Ինչ նվիրել մոտիկներին Ամանորին, մաս 2
Անցյալ տարի Ձմեռ պապիկին աջակցման ծրագրի շրջանակում լուսանկարիչ ու նվերների մեծ սիրահար Բիայնա Մահարին այստեղ հավաքել էր հայկական արտադրության հետաքրքիր նվերների մի ծավալուն ցուցակ: Այս տարի որոշեցինք մի քիչ թարմացնել, բայց դրա փոխարեն պատահաբար բոլորովին նոր ցուցակ կազմեցինք: Կարդացեք, հատկապես եթե դեռ նոր պիտի զբաղվեք այս պատասխանատու գործով:
Տեքստը՝ Բիայնա Մահարու
ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
Ուտել-խմելու նվերներ
Սկսենք ամենահոգնած մեծերից` նրանցից, ովքեր միշտ սուրճի կարիք ունեն: Սրճասերների սիրելի Lumen Coffee-ն այս տարի բացի հեղինակային բոված սուրճերի տեսականուց առաջարկում է սիրելիներին նվիրել այ էսպիսի սիրուն տուփիկներով մեկանգամյա սուրճերի հավաքածու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան լավ սուրճը վայելել սրճարաններից և սրճեփներից նույնիսկ շատ հեռու գտնվող վայրերում:
Իսկ սուրճին թեյը նախընտրողների համար Fruitmaster.am-ն առաջարկում է թիբոմբիկներ (ազնիվ խոսք, այս բառը ոչ թե ես, այլ իրենք են հորինել), տարբեր ֆորմաների տարբեր թեյերով լցոնված, ամենառոմանտիկների համար` նաև սրտիկների տեսքով:
Ըմպելի նվերների ցանկը շարունակենք քսան տեսակի խոտաբույսերից պատրաստված լիկյորով․ հայեցի ու մեր քիմքին հարազատ խոտերի համերով Gtatso-ի հետ Նոր տարին նոր յուրահատուկ բույր կստանա։
Իսկ ջինի սիրահարներին արժե նվիրել հայկական Astronomer-ը․ Հայաստանում նկատվում է թեթև ջինային բում, եկեք մասնակից լինենք դրան:
Քիմք ասեցի հիշեցի` «Քիմքը» բացի մարմնի փոքր, բայց կարևոր մասից, նաև ձկնամթերքի արտադրություն է, որի փոքրիկ-խանութ սրճարանի մասին, չնայած այն վաղուց գործում է քաղաքի սրտում, զարմանալիորեն շատերը չգիտեն: Սիրուն փաթեթավորված ծխեցրած իշխանը հիանալի նվեր կլինի։ Առանձնահատուկ խորհուրդ կտամ փորձել իմ սիրելի «Բազձուկը»՝ բազուկով մշակված ծխեցված իշխանը:
Գաստրոնոմիկ աշխարհում նվերների ցանկը շարունակենք նրանցով, ովքեր պլանավորել են երկար ու հաճելի ապրել: Ասում են՝ ամենակարևորը լավ նախաճաշով օրը սկսելն է, ու էստեղ օգնության են գալիս mornin առանց շաքար մյուսլիները: Կասեք՝ մյուսլին ի՞նչ նվեր, բայց կարծում եմ, եթե մի օր առավոտյան փորձեք, օրինակ, ծիրանով տարբերակից, էնպես կժպտաք, որ կցանկանաք ձեզ մոտիկ մարդն էլ մի առավոտ էդպես ժպտա։
Բայց եթե չհամոզեցի, առաջարկում եմ դիտարկել մի քանի փոքր բաներից բաղկացած նվերի տարբերակը, որում իր ուրույն տեղը կզբաղեցնի վերոնշայլ մյուսլին կամ, օրինակ՝ Eva snacks-ի կտավատով ու բանջարեղեններով առանց գլյուտեն վեգանահումարեկան կրեկեռները, որոնք ճիշտն ասած, ավելի համով են, քան մեր մանկության 3 корочки-ն, իսկ դա շատ լուրջ ցուցանիշ է։
Ուտելու աշխարհում նվերները կարող են նաև լինել զբաղմունք ապահովող և տոնական։ Վառ օրինակ է Prepa սրճարանների ցանցում վաճառվող, այսպես կոչված՝ «քաղցրաբլիթե տնակներից», որոնք բոլորիս ծանոթ են Հենզելի ու Գրետելի մասին մռայլ հեքիաթից։ Հավեսն այն է, որ գնում եք ոչ թե պատրաստի տնակը, այլ «շինանյութով» տուփը և նվիրում ինքնուրույն ամանորյա տնակ պատրաստելու փորձառություն։
Բուսական նվերներ
Երբ անցնում ես Բաղրամյան պողոտայի Orchid gallery-ի կողքով (նույնիսկ ամենացուրտ եղանակին), թվում է, թե գլուխդ ներս մտցնես՝ կտեսնես տրոպիկական սաղարթների մեջ սավառնող թութակների: Բարեբախտաբար, վաճառքում թութակներ չկան, բայց կան զանազան բույսերի մեծ տեսականի ու գործից հասկացող խորհրդատուներ, որոնք էս գործում բույսերից էլ կարևոր են:
Եթե ցանկանում եք նվիրել ոչ թե բույս, այլ բույս ունենալու հնարավորություն` հմայիչ անունով Մունք-Սերմունքը առաջարկում է հայկական արտադրության սերմեր և խոստանում, որ ինչ ցանես՝ այն էլ կհնձես։
Իսկ եթե նա, ում նվիրում եք բույսերի հետ իմ պես հարաբերություններ ունի` Mr. Cactus-ից կարող եք ձեռք բերել մինիմալ խնամք պահանջող կակտուսներ և սուկուլենտներ՝ ջերմիկ ծաղկամանների մեջ:
Դեկորատիվ նվերներ
Կակտուսներից բացի տունը գեղեցկացնելու գործում կարող եք դիմել ՆԱՄ-ի մինիմալիստիկ ժամացույցներին...
...ու ODD ceramics-ի մի քիչ տարօրինակ կավե ծաղկամաններին:
Որպես ինտերիերը հարստացնելու մեկ այլ տարբերակ կարող եք դիտարկել Վիլյամ Կարապետյանի խոսող զիլ պաստառները. շատ լավ տարբերակ է՝ մարդուն հասկացնելու բաներ, որ վաղուց ուզում էիք ասել, բայց նախընտրել եք լռել, իսկ եթե հասկացնելու բան չկա` ուղղակի ընտրեք նվերի հասցեատիրոջ կյանքի հանդեպ վերաբերմունքը բնութագրող տեքստով պաստառ և վստահ եղեք, որ ամեն օր իր տան պատերին նայելուց ուզած չուզած ձեզ կհիշի։
Փորձառություն նվերներ
Հիշվող լինելը առհասարակ նվերների կարևոր առաքելություններից է, հենց այդ պատճառով առաջարկում ենք Sky Club Armenia-ից նվիրել պարապլանով թռիչքի սերտիֆիկատ, որ հաստատ անմոռանալի հիշողություններ կապահովի:
Եվս մեկ փորձառության նվերի տարբերակ է Բիայնա Մահարու լուսանկարչական նվեր քարտը, որը կարող է լավ առիթ լինել առաջարկելու պատմության համար ֆիքսել սեփական զգացմունքները, կամ ինչ-որ հաճելի իրադարձություն, կամ ստեղծել ընտանեկան լուսանկարներ, որտեղ ընտանիքի անդամներից ոչ մեկ ստիպված չի լինի պախկվել խցիկի հակառակ կողմում (ասեմ, որ այս նվեր քարտի հեղինակի և հոդվածի տեքստը գրողի անունների համընկնումը բացարձակ պատահականություն է և չի պարունակում ոչ մի կոռուպցիոն ռիսկ):
Հին (բայց չհնացող) նվերներ
Դժվարանում եմ ասել՝ որքանով է լեգիտիմ հին նվերների ներառումը հայկական արտադրության իրերի ցուցակում, բայց քանի որ ցուցակն իմն է, ես կձևացնեմ, որ դա լրիվ օրինական է: «Վեցառակից» կարող եք գտնել հնաոճ իրեր աշխարհի զանազան ծայրերից, ամեն մեկն իր ուրույն անցած ճանապարհով. կնվիրեք ոչ միայն իրը, այլ հետը մի թոթոլ կտոր պատմություն:
Եվս մի, ավելի դասական հնաոճ իրերի խանութի տարբերակ է «Ընծայ» սրահը։ Այստեղ նույնպես հնարավորություն կունենաք ընկղմվել տարբեր-տարբեր անցած կյանքերի (Չարենցի մակագրությամբ գրություն, 17-րդ դարի քարտեզ, 20-րդ դարասկզբի զարդեր և այլն, և այլն), հեռու իրականությունների, նախկին դարաշրջանների մեջ:
Վինտաժ սպասքի սիրահարների համար նվերներ կգտնեք էլեգանտ Vintageborn-ում...
և ավելի սովետական իրականությանը մոտ inchk_gallery-ում:
Իսկ եթե այս բոլոր տեղերում, այնուհանդերձ, չգտնեք այն, ինչ փնտրում էիք, ապա շաբաթ առավոտյան 8-ին միացրեք զարթուցիչը` և ուղիղ դեպի «քրչի բազառ», և թող քաոսում գեղեցկություն գտնելու աստվածները ուղեկցեն ձեզ:
Խաղ-նվերներ (բայց մեծերի համար)
Քանի դեռ չենք անցել երեխաների ցուցակին, մի քանի նվերի տարբերակ էլ էն մեծերի համար, որոնք դեռ հիշում են, որ շատ վաղուց չէր, երբ իրենք էլ երեխա էին: Dolland-ը առաջարկում է այնպիսի սիրով ու մանրակրկտությամբ պատրաստած խաղալիքներ, որ կարծես իրենց տեղը թանգարանում է, ոչ նվերի տուփի մեջ:
Առաջին կին խաչքարագործ Նարինե Փոլադյանից կարող եք գնել ինքնուրույն խաչքար պատրաստելու այս փոքրիկ հավաքածուն` «Խաղքարը»:
Եվս մեկ խաղերի մասնագետը Լուիզա Նասլյանն է, բայց իր խաղերը տարբերվում են մյուսներից, քանի որ դրանք մի քանի հազար տարեկան են: Լուիզայի մոտ կարող եք պատվիրել, օրինակ, 2000 տարվա պատմություն ունեցող Վիկինգների շախմատ, 7800 տարվա Քարկիս կամ այլ տարբեր խաղեր: Բոլոր խաղերը, խաղաքարերը, խաղադաշտերը պատրաստված են Լուիզայի ձեռքով:
Ընդհանրապես, լավ տարբերակ են սեղանի խաղերը, որոնց տեսականին հաշված տարիների ընթացքում Հայաստանում զրոյից աճել է մոտավորապես մինչև ծիծիլիոն: Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել «Այլկերպի» տարբեր խաղերին, ինչպես նաև այցելել, օրինակ, «Զանգակ» կամ «Էպիգրաֆ» գրախանութներ, որտեղ կա հայկական սեղանի խաղերի մեծ տեսականի:
Գրքեր երեխաների համար
Գիրքը, ինչպես հայտնի է, ամենալավ նվերն է։ Լավ է, որ ֆիզիկական գրքերը տարեցտարի, ի հեճուկս բոլոր կանխատեսումների և ազնվորեն ասած` տրամաբանության, ավելի մեծ տարածում են գտնում: Դպրոցականների համար տոներին ընդառաջ երկու կարևոր նորույթ կա։
Արտավազդ Եղիազարյանի՝ արդեն սիրված «Վիշապաքարի գաղտնիքը» գրքի երկրորդ մասը` «Քարի վերջը», որտեղ հին առասպելական վիշապները ապրում են ժամանակակից Հայաստանում, իսկ գլխավոր հերոսները փորձում են կանգնեցնել խորհրդավոր չարագործներին։ Լավ նվեր է հատկապես նրանց համար, ովքեր կարդացել են առաջին մասը, այլապես կարելի է նվիրել երկու հատորը միասին: (Նշեմ որ ինչպես և վերևում, գրքի հեղինակի և ԵՐԵՎԱՆ ամսագրի խմբագրի անունների համընկնումը իհարկե պարզապես զուգադիպություն է և նույնպես չի պարունակում կոռուպցիայի էլեմենտներ):
Իսկ Լուսինե Շահնազարյանի «Ճապիճուկները» ֆանտաստ գրողի առաջին մանկական վիպակն է։ Տաթևն ու Արամը մի օր պատահաբար հայտնաբերում են, որ իրենց տան ծխատար խողովակը նրանց տեղափոխում է բոլորովին նոր աշխարհ՝ Ճապիճուկների երկիրը։ Դրան հաջորդում են շատ հավես արկածներ։
Ավելի կրտսերների համար խորհուրդ կտանք Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթները»․․․
․․․իսկ մի քիչ էլ փոքրիկներին` Եվգենյա Էվոյանի «Նարնջագույն զատիկի կորած կետիկները»:
Երեխաների նվերներ
Ամենափոքրիկների համար, այն տարիքում, որ նվերը ավելի շուտ երեխային ստեղծած մեծերի համար է, քան բուն երեխայի, շատ հաճելի կլինի նվեր ստանալ «Շշուկի» պատրաստած կարուսելը, որը ֆունկցիոնալ երևի քիչ կիրառություն ունի, բայց եկեք ընդունենք, որ անհավանական էսթետիկ է:
Հիշո՞ւմ եք՝ երբ փոքր էիք, բարձերից ու ծածկոցներից տնակ էիք պատրաստում։ Հիմա բալիկները արդեն ստիպված չեն դա անել, քանի որ կարող են պարզապես անձնական վիգվամ ունենալ։ Վիգվամներ պատրաստող իրականում շատ ընկերություններ կան, բայց քչերն են պատասխանատու իրենց որակի համար: Teepee-ն մանկական վիգվամների ամենահին կառուցապատողներից է, որի որակին կարելի է հանգիստ վստահել:
Որպես ունիվերսալ նվեր տարբեր տարիքի բալիկների համար և՛ ժամանցային, և՛ կրթական, «Պես-Պեսն» առաջարկում է գունազարդման ոչ միայն մեծ Երևանի և Գյումրու քարտեզներ, որը, ի դեպ, շատ հավես նվեր է բազմազավակ ընտանիքների համար, այլև տարբեր թեմատիկ գունազարդման գրքեր, օրինակ՝ Երևանի արձաններով, հայ գեղանկարիչների աշխատանքներով, Երևանի շենքերով: Եռալեզու գրքերը լավ նվեր կլինեն ոչ միայն հայաստանցի, այլև արտասահմանյան բալիկների համար:
Տարբեր տարիքի երեխաների համար տեսականի առաջարկում է նաև կոշիկների արտադրության ընտանեկան փոքրիկ բիզնես EEk-ը։ Միգուցե և բալիկները կոշիկները երկար չեն հագնում, բայց այս կոշիկները հաստատ նման են նրանց, որոնք գտնում ես խնամքով պահած հին իրերի մեջ, երբ արդեն 30 տարեկան ես, զարմանում՝ ինչ լավ են պահպանվել ու փորձում պատկերացնել՝ ոնց էր ոտքդ մեջը տեղավորվում:
Եթե մեծերին առաջարկեցինք օտար լիկյորները փոխարինել հայկական թուրմով, ապա դրսի տիկնիկներին փոխարեն փոքր երեխաներին նվիրեք «Ծովի նարի» տիկնիկներից...
...իսկ արդեն մի քիչ մեծերին` «Վանեի»՝ ինքնուրույն տիկնիկ պատրաստելու հավաքածուն:
Տիկնիկի հավաքելու փուլը բարեհաջող անցածներին կարող եք նվիրել պնևմատիկ մեքենա ստեղծելու Arm Elentronik-ի այս հավաքածուն, որն այնքան թարմ նորություն է, որ առաջին առաքումները կսկսեն դեկտեմբերի 26-ին:
Վատ նվեր
Ավանդական վերջաբանով հիշեցնենք, որ կենդանին Ամանորի լավ նվեր Չէ, կենդանին լավ նվեր է այնտեղ, որտեղ նա սպասված է և ցանկացված տան բացարձակապես բոլոր անդամների մոտ: Նաև հիշեցնենք, որ կենդանիներին նույնպես պարզապես անհրաժեշտ են ամանորյա նվերներ, իհարկե, այն դեպքում, եթե նրանք ամբողջ տարին իրենց լավ են պահել: