«Սեր, կրակ և ռաքնռոլ»․ ինչու լսել FairWind-ի երկրորդ ալբոմը
Հունիսի վերջին FairWind ռոք խումբը թողարկել է երկրորդ ձայնասկավառակը, որում ամփոփված են վերջին երկու տարվա ընթացքում ստեղծված գործերը։ Երաժիշտ Արթուր Աթայանն եղել է նոր ալբոմն ամբողջությամբ լսած առաջին մարդկանցից մեկը, և մեր խնդրանքով պատմում է՝ ինչու է «Սեր, կրակ և ռաքնռոլը» շրջադարձային ստեղծագործություն FairWind-ի համար, ինչով է այն տարբերվում խմբի նախորդ գործերից, և ինչի վրա արժի ուշադրություն դարձնել այն լսելիս։
09.07.2026Երևանյան ռաքնռոլ™
Եթե գոնե մեկ անգամ եղել եք FairWind-ի համերգներին, վստահաբար, քաջ ծանոթ եք «երևանյան ռաքնռոլ» արտահայտությանը, որը խմբի թեթև ձեռքով վաղուց դարձել է տեղական ռոք ասպարեզի մեմերից մեկը։ Սակայն, կատակը մի կողմ, երևանյան ռաքնռոլն իսկապես գոյություն ունի․ սա քաղաքում եռացող, բայց օտար աչքից հաճախ թաքնված կյանքն է։ Այն դժվար է նկատել, եթե Երևանը ձեզ համար միայն փոշոտ, կեղտոտ ու անհարմար բնակավայր է, ու, առավել ևս, եթե մայրաքաղաքը տուրիստական բացիկների փայլեցված նկարներից այն կողմ չեք նկատում։ Երևանյան ռաքնռոլը դրանց արանքում է՝ փաբերում, Սարյանի վրա ցերեկը խմած գինու բաժակներում, ռոք ու ջազ համերգներում, փոքրիկ կաֆեներում, փողոցներում ու պուրակներում, խոհանոցային հարբած զրույցներում, ու ամենակարևորը՝ մի գիշերվա մեջ այս ամենը վերապրելու մեզ շնորհված բացառիկ հնարավորության մեջ։
Երևանյան ռաքնռոլի սկիզբը 2000-ականների երկրորդ կեսն էր (կներեք մեզ Արայիկնոց ու ՆՓԱԿ-ի ֆեստ)։ Հենց այդ ժամանակ բացվեցին առաջին փաբերը, սկսվեցին ռոքերների ու այլ «նեֆորմալների» հավաքները Կասկադում ու Սարյանի պուրակում ու ամենակարևորը՝ Տիկնիկայինի ռոք-փառատոններն ու ակումբային քիփլիկ համերգները, որտեղ նորաստեղծ խմբերը ռուսական, բրիտանական ու ամերիկյան ռոքի հիթերից եփած աջափսանդալ էին մատուցում հանդիսատեսին։ Մոտավոր այդ ժամանակ էլ հայտնվեց FairWind-ը՝ բազմաթիվ երիտասարդ խմբերից մեկը, որը հիմնադրել էին ուսանող ընկերներ Վարդգես Հովեյանը (Վակոն), Մկրտիչ Քալաջյանը (Մկոն), Տիգրան Խաչատրյանը (Տիգոն) և Ալեքսան Արշամյանը (Ալիկը)։ Երկար փնտրտուքից հետո վերջապես որոշվեց նաև խմբի անունը (ճիշտ է կարդալ հայերեն՝ ՖեյրՎինդ), որը թարգմանաբար նշանակում է «համընթաց քամի» և բավականին լավ է բնորոշում խմբի ճանապարհը։
Ինչպես պատմում է խմբի հիմնադիր, ֆրոնթմեն ու երգերի հեղինակ Վակոն, FairWind-ի գոյության հիմքում երկու մղում կար։ Առաջինը՝ նվագել ռոք, որովհետև դու ուզում ես նվագել ռոք՝ չվախենալով ու չամաչելով ո՛չ հասարակությունից, ո՛չ հանդիսատեսից, ոչ էլ ավագ սերնդի պահանջկոտ ռոքերներից։ Երկրորդը՝ գրել հայալեզու ռոք երգեր, որոնք կպատմեն այսօրվա մասին այսօրվա՛ լեզվով՝ «ա»-երով՝ «է»-երի փոխարեն։
2010-ականների կեսին խմբին միացավ կիթառահար Բեն Ֆրունջյանը, իսկ նրանց հայկական հին էստրադային երգերի մշակումները գրավեցին լայն հանդիսատեսի ուշադրությունը։ Այդ մշակումների գունեղ, հումորային ու, ինչպես հիշում է Վակոն, հաճախ զրոյական բյուջե ունեցող տեսահոլովակները նույնիսկ սկսեցին երևալ հեռուստաալիքներում և մրցանակաբաշխություններում։ «Սիրո հասակի», «Ամեն բացվող առավոտի» ու մյուս երգերի հաջողությանը զուգահեռ խումբը 2019 թվականին վերջապես թողարկեց առաջին ալբոմը, որը կոչվում էր «Մյուզիք» և լույս տեսավ կասետների վրա։
2022 թվականին խմբին միացավ կիթառահար, երգահան Ռոբերտ Խուդավերդյանը, որի կյանքում, կարծես թե, պակասել էր հենց երևանյան ռաքնռոլը։ Ռոբերտի միանալը փոխեց ստեղծագործելու ողջ պրոցեսը․ նա սկսեց հանդես գալ որպես երգերի համահեղինակ, իսկ երգերի հնչողությունն ու կոմպոզիցիան դարձան ավելի բարդ ու բազմաշերտ։ Ռոբերտի մանրակրկիտ, ուշադիր մոտեցումը կիթառային ռիֆերի, տեմբրի ու, առհասարակ, երգի ձևավորման հանդեպ զգալի թարմություն բերեց FairWind-ին, որի հին երգերում միշտ ակնհայտորեն գերակշռել էր տեքստային ասպեկտը։
Մոտավոր այդ շրջանում, ինչպես հիշում է Վակոն, խումբը հանկարծակի հասկացավ, որ չգիտես ինչպես դարձել է «ամենահին խմբերից մեկը, չնայած, ժամանակին ամենաերիտասարդն էր»։ Ու չնայած որ խմբի անդամներն իրենց ոլորտներում կայացած ու զբաղված մասնագետներ են, նրանք, մեկ է, հաջողացնում են մեծահասակ մարդու աշխատանքային առօրյայում ժամանակ գտնել ու այսքան տարի անց նույն խանդավառությամբ նվագել։ Երևի պատճառը երևի հենց երևանյան ռաքնռոլն է, որից հրաժարվելը շատ դժվար է։
Սեր, կրակ և ռաքնռոլ
2026 թվականի հունիսի 27-ին լույս տեսավ խմբի երկրորդ ալբոմը, որի թրեքերից շատերն արդեն հրապարակված էին որպես սինգլներ և ունեին տեսահոլովակներ (ըստ Վակոյի՝ հոլովակ պիտի վաղ թե ուշ ունենան ալբոմի բոլոր երգերը)։ Իմիջիայլոց, «Սեր, կրակ և ռաքնռոլի» ամբողջական միքսը շատ հետաքրքիր է լսվում, ուստի բոլորին խորհուրդ եմ տալիս հենց այդ տարբերակը, որը կարելի է գտնել Յութուբում։
Երկրորդ ալբոմի հնչողությունն ահագին տարբերվում է նախորդ տարիների ձայնագրությունների գարաժային, անմշակ սաունդից։ Այս առումով առանձին ուշադրության է արժանի նաև ալբոմի միքսը, որն արել է կոմպոզիտոր, պրոդյուսեր ու դաշնակահար Էդուարդ Պեշտմալջյանը։ Էդուարդի՝ երաժշտական գործիքների և արտահայտչամիջոցների բացառիկ իմացությունը, ուշադրությունը մանրուքների հանդեպ ինչպես նաև սերը ֆանքի, սոուլի ու փոփ հնչողության հանդեպ FairWind-ի ալբոմը վերածեց էկլեկտիկ ու ամեն հաջորդ երգում նոր սաունդով զարմացնող մի ստեղծագործության։
Ալբոմում կարելի է լսել նաև հյուր-երաժիշտների՝ Տիգրան Սուչյանին, Էդուարդ Պեշտմալջյանին, Մարիամ Հարությունյանին ու Տաթևիկ Բեգլարյանին։ Վակոյի խոսքերով, պահանջվեց ժամանակ ու կուտակված փորձ, որպեսզի խումբը գիտակցեր, որ անհրաժեշտ է ալբոմի փրոդաքշնն ու, առհասարակ, երաժշտական մոտեցումը նոր մակարդակի հանել։ Բայց հենց այդ գիտակցումն եկավ, ստուդիայում աշխատանքը դարձավ համերգից նույնիսկ ավելի հաճելի պրոցես։
Մինչ երգերին անցնելը պետք է նաև հիշատակել ալբոմի հրաշալի ձևավորումը, որն արել է Վահան Ստեփանյանը, և Վիլյամ Կարապետյանի՝ ալբոմի տրամադրությունն ընտիր փոխանցող տառատեսակը։ Բացի թվային ռելիզից «Սեր, կրակ և ռաքնռոլը» կունենա նաև վինիլային սկավառակ։
Երգերի մասին
Մենք
«Մենքը» ալբոմ բացող ստեղծագործություն է՝ ամենադասական իմաստով․ այն ունի հիշվող աճ ու երգվում է հենց խմբի անունից։ Վակոն պատմում է, որ խումբը երկար չէր կողմնորոշվում՝ որ գործով բացել սկավառակը, սակայն «Մենք»-ի օգտին խաղաց դրա աճող կառուցվածքն ու հնչողության անսպասելի փոփոխությունը։ Եթե երգի առաջին կեսը շատ տիպիկ ֆեյրվինդյան ռաքնռոլ է, ապա երկրորդ տնից գործի է դրվում երաժշտական պրոդաքշնի ողջ զինանոցը՝ դայվ բոմբեր, էլեկտրոնային փադեր, վոկալների վրա դրված ֆիլտրեր և այլն, այնպես, որ երգի վերջում հասկանում ես, որ քեզ բոլորովին նոր որակի ու նոր տեսակի երաժշտություն է սպասում․․․
Բազմակետ
․․․եվ հենց դու տրամադրվում ես ռոք ալբոմ լսելու, ակուստիկ կիթառի արպեջիոները քեզ անսպասելի առաջարկում են մեղեդային և մտերմիկ ռեգգի։ «Բազմակետի» պարային, թռվռան տներին հաջորդում են ավելի ծանր կրկներգերը, որոնք ամեն անգամ անավարտ թողնելով աճը՝ Բենի երգած բրիջի միջոցով հանգուցալուծվում են երգի դրայվոտ կուլմինացիայում։ Երգին յուրահատուկ քնքշություն է հաղորդում Տիգրան Սուչյանի ֆլյուգելհորնը, որի հնչողությունը (նաև հրաշալի միքսի շնորհիվ) պարզապես ականջ է շոյում։ Երգի տեքստը սիրո ու դրա հետ կապված կլիշե պատկերացումների մասին է․ սերն իրականում չունի ժամկետ ու չունի սահմանափակում, ու նույնիսկ եթե դու տանել չես կարողանում բազմակետեր, երբեմն դրանք ինչ-որ յուրահատուկ բան են արտահայտում․․․
Սերը ամենուր ա
Քնքուշ ռեգգիի համը բերանում թողած ալբոմը մեզ կտրուկ տեղափոխում է ամերիկյան ֆիլմերի ավագ դպրոց, որտեղ կիսամյակը հենց նոր ավարտած երիտասարդները չեն կարողանում զսպել հորմոնների կանչը։ Ըստ Վակոյի՝ նրան միշտ թվում էր, որ պիտի հայերեն այսպիսի երգ լինի՝ ազատ, կրքոտ պարելու, զգացմունքից չվախենալու ու չամաչելու մասին։ Երգը դասական դպրոցական փոփ-փանք է՝ արագ, դրայվով լի ու թույլ է տալիս մի փոքր շունչ քաշել մինչև ծանր գործերի շարքը։
Կրակ
«Կրակը» սիրային թեմայից վերադառնում է երևանյան ռաքնռոլին։ Երգը նվիրված է կյանքից վաղաժամ հեռացած երաժիշտ Էդուարդ Աբրահամյանին, որը լեգենդար MDP խմբի ցրվելուց հետո Երևանում բացել էր «Վան Գոգ» և «Մոդիլիանի» արտ-կաֆեները։ Էդուարդն այն մարդկանցից էր, որոնք երբեք չեն կասկածում ու կանգ չեն առնում, սխալվում են, բախվում պատնեշների ու դրանք ջարդելով շարժվում առաջ՝ իրենց խանդավառությամբ կրակ վառելով մյուսների մեջ։ «Կրակը» հենց այդպիսի մարդկանց ու նրանց միջավայրում գտնվելու, իրենցից անմարդկային էներգիա ստանալու մասին է։ Երգի մեջ ֆանքային, թեթև տներին հաջորդում է կրկներգի ծանր, 70-ականների հարդ ռոքի ոգով ռիֆը, որը կարծես հարգանքի տուրք է ոչ միայն Էդուարդ Աբրահամյանին, այլև առհասարակ հայկական ռոքի ավագ սերունդներին։
Չփախչես ինձանից
Երգի առաջին իսկ հնչյունները շատ հստակ ասոցիացիաներ են առաջացնում․ ռիթմն ու կիթառի դիսոնանսային նվագը թրիլերի կամ լրտեսական ֆիլմի երաժշտություն են հիշեցնում, որ կարող էր հնչել ինչ-որ հետապնդման տեսարանում։ «Չփախչես ինձանից»-ն ալբոմի ամենամռայլ երգն է, որի սյուրռեալիստական տեսահոլովակը միայն ընդգծում է դրա տագնապային տրամադրությունը, որը բնորոշ չէ FairWind-ի մյուս գործերին։ Երգը նաև տանում է դեպի ալբոմի ֆինալ՝ կապող օղակ դառնալով սկավառակի առաջին և երկրորդ կեսերի միջև։
Խաղ
«Խաղն» ահագին տարածվել էր ինտերնետում, քանի որ զվարճալի, մեմային տեսահոլովակ ունի՝ հայկական ռոք երաժիշտները փնտրում են հանդիսատեսին, և ի վերջո բացահայտում են, որ կա այն ձեռք բերելու շատ ավելի հեշտ միջոց՝ դիջեյությունը։ Սակայն, ալբոմի համատեքստում այս հարդ-ռոքային գործը բավականին մտահոգիչ հարցադրում է անում․ ինչպե՞ս ստացվեց, որ կյանքը հեշտացնելու, մյուսների հետ կապի մեջ մնալու, ի վերջո, մեզ ավելի երջանիկ դարձնելու գործիքները զրկեցին մեզ հենց այդ երջանկությունից, մենակ մնալու, ինֆորմացիա անընդհատ չկլանելու ճոխությունից՝ «սաղ միշտ լավ ա, մինչ մնում եմ ես մենակ»։ Ու եթե մեզ տրված խաղի ավարտն արդեն պարզ է՝ մեր փոխարեն նախապես արդեն որոշված է շախն ու մատը, ինչպե՞ս չկորցնել ժամանակդ ու ինքդ քեզ։
Սիրի
«Սիրի»-ն իսկական սիրային բալադ է, որը գրված է ժանրի լավագույն ավանդույթներով՝ զրնգուն կիթառներով, դանդաղ բիլդափով, գեղեցիկ սոլոյով և Տաթևիկ Բեգլարյանի ֆանտաստիկ բեք-վոկալով։ Ինչպես և «Խաղում», երգի տողերից այնկողմ թաքցված է մտորում, այս դեպքում՝ տղամարդու խոցելիության ու զգացմունքայնության մասին, որը հաճախ քողարկվում ու ճնշվում է հասարակության մեջ։ Երգի հերոսը դեռահասի պես խնդրում է կնոջը վերադառնալ, սիրո գոնե մի նշան ցույց տալ, չքնել, որ մի քանի րոպե ավել զրուցեն, որովհետև ժամանակը քիչ է ու թանկ։ Երգը բավականին մասշտաբային ու մանրակրկտորեն մշակված տեսահոլովակ ստացավ, որում հատկապես առանձնանում է դերասանների փայլուն խաղը։
Մարմելադ
«Մարմելադը», ինչպես կարելի էր ակնկալել, ևս սիրո մասին է, սակայն, ի տարբերություն «Սիրի»-ի դրամատիզմի կամ «Սերը ամենուր ա»-ի թինեյջերական դրայվի, այստեղ գերակշռում է անշտապ, երազկոտ, ինդի-ռոքային տրամադրությունը։ Երգի պարզ ռիթմիկ պատկերի վրա տեղավորված կիթառային ռիֆն անսպասելի շրջադարձ է անում կրկներգում, որն առաջին անգամ լսելիս կարող է նույնիսկ ականջ ծակել, բայց կրկներգի վերջում գործը շատ պարզ ու էլեգանտ հարմոնիկ լուծում է առաջարկում։ Առհասարակ այսպիսի հարմոնիկ լուծումներով երգերն անբացատրելի ձգողություն են ունենում, և բազմաթիվ ունկնդրումներից հետո «Մարմելադն» այս պահին ալբոմի իմ անձնական ֆավորիտն է։
Քնիր երազիր
Ալբոմի վերջին գործը (սիրո մասին!) իր հանդիսավոր ռիթմով կարող էր նույն հաջողությամբ բացել հաջորդ ձայնասկավառակը, բայց նաև հրաշալի ֆինալ է «Սեր, կրակ և ռաքնռոլի» համար։ Երգի առաջին իսկ ակորդներից հետո մտնում է բաս կիթառի գրուվոտ, ֆանքային պարտիա (լավագույններից մեկն ալբոմում), որը լուծվում է նոստալգիկ մեղեդի ունեցող կրկներգում, որին, իր հերթին, հաջորդում է ալբոմի երևի թե ամենագեղեցիկ ու ամենահետաքրքիր կիթառային ռիֆը։ «Քնիր երազիր»-ը, ինչպես և կարգն է, կարծես հրաժեշտ է տալիս ունկնդրին, սակայն մաժորային ակորդներով խոստանում է, որ խումբն անպայման կվերադառնա։
Ամփոփում
«Սեր, կրակ և ռաքնռոլը» շրջադարձային ալբոմ ու որակի նշաձող է ոչ միայն FairWindի, այլև բազմաթիվ այլ հայկական խմբերի համար։ Խումբը վստահ ցույց տվեց, որ նույնիսկ 19 տարի նվագելուց հետո հնարավոր է փոխել փրոդաքշնը, հնչողությունը, մոտեցումը երգերի կառուցվածքին ու գործիքավորմանը՝ հավատարիմ մնալով սեփական արմատներին, այն ԴՆԹ-ին, որից կազմված են քո երգերը։ Այս ալբոմը, նաև, արժանի է լիարժեք, բարձրակարգ համերգային փրոդաքշնի՝ հրավիրյալ երաժիշտներով ու պատշաճ հնչողությամբ, հուսանք՝ մի օր կտեսնենք։