Ոսկե Ծիրան 2024-ի ոչ այնքան կարմիր գորգը
Հունիսի 25-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բացվեց «Համարձակ Խնձորեսկ» գորգերի ժամանակավոր ցուցադրությունը, որի ընթացքում հայտնի դարձավ, որ Ոսկե Ծիրանի այս տարվա գորգը կլինի ոչ թե կարմիր, այլ յուրահատուկ։ Նոր ձևաչափի համար պատասխանատու են AHA Collective-ն ու Դավիթ Քոչունցը։
Լուսանկարները՝ ARARAT թանգարանի
Ագամեմնոնից՝ Կրուազետ
Ըստ պատմական տեղեկությունների՝ հանդիսավոր կարմիր գորիգ մասին ամենավաղ գրավոր աղբյուրը Էսքիլեսի «Ագամեմնոն» պիեսն է, որտեղ հերոսներից մեկը նկարագրում է հատուկ արքայի անցնելու համար զարդարված բոսորագույն հատակը։ Թեպետ, այստեղ համատեքստը շատ ավելի մռայլ է․ Կլիթեմնեստրան այս կարմիր գորգով ակնարկում էր իր՝ պատերազմներից տուն վերադարձող ամուսնուն, որ վերջը լավ չի լինելու։
Այնպես որ՝ մեզանում չափազանց սովորական դարձած կարմիր գորգերի ակունքները այլ տեղից են գալիս։ 1902 թվականին Նյու Յորքի երկաթուղային կայարաններում կարմիր գորգերը ցույց էին տալիս ուղևորներին գնացքներին հասնելու ուղիները։ Ժամանակի հետ կարմիր գորգով որևէ տեղ մտնելը սկսեց նշանակել հրավիրյալների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք։ Եվ ահա, 1922-ին, «Ռոբին Հուդ» համր բլոքբասթերի պրեմիերային աստղերն ու հրավիրյալ սելեբրիթիները կինոթատրոն սկսեցին մտնել արդեն հստակ հանդիսավոր նշանակություն ունեցող կարմիր գորգով։
1961-ից կարմիր գորգով մուտքը դարձավ «Օսկար» մրցանակաբաշխության անբաժան բաղադրիչը, հատկապես, երբ հայտնվեց գունավոր հեռուստատեսությունը ու միլիոնավոր հեռուստադիտողների աչքը վերջնականապես սովորեց գույնին։
Այս ավանդույթն աստիճանաբար տարածվեց նաև խոշորագույն կինոփառատոներում։ Սակայն ոչ միանգամից։ Կաննում, օրինակ, առաջին տարիներին հանդիսավոր գորգը կապույտ էր։ Կարմիրն ամրապնդվեց միայն 1984-ին։
AHA Collective-ի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը
Հրաժեշտ հին ավանդույթին
Ոսկե Ծիրանն էլ, որդեգրելով կինոփառատոնային լավագույն ավանդույթները, երկար տարիներ բացման արարողությունը սկսում էր հանդիսավոր կարմիր գորգի անցումներով։ Բայց միշտ գալիս է փոփոխությունների ժամանակը։
Ըստ փառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանի՝ ավանդույթը կոտրելը, իհարկե, դժվար որոշում է, այն էլ այնպիսին, որն ունի ավելի հին պատմություն, քան աշխարհի բոլոր կինոփառատոները, «սակայն հզոր ավանդույթին հրաժեշտ տալուց էլ ավելի մեծ ուժ է տալիս նոր ավանդույթի ստեղծումը»:
«Կարծում եմ, կարմիր գորգը, որպես փառատոնի սիմվոլներից մեկը և՛ հանգուցային է, և՛ ուշագրավ։ Վերափոխել փառատոնի այս դրվագը թերևս որքան համարձակ է, նույնքան էլ իմաստալից, - նշեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբերկյանը, - Այս գաղափարը նաև գեղեցիկ հանգավորվում է «Ոսկե Ծիրան» փառատոնի 20-ամյա գործընկեր ARARAT-ի հետ, քանի որ թե՛ կոնյակագործության, թե՛ գորգագործության հիմքում ընկած է վարպետությունը։ Վարպետի ստեղծագործական աշխատանքն է, որ պսակում է բնության առատաձեռնությունն ու դարերի ավանդույթները և հրավիրում մշակույթը բացահայտելու ճամփորդության»։
Դավիթ Քոչունցը
Դեպի Ոսկե Ծիրան տանող նոր մշակույթը
Եվ այսպես, ինչպիսի՞ն կլինի հուլիսի 7-ին մեկնարկող երևանյան կինոփառատոնի գորգը։ Հատուկ 21-րդ թողարկման համար AHA collective-ը արվեստագետ Դավիթ Քոչունցի հետ թողարկել է ժամանակակից կարմիր գորգի հավաքածու։ Կազմակերպիչները վստահ են, որ կին գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստված 7 եզակի կարպետները, որոնք կազմում են Նայիրի Խաչատուրեանի կողմից համադրված «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն, հուլիսի 7-ին կազդարարեն և կձևավորեն տեղական և միջազգային կինոփառատոնային դաշտում նոր մշակույթ։
«Գորգարվեստը հայկական մշակույթի առանցքային դրսևորումներից է՝ իր դարավոր պատմության և վարպետությամբ ու միջազգային բարձր ճանաչմամբ: Ուրախ եմ, որ 2023-ից ի վեր AHA Collective-ը Դավիթ Քոչունցի հետ միասին սկսել է ժամանակակից բովանդակություն և նոր ձևեր բերել հայկական գորգարվեստում՝ կին գործարարների հետ համագործակցությամբ: Կարևոր է, որ թե՛ արհեստը, թե՛ խորհրդանիշները անընդհատ ընդլայնվեն և արտացոլեն արդի իրողությունները: Այսպիսով, հասարակության մեջ կձևավորվեն մշակութային նոր խոսույթներ, անցյալի և ներկայի միջև ավելի խոր կապ և փոխըմբռնում՝ քանդելով և վերաիմաստավորելով փառատոնի կարմիր գորգի դասական խորհրդանիշը»,- նշում է AHA Collective-ի հիմնադիր Նայիրի Խաչատուրեանը:
Դավիթ Քոչունցն իր հերթին մատնանշում է կինոփառատոնի և գորգարվեստի համատեղելիության կարևոր նշանակությունը․ «Ոսկե Ծիրանն» ամենամեծ փառատոնն է Հայաստանում, որի ժամանակ գորգով անցնում են տարբեր մարդիկ, հյուրեր, իսկ գորգը լավագույն մեդիաներից է ներգործություն ունենալու, մտքեր ու ձևեր կազմաքանդելու, որից երբեք չեմ հրաժարվում ստեղծագործելիս»:
«Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը
«Համարձակ Խնձորեսկը» որպես նախաբան
Փառատոնի այս շրջադարձային փոփոխությանն ընդառաջ, ARARAT թանգարանը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի և AHA Collective-ի հետ համատեղ հանրությանը ներկայացրեց Դավիթ Քոչունցի գորգագործական այլ աշխատանքների իր թողարկած առաջին ժամանակակից գորգերի՝ «Համարձակ Խնձորեսկ» հավաքածուի ցուցադրությունը, որը արվեստագետի կողմից ստեղծված դիզայնի հիման վրա 2023 թվականին գործել են Սյունիքի Վերիշեն գյուղում կին գորգագործները։