🍺 Փաբաստան․ Երևանի բարային կյանքը՝ 2012 թվականին
Երեկո

🍺 Փաբաստան․ Երևանի բարային կյանքը՝ 2012 թվականին

Որտեղ էր ապրում, խմում ու տժժում այլընտրանքային Երևանը․ ռեպորտաժ 2012 թվականից, որում լրագրող Նունե Մելքումյանն ու լուսանկարիչ Արթուր Լյումեն Գևորգյանը շրջել էին քաղաքի բազմաթիվ փաբերում ու անհամացրել իրենց տպավորությունները։

Տեքտը՝ Նունե Մելքումյանի

 

Լուսանկարները՝ Արթուր Լյումեն Գևորգյանի

 

ԵՐԵՎԱՆ #5 | 2012

Այն, որ Երևանում փաբերն ու բարերը թվով մի քանի անգամ գերազանցում են ակումբներին ու դիսկոտեկներին, ինձ՝ քաղաքի բնակչիս համար, սովորական բան է: Իսկ արտասահմանցի ընկերներս չէին հավատում, որ նման բան հնարավոր է: Քաղաքի բարային մշակույթին նրանց ծանոթացնելու համար պլանավորեցինք մի գիշերվա ճամփորդություն՝ ջրի ճամփա նրանց համար, ովքեր սիրում են անցկացնել ազատ ժամանակը պայմանական բարային թաղամասում, որ բուսնել է քաղաքի ամենակենտրոնում՝ Փարպեցու, Թումանյանի, Պուշկինի ու Սարյանի փողոցներով պարփակված: Փաբերն այնքան կիպ են դասավորված, որ թվում է՝ մի ընդհանուր վայր է, որտեղ ապրում է այլընտրանքային Երևանը՝ գիշերային, աղմկոտ, տժժացող: Այն թմրադեղերից ոչ պակաս կախվածություն է առաջացնում, և ուրբաթն անմիջականորեն համաբանվում է փայտե սեղան-աթոռի, նեղ, նկուղային տարածքների հետ, որտեղ, ֆիզիկայի օրենքներին հակառակ, տեղավորվում է քո ամբողջ Երևանը:

 

Բարային զարթոնք

Բարային թաղամասը ցերեկը հազիվ թե նկատես: Բարերը, իրենց մշտական քլաբերների նման, մինչև երեկո թաքնվում են արևի լույսից: Նրանք կարծես տեղ էլ չեն զբաղեցնում երևանյան նեղ, գողտրիկ փողոցներում: Փոխարենը՝ երեկոյան տասնյակ նկուղային հարկեր բացում են իրենց դռները: Ի տարբերություն շատ այլ քաղաքների, Երևանում կապ չունի՝ վաղն աշխատանքային օր է, թե՞ ազատ. զբոսանքը միշտ էլ խրախուսվում է: Ամեն դեպքում, բարային ճամփորդությունը նախընտրելի է պլանավորել ուրբաթ կամ շաբաթ երեկոյի կամ էլ գիշերվա համար: Այստեղ կյանքն սկսվում է իննին մոտ և, սովորաբար, ավարտվում վերջին հաճախորդների հեռանալով:

 

 

Ճաշի կանոնները

Բարերով շրջելուց առաջ, իհարկե, անհրաժեշտ է մի կուշտ փորով հաց ուտել: Մենք ուղևորվեցինք Թումանյան, որտեղ, մի շարք փոքր փաբերի մոտով անցնելիս, բախվեցինք մի դռան, որի վերևում գունավոր շշերի շարան է կախված. Yellow Street-ն է: Վայրը բավական նոր է, այնպես որ՝ ես էլ էի այն հայտնաբերում ընկերներիս հետ: Այստեղ հայտնվելու պահին մենք հասկացանք, որ «Դեղին փողոցը» հազիվ թե բար անվանես: Չնայած, դժվար է նաև ներս չմտնել: Զննեցինք hand made իրերի փոքրիկ խանութը, որի միջով էլ անցանք սրճարան: Այստեղ կա երկու սրահ՝ ծխողների և չծխող-ների. սրճարանը Երևանի այն քիչ վայրերից է, որտեղ հարգում են առողջ ապրելակերպը: Վնասակար սովորություններ չունեցողները գնում են աջ, ծխողները՝ ձախ: Այստեղ մոխրագույն պատերից կախված են գրքերից պատրաստված պահարաններ, պահարաններին՝ զարթուցիչներ, թեյնիկներ, հին ֆոտոխցիկներ, գունավոր շշեր, մոմեր, հեռախոսներ. իսկական ռետրո թանգարան: Այստեղ, մեծ հաշվով, շեշտը դրված է ներքին հարդարման վրա, իսկ հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթող է ճանաչվում… զուգարանի ձևավորումը: Հատակը պատված է եվրոցենտերով, իսկ պատերին փակցված են երաժշտական դպրոցի դասագրքերի թերթեր: Լավ է՝ հանրագիտարաններից ու գրքերից էջեր չկան, թե չէ, ով գիտի, մեկը կարդալով ընկնի. զուգարանը Yellow Street-ում մեկն է, ժողովուրդը՝ լիքը:

 

Մենք տեղավորվեցինք վանդակավոր սփռոցով մեծ սեղանի շուրջ ու սկսեցինք զննել դպրոցական տետրակի նման ձեռագիր մենյուն: Մինչդեռ հարևան սեղանի շուրջ Yellow Street-ի տեր Արթուրը համտեսում էր տարբեր խմիչքներ:

 

— Ուզում եմ զովացուցիչ ըմպելիքներ ավելացնել մենյուի մեջ: Ասենք՝ սառը կիսել: Բայց մեզ կսազի՞ կիսել մատուցել:

 

— Անշուշտ:

 

Ու իսկապես, սա այն տեղն է, որտեղ ուզում ես ինչ-որ տնական բան խմել, փաթաթվել տաք սվիտերի մեջ և երկար ու ձիգ զրույցներ վարել Արթուրի հետ: Ի դեպ, նա մեզ խորհուրդ տվեց պատվիրել բագետ: Մենյուի մեջ՝ հավով, խոզապուխտով, թունա ձկով, նաև բրոկոլիով՝ հատուկ բուսակերների համար: Ամեն մեկս իրենն ընտրեց: Հույս էլ չկար, որ ֆասթֆուդային արվեստի մի մետրանոց ստեղծագործությունը կտեղավորվի մեկ ափսեի մեջ: Այն տեսնելիս էլ անմիջապես պարզ դարձավ, որ մենք գերագնահատել ենք սեփական ուժերը: Ստիպված էինք պատվիրածներիս տակից դուրս գալ: Ուտելով համեղագույն բագետները՝ մենք «բարով» ասացինք Արթուրին, առանց կասկածի, որ այստեղ դեռ շատ կգանք:

 

 

Իռլանդական թեքումով

Լքեցինք սրճարանը ժամը տասին մոտ, հատեցինք Թումանյան փողոցն ու հասանք Փարպեցի: Այստեղ արդեն բավականին աշխույժ է: Ուրախ ընկերախմբերը մի բարից մյուսն են սուզվում: Լավ է, որ յուրաքանչյուր նոր նշանակման կետը մյուսից երկու քայլի վրա է: Այնպես որ, ոչ տապը, ոչ սառնամանիքը սարսափելի չեն:


Մեր ճանապարհի առաջին բարը Irish 26-ն է՝ ամենահայտնիներից մեկը: Իռլանդական պատկանելությունը ճանաչելի է հենց դռնից, որին սոսնձված է դեղին եռոտնուկ: Ներքին հարդարումն էլ կասկած չի թողնում բարի անվան ճիշտ ընտրության հարցում: Միանգամից մտքիս եկավ Պրահայի Irish pub-ը, որտեղ իռլանդականության միակ տարրը լցնովի «Գինեսն» էր:

 

Վարդգեսը բարի համասեփականատերն ու բարմենն է՝ երկուսը մեկում: Երբ կյանքն ու տրամադրությունը պահանջում են անկանխատեսելիություն, ես նրան ասում եմ՝ «Այսօր ինձ համար քո ճաշակով մի բան խառնիր»: Ոչ մի անգամ չի գցել: «Ստոյկայի» մոտ իրեն պահում է ինչպես բեմի վրա: Սև սվիտեր, քշտած թևքեր, լիքը բաժակներ, լիքը շարժումներ: Բարմենները դերասաններ, քահանաներ ու հոգեբաններ են՝ երեքը մեկում: Դժվար էլ պատկերացնեմ՝ քանի մարդ է, տխրությունը բաժակի մեջ սուզելով, Վարդգեսին պատմել ամենագաղտնին:

 

Ժողովուրդը լցվում ու լցվում է:

 

— Սրա վերջն ի՞նչ է լինելու,– հարցնում եմ Վարդգեսին:

 

— Սուրբ Պատրիկի օրից վատ հաստատ չի լինի, — սառնասրտորեն պատասխանում է սեփականատեր-բարմենը:

 

 

 

Irish-ում իռլանդական տոներ, իհարկե, սիրում են: Վարդգեսի կարծիքով իռլանդացիները, ընդհանրապես, շատ ուրախ ու միավորված ազգ են: Մոտ մեկ տարի առաջ՝ Հայաստան-Իռլանդիա խաղից մի քանի օր առաջ, որ տեղի էր ունենալու Երևանում, ուղիղ օդանավակայանից բար ներս ընկավ կենսուրախ իռլանդացիների մի խումբ: Փաբի մասին նրանք լսել էին դուբլինյան Irish Daily Star հանդեսից: Խաղից առաջ երեք օր շարունակ ամեն երեկո խումբը գալիս էր բար ու ազգագրական երգեր երգում: Իքս օրը իռլանդացիները մարզադաշտից բերանները ջուր առած եկան: Իրենց հավաքականը հաղթանակ էր տարել ու, ինչպես նրանք էին հետո պատմում, տղաները շատ էին վախենում, որ հայ ռազմատենչ երկրպագուներն իրենցից վրեժ կլուծեն: Մի անգամ Անգլիայում իրենց հետ հենց այդպես էլ վարվել են: Բայց հայ երկրպագուները ընդամենը կարեկցանքով ծիծաղեցին բրիտանական բարբարոսության վրա, այնպես որ իռլանդացիները շուտով համարձակություն հավաքեցին, խմեցին գարեջրի բոլոր պաշարները ու սկսեցին երգել մինչև առավոտյան յոթը: Վարդգեսը ստիպված եղավ հատել «ստոյկայի» սրբազան սահմանն ու ֆուտբոլային ֆանատներին անձամբ ցույց տալ դուռը: Հետո նրանք Վարդգեսին Դուբլինից նամակներ էին ուղարկում՝ հրավիրում, խնդրում այնտեղ փաբ բացել:

 

Այս ամենը պատմելով Վարդգեսը «ստոյկային» թափով խփեց վիսկիով բաժակը և այն ուղարկեց աջ անկյուն՝ սևազգեստ երիտասարդին: Նայում եմ նրան՝ սև տաբատ, սուր քթով կոշիկներ, լպստած մազեր ու ոսկե ձեռնաշղթա: Ընդամենը մի քանի տարի առաջ face control-ը նրան ներս չէր թողնի, իսկ հիմա նա մշտականներից է: Միացնում են Rolling Stones, երիտասարդը արտաբերում է հաղթական ճիչ ու սկսում մոլեգին զուգերգել: Ուրբաթ երեկոյան քաղաքը զարմանալիորեն ազատական է:

 

Մուտքը՝ միայն զույգերով

Irish-ը մենք լքեցինք այն զգացումով, որ «գուցե այսօր էլի մտնենք»: Թաղում միշտ էլ այդպես է՝ երբեք չես իմանա՝ մնացածը դուրդ կգա, թե չէ: Փարպեցու հայտնի բարերի շարքում է նաև Metro Music Pub-ը: Ի դեպ, այդ կողմերում մի քանի մանրներ էլ կան. մի մասը՝ ծանր ռոքի սիրահարների համար, մնացածը՝ ուղղակի սիրահարների: Այնտեղ դժվար թե մեծ ընկերախմբով տեղավորվես, իսկ շեմքին միշտ կաշվե բաճկոններով ու ականջօղերով տղամարդիկ են ծխում: Metro Music Pub-ը կամ ուղղակի Մետրոն ինչպես միշտ աղմկոտ ու լցված էր: Մենք այստեղ մտանք ուղղակի համոզվելու, որ տեղ չկա, ու առաջ շարժվեցինք: Պուշկինի վրա կա ևս մի սիրված բար՝ Calumet Ethnic Lounge Bar-ը (կամ ուղղակի Calumet, արտասանում ենք՝ Կալյումե):

 

Կանաչ դռանը մակագրություն կա՝ «Մուտքը՝ միայն զույգերով»: Մյուս հաստատություններում նման գրությունները հաճախ ձևական են, զգուշավորություն առավել կատաղիներից: Բայց այստեղ ամեն ինչ լուրջ է. դռան մոտ կանգնած է «ֆեյս» տղան ու ներս մտնել հնարավոր է միայն նրա լուռ համաձայնությամբ:


Ի դեպ, առանց զուգընկերոջ աղջիկների մոտ խնդիրներ չեն ծագում: Այ այսպիսի սեռական խտրականություն:

 

Ես առաջ էլ էի եղել «Կալյումեում», դրա համար էլ գիտեի, որ այն իրենից ներկայացնում է բեմային մասով լայն տարածություն, որի վրա՝ փոքր սեղանների շուրջ, փռված են պուֆիկներ: Ժողովրդի խտության պատճառով վերը թվարկվածներից և ոչ մեկը հնարավոր չէր նշմարել: «Ստոյկա» հասնելու և որևէ բան վերցնելու համար մենք ստիպված եղանք լրջորեն տրամադրվել, իսկ նստելու տեղ գտնելու մասին խոսելն անգամ ավելորդ էր:

 

 

 

«Կալյումեի» «ստոյկայի» մոտ մենք ասացինք մոգական բառը՝ դոդո: Ընկերներս հետաքրքրությամբ հետևում էին՝ ինչպես բարմենը մեր առջև դրեց երեք սառեցված գավաթ, ամեն մեկի մեջ մեկական ձիթապտուղ գցեց, օղի լցրեց, գերկծու սոուս տաբասկոն ու կիտրոնի հյութ ավելացրեց: Լուռ քաշեցինք գլուխներս:


— Այ հիմա դուք մերոնքական եք, — ասում եմ ընկերներիս, որոնք ըմպելիքի կծվությունից դեմքերը կնճռոտում են: «Կալյումեի» այս ֆիրմային շոթը մեծ պահանջարկ է վայելում: Ոչ մեկ հաստատ չգիտի՝ այն այստե՞ղ են հնարել, թե ուղղակի մի փոքր ձևափոխման են ենթարկել, բայց բոլոր նրանց, ովքեր «նման մի բան» են ուզում, ուղարկում են դոդոյի հետևից: Տոթը, գուցե, այնքան էլ ուժեղ չէ, բայց տաբասկոյի կծվության պատճառով մենք երեքից ավելին չձգեցինք:

 

Հնչում է շատ բարձր երաժշտություն: Մենք խմում ենք, զրուցում, ժամանակ առ ժամանակ բարևելով արտասահմանցիների ամբոխից դուրս լողացող ծանոթներին: «Կալյումեում» Երևանի զգացողություն չկա, փոխարենը՝ կա Հայաստանի կատարյալ զգացողություն: Հնչում է հայկական ժողովրդական երաժշտություն ու բարի համասեփակա-նատերերից մեկը՝ Հրաչը, համատակտ դհոլ է խփում: Պարող մարդիկ մղվում են բարի միջնամաս: Զարմացած արտասահմանցիները սովորում են հայկական ժողովրդական պարերի շարժումները, որ հետ չմնան տեղացիներից, որոնք արդեն շուրջպար էին կազմել Հրաչի կնոջ՝ Սիլվայի ղեկավարությամբ, ով կախարդական կերպով բարի կենտրոնում փոքր տարածք էր ազատել: Մենք, ինչպես բոլորը, մինչև շունչներս կտրվելը պարում ենք: Նրանք, ովքեր հոգնել էին, ուղղակի հետ էին ընկնում, ամբոխի մեջ մի տեղ՝ շունչը տեղը բերելու, մի բան խմելու, որ շարք վերադառնան:

 

 

Երբ Հրաչը դհոլը տարավ, բարմենները Metallica, SOAD (Aerials-ի հենց առաջին հնչյուններից այնպիսի մի ճիչ արձակվեց, որ, թվում էր, ամբողջ քաղաքն արթնացավ), Pink Floyd, Sting, պարացնող երգեր, հին ու նոր, մի խոսքով այն ամենը, ինչից կարելի է ուրախանալ, երգել, ճչալ ու պարել: Տեղի պակասի պատճառով, ի դեպ, պարում էինք անգամ սեղաններին: Հատակին նստած էին հոգնած մարդիկ՝ օղու բաժակներով ու շշերով, հսկա սեղանները դարձել էին պարահրապարակներ, մեկն անգամ հաջողացրել էր բեմի խախուտ փոքրիկ սեղաններին տեղավորվել: Շեմին ֆեյս-քընթրոլ տղան ջանում էր նոր եկածներին բացատրել, որ տեղ չկա. «Ես հասկանում եմ, որ կարող եք կանգնել, բայց կանգնելու տեղ էլ չկա»:


Ահազանգում է փաբի «ստոյկայի» զանգակը: Նշանակում է՝ ցրվելու ժամանակն է:

 

Կանգառ ըստ պահանջի

Պուշկինը ցերեկվա պես մարդաշատ է: Calumet-ից, Beatles-ից, Friends-ից, Tortuga-ից ու մյուս փաբերից դուրս են թափվել ուրախ ու զվարթ մարդկանց խմբեր: Մենք բարձրացանք դեպի Սարյան, այնտեղից թեքվեցինք Մոսկովյան: Ահա և նա՝ ամենահին ու նշանավոր ակումբներից մեկը՝ Stop-ը: Ակումբը բացվել է 2000-ին և այն ժամանակ Երևանի միակ անդեգրաունդային վայրն էր: Ասում են՝ ակումբի առաջին տերն իսկական կովկասյան առատաձեռնությամբ էր օժտված. կատաղի հաճախորդներին երբեք դուրս չէին հանում: Դրա փոխարեն հաստատությունը նրանց գարեջուր ու ծիրան էր հյուրասիրում, որից հետո պարզամիտ ու զգացված ռոքերը ամբողջ երեկո զուգարանից դուրս չէր գալիս: Մինչև հիմա էլ բոլոր համերգների առյուծի բաժինը հենց այստեղ է անցկացվում: Կարելի է վստահորեն ասել, որ Stop-ում ձևավորվել է քաղաքի այլընտրանքային երաժշտության պատմությունը: Ընդ որում՝ ոչ առանձնահատուկ դիզայնով, ոչ էլ հարուստ մենյուով ակումբը երբևէ չի առանձնացել: Երևի գաղտնիքը մթնոլորտն է:

 

Գիշերով Stop-ի «ստոյկայի» մոտ նստելը բոլոր նրանց to do list-ի հատուկ կետն է, ովքեր դա չեն արել: Մենք տեղավորվեցինք բարձր աթոռների վրա ու բարմեն Արթուրից թեյ խնդրեցինք: Այն երկար խոսակցություններից մեկը բացվեց, որոնք անպայման վերաճում են թեժ քննարկումների: Արթուրը ոգևորությամբ պատմում էր բարի երաժիշտների մասին, որ այստեղ նվագել են: Նույն պահին ներքևի հարկում հարվածային գործիքներ էին տեղադրում:

 

— Ի՞նչ խումբ է:

 

— Ջահելներ են, — չի խորանում, — սա քեզ Ոստան Հայոցը չէ:

 

 

Ժամը երեքը-չորսն է… Ես ու Արթուրը փորձում ենք ընկերներիս համար հիշել ու հաշվել թաղի բոլոր բարերը: Դյուժինից ավե՞լ: Չէ, տասնհինգից ավել… Համարյա քսան: «Ստոյկայի» մյուս բոլոր բնակիչներն արդեն ցրվել են, թեյնիկն էլ չի եռում: Հարևան սեղանի մոտ ծխող մատուցողուհի Անահիտն ինձ պատմում է մի չափից դուրս կրքոտ զույգի մասին, որին այսօր ստիպված եղավ դուրս հրավիրել: Ես ձգում եմ ձեռքերս «ստոյկային», գլուխս դրանց վրա եմ դնում: Արթուրը բաժակիս մեջ ջուր է լցնում ու պատմում ընկերներիս՝ ինչպես էին ակումբի ծննդյան օրը հարյուր հոգի այստեղ տեղավորվել: Ես լուռ աչքի եմ անցկացնում փոքրիկ երկհարկանի տարածքը: Ակումբը դատարկ է, միայն մենք ենք ու անկյունում տեղավորված մի զույգ: Այստեղ այդպիսի մարդկային ամբոխ պատկերացնելն անհնար է, բայց Փաբաստանի՝ քաղաքի մեջ գտնվող քաղաքի ամբողջ գեղեցկությունը հենց սա է: Այնքան փոքր, որ չիմացողը դժվար էլ հավատա, որ հենց այստեղ է անկախ եղանակից ու շաբաթվա օրից ամեն գիշեր հավաքվում ամբողջ անքուն ու տժժացող Երևանը:

հավելյալ նյութեր