«Կասկադը արվեստի հեղինակային գործ է»․ երեք կարծիք այն մասին, թե ինչպես պետք է շարունակվի Կասկադի շինարարությունը
Կասկադ

«Կասկադը արվեստի հեղինակային գործ է»․ երեք կարծիք այն մասին, թե ինչպես պետք է շարունակվի Կասկադի շինարարությունը

Երևանի քաղաքապետարանը հանրային քվեարկության է ներկայացրել Կասկադի վերին հատվածի երկու նախագիծ՝ ամերիկյան David Hotson Associates Architects և ֆրանսիական Wilmotte and Associates Architects բյուրոների կատարմամբ։ Մասնագիտական համայնքում, սակայն, շատերը կարծում են, որ նոր նախագծերի փոխարեն պետք է ավարտին հասցնել Կասկադի առաջնային նախագիծը։ Բացատրում են ճարտարապետներ Արսեն Կարապետյանը, Սարհատ Պետրոսյանն ու Միսակ Խոստիկյանը։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Պատկերները՝ cca.am, Սարգիս Գուրզադյանի արխիվ, Ասլան Մխիթարյանի արխիվ, Ակտիվ քաղաքացի հարթակ

#Ճարտարապետություն

Արսեն Շուռ Կարապետյան

Լավ է, որ Կասկադի մասին խոսակցություն սկսվեց: Չեմ ուզում քննարկել ներկայացված նախագծերը, քանի որ ավելի կարևոր է գործընթացը: Առցանց քվեարկությունն ընդամենը պատրանք է և մասնագիտական կամ հասարակական քննարկումների նենգափոխում։ Այնինչ, «Հայաստան» համալիրի, այսինքն՝ Կասկադի դեպքում խնդիրը շատ պարզ է․ եթե ունենք ներուժ ու կամք, ապա պետք է ամբողջացնել 75-80 տոկոսով արդեն իսկ ավարտված կառույցը՝ ճարտարապետներ Թորոսյանի, Գուրզադյանի և Մխիթարյանի հեղինակային նախագծով։ 

 

Այլընտրանքային նախագծեր քննարկելու կամ Կասկադի ֆունկցիան փոխելու որևէ կարիք չկա, քանի որ նախ՝ Կասկադը ինքնուրույն ամբողջական ստեղծագործություն է և ազգային արժեք, երկրորդն էլ՝ նույնիսկ անավարտ տեսքով փայլուն կատարում է իր հիմնական ֆունկցիոնալ նշանակությունը՝ հանդիսանալով Երևանի կարևորագույն հանրային տարածքներից մեկը։

 

Վերջապես, մենք՝ որպես հասարակություն, պետք է սովորենք սկսածը ավարտին հասցնելու մշակույթը, գտնենք մեր մեջ անհրաժեշտ ուժ ու շնորհք։

 

Մյուս կողմից՝ ըստ լուրերի, լանջի աջ մասում նախատեսվում է կառուցել բնակելի շենքեր՝ որպես բիզնես տարր, որից, իբր, պետք է գոյանան Կասկադի կառուցման միջոցները։ Եթե նման բան տեղի ունենա, ապա վստահ եմ, որ բնակելիները կկառուցվեն, իսկ Կասկադը այդպես էլ կմնա, և ունեմ հիմնավոր կասկածներ, որ ամբողջ աղմուկը հենց այս ծրագիրը առաջ տանելու նպատակն ունի։

 

 

Կասկադի նախնական տարբերակի էսքիզներ՝ նախագծի համահեղինակ Սարգիս Գուրզադյանի արխիվից

 

 

Սարհատ Պետրոսյան

Իդեալական պայմաններում շատ լավ կլիներ խոսել Կասկադի մասին, բայց մենք շատ հեռու ենք իդեալական պայմաններից, որովհետև այն մշակույթը, ավանդույթը, որոշումներ ընդունման ալգորիթմը, որը գոյություն ունի մեր իրականություններում՝ տարբեր մակարդակներում՝ քաղաքային և այլ, վտանգավոր է դարձնում ցանկացած նման խոսակցություն. հատկապես, եթե այդ խոսքը Երևանի Կենտրոնի մասին է: 

 

Կասկադը ասում է՝ ես աստիճան եմ, կապում եմ Երևանի ներքևը վերևի հետ, դուք կարող եք իմ վրայով որպես հետիոտն քայլել, կարող եք էսկալատրով գնալ: Այս պրոցեսի մեջ ստեղծվում են տարածություններ և դրանք պետք է օգտագործվեն ֆունկցիոնալ կերպով, ասենք՝ մշակութային, արվեստային, կոմերցիոն, հասարակական սնունդ, և ցանկացած այլ բան: Եկեք դա հասկանանք, հասկանանք, թե Երևանին ի՞նչ է պետք: 

 

Հիմա Կասկադի դեպքում սխեման հետևյալն է՝ լավ-վատ ինչ-որ նախագծով կառուցել Կասկադը, հարակից ողջ տարածքը, որը պետք է լինի կանաչ գոտի, տալ կառուցապատողին շենքեր կառուցելու և վաճառելու համար, որպեսզի նա այդ գումարով կառուցի Կասկադը: Գլոբալ առումով քաղաքային իշխանությունների նպատակը, վայրկյան անգամ չեմ կասկածում, սա է: 

 

Վերջին երեսուն տարում Կասկադի համար տասից ավել նախագծեր են արվել՝ կա խորհրդային նախագիծը, հետո եղել է ճարտարապետական մրցույթ՝ երեք միջազգային կարգի ճարտարապետներ արել են իրենց առաջարկը, հետո եղել է երիտասարդ ճարտարապետների մրցույթ, որին ես էլ եմ մասնակցել, հետո Դեյվիդ Հոթսոնի նախագիծն է եղել, ֆրանսիացիների նախագիծը և Ասլան Մխիթարյանը 1-2 գաղափար է առաջարկել: Էլ չեմ ասում հարյուրավոր դիպլոմային աշխատանքներում արված նախագծերը և այլն: Բայց հենց սկսում ես քննարկել ճարտարապետությունը, նշանակում է դու ընկնում ես այն ծուղակը, որը քաղաքային իշխանություններն են պատրաստել: Ես ասում եմ՝ եկեք հասկանանք՝ Կասկադը պե՞տք է շարունակել, թե՞ ոչ: Եթե շարունակում ենք, տակն ինչ ֆունկցիա ենք դնում և դրանով պայմանավորված ի՞նչ է լինում Կասկադի մնացած հողերի հետ: Կարող եմ ասել, որ բոլոր նախագծերն էլ վատն են, որովհետև բոլորն էլ չունեն իրենց ֆունդամենտալ պատասխանը՝ ինչո՞ւ ենք ցանկանում շարունակել Կասկադի կառուցումը: 

 

Իմ կարծիքով, եթե պետք է շարունակել Կասկադի գաղափարը, ապա դրա աջակողմյան հատվածում պետք է միայն լինի կանաչ տարածք. վերջ: Քաղաքային իշխանությունները այս տեսանկյունից պետք է մոտենան Կասկադին: Եթե կա այս որոշումը, ապա եկեք շարունակենք խոսակցությունը: Դրանից հետո նոր պետք է կազմակերպել մրցույթ հավասար պայմաններում, որտեղ բոլոր ճարտարապետները կարող են ներկայացնել իրենց գաղափարները, ոչ թե քաղաքապետարանին մոտ կանգնածները միայն: 

 

Ասլան Մխիթարյանի առաջարկած տարբերակը

 

Միսակ Խոստիկյան

Քաղաքն ունի երկու գլխավոր առանցք՝ հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք: Վերջինը Գլխավոր պողոտան է, որը Թամանյանի գենպլանից կա մինչև այսօր: Կա նաև Օղակաձև պուրակը, որը պտտվում է կենտրոնի շուրջը: Ցավոք սրտի, երեքն էլ աղճատված են այսօր: Արևելք-արևմուտք առանցքի կեսը խորհրդային տարիներին կառուցվեց՝ հասնելով մինչև այսօրվա Կողբացու փողոցը, որտեղ հիմա հին Երևանն են կառուցում. մի խոսքով, այդ առանցքը փակված է: Օղակաձև զբոսայգին ի սկզբանե կիսատ մնաց: Հիմա մնացել է միայն հյուսիս-հարավ առանցքը, և Կասկադը դրա մի մասն է:  

 

Ֆրանսիական տարբերակը կտրում, մյուս նախագիծը շեղում է առանցքը՝ Կասկադի կառուցված մասը, որը հեղինակային է՝ գլխավորությամբ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գյուրզադյանի և Ասլան Մխիթարյանի: Հետաքրքրված եմ, որ այդ առանցքը մինչև վերջ բարձրանա՝ առանց աղճատվելու: Բայց Գաֆէսճեանը քանդեց վերևի հատվածը, որը բավականին կառուցված էր, անգամ սկսվել էին երեսպատման աշխատանքները, մի խոսքով, դա հայտնի պատմություն է: Ճիշտ է, հիմա այնտեղ մեծ փոսեր են և պետք է եղած նախագծի շրջանակում մտածել, թե ինչով է պետք դրանք լցնել: 

 

Ոմանք առաջարկում են Կասկադը մոդեռնիզացնել, բայց չէ՞ որ Կասկադը օդափոխության, ջրամատակարարման, ջեռուցման համակարգ չէ, որը պետք է մոդեռնիզացնել. Կասկադը արվեստի հեղինակային գործ է, կոչվում է «Հայաստան» համալիր և վերևից-ներքև միասնական համալիր է, չնայած տարբեր ժամանակներում է իրականացվել (վերևի մասն ավելի հին է, քան նեքևի կասկադը): 

 

 

David Hotson Associates Architects

 

Wilmotte and Associates Architects

 

Խեղել, կոտրել, աղճատել Կասկադը հնարավոր է, բայց ոչ մոդեռնիզացնել: Կասկադն օրատորիա է, պոեմ է. նույնն է, թե «Ես իմ անուշ Հայաստանի»-ն մոդեռնիզացնել: Իմ առաջարկն է, որ դա դիտվի որպես պատմական հուշարձան, ինչպես Գառնու տաճարն է: Պետական քաղաքականություն չկար, չէ՞, որ հեթանոսական ծեսեր կատարելու համար վերականգնվեց Գառնին: Նույնը Կասկադին է վերաբերում՝ այն պետք է վերականգնվի որպես հուշարձան, իսկ թե դրա համար ինչ ջանքեր են պետք, և եթե նույնսկ լրացուցիչ նախագծային աշխատանքներ պետք է արվեն, պետք է արվեն՝ մտքում ոնենալով արդեն եղած հին նախագիծը՝ հեղինակայինը՝ վերջինը:

 

Կասկադի գաղափարը շատ հին է՝ Թամանյանից եկող. 70-ականնեին սառել է, հետո նորից սկսվել է կառուցվել: Խորհրդային շրջանի իմպերիալ, մոնումենտալ կառույց լինելով հաներձ՝  այն ոչ մի խորհրդային սիմվոլիկա չի կրում և կապ չունի խորհրդային պրոպագանդայի հետ: Դրա վրա շքերթներ, զանգվածային միջոցառումներ չեն արվում, ընդամենը առանձին կամ փոքր խմբերով մարդիկ են զբոսնում: Այսինքն՝ Կասկադը չի կախվում մարդու վրա, հակառակը՝ մարդն է բարձրանում դրա վրա: 

 

 

Կասկադի մեծ մասը հեղինակային նախագծով կառուցված է, մնացել է վերևի հատվածը և դրա մեջ ինչ գործառույթ էլ խցկեն՝ օգտակար, պրագմատիկ՝ բոլորն էլ պետք է ստորադասվեն այդ պոետիկ կառույցին, որոհետև ի սզբանե այդպես է մտածվել կառույցը: Այստեղ գլխավոր հերոսը Կասկադն է՝ անկախ նրանից՝ մեջն ինչ կդրվի: Կարելի է ավարտել էսկալատորները, որ հասնոմ են մինչև Զեյթունի մատույցները, իսկ դրա ներսում ժամանակակից արվեստի թանգարան պետք չէ խցկել, կողքին տեղ կա, թող այնտեղ կառուցեն: 

 

Նախ՝ Կասկադն է պետք ավարտել, հետո հարակից տարածքում ստեղծել մշակութային հանգույց ասվածը՝ չմոռանալով, որ ըստ հեղինակային նախագծի՝ Կասկադի երկու թեքալանջերը պետք է որպես կանաչ գոտի ծառայեն:

հավելյալ նյութեր