Ոսկե ծիրան 2022․ ինչ դիտել
Ոսկե ծիրան

Ոսկե ծիրան 2022․ ինչ դիտել

Հուլիսի 10-ից մեկնարկել է հայաստանյան ամենամեծ միջազգային կինոտոնը՝ 19-րդ «Ոսկե ծիրան»-ը։ Կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը շատ կարճ ռեվյուների ձևաչափով առանձնացրել է իր կարծիքով այս տարվա ծիրանյան must watch-երը (առայժմ կենտրոնանալով միայն նորույթների վրա)։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

 

Ոսկե ծիրան 2022-ի ամբողջական ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

#ՈսկեԾիրան #Արվեստ

 

Կինոդիտումների հիմնական հարթակները երեքն են՝ ավանդական կինո «Մոսկվայի» երկու դահլիճները, Կինոյի տան մեծ դահլիճը (որն այսուհետ օժտված է նոր տեխնիկական սարքավորումներով ու պրոյեկցիայով), և Հենրիկ Մալյանի անվան թատրոնը, որտեղ հիմնականում կլինեն հետահայաց ցուցադրություններ։

 

 

Կաննի գլխավոր հաղթողը, Չայկովսկու համասեռականությունը պատրիարխալ Ռուսաստանում, հոլիվուդյան կազմով Կլեր Դենիի թրիլերը, ստալինյան ռեպրեսիաների մասին մեղանչողական ճամփորդություն-երազը, և այլն։

 

 

 «Տրտմության եռանկյունի», ռեժիսոր՝ Ռուբեն Էսթլունդ (Շվեդիա, ԱՄՆ)

Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» երկակի դափնեկիր շվեդ Էսթլունդի հերթական սատիրիկ պատումը՝ Վուդի Հարելսոնի ակտիվ մասնակցությամբ, որը մայիսի 28-ին դարձավ Կաննի կինոփառատոնի գլխավոր հաղթող։

 

Կարեն Ավետիսյանի անդրադարձը՝ Կաննից

 


 

«Չայկովսկու կինը», ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով (Ռուսաստան)

Լեգենդար ռուս կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու դժբախտ ամուսնության և իրեն պաշտող կնոջ՝ Անտոնինա Միլյուկովայի անպարզ ապրումների մասին մռայլ բայոպիկ-երազ, որտեղ ներկայացվում է կնոջ տեսանկյունը։ 

 

Կարեն Ավետիսյանի անդրադարձը Կաննից։

 



 

«Պահմտոցի», ռեժիսոր՝ Վիկտորիա Ֆիորե (Իտալիա)

Նեապոլի քրեական կենցաղի, անօրեն առօրյայի և առանց հայրեր ու որևէ բարոյական օրինակների մեծացող դեռահաս տղաների մասին վավերագրական ֆիլմ։ Այս դժբախտ երեխաներին մայրերն ու տատիկները չեն կարողանում ապահովել անվտանգ և անհոգ պատանեկություն, ինչի արդյունքում էլ բոլոր կողմերը տուժում են և ապրում, կարծես, հրաբխի վրա։

 


 

«Կեսօրյա աստղեր», ռեժիսոր՝ Կլեր Դենի (Ֆրանսիա)

Եվրոպական փառատոների ու հոլիվուդյան աստղերի սիրելի ֆրանսուհու նոր պատումը Ջի Էլվինի, Բեն Սեֆդիի, Ջոն Սի Ռայլիի ու Մարգարեթ Քուելիի մասնակցությամբ, որը կտեղափոխի հանդիսատեսին 1984 թվականի Նիկարագուա՝ դավադրությունների ու ստի մելոդրամատիկ կծիկ։

 

 

«Կապիտան Վոլկոնոգովը փախել է», ռեժիսորներ՝ Նատաշա Մերկուլովա և Ալեքսեյ Չուպով (Ռուսաստան)

Անցած տարվա Վենետիկի կինոփառատոնի մրցույթի մասնակից ֆիլմը 1937 թվականի Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի էլ ավելի ներքին «մաքրումների» մասին է, որի արդյունքում կապիտան Վոլկոնոգովը փորձում է թողություն կորզել իր զոհերի հարազատներից՝ դժոխքից խուսափելու համար։ 

 



«Հող էիր՝ հող դարձար», ռեժիսոր՝ Լի Ժույծյուն (Չինաստան)

Չինական գյուղում բարեկամների կողմից կազմակերպված ամուսնության արդյունքում պատմության երկու հերոսն էլ կյանքում առաջին անգամ անսպասելիորեն դառնում են սիրելի ու գնահատված՝ ստեղծելով իրենց ծանր աշխատանքային կենցաղում բազմաթիվ առիթներ ժպտալու և երազելու համար։ 

 



 

«Սրբազան սարդը», ռեժիսոր՝ Ալի Աբասի

Եվս մեկ նորույթ Կաննից, քրեական-դրամատիկ թրիլեր, որտեղ իրանադանիացի Ալի Աբասին խոսում է սլաթ-շեյմինգի, մահմեդական բարքերի և «աստվածահաճո» սպանությունների մասին․ գլխավոր հերոսը Իրանի հոգևոր մայրաքաղաք Մաշհադում սեքս-աշխատողների վրա որս սկսած մարդասպան է։Գլխավոր կանացի դերակատար Զահրա Ամիր Էբրահիմին արժանացել է Լավագույն դերասանուհի մրցանակին իր խաղի համար։ 

 

 

 

«Թորին եւ Լոքիտան», ռեժիսորներ՝ Ժան-Պիեռ Դարդեն և Լյուկ Դարդեն (Բելգիա)

Բելգիացի եղբայրները, որոնք մի քանի տարին մեկ հավատարմորեն նվիրում են փառատոնային հանդիսատեսին ֆրանկոֆոն էսկափիզմ՝ սոցիալ-մշակութային փաթեթավորմամբ, նորից մեզ հետ են։ Դարդենների նոր ֆիլմը բացառություն չէ. բարձրացնում է փախստականների խնդիրները (այս անգամ՝ աֆրիկացի), որոնք լավագույն կյանքի փնտրտուքով հայտնվում են Բելգիայում։

 

 

«Ռիմինի», ռեժիսոր՝ Ուլրիխ Զայդլ (Ավստրիա)

Ավստրիացի ռեժիսորի նոր աշխատանքը՝ նոստալգիկ քաղաքի, ժամանակավրեպ երաժշտության, արտիստի երբեմնի փառքի  և միայնության մասին։ Հիպերռեալիստիկ, խոշոր նատուրալիստական պլաններով, աբսուրդիստական ու երբեմն հակասական պատկերներով զայդլական աշխարհը բոլորը համար չէ, բայց անխոս օժտված է յուրահատուկ, աուտենտիկ հմայքով։

 

 

 

«Ալկառաս», ռեժիսոր՝ Կառլա Սիմոն

Այս տարվա Բեռլինի միջազգային կ/փ-ի գլխավոր հաղթողը՝ իսպանական «Ալկառասը» նույնպես կցուցադրվի պրեմիերաների շարքում, ինչը լավ հնարավորություն է այս տարվա մեծագույն եվրոպական փառատոներից երկու հաղթողի մասին պատկերացում կազմելու համար։ Գողտրիկ ու կոլորիտային պատմության նկարահանումների համար Սիմոնը ներգրավել է ոչ պրոֆեսիոնալ դերասանների։ Նրանք պատմում են Ալկառաս գյուղի բնակիչների մասին, որոնք տասնամյակներ անց իմանում են, որ իրենց հողատարածքն օրենքով իրենց չի պատկանում։ Ֆիլմ մանկության, ավանդույթների և արմատների կորստի մասին։

 

հավելյալ նյութեր