Օր 6․ Կարեն
Ոսկե Ծիրան 2025

Օր 6․ Կարեն

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։ Օրինակ՝ ժյուրիի անդամ Կարեն Կարագուլյանի։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

#ՈսկեԾիրան #Կինո

- Այ էս շենքում ընկերներս էին ապրում, գալիս գոռում էի, որ դուրս գան, ու այ սենց գնում էինք դպրոց, այ ստեղից Օրբելիով չէ՞ պիտի գնանք։ Էս կարծեմ պոլիկլինիկան էր, սա էլ ինքը՝ դպրոցը.

 

Կարենի դպրոցի շենքը երևի միակ բանն է Երևանում, որ մնացել է այնպիսին, ինչպիսին իր հիշողություններում է։ Կարենը Հայաստանից հեռացել է 20 տարեկանում, ինչպես ինքն է ասում` իրականում 18 ում, քանի որ գնացել է բանակ Սանկտ-Պետերբուրգ, վերադարձել ու մեկնել։ Ասում է, որ դեռ չի հանդիպել ինչ-որ բան, որը կարոտում է, բայց նկատում եմ որ ծանոթ շենքերի վրա հայացքը դավաճանաբար մի քանի միլիվայրկյան սառում է։ 

 

 

 

 

 

Արտագաղթելուց ի վեր Կարենը Երևանում երրորդ անգամ է, երեք անգամն էլ եկել է Ոսկե Ծիրանի շրջանակում։ Այս անգամ ոչ միայն որպես հյուր, այլ նաև իբրև Տարածաշրջանային համայնապատկերի ժյուրիի անդամ: Կարենի համար սա առաջին փորձն է ժյուրիում լինելու ու ասում է՝ հեչ բարդ չէր, որովհետև`

 

- Մեր բախտը բերել ա, որ մենք ժյուրիի անդամներով մոտավոր նույն զգայունության մակարդակն ունենք. ֆիլմերից հետո երբ քննարկում ենք, կարծիքը հիմնականում համընկնում ա։ Ընդհանուր 10 ֆիլմ էր, պարտաճանաչ նայել ենք բոլորը, եղել ա, որ ուզել եմ աթոռով խփել էկրանին բայց մեկ ա՝ նայել եմ։ Չնայած, մի ֆիլմ ա եղել, որ չեմ դիմացել, 44 րոպե տվեցի ֆիլմին, բայց ոնց որ ինձ վիրավորեին: 

 

 

 

 

 

Առավոտյան կինոյից հետո տեռասայի մի անկյունում ժյուրիի անդամներով մեկուսանում են` հաղթողին որոշելու ժամանակնա. ոչ մի քվեարկություն ոչ մի խիստ քննարկումներ կամ կռիվներ, մոտ 5 րոպե դիալոգ և ասում են հաղթողը ընտրված է: Պատահաբար նկարելուց լսում եմ որոշումը և դառնում այդ կարևոր իմֆորմացյիայի մի քանի կրողներից մեկը, բայց չհարցնեք ով է, գաղտնիք է չեմ ասի: 

 

Հարցնում եմ ինչպե՞ս են ընտրել ֆիլմը։ Կարենն ասում է` սրտով: «Ընտրել ենք մի ֆիլմ, որը բոլորը պետք ա տեսնեն»:

 

 

 

 

 

 

 

Մեկ այլ ֆիլմ, որը պիտի տեսնեն բոլորը` «Անորան», այսօր ցույց են տալու փառատոնի շրջանակում: Դահլիճը լեփ լեցուն է, շատերը ֆիլմն առաջի անգամ չեն նայում: Ֆիլմից հետո հարց ու պատասխանին միանում է նաև ռեժիսոր Շոն Բեյքերը տեսազանգով. քննարկումից հետո` գրեթե բոլորը հերթով մոտենում են Կարենին կամ շնորհակալություն հայտնելու, կամ նկարվելու: Հետաքրքիր կլիներ օրվա ընթացքում հաշվել քանի անգամ Կարենին խնդրեցին իր հետ լուսանկարվել, ափսոս դա չարեցի, բայց հաշվեցի, թե քանի անգամ նա մերժեց կամ մի քիչ չոր արձագանքեց` զրո: 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարենից շատ փառատոն տեսած մարդ երևի երբեք չեմ հանդիպի, հարցնում եմ իրեն Ոսկե Ծիրանը իր տեսած փառատոների մեջ ի՞նչ տեղ է զբաղացնում. 

 

- Իմ համար Ոսկե Ծիրանը շատ ջերմ ա, չեմ ուզում թերություններ տեսնեմ բայց աճելու տեղ կա իհարկե։

 

 

 

 

 

Փորձում եմ պարզել՝ ի՞նչ աճելու տեղեր են, չի խոստովանում, ասում է դա կազմակերպիչներին կասի վերջում, փոխարենը առաջարկում է պատմել իր երազանքը.

 

- ՈՒզում եմ մի անգամ գալ Ծիրանին ու փառատոնը լինի վերականգնված կինո «Ռոսիայում», այ դա լրիվ ուրիշ մակարդակ կլիներ, ու շատ բան կարելի էր անել։

 

Ասում եմ, որ մի քիչ հոռետես եմ, պատասխանում է․

 

- Պետք ա սկզբից երազել, ամեն ինչ երազանքից ա սկսվում:

 

հավելյալ նյութեր