Ջարմուշը, Ֆրունզիկը, Հռոմն ու Բրեդ Փիթը Երևանի մեծ էկրաններին
Ի՞նչ լավ կինո կարելի է դիտել Երևանի մեծ էկրաններին, եթե նորույթների հավեսը չունեք, բայց սիրում եք մեծ էկրանով դիտել։ ԵՐԵՎԱՆը պատմում է բոլոր նոր տարբերակների մասին։
Տեքստը՝ Արեգ Դավթյանի
Կինոակումբային ձևաչափը Երևանում բնավ նորույթ չէ․ տարիներ շարունակ ոչ մեյնսթրիմային կինո ցուցադրում էին ՆՓԱԿ-ում, Ազգային պատկերասրահում ու The Club-ում, կինո-ուրբաթներ են կազմակերպվում Թումոյի տարբեր կենտրոններում, և այլն։ Բայց վերջին ամիսների շարժն ունի մի նկատելի տարբերություն․ այս նոր ցուցադրությունները տեղի են ունենում շատ ավելի մեծ էկրաններով ու շատ ավելի շատ տեղերով դահլիճներում, որտեղ սովորաբար ցուցադրվում են միայն նորագույն բլոքբասթերները, այն էլ գրեթե մշտապես անտանելի ռուսերեն կրկնօրինակմամբ։ Այլ կերպ ասած` այժմ կարելի է ունենանել սովորական կինոթատրոնային փորձառություն, բայց այլընտրանքային կինոցանկով (և օրիգինալ լեզվով)։
#Artpokaz
Վայրը․ Կինո «Մոսկվա»
Բովանդակություն․ Ոչ շատ հին սիրված ֆիլմեր
Մոտակա ցուցադրությունը․ Fear and Loathing in Las Vegas (1998)
Տոմսի արժեքը․ 3000 դրամ
2022 թվականի դեկտեմբերին հայտնվեց զարմանալի լուր․ Քվենտին Տարանտինոյի երկրորդ ու ամենահայտնի կինոնկարը՝ Pulp Fiction-ը, պետք է առաջին անգամ ցուցադրվեր հայաստանյան մեծ էկրանով։ Կինո «Մոսկվայում» Ումա Թուրմանին ու մյուսներին տեսնողների թիվն այնքան մեծ էր, որ արագ ավելացավ նաև երկրորդ ցուցադրությունը։ Լիքը դահլիճը (չխանգարեց նաև կիզակետում գտնվող Աշխարհի առաջնությունը) նպաստեց նրան, որ հունվարից ռուսական #Artpokaz նախագիծը վերջնականապես ամրապնդվեց Երևանում։ Ամեն շաբաթվա վերջում (սովորաբար ուրբաթ և շաբաթ օրերին), նախագծի շրջանակում ցուցադրում են «արդեն հայտնի, սիրված ֆիլմեր, որոնք նորից մեծ էկրանով ու լիքը մարդկանց հետ վերանայելը հավես է։ Դրանք ուժեղ ու զիլ, բայց այնուամենայնիվ ժամանցային ֆիլմեր են»։ Դրանց թվում են, օրինակ, «Մեծ Լեբովսկին», «Գրանդ Բուդապեշտը» և «Հարի Փոթթերի» առաջին ֆիլմը։ Իսկ արդեն հաջորդ շաբաթ ցուցադրվելու է Բրեդ Փիթի ու Էդվարդ Նորթոնի ջահել ժամանակների Fight Club-ը, որը հեռավոր 1999 թվականին հաստատ հասանելի չէր մեզ կինոթատրոնային ձևաչափով։
@YerevanKino կինոակումբ
Վայրը․ Կինոյի տան մեծ դահլիճ
Բովանդակություն․ Դասականների հետահայաց ցուցադրություններ
Մոտակա ցուցադրությունը․ A Night on Earth (1992)` Ջիմ Ջարմուշի ռետրոսպեկտիվի շրջանակում
Տոմսի արժեքը․ 2500-3000 դրամ
YerevanKino կինոակումբը նույնպես ունի ռելոկանտական արմատներ՝ այն հիմնադրել է ռեժիսոր, պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը։ Բայց, ի տարբերություն #Artpokaz-ի, այստեղ կազմակերպում են լիարժեք ռեստրոսպեկտիվներ։ Առաջին փորձը «Ինոե Կինո» դիստրիբյուտորական ընկերության հետ համատեղ ամերիկյան կինոյի կենդանի լեգենդ Ջիմ Ջարմուշի 70-ամյակին նվիրված շարքն է, որը զուգահեռ ընթանում է նաև Ռուսաստանի մի քանի տասնյակ կինոթատրոններում։ Երևանում ամեն ֆիլմ ցուցադրվում է երեքական անգամ, ընդ որում՝ առաջին՝ ուրբաթօրյա ցուցադրությանը հետևում է քննարկում Երևան տեղափոխված հայտնի ռուս քննադատ Ալիսա Տայոժնայայի հետ։ Ֆիլմերը ցուցադրվում են օրիգինալ լեզվով՝ հայերեն ու ռուսերեն ենթագրերով։
Կինոակումբում խոստանում են «Ինոե Կինոյի» հետ համագործակցության շարունակություն, իսկ արդեն մարտին պլանավորում են «Մոսֆիլմի» հետ համատեղ ներկայացնել Անդրեյ Տարկովսկու վերականգնված ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ «Ստալկերը» առաջին անգամ դիտելու կամ վերանայելու բացառիկ հնարավորություն։
Առանձին արժե նշել Կինոյի տան լեգենդար մեծ դահլիճի գործոնը․ այժմ սա ոչ թե պարզապես շատ մեծ պատմություն ունեցող տեղ է, այլ ամենաբարձր որակի ցուցադրություն ապահովող տարածք, որը վերջապես օգտագործվում է ոչ միայն Ոսկե ծիրանի ժամանակ։
#ՄերԿինո
Վայրը․ ԿինոՊարկ
Բովանդակություն․ Հայկական կինոյի մարգարիտներ
Մոտակա ցուցադրությունը․ «Տղամարդիկ»
Տոմսի արժեքը․ 2000 դրամ
Ի տարբերություն մյուս օրինակների, #ՄերԿինո ծրագիրը այն կինոթատրոնի մտահաղացումն է, որտեղ և ցուցադրվում են ֆիլմերը՝ ԿինոՊարկի։ Ինչպես երևում է անվանումից, այստեղ ընդգրկված են ոչ թե հոլիվուդյան կամ փառատոնային հայտնի գործեր, այլ հայ կինոյի մի քանի նշանավոր գործ․ «Տղամարդիկ», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն» և «Խոշոր շահում»։ Ինչպես նշում են Երևան Մոլում, ֆիլմերի ընտրության գլխավոր սկզբունքը եղել է, որ դրանք «հային ու հայի կյանքը տարբեր դրսևորումներով ներկայացնող գործեր լինեն»։ Նշված գործերի համար մշակվել են նոր պաստառներ ու ստեղծվել թրեյլերներ։
Քեոսայանի, Մալյանի ու Մկրտչյանի սիրված կինոնկարները կարելի է դիտել ամեն օր ժամը 19։35-ին․ ամեն ֆիլմը վարձույթում կլինի ուղիղ մեկ շաբաթ՝ սկսած հինշաբթի օրվանից։
#ՇատԼավԿինո
Վայրը․ Կինոյի տան մեծ դահլիճ
Բովանդակություն․ Դասական, բայց հայտնի ֆիլմեր
Մոտակա ցուցադրությունը․ Roman Holiday (1953)
Տոմսի արժեքը․ 3500 դրամ
Եթե #Artpokaz-ն առայժմ շեշտը դնում է ոչ շատ հին ֆիլմերի վրա, ապա #ՇատԼավԿինո նախագիծը (ոչ մի ռելոկանտ՝ տեղացի էնտուզիաստներ) մեկնարկում է 70-ամյա հոբելյանը նշող Roman Holiday ռոմանտիկ կատակերգությամբ։ Ցուցադրությունն ավելի իմաստալից դարձնելու համար, այն տեղի կունենա փետրվարի 14-ին՝ սիրահարների օրը։ Նախագծի հետագա ֆիլմացանկը խոսում է նրա մասին, որ այստեղ նայում են ոչ թե արտադրման թվականին, այլ ֆիլմի որակին․ սոցցանցերում արդեն ակնարկվում են The Godfather-ը, The Matrix-ը և «Հարի Փոթթերի» երկրորդ ֆիլմը։ Ֆիլմերը ցուցադրվում են օրիգինալ լեզվով՝ հայերեն ու ռուսերեն ենթագրերով։
Տոմսի արժեքը 3500 դրամ է, բայց կարելի է նաև բաժանորդագրվել՝ գնելով 3, 6 կամ 9 ցուցադրությունների տոմսեր, որոնք ավելի մատչելի կդարձնեն փորձառությունը։