Պոլիգրաֆի վերջին ռեյվը․ շարունակել պարել, շարունակել ապրել
Փակում

Պոլիգրաֆի վերջին ռեյվը․ շարունակել պարել, շարունակել ապրել

Հունվարի 27-ին Պոլիգրաֆում տեղի ունեցավ ակումբի վերջին ռեյվը։ Դեռ օրեր առաջ ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ Պոլիգրաֆը փակվում է։ Փորձառու ռեյվագնաց և Պոլիգրաֆի մշտական այցելու Միքայել Զոլյանը պատմում է, թե ինչ նշանակություն ուներ ակումբը Երևանի կյանքում վերջին տարիներին և ինչու է դրա փակումը մեծ կորուստ քաղաքի համար։

Տեքստը՝ Միքայել Զոլյանի

 

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի, Պոլիգրաֆի արխիվից

 

#Ռեյվ

Պոլիգրաֆը փակ է, բայց Պոլիգրաֆի մարդիկ չեն կորել

Փակվեց Պոլիգրաֆը, մեր սիրելի Պոլիկը։ Բայց Պոլիգրաֆը միայն տարածքը չէր։ Պոլիգրաֆը մարդիկ են՝ հիմնադիրները, մենեջերները, աշխատողները, արտիստները և, իհարկե, այցելուները։ Նրանք միասին արեցին մի փոքրիկ մշակութային հեղափոխություն մեր հայրենիքում։ Եվ թեև այսօր Պոլիգրաֆը փակ է, Պոլիգրաֆի մարդիկ ոչ մի տեղ չեն կորել։ Իսկ դա նշանակում է, որ մեր սիրելի Պոլիկը մեզ հետ է։ 

 

Պոլիգրաֆի շուրջ ստեղծվել էր մի յուրահատուկ համայնք։ Այդ համայնքի անդամներից յուրաքանչյուրի համար Պոլիգրաֆը ավելին էր, քան պարզապես երաժշտություն լսելու և պարելու տեղ։ Անձամբ ինձ համար մի քիչ եկեղեցի էր, մի քիչ հոգեվերլուծաբանի կաբինետ, մի քիչ էլ հարազատի տուն։ Մի տեղ էր, որտեղ կարող էիր լսել լավագույն արտիստներին, թուլանալ ծանր աշխատանքային շաբաթվանից հետո, վերականգնել քո հոգևոր հավասարակշռությունը։ Բայց ամենակարևորն այն էր, որ Պոլիգրաֆը մի տեղ էր, որտեղ կարող էիր լինել ազատ և իսկական, չխաղալ այն դերը, որը քեզ պարտադրում է հասարակությունը։ 

 

Լավն էր սկիզբը

Պոլիգրաֆը բացվեց 2019 թվականին, երբ օդում ազատության շունչն էր զգացվում։ Հիշում եմ առաջին փարթին, Նոր տարուց մի քանի օր անց։ Այն ժամանակ դեռ չկար «Պոլիգրաֆ» անունը, պարզապես գիտեինք, որ տեխնոյի մի քանի սիրահարներ վերցրել են հին տպարանի տարածքը և այնտեղ փարթի են անում (հենց տպարանից էլ առաջացավ «Պոլիգրաֆ» անունը)։ Հիշում եմ, ոնց մտա այդ տարածք և շշմած մնացի։ Ձայնը, լուսավորությունը, մթնոլորտը, մարդիկ՝ ամեն ինչ այնպիսին էր, կարծես լինեիր Բեռլինի լավագույն ակումբներից մեկում։ Բայց այդ ամենը Երևանում էր։ Իհարկե, առանց պատահարների այդ ամենը չէր կարող անցնել։ Փարթիի ամենաթեժ պահին՝ զուգարաններից մեկում վնասվեց խողովակը և սկսվեց փոքրիկ ջրհեղեղ։ Կազմակերպիչները սլացան դեպքի վայր, իսկ ես և Սիբիրից եկած իմ ընկերուհին որոշեցինք, որ տուն գնալու ժամանակն է։ Հետո իմացա, որ  վթարը հաջողությամբ վերացրեցին, և փարթին շարունակվեց մինչև առավոտ։ 

 

Loopdeville. առաջին միջոցառումն ապագա Պոլիգրաֆում, 2019 | Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

 

Մի քանի շաբաթ անց, երբ Պոլիգրաֆն արդեն պաշտոնապես բացվել էր որպես ակումբ, այնտեղ հրավիրեցի էլեկտրոնային երաժշտության գիտակ իմ հին ընկերներին, ովքեր երևի թե եղել էին նախորդ տասնամյակի հայաստանյան բոլոր ռեյվերին և փարթիներին։ Նրանց շատ դուր եկավ, բայց նրանք թերահավատ էին տրամադրված․ «Երևանի համար չափազանց լավ տեղ ա, չի դիմանա, մի քանի ամսից կփակվի», - սա էր նրանց եզրակացությունը՝ հիմնված տարիների դառը փորձի վրա։ «Չէ, չի փակվի», - չհամաձայնվեցի ես,- «հիմա ուրիշ ժամանակներ են, համ էլ էս մեկն ուրիշ ա»։

 

Փաստորեն, Պոլիգրաֆը դիմացավ հինգ տարի։ Այն էլ ինչ տարիներ։ Թվում էր, թե Պոլիգրաֆը այն տեղն է լինելու, որտեղ մարդիկ տոնելու են նոր ձեռք բերված ազատությունը։ Բայց Պարի Աստվածը մի փոքր այլ բան էին նախատեսել։ Սկզբից համաճարակն էր։ Պոլիգրաֆը ստիպված փակեց իր դռները։ Հետո պատերազմն էր։ Հետո պատերազմին հետևած մղձավանջային ձմեռը։ Թվում էր, թե կյանքը վերջացել է։ Եվ ահա, մի քանի ամիս անց Պոլիգրաֆը նորից բացում է իր դռները։ Մարդիկ նորից սկսում են գալ ակումբ։ Սկզբից «ամբիենթ» ոճով երեկոներն էին, հետո սկսվեցին նոր ռեյվեր։ Եվ հետագայում ակումբն այլևս չէր փակվում, չնայած այն բոլոր սարսափելի իրադարձություններին, որոնք տեղի ունեցան այս մի քանի տարվա ընթացքում։ Աշխարհում շատ են եղել լեգենդար տեխնո-ակումբներ, որոնք մարդկանց օգնել են դիմանալ իրենց քաղաքի և երկրի համար ծանր օրերին։ Բայց այդ առումով Պոլիգրաֆը հատուկ է։ Չգիտեմ՝ կա՞ աշխարհում մի երկրորդ ակումբ, որի պատերը տեսել են այդքան ցավ և հուսահատություն, բայց միաժամանակ նաև այդքան սեր և հոգատարություն։ 

 

Պոլիգրաֆի տեղն ու դերը համաշխարհային ռեյվի պատմության մեջ

2021-ի գարնանը և ամռանը սկսվեց հայաստանյան ռեյվի վերածնունդը։ Այս ժամանակ Եվրոպայի շատ երկրներում դեռ պահպանվում էին քովիդային սահմանափակումները, այնպես որ շատ հայտնի արտիստներ առանց գործի էին մնացել։ Եվ ահա, նրանցից շատերը սկսում են գալ Հայաստան։ Երևի հենց այդ ժամանակ էր, որ Երևանն իր տեղը զբաղեցրեց ռեյվի համաշխարհային քարտեզում։ Մոստի, Ֆեռմատայի, ԴԿՑԿ-ի, Դիլիջանի սայ-տրանս ոճի փարթիների հետ միասին Պոլիգրաֆը դարձավ այս ալիքի առաջատարներից մեկը։ 

 

Պոլիգրաֆում հաճախ էին նվագում համաշխարհային անուն ունեցող արտիստներ։ Բայց ակումբը միշտ նախախատվությունը տալիս էր հայաստանցի դիջեյներին։ «Պրիվոզները» իրենց տեղն ունեին, բայց Պոլիգրաֆը մեզ սովորեցնում էր գնահատել տեղական արտիստներին։ 2022 թվականին ռուսաստանցիների ներգաղթից հետո Երևանի որոշ պարահրապարակներ սկսեցին հիշեցնել Մոսկվայի կամ Պիտերի փարթիները, բայց Պոլիգրաֆը շարունակում էր հավատարիմ մնալ իր սկզբունքներին։ Իհարկե, և՛ արտիստների, և՛ այցելուների մեջ շատացան նորեկները, բայց Պոլիգրաֆում միշտ զգում էիր, որ գտնվում ես հայաստանյան ակումբում։

 

Պոլիգրաֆն աննախադեպ բաց ու ներառական էր

Պոլիգրաֆը դարձավ մի աննախադեպ երևույթ Հայատանի մշակութային կյանքում։ Երևի ակումբի ամենավառ առանձնահատկությունը ներառականությունն էր։ Ընդհանրապես, ռեյվ-մշակույթն անհամատեղելի է հոմոֆոբիայի, սեքսիզմի, ռասիզմի, հետ։ Եվ այս առումով, հայաստանյան ռեյվը միշտ դրականորեն առանձնացել է հայուգենական տրամանդրությունների ֆոնին։ Իսկ Պոլիգրաֆում ազատությունը, ներառականությունը և հանդուրժողականությունը դարձան նրա ինքնության մի մասը։

 

Պոլիգրաֆի պատմության մի հատուկ էջ է Փրինսես Դայրիզը։ Ամբողջ աշխարհում ռեյվը և  քվիր մշակույթը սերտորեն կապված են։ Բայց որ Հայաստանում հնարավոր է քվիր փարթիների շարք, այն էլ այնպիսին, ինչպիսին Փրինսես Դայրիզը, ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Իսկ Պոլիգրաֆը արեց այն, ինչ թվում էր անհնարին։ Շատերի համար Փրինսեզ Դայրիզը դարձավ մի տեղ, որտեղ կարելի էր ազատ ինքնարտահայտվել, լինել աութենտիկ և չմտածել, որ կարող ես ենթարկվել դատապարտման և խտրականության։ Շատերի համար էլ այն դարձավ հանդուրժողականության և համերաշխության, տարբերվող մարդկանց հանդեպ հարգանքի իսկական դպրոց։ 

 

 

Բոմբ փարթի

Փրինսեզ Դայրիզի նման փարթի կազմակերպելը հեշտ չէր։ Դա լուրջ ռիսկ էր և պատասխանատվություն։ Ինչ-որ մարդիկ համացանցում պարբերաբար սպառնում էին, որ կգան ու բոլորին ցույց կտան իրենց տեղը։ Փառք Աստծո, այդ սպառնալիքներն այդպես էլ հիմնականում մնացին ինտերնետում։ Բայց, փարթիներից մեկի ժամանակ ահազանգ ստացվեց, որ ակումբում ռումբ է դրված։ Մինչև հիմա զարմանում եմ, թե ինչքան կազմակերպված և հանգիստ էին այդ պահին իրենց պահում Պոլիգրաֆի աշխատակիցները։ Ռեյվերներն էլ համբերատար սպասում էին դրսում, ձմեռվա ցրտին, մինչ ԱԻՆ-ի աշխատակիցները ստուգում էին տարածքը։ Երբեք չեմ մոռանա այդ պատկերը. ԱԻՆ-ի աշխատակիցները՝ իրենց համազգեստով, Փրինսես Դայրիզի այցելուները՝ էլեգանտ և էկզոտիկ հանդերձանքներով, և ԱԻՆ-ի շները, որոնք շատ գործնական տեսքով հոտոտում էին տարածքը։ Ես, ինչ մեղքս թաքցնեմ, վախենում էի, որ տարբեր ենթամշակույթների կրողների այս հանդիպումը կարող է միջադեպերի առիթ դառնալ, բայց բոլորը զուսպ և պրոֆեսիոնալ պահեցին իրենց։ Ի վերջո, շները հոտոտեցին ակումբը և վտանգավոր ոչինչ չգտան, և ամենադիմացկուն ռեյվերները վերադարձան ակումբ։ 

 

Պոլիգրաֆի ֆեյսն ու անվտանգությունն անողոք էին ու շատ պրոֆեսիոնալ

Այստեղ, իհարկե, պետք է հիշել Պոլիգրաֆի ֆեյս քընթրոլը։ Ասում են, թե դրա հիմքերը դրել է մի բեռլինցի հայ, որն աշխատել է լեգենդար Բերգհայն ակումբում, որտեղ մարդիկ ժամերով հերթ են կանգնում և, որպես կանոն, չեն կարողանում մտնել։ Պոլիգրաֆի ֆեյս քընթրոլն, իհարկե, այդ աստիճան խիստ չէր, բայց երևի տարածաշրջանում ամենապատասխանատուն էր։ Իսկ թե ինչ փորձություններով էին անցնում Պոլիգրաֆի ֆեյսերները, միայն իրենք կարող են պատմել։ 

 

Մի անգամ, կանգնած էի հերթում, իսկ ինձնից առաջ ինչ-որ տղաներ էին, մի քիչ պահպանողական արտաքինով և բավական գինովցած։ Նրանցից մեկը շրջվեց դեպի ինձ․ «Ախպերս, հին մարդ ես երևում, ի՞նչ ես կարծում, մեզ կթողնե՞ն»։ «Ախպերս, որ ճիշտն ասեմ, ինձ թվում ա, չեն թողնի»,- պատասխանեցի ես, և փորձեցի բարեկամաբար բացատրել, թե ինչու։ Զրուցակիցս, ի պատիվ իրեն, ըմբռնումով մոտեցավ իմ այդ կանխատեսմանը։ Բայց նրա ընկերները չէին լսում մեր խոսակցությունը, և երբ ֆեյս քոնթրոլն իրենց հայտնեց գույժը, խիստ վրդովվեցին։ Նրանց հատկապես զայրացրել էր այն փաստը, որ իրենց առջև դրախտի դուռը փակողը աղջիկ էր։

 

Նման իրավիճակներում գործին ստիպված էր լինում խառնվել Պոլիգրաֆի անվտանգությունը։ Պոլիգրաֆի անվտանգությունն էլ էր մի ֆենոմենալ երևույթ Հայաստանի համար։ Տղերքը բավարար սարսափազդու էին, որպեսզի պոտենցիալ խուլիգաններն իրենց զուսպ պահեին, բայց նաև նրբանկատ էին այցելուների նկատմամբ։ Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն իրեն ճիշտ չէր պահում, ամեն ինչ տեղի էր ունենում շատ արագ և պրոֆեսիոնալ՝ այդ մարդուն քաղաքավարի դուրս էին հրավիրում և անդորրը վերականգնվում էր։ Բայց, անվտանգությանը գործը հազվադեպ էր հասնում։ Պարահրապակի մենեջերներն իրենց գործը շատ լավ էին անում, և երբ տեսնում էին, որ կարող է առաջանալ ինչ-որ լարված իրավիճակ, միանգամից միջամտում էին։ 

 

Ոստիկանական ռեյդն իսկական շոկ էր պոլիգրաֆցիների համար

Իրականում, կյանքումս շատ քիչ եմ տեսել այնպիսի տարածքներ, որտեղ մարդիկ կարող էին իրենց զգալ նույնքան անվտանգ և ազատ, որքան Պոլիգրաֆում։ Իհարկե, տեխնո-ակումբը օպերային թատրոն չէ, իսկ գիշերային կյանքն այնպիսի մի բան է, որ ցանկացած բան կարող է տեղի ունենալ։  Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկը օգնության կարիք էր զգում, ակումբի աշխատողները և այցելուները միասին օգնում էին։ Հենց այդ պատճառով էր, որ շատերի համար մեծ շոկ էր, երբ տեղի ունեցավ հայտնի ոստիկանական ռեյդը։ Այդ ռեյդի մասին շատ է գրվել, եկե՛ք հիմա նորից այդ ամենի մեջ չմտնենք։ Ասեմ միայն, որ երբ փոքրիկ ցույց-ռեյվից հետո ակումբը վերաբացվեց, և ակումբում տեղի ունեցավ Փրինսես Դայրիզի հերթական փարթին, մթնոլորտն այնտեղ անմոռանալի էր։

 

Պոլիգրաֆի վերջին ռեյվի հերթը, 2024 | Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

 

Պոլիգրաֆի հերթերն իրենք իրենցով առանձին մշակույթ էին

Մի առանձին պատմություն էին Պոլիգրաֆի հերթերը, դա էլ էր Պոլիգրաֆի փորձառության մի մասը։ Մեծ քլաբնայթերի ժամանակ մարդիկ ժամերով հերթ էին կանգնում (Բերգայնի ականջը կանչի)։ Հերթը հասնում էր Կորյունի փողոց, փողոցով անցնող մեքենաների վարորդները հետաքրքրությամբ նայում էին, թե ինչ է կատարվում այնտեղ։ Հերթում կարելի էր ծանոթանալ մարդկանց հետ, զրուցել կյանքից, լսել երաժշտություն։ Միակ թերությունն այն էր, որ ցուրտ էր։ Պոլիգրաֆի ամենամեծ հերթը հավանաբար գրանցվել է վերջին քլաբնայթի ժամանակ։ Ընկերնիցս մեկը պատմում է, որ երեք ժամ հերթ է կանգնել։ Այդ ընթացքում հասցրել է հարևանների հետ խանութից վիսկի առնել, շիշը վերջացնել, հետո էլի որոշ ժամանակ կանգնել և, ի վերջո, մտել է ակումբ։ Մեկ ուրիշ ընկերս, որին տեսա վերջին քլաբնայթի ժամանակ, ասաց, որ երբեք չէր եղել Պոլիգրաֆում, ուղղակի գիշերը տուն գնալուց պատահաբար տեսել էր հերթը, և որոշել էր մտնել։ 

 

Մի ենթապատմություն էլ մեծ փարթիների ժամանակ գոյացող զուգարանի հերթերն էին։ Երբեմն թվում էր, թե Պոլիգրաֆի զուգարանները մի պորտալ են դեպի դժոխք, իսկ քեզնից առաջ կանգնածները դևեր և չարքեր են, որոնք ամեն ինչ հատուկ շատ դանդաղ են անում, որպեսզի քո տառապանքն ավելի երկար տևի։ Իրավիճակը փրկում էին լվացարանների մոտ վառվող հնդկական հոտավետ փայտիկները և ձեռքերը չորացնող սարքի աղմուկը, որը  հիշեցնում էր «նոյզ» ոճի երաժշտություն։ Բացի այդ, հերթում կարելի էր զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ․ մի անգամ, օրինակ, շատ հետաքրքիր զրույց եմ ունեցել փիլիսոփայության և կրոնի առնչությունների մասին։

 

Պոլիգրաֆը փակ է, բայց պոլիգրաֆցիները շարունակում են պարել ու ապրել

Սարսափով տեսնում եմ, որ տեքստը շատ երկար է ստացվել։ Բայց դեռ այնքան թեմաներ կան, որոնց պետք էր անդրադառնալ։ Օրինակ, Պոլիգրաֆի կազմակերպած Լուփդեվիլ փառատոները։ Կամ Պոլիգրաֆում եղած ռոք և մետալ համերգները, օրինակ, Vader խմբի համերգը, որը պետք է կայանար Տիկնիկային թատրոնում, բայց ինտերնետային «բարեպաշտների» բարձրացրած աղմուկի պատճառով տեղափոխվեց Պոլիգրաֆ։ Բա Պոլիգրաֆի անկոտրում բարմեն-բարմենուհիները և զգեստապահարանի անվերջ համբերությամբ օժտված աշխատողները։ Էլ չեմ խոսում աշխարհի ամենախարիզմատիկ հավաքարարի մասին, որը նախորդ կյանքում ամենայն հավանականությամբ բոդհիսատվա է եղել։ 

 

Բայց դե պետք է ավարտել այս հոդվածը։ Ես նստած եմ Պոլիգրաֆի «քույր օբեյկտում»՝ Epicure սրաճարնում, որտեղ պոլիգրաֆցիներով հաճախ փրե-փարթի էինք անում Պոլիգրաֆ գնալուց առաջ։ Այստեղ միացրած է հաուս ոճի ինչ-որ հավես երաժշտություն։ Keep on dancing, keep on living, ասում է ձայնը բարձրախոսներից։ Շարունակե՛ք պարել, շարունակե՛ք ապրել։ Երևի պատահական չէ, որ հայերեն «ապրել» և «պարել» բառերն այդքան նման են իրար։

 

հավելյալ նյութեր