The Deenjes․ էյֆորիայից անմիջապես հետո
2010-ականներին The Deenjes-ը դեռ նոր թափ հավաքող YouTube—ում երկար ընդմիջումներով՝ հիմնականում դասականների պոեզիայի հիման վրա ստեղծված երգեր հրապարակող խորհրդավոր նախագիծ էր։ Այսօր՝ Դինջերը կենդանի լեգենդներ են, որոնք կենդանի համերգներ չեն տալիս, բայց որոնց հարգանքի տուրք մատուցելու համար հավաքվում են տասնյակ ալյ երաժիշտներ։ Մարիամ Ալոյանը փորձել է հասկանալ, թե ինչու են ինքն ու մյուս մարդիկ այդքան սիրում The Deenjes-ի բնավ ոչ դինջ երաժշտությունը։
Տեքստը՝ Մարիամ Ալոյանի
Լուսանկարը՝ facebook.com/THEDEENJES
Դիանա Մալենկո․ Դինջիսերեն
Երևան քաղաքում, մի օր սիրահարվեցի, թաքուն մի տեսակ։
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
մեռած աչքերով նայում էի նրան։
Ոչ մութ կար, ոչ լույս այդ այգում մերկ,
ու թվում էր հոգուս, թե երկուսն ենք մենք։
Նայեցի մի պահ , հասկացա հանկարծ,
որ փնտրում ենք իրար թաքուն, անկասկած։
Լուռ, անձայն նստել էր նա մի բաժակ թեյի։
Թունոտ ժպիտով նայում էր վրաս, ու դողում էին թևերը նրա։
Ես էլ մի պահ հասկացա հանկարծ,
որ տիրաբար արբեցնելով՝ մահ է բերելու սա, անկեղծ ասած։
Ինքս ինձ ասացի. «Սիրտ իմ, հանդարտվիր»,
բայց ահա հանկարծ մշուշում միայն,
մազերս ուղղելով դանդաղ նաիրյան, ականջին շշնջացի ես կիսաձայն. «Կարճ ասած՝ ես , սիրում եմ քեզ»։
Եվ ահա առաջին անգամ ` աղբյուրները լեզվին, տխուր ժպիտը դեմքին, գոռաց նա ինձ.
«Հոգիդ ուտեմ, իզուր այդպես դու շիկնեցիր։ Ինչքան, որ հուր կա իմ սրտում, բոլորը քեզ, բոլորը քեզ, բոլորը քեզ»։
Ու նույն գիշերը մթի մեջ ահա, հոսեցինք արագ,
տարօրինակ մեքենայով Երևանի գիշերներով։
Անծայր էր գիշերը, անհայտ էր ուղին։ Աստղերը խմբով երգում էին օրոր։
Մեկ նստած անկողնում անդադար խոսում էինք, ծխում ու խոսում էինք, խոսում ու ծխում էինք, որ կյանքը անցնում է կողքով մի տեսակ, որ մենք այս կյանքում մրսում ենք մենակ, մենակ մի տեսակ։
Ու լույսը լամպի տխրությամբ անհուն գուրգուրում էր հոգուս հոգնությունը սև։
Նա էլ հոգնած նստել էր կողքիս ու նայում էր շորերիս ծալքերին լուսե։
Հաջորդ առավոտ, չզարթնած ծեգին, կարապները, կարապները կանչեցին նորից։
Այսօր Ձեր մատները, տիկին,
հին բույրն եմ զգում ես կրկին,
հին բույրը՝ անցած, ուրիշի։
Ու այսպես ահա, ուսերիս վրա
մի անհուն տխրություն բարդեց ուրիշի։
Ես երգ էի հյուսում նրա համար,
նա չէր հասկանում իմ լեզուն։
Գնում ես՝ գնա, մնում ես՝ մնա։
Հետո շշնջում եմ.
«Խնդրում եմ՝ մնա»։
Կապույտի մեջ, կապույտի մեջ թողեց ու գնաց։
Խավար է, գիշեր է։ Մթում սպասում եմ։
Իսկ սիրտս բոլոր այն ահերը հիշել է։
Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս, ու վարդերը այտերիս, ու աշունը կրծքիս տակ՝ անլույս սպասում եմ բորբոքված։
Հիշում եմ, հնչեց զանգը միջանցքում,
և ես ներս մտա հին սենյակը քո։
Երկար քայլեցի անկյունից անկյուն, հետո դուրս եկա քեզանից դժգոհ։
Հետ դարձա կրկին, այնքան մութ էին խոսքերդ այն գիշեր՝ մութ ու առօրյա։
Եվ մի ժամ հետո հեռացա կրկին՝ արյունի հետքեր ձեռքերիս վրա։
Եվ ոչ ոք չհասկացավ այդ գիշեր, որ սենյակիդ մեջ սպանել եմ քեզ։
Երևանը քաղաք է, որտեղ ապրում են,
ապրում՝ մի տեսակ, ու մեռնում են էլի մի տեսակ։
Երևանը քաղաք է, որտեղ սիրում են,
սիրում են թաքուն՝ մի տեսակ։
Երևանի փաբերն ու Երևանի գիշերները
2010-ականներին փաբային կյանքը ապրում էր իր փոքր երևանյան բումը։ Փաբերում հիմնականում իրար տեսնելու, շփվելու, զրուցելու, խմելու, իրար հետ ունեցած-չունեցածը կիսելու, իրար թաքուն իմանալու, նոր երաժշտությունների ու ալբոմների մասին կարծիքներ լսելու և նման այլ բաների համար եկած մարդիկ էին հավաքվում: Համացանցն էլ դեռ նոր էր զարգանում, ուրեմն ամենաճիշտ տեղն էր քոպեսներին գտնելու, երկու բառ փոխանակելու ու իրար ճաշակ բացահայտելու:
Եվ հեց այս ժամանակ ծնվեց The Deenjes-ը: Սովորական, բայց նաև անսովոր անուն, իրենց շուրջ տարածված խորհրդավոր միստիկ տրամադրություն, երկար դադարներով երգեր ու բոլորովին այլ մոտեցում երաժշտությանն ու տեքստին՝ յուրաքանչյուր երգով ու կատարմամբ: Խումբը ունի մեկ ալբոմ՝ «Mother Tongue» (սեփական բնորոշմամբ՝ էրոտիկ-պատրիոտիկ ժանրի), անդամները ՝ Միկա Վաթինյանն ու Թամամ Համզան են, իսկ Միկայի խոսքերով՝ իրենք The Deenjes-ը համարում են ոչ թե խումբ, այլ՝ պրոյեկտ, որը արվում էր առաջին հերթին իրենց համար: Եվ գուցե հենց դրա պատճառով է, որ այսքան տարում նույնիսկ արդեն կիսաառասպելական կարգավիճակում, դեռ ոչ մի կենդանի համերգ չեն ունեցել:
Գրեթե նույնքան հազվադեպ են Միկայի ու Թամամի հարցազրույցները։ Ուստի, հոդված գրելիս ես որոշեցի գտնել մարդկանց, որոնք որևէ առնչություն են ունեցել խմբի հետ, երկրպագուներ են կամ էլ փորձում են երգել նրանց նման: Տեքստս մի քանի անգամ ջնջել փոխելուց հետո ամեն ինչ նորից սկսվեց, երբ մարտի 22-ին ToneLab-ում Արթուր Աթայանի նախաձեռնությամբ կազմակերպվեց The Deenjes tribute համերգը:
«Հոգիս հիվանդ»
-Առաջին անգամ լսել եմ 14 թվին, երբ «Հոգիս հիվանդ»-ը դուրս եկավ, - պատմում է Արթուրը՝ էլի Tone Lab-ում ենք, բայց համերգից մի քանի օր անց, խաղաղ պայմաններում, - ուշադրություն դարձրի, անսովոր անուն էր, խորհրդավոր էր ու միստիկ, ես էդ ժամանակ լսում էի ֆոլկ ու մետալ, ու սա իսկական շոկ էր, որովհետև մինչև այդ ես չգիտեի որևէ հայկական արտադրության երգ` հայ պոետի բառերով, որ ինձ դուր գար: Էն, ինչ իրենք անում էին, շատ ուղիղ խոսում էր մեզ հետ, մինիմալ, շատ պարզ, բազմաշերտ, ուղիղ հոգուդ հետ խոսող: Հետո Չարենցի բանաստեղծություններով մյուս գործերը լսեցի ու Չարենցին վերաբացահայտեցի:
Իսկ LSD երաժշտական համույթի հիմնադիր Արեգ Առաքելյանին ժամանակին հանկարծակի լսված «Թող ու գնա» երգը օգնեց դուրս գալ դեպրեսիվ տրամադրություններից։ Դրան հետևեց խմբի հետ ծանոթությունն ու համագործակցությունը․
- 2010-ի հունվարն էր, LSD-ով պիտի գնայինք նվագեինք Վրաստանում, իսկ ես հիվանդ պառկած էի ու ինչ-որ դեպրեսիվ վիճակներում էի, երբ դուրս եկավ «Թող ու գնա»-ն: Հիշում եմ, որ Alter Ego խմբի վոկալիստը՝ Ալտեր Էդոն էր փոստ արել երգն ու գրել, որ կերազեր սենց հայերեն մի երգ գրեր կամ նման մի բան: Դե բնականաբար նաև սկսվեցին կատակներ, մեմեր, հումորներ, սկսեցին համեմատել Daft Pank-ի հետ: Հետո The Deenjes-ի վերաբերյալ ֆրանսերենով պարոդիա դուրս եկավ (իրենց ընկերներն էին): Ու էդ ժամանակ հավաքվում էինք բոլորս փաբերում, էնտեղ քննարկում էինք, խոսում էինք:
Արեգի ծանոթությունը Միկայի ու Թամամի հետ տեղի ունեցավ, իհարկե, փաբում՝ արդեն լեգենդար Calumet-ում։
- Մենք համերգ էին անում Calumet-ում, որտեղ նաև հետագայում ես աշխատում էի (աման լվացող), ու մի անգամ Միկան եկավ, ինչ-որ բան պատվիրեց, խոսեցինք մի քիչ LSD-ից, Միկան, որը իրականում ռեժիսոր ու դերասան ա (իսկ Թամամը՝ օպերատոր), առաջարկեց, որ տեսահոլովակ նկարի մեր երգերից մեկի համար, քանի որ եղել էր համերգին Թամամի հետ ու հավանել էր: Էդ օրը ես չմտածեցի, որ լուրջ ա, քանի որ խմած էր, բայց հաջորդ օրը Բինոշի հետ եկավ (իր պուպսիկ շունիկի) ու խոսեցինք, պայմանավորվեցինք, որոշեցինք միասին ինչ-որ երգ ձայնագրել, որի համար կլիպ կնկարենք: Գնացինք Միկայի տուն, որ ձայնագրվենք, տեսա, որ կա մի հատ նոթբուք, որով ձայնագրվում էին իրենք: Մի խոսքով, տենց իրենց պրոդյուսերությամբ Rio-ն ձայնագրեցինք, ու շատ հավես էր էդ ժամանակը, հետաքրքիր էր անցնում: Հետո մենք նկարեցինք նաև «Ստվեր» երգի տեսահոկովակը, ես շտատիվի փոխարեն էի (կարծեմ էդ պահին մենակ ինձ մոտ էր կամերայով հեռախոս՝ Nokia պտտվող էքսպրես եսիմ ինչ), դե Միկան էլ ռեժիսորություն էր անում:
«Ստվեր»
Հարցնում եմ Արեգին, թե իր կարծիքով ո՞նց եղավ, որ այդ տարիների շատ խմբերի մեջ հենց The Deenjes-ը հասավ այսչափ բարձունքների։ Բացատրում է պատասխանատվությամբ․
- Երգից երգ ավելի պատասխանատու էին վերաբերվում էդ ամենին, ու ամեն հաջորդ երգը ավելի լավն էր ու աճ կար: Հետո The Deenjes-ը արդեն սկսեց նաև ազդեցություն ունենալ ուրիշ սկսնակ պրոյեկտների/խմբերի վրա, այդ թվում և իմ հետագա արածների:
Քիչ տեխնիկայով, քիչ բյուջեով ու անսահման շատ ձայներով, շշուկներով ու շերտերով խումբը, շուտով սկսեց լսվել ամենատարբեր տեղերից, փաբերից, շենքերից, բակերից, նկուղներից՝ ընդ որում՝ ոչ միայն գիշերներում, այլ առավոտներում, կեսօրներում ու հիմա անգամ աշխատանքային շատ երգացանկերի մեջ են ու լսում ես ամենասպասելի խանութներում հերթի մեջ կանգնած:
Դու՞ ինչու ես սիրել The Deenjes—ի երգերը
