Իմ երազանքն է, որ մի օր ճանապարհորդեմ մեքենայով և Հայաստանի բոլոր ծայրերից նկարեմ սարը՝ ջրաներկով, գրաֆիկայով և այլն: Մտածել եմ հակառակ կողմից էլ այցելեմ և նկարեմ: 


Կարոտի զգացում չեմ ունենում. հիմնականում սարի հետ իմ հարաբերությունն ինքնության հետ է կապված: Ապահովությանս կետն է սարը, այսինքն, եթե սարը տեսնում եմ, հանգիստ եմ, գիտեմ որ ոտքս իմ հողի վրա է՝ Հայաստանի ներսում եմ: Իսկ երբ արտասահմանում եմ լինում ու աչքիս սովոր այդ պատկերը չեմ տեսնում, զգում եմ, որ ես իմ տեղում չեմ: Արարատը ոնց որ հեռախոսի վրայի լոկացիայի կետը լինի: 


Բայց երբ 1999-ին եկա Երևան, Արարատը վանում էր, որովհետև Սփյուռքում այնքան վերնիսաժային վատ որակի Արարատի նկար էի տեսել ամենուրեք կախված, որ դա դառել էր դատարկ, անբովանդակ ծիսակատարություն: Այդ ժամանակ «Նաիրի» հյուրանոցում մնացինք մի քանի օր, և ես չէի ուզում նայել Արարատին. ինձ քաղաքն էր հետաքրքիր: Իմ առաջին տան պատուհանից էլ Արագածն էր երևում և դա ուրախություն էր ինձ համար, այս անգամ էլ որպես լոկացիա դեպի ներս էի նայում. սա ուրիշ զգացողություն էր: 


Հետո, երբ Սարալանջի այս տունը տեղափոխվեցի, գիտակից հարաբերութուններ սկսվեցին իմ ու սարի մեջ: Ես Արարատին միտումնավոր նայում եմ էնտեղից, որտեղ շենքերը խանգարում են, որովհետև մենք իրենից հեռու ենք և մեզ միայն հեռավորությունը չի, որ խանգարում է, այլ նաև՝ տեսանելիության դաշտը: «Հաղթանակ» այգու հատվածից ինքը մի տեղ մեծ է երևում, մի տեղ շենքերի արանքն է անցնում, մի տեղ լարերն են խանգարում… Ես սարին իրական վիճակում եմ տեսնում: Ինձ խանգարում է այն, որ սարը քոնն է, բայց քոնը չի, ու այդ լարերը ոնց որ գան քեզ ապտակեն ու հիշեցնեն այդ տխուր փաստի մասին:

հավելյալ նյութեր