«Մեզ թվում էր, թե ազատություն էինք ստեղծում»
Ջահելություն

«Մեզ թվում էր, թե ազատություն էինք ստեղծում»

ԵՐԵՎԱՆի խնդրանքով երևանյան անդերգրաունդի փորձառու ներկայացուցիչ Արտաշես Արշակյանը հանդիպել է իր պատանեկության ընկեր Վահագն «Չոռտ» Մամյանին ու վերջինիս հետ վերհիշել 2000-ականների սկզբի երևանյան ռոք միջավայրը՝ անվերջ ծանոթություններով, հասարակության այլ շերտերի հետ խփոցիներով և ազատության անվերջ փնտրտուքներով։

Տեքստը՝ Արտաշես Արշակյանի

 

Լուսանկարները՝ Վահագն Մամյանի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

#Ռոք

 

Մի քանի օր առաջ Z սերնդի մի վանաձորցի ընկերուհի հարցրեց, թե մենք ջահել ժամանակ ո՞նց էինք իմանում՝ քաղաքում ինչ իվենթ կա, ուր արժի գնալ, ուր չարժի գնալ, ընդհանրապես՝ որտեղ ինչ ա կատարվում։ Պատասխանեցի, որ Չոռտից էինք հարցնում։ 


Չոռտը գիտեր բոլորին. գլխից մինչև ոտքեր բացվող զսպանակ-բլոկնոտում հավաքագրել էր քաղաքի բոլոր ջագսերի հեռախոսահամարները (այն ժամանակ, իհարկե, տան), իմ աչքով եմ տեսել։ Մի քսան հատ մենակ «Աննա» կար: Վանաձորցի ընկերուհին թարս նայեց… Այո՛, արդեն մեծացել է այն սերունդը, որը չի ապրել սոցցանցերից առաջ ու որը չգիտի Չոռտին դեմքով։


Չոռտը թռու, կարծրատիպային ռոքերի կերպար էր։ Այդպիսի դեմքեր մինչև հիմա կարելի է տեսնել ամերիկյան կինոներում՝ երկար մազ-մորուք, պիրսինգ, զարդագանգեր, շղթաներ, և այլն, և այլն։ Նա մեր այն խելահեղ ռոք պատանեկության ամենավառ սիմվոլներից էր։ 

 

Համալսարանի աստիճաններին, Չոռտը մորուքովն է 

 

Ֆեյսբուքն ու թինդրը՝ ինտերնետից առաջ

Չէինք շփվել երևի տասը տարի, եթե ոչ ավելի: Զա՛նգ, դուռը բացում եմ, սկզբում տեսնում եմ փայլուն ճաղատը, հետո՝ երկար փափուկ մորուքի տակից փայլող ժպիտը։ Վերջին հանդիպումից անցած տարիներն արագ ամփոփում ենք (պարզվում է՝ Չոռտն ունի երկու դստրիկ ու զբաղվում է մարդկանց պիրսինգելով) ու անցնում կարևորին՝ հին ժամանակներին։ 


Վահագնը Վանաձորից Երևան էր եկել համալսարանում սովորելու արդեն «Չոռտի» վերածված՝ ընկեր Լյովկայի թեթև ձեռքով. «Էդ ժամանակ լրիվ սև էինք հագնում, անթրաշ վիճակ, անհասկանալի երկարության մազեր։ Գնացել էի իրանց տուն, դուռը բացեց, բա՝ պրիվետ, Չորտ։ Էն որ՝ էդ ո՞ւմ ես բարևում։ Ես բանուգործ թողած եկել եմ, դու ուրիշի՞ն ես բարևում։ Ասում ա՝ ուրիշ չի, դո՛ւ ես։ Քամին տվել էր, մազերս երկու պոզի պես բարձրացրել, տենց էլ մնաց»։ 


18 տարեկանի հաջորդ օրը ծակեց ականջը։ Հիմա ասում է, որ դա կյանքի առաջին մեծավարի քայլն էլ։ Ավելի ճիշտ, թե չէ բուն պիրսինգը, այլ պիրսինգը չթաքցնելը։ «Երևի բունտ էր, եսի՞մ։ Չգիտեմ էլ՝ ինչի դեմ, բայց բունտ էր»։ Ինչպիսի՜ դիպուկ բնութագիր այդ ողջ ժամանակաշրջանի։ «Մեզ թվում էր, թե ազատություն էինք ստեղծում, պայքարում էինք։ Հիմա մի քիչ որ խորանում ես՝ պայքարում էիր, որ չլինես մյուսների նման շտամպովկա, արդյունքում դառնում էիր ուրիշների նման շտամպովկա։ Բայց էդ զգացողությունը կար, հա»։ 


Եվ այսպես, Չոռտը հայտնվեց երևանյան փոքրիկ, բայց բուռն ռոք հեղեղի կենտրոնում։ Եթե համերգ կամ ֆեստ էր լինում, առաջինն իրեն էին տեղյակ պահում, ինքն էլ՝ մնացածին. պարզապես նստում էր համալսարանի աստիճաններին ու անցնող-գնացողներին ձեռի հետ պատմում, թե որտեղ ինչ կա անելու։ «Նույնիսկ եթե անասուն համերգ էր լինում, որտեղ ոչ ոք նորմալ երգել-նվագել չգիտեր, բայց ես ասած լինեի, որ արժի գնալ, մարդիկ կգնային ու կգտնեին, թե ինչի համար են գնացել։ Որովհետև, դուզը խոսանք էլի, լիքը մարդ գնում էր ոչ թե թույն համերգ լսելու, այլ իրար տեսնելու, շփվելու, ծանոթանալու համար»։


Օ՜, այո՜, Չոռտը նաև մարդկանց էր ծանոթացնում իրար հետ։ Ավելի ճիշտ՝ բոլորին բոլորի հետ, այսինքն՝ իր միջոցով կարելի էր տուսովկայի ցանկացած աղջկա հետ ծանոթանալ։ Մի խոսքով, նա ոչ միայն Ֆեյսբուք էր, այլև երբեմն՝ թինդեռ։ Ինքս մի քանի անգամ օգտվել եմ նրա այդ ֆանտաստիկ հմտությունից, մերսի քեզ, վանաձորցի Չոռտ։ 

 

 

Հին, փոշոտ ՆՓԱԿը

Ամեն շաբաթ Ժուռնալիստների տանը նվագում էին Ալտեր Էգոն ու Քինգս Քրոսը, պարտադիր բոլորով գնում էինք (խոխմա փաստ. էդ երկու խմբերն ունեին լրիվ նույն կազմերը, բացի ֆրոնթմենից. մի տեղ Էդոն էր երգողը, մյուս տեղում՝ Հենդոն)։ Չնայած, որ մնացած օրերին էլ էինք սաղ օրը իրար հետ՝ Մատենադարան, օբսերվատորիա, համալսարան՝ մնացած բոլոր տեղերում, որտեղ տուսվում էինք։ 


Բայց էն թվերի շրջադարձային միջացառումները փառատոներն էին։ Ամենաթույնը ՆՓԱԿ-ի հավաքներն էին։ Չոռտը՝ արդեն լրիվ անցյալի գրկում հարմար տեղավորված, ասում է, որ «ռեմոնտից առաջ փոշոտ ՆՓԱԿ-ի ֆեստերը լրիվ ուրիշ էին, աուրան լրիվ ուրիշ էր, ավելի անմիջական ու իսկական էր ամեն ինչ»։ 


Հաստատ, հենց էդ այն քաոսային ու ազատ շարժն էր, որն այդքան կարոտում ենք հիմա։ Երբ միաժամանակ վախվորած և աննկարագրելի հետաքրքրասիրությամբ լիցքավորված մտնում էի ՆՓԱԿ-ի հերթական խառը ֆեստին, մետաղյա դուռը փակվում էր ահասարսուռ շրխկոցով, որի արձագանքը, խառնվելով երաժշտական շուխուռին, հետևում էր թողնում դրսի անիրական, կեղծ աշխարհը, որում մեզ անվերջ համոզում էին, որ պետք է դադարենք երազել։ Ես մտնում էի ուրիշ աշխարհ, իսկ դռան հետևինը ճաքում է, փշրվում ու անհետանում, ինչպես զուգարանի թուղթը՝ ջուրը քաշելուց հետո (եթե խողովակները խցանված չեն)…


2000 թվի ՆՓԱԿի փառատոնը վանաձորցի Չոռտի համար առաջին մեծ իվենթն էր Երևանում, հենց էնտեղ ծանոթացավ տուսովկայի գլխավոր մարդկանց հետ։ «Առաջինը կարծեմ ԱԼՔի Անդրեյն էր,– պատմում է Վահագնը,– Ես էն ժամանակ դեռ ահագին քաշված էի, մտածում էի՝ ամոթ ա, որ ես պապայիս հին վինիլներն եմ լսում, ոչ թե ժամանակակից ինչ-որ բան, բայց Անդրեյն աչքերս բացեց, ասեց՝ ոչինչ, նորմալ ա»։ 


Հետաքրքիր է, որ համարյա նույն ժամանակներում նույն ՆՓԱԿ-ով ես էլ միացա ռոք համայնքին։ Քայլում էի մի օր դասից հետո՝ 17 տարեկան էի, մեկ էլ տեսնեմ մի շենք, շուրջը տասնյակ շատ տարօրինակ տեսքի մարդիկ՝ մրջյունների նման գնում են ու գալիս են։ Ես էն ժամանակ ոչ Նորարար փորձառական արվեստի կենտրոնի մասին լսած կայի, ոչ էլ գիտեի, որ Հայաստանում ռոք նվագողներ կան։ Պարզվեց, որ ՆՓԱԿ-ի մեծ ֆեստերից մեկն էր, որտեղ հավաքվել էին Երևանի բոլոր հնարավոր ոչ ֆորմալները՝ ռոքերները, պանկերը, մետալիստները, ով ասես։ Մինչև էդ օրն ինձ թվում էր, որ տենց ազատ քայլող, շնչող մարդիկ մենակ կինոներում են լինում։ Հետո հասկացա. իրանք սովորական, իմ նման մարդիկ էին, ուղղակի հաղթահարել էին վախերն ու կոտրել տաբուները։ 

 

Love Summer փառատոնը

 

Սիրո ամառվա փուչիկները

Մի ուրիշ կարևոր իրադարձություն էր 2001 թվականի ամռանն անցած Love Summer երկօրյա փառատոնը Ստանիսլավսկու թատրոնի տարածքում: Ինքս չէի եղել, բայց անընդհատ լսում էի պատմություններ այդ զարմանահրաշ ֆեստից։ Սառը ջրում կապտած փոկի պես նախանձում էի բոլորին, ով ներկա էր գտնվել, քանի որ ամեն ինչից երևում էր, որ հենց էդ երկու օրն էին որոշիչ եղել զրոյականների ռոք համայնքի ձևավորման գործում, էդ երկու օրում էին խաչվել, մերվել, ծանոթացել և եղբայրացել հին ու նոր ռոք սերունդները, փառատոնի ջերմությունը հալեցրել էր միջսերնդային սառույցը և մեծերը ձեռնբաց իրենց գիրկն էին ընդունել 21-րդ դարի երազկոտ ջահելությանը։ 


Բայց դրա մասին բազում պատումներից ինձ էն ժամանակ ամենաշատը հուզել էր պահպանակների պահը։ Ուրեմն, գլխավոր հովանավորը պահպանակներ արտադրող մի ընկերություն էր։ Կազմակերպիչները որոշել էին մասնակիցներին բաժանել հովանավորի արտադրանքից (սիրո ամառ էր, մասնակիցներն էլ՝ ջահել ու կրքոտ), բայց ոչ թե հենց այնպես, այլ հնարամիտ կերպով/ մեծ փուչիկներ էին փչել, մեջը լցրել պահպանակներ, հետո փուչիկները օդ հանել, պայթեցրել, ու որ ցանկացողները վերցնեն։ Չոռտը վերցրել էր այնքան, որ հանկարծ պակաս չզգա։ Մի քիչ էլ ավելի։ Ու մի քանի հատ էլ։ 


— Շատ-շատ էր մոտս հավաքված, էն որ ֆեստից հետո սաղին բաժանում էի, բայց չէր վերջանում ու անընդհատ ինչ-որ տեղից դուրս էին գալիս՝ կուռտկի գրպանից, կռավաթի տակից, արդեն ժամկետն էլ էր անցել, բայց հա՛ ինչ-որ տեղից դուրս էին գալիս…

 

 

 

Ենթամշակութային խփոցիներ

Կռիվներ շատ էին լինում։ Քյարթերը շատ էին ու չէին սիրում ջագի-ջուգիներին (այդ պիտակի տակ տեղավորվում էին ռոքերները, մետալիստները, ռեպերներն ու ցանկացած այլ ոչ ֆորմալ երիտասարդ)։ Ես խորամանկ էի, աշխատում էի չխառնվել։ Հատկապես եթե շատ էին լինում, պետք էր ուղղակի փախչել։


Մի անգամ էլ Ազնավուրի հրապարակում բացօթյա ռոք համերգ էր, մեր համար լռված էինք։ Մեկ էլ մեկը ուսիս է թփթփացնում, ես ու Գրիշը ֆռում ենք, թե բա՝ կգա՞ք ընդեղ մի հատ խոսանք։ «Ընդեղը» կինո «Մոսկվայի» անկյունն էր, որտեղ հիմա Կամին ակումբն է՝ դատարկ տեղ էր, կռիվների համար շատ հարմար։ Նայեցինք, տեսնենք՝ էս մութ անկյունը մանրից լցվում է զանազան ջագատյաց եզոներով։ Ես էլ մտածեցի՝ մենք էլ մի հարյուր հոգի ռոքեր կլինենք, լավ առիթ է տեղում հարց լուծելու։ Ում էդտեղ ճանաչում էի, առաջարկեցի միավորվել։ Բայց, ավաղ։ Արձագանքեց մենակ Ռոմկան, ինքն էլ լրիվ ջագի չէր, ավելի քյարթաջագ էր՝ բոլորի հետ հանգիստ լեզու էր գտնում։ Սա գնաց, մի երկու բառ խոսաց, եկավ, ասեց՝ ձև չկա, ուզում են ձեզ տփեն։ Ու քանի որ մեզ աջակցող չկար, սկսեցինք դանդաղ, աննկատ հեռանալ դեպքի վայրից։ Անկյունի եզոներից մեկը նկատեց, գոռաց թե՝ «սրանք ցվրվում ե՜ն» ու էդ ոհմակը քարերով զինված վազեց մեր հետևից։ Մի կերպ խցկվեցինք Թումանյանի խաչմերուկում մի հատ մաշված «24» ու հազիվ թռանք։ 


Չոռտը հիմա՝ էս դեպքերից տարիներ անց, փիլիսոփայում է. «Նորմալ ա, որ մարդիկ չեն սիրում իրանցից տարբերվողների։ Ռաբիզները ռոքերներին, ռոքերները՝ ռեպերներին, մեկը մյուսին և այլն։ Բայց, մի երկու բառ որ իրար հետ խոսան, լավ էլ ախպերություն կանեն»։ Որպես ապացույց բերում է սեփական օրինակը. էն ժամանակներից ուներ ռեպեր ընկեր էլ, ռաբիզ ընկեր էլ, ու էպդիսիք շատերն էին։ Պարզապես չգրված օրենքներ էին, որ մասսաներն իրար չեն ընդունում։ 


Բայց մի լուրջ խփոցի Չոռտի կյանքում էլ է գրանցվել։ Համալսարանում քյարթ-համայնքի երկու ներկայացուցիչ որոշել էին բոցվել Չոռտի արտաքինի վրա՝ «բա էդ ե՞րբ տղա դառար, հահա», նման բաներ։ Չոռտն ընկերոջ հետ հասկացրեց երկու զվարճասերներին, որ խոսքերի համար պետք է պատրաստ լինել պատասխան տալ։ Ծեծված քյարթերը գնացին, շուխուռ գցեցին։ 


«Երբ իմացա ինձ մի հարյուր հոգով ման են գալիս, մտածեցի նախօրոք տղերքին հավաքեմ, տենց գնամ համալսարան։ Բոլորը վրայիցս թռան, ի դեպ։ Լավ առիթ եղավ, որ էդ մարդկանց լավ ճանաչեմ ու դրանից հետո էլ մոտիկություն չանեի». ակամայից հիշեցի իմ դեմքն Ազնավուրի հրապարակում… Ինչևէ, Չոռտին ի վերջո բռնացրեցին համալսարանում ու ամբոխով ծեծեցին։ «Չնայած շատ ավելի վատ կարող էր լինել՝ ընկա, գլուխս ձեռներով պահեցի, վերջում սկի հիվանդանոցի կարիք չեղավ»։ Ականավոր ռոքերի ձայնի մեջ նույնիսկ հիասթափության որոշ նշույլներ եմ նկատում… 


Բանը հասավ Չոռտի հայրիկին։ «Ահավոր նեղվել էի, որ իմ պատճառով պիտի գնա բազառների մեջ մտնի, բայց ասեց՝ հիմա պապա չեմ, հիմա ավագ ընկեր եմ։ Մի խոսքով, մի քանի օր հետո էդ տփող ոհմակն ինձ որտեղ տեսնում էր, քաշում էին մի կողմ, ասում էին՝ ախպերս, որ բան պետք ըլնի, իմացի հետդ ենք։ Դրանից հետո էլ ոչ մի տեղ ոչ մեկի հետ ոչ մի պրոբլեմ չեմ ունեցել»։ 


Իրոք, լիքը տփող ու տփվողներ են եղել մեր ջահել թվերին։ Ու որ հիմա երեխեքն ինչ երկարության մազերով ու ցանկացած հագուկապով հանգիստ ապրում են, էդ նաև մեր սերնդի ռոքերների ջանքերի շնորհիվ է եղել։ 

 

 

էպիլոգ

«2000-ից 2004 թիվն իմ համար ավելի երկար ա տևել, քան մինչև էս օրը։ Ոնց որ մի քսան տարի հասցրեցինք ապրել էդ փոքր ընթացքում»,– անթաքույց հպարտությամբ նշում է Չոռտը։ «Շատ խնդալու էր, երբ որ մեկ էլ լրիվ հեռավոր անծանոթ մարդիկ գալիս, ինձ իմ մասին ինչ-որ լեգենդներ էին պատմում։ Ասում էի՝ հը՞, էդ ու՞մ մասին եք հիմա պատմում, ի՞մ։ Երանի՜ էդ սաղ պատմությունների գոնե մի փոքր մասն իրոք իրականություն լիներ»։ 


Հետո գնաց բանակ։ «Ու որ եկա, պարզվեց էլ հին տուսովկան չկա, մարդիկ իրարից առանձնացել էին ավելի փոքր-փոքր խմբերի մեջ, սերունդների կապող օղակները ոնց որ շղթայից պոկված ընկած լինեին։ Ես էլ հավես չարեցի նույն հավեսով խրվել մեջը։ Ժամանակն անցավ»։ 


Ժամանակն անցավ, եկան նոր ժամանակներ։ Նոր մյուզիք ճարելու համար էլ չես գնում «Օրֆեյ», «Դանկո» կամ «Օսկար»՝ Երևանի քարտեզի երեք լուսավոր կետերը, որտեղից եթե մի քանի հոգով էինք լինում, իրար մեջ բաժանում էինք՝ դու էս կառնես, ես էս կառնեմ, էդպես միասին ավելի շատ կասետ կունենանք, քան եթե բոլորս նույնից առնենք։ Ինտերնետ չկար՝ իր ինֆորմացիոն ջրհեղեղով ու էդ որոնումները մարդկանց իրար մոտ էին պահում։ Հիմա շատ բան է փոխվել շփման մեջ։ Մեր ժամանակ մտնում էիր դահլիճ ու հանգիստ գնում ծանոթանում էիր բոլորի հետ (եթե Չոռտը մոտակայքում էր՝ ծանոթություններն ավելի հեշտ էին լինում)։ Հիմա ով ում հետ եկավ, նույն մարդկանց հետ էլ շփվում ու գնում ա։ Չեն խառնվում իրար, չեն ծանոթանում: 


Մենք էլ քսան տարով մեծացած աննկատ անցնում ենք բնակարանային հարցի խնդիրներին։ «Եթե մեկը 2000 թվին ասեր, որ մենք քսան տարի հետո նստելու ենք խոհանոցում ու քննարկենք Հայաստանում հիպոտեկի վայրենի պայմանները ու սենց դժգոհ փնթփնթանք, որ մարդ չի կարողանում իրա համար տուն առնի, պատկերացնում ե՞ս՝ ո՞նց կղժայինք վրան,– հրճվում է համարյա 40-ին հասած Չոռտը,– կասեինք՝ ի՞նչ հիպոտեկ, մենք կարանք Կասկադի աստիճաններին ապրենք սաղ կյանքներս։ Երևի հիմա էլ կան տենց ազատատենչներ, բայց դե, ավաղ, չէ, ժողովուրդ, չեք կարող»։ 


Չեն կարող, բայց երևի ամեն սերունդ կյանքում գոնե մի անգամ հավատա էդ անիրական ազատությանը։ Մենք հավատում էինք ու լավ էինք անում։
 

հավելյալ նյութեր