«Էպիգրաֆ» գրախանութում, որտեղ աշխատում եմ անցյալ տարվանից, մենք սկսեցինք կազմակերպել հանդիպումներ ժամանակակից ռեժիսորների հետ և հենց առաջին հանդիպման ժամանակ հյուրերից մեկն էր Միկան։ Վերջում ես, իհարկե, մոտեցա նրան ու ասացի, որ պատրաստվում եմ հոդված գրել The Deenjes-ի մասին, ու քանի որ իրենք հարցազրույցներ շատ չեն սիրում տալ, ես խոսում եմ իրենց ընկերների ու երկրպագուների հետ: Իմ խոսքին ի պատասխան, սակայն, Միկան ասաց, որ ինքն էլ կարող է պատմել շատ բաներ ուղղակի զրույցի նման, և մենք հանդիպեցինք ու, փաստորեն, ես հոդվածում ունեցա նաև հարցազրույց Միկայի, իսկ հետո նաև Թամամի հետ:
Սկսեցի ամենապարզ թեմայից․ ինչպե՞ս էին գրվում երգերը։
- Լսի, իրականում, իմ մոտ չի լինում տենց, որ նստեմ ու մտածեմ՝ այ հենց հիմա էս տեքստի ժամանակն է, չէ, տենց չի, չեմ նստում տխրում ու որոշում գրել, օրինակ՝ «Մի տեսակը», դա պահ ա, որ կարող ես հազար օր նստել ու կիթառով ծնգնգացնել, մեկ էլ մի օր հոոոպ, տեսա՞ր ինչ եղավ ու ստացվում ա, նույն էլ տեքստն ա, ինչ-որ պահեր ապրում ես, ապրում ես, ուզում ես դուրս թողնել մի բան ու դուրս ա գալիս:
Միկայի համար սա ոչ թե երազանք կամ նպատակ էր, այլ պարզապես մի բան, որն ուզում են ու անում, և հենց այդ նույն սկզբունքով էլ երգերը ստեղծվում էին, բայց՝
- Սկզբում անգամ չէինք էլ մտածում, որ սենց դիտելիություն կունենանք։ Երբ «Թող ու գնա»-ի դիտելիությունը հատեց հազարի սահմանը, ես ահավոր զարմացած էի, չգիտեմ, չէի սպասում նման վերաբերմունք, որովհետև երևի հատուկ ոչինչ չենք արել դրա համար:
«Թող ու գնա»՝ գոյություն չունեցող "Mother Tongue" էրոտիկ-պատրիոտիկ ալբոմի առաջին երգը
Բայց այդ 1000 դիտումը կարող էր զարմանալի լիներ տարիներ առաջ, այսօր Դինջերի երգերը մեր սերնդի համար համար կյանքի կարևոր պահի սաունդրեքի են նմանվել, որ մեզ ստիպել է ատել ու սիրել, ներել ու ցավալ, ապրել Երևանում մի տեսակ:
Միկան անսպասելիորեն հարցնում է, թե ես հատկապես ինչի՞ եմ The Deenjes սիրում.
- Դե որովհետև Դինջիսի 4 րոպեանոց մի երգում ամեն ինչ կա՝ տխուր ու ուրախ, ցավ ու հրճվանք, լսում ես տխուր տեքստ ու պարային շարժումներ ես անում
The Deenjes-ի երգերը առանձնահատուկ կապվածություն են առաջացնում, ոնց որ ամենավատ պահին եղած ընկերդ լինեն, որ քեզ հետ ճանապարհ են անցնում, ու դրա մասին էլ խոսեցինք Միկայի հետ.
-Էմոցիոնալ կապվածությունը երևի նրանից է, որ երգերը գցելուց առաջ ես միշտ զգում էի, որ այ հիմա ժամանակն է, այ հենց էսօր պիտի գցենք էս երգը… Մի օր հաղորդում էի նայում, որ Բիթլզի ֆանատները լացում էին խմբի բաժանման համար, ու լացող աղջիկներից մեկն ասաց՝ մենք էս երգերի հետ ենք ապրել, իրենց հետ մեծացել, սիրել… Չգիտեմ, գուցե մենք էլ ամեն անգամ երկար դադարից հետո մի երգ գցելով ճիշտ տեղին էինք հասնում, ու երևի դրա համար են սիրում, երևի՞:
Հաստատում եմ․
-Հա, հատկապես, երբ երկար դադարից հետո «Սիրտ իմ»-ը դուրս եկավ 22 թվին, իմ կյանքի ամենածանր պահերից մեկն էր, ու երգը եկավ որպես փրկություն ու ընկեր:
Չարենցը, Տերյանը, Սևակը և ուրիշները
The Deenjes-ի երգերը բաժանվում են երկու խմբի՝ հայ պոետների տեքստերով և Միկայի տեքստերով: Կամ էլ հաճախ երկուսը մեկում է լինում: Օրինակ՝ «Թող ու գնա» երգին, որտեղ Միկան ասում է, թող ու գնա, տարօրինակ մեքենա, միացրել են Նաիրի Զարյանի «Ինչու՞ չես խոսում հայերեն» բանաստեղծությունից տողեր: Շատերիս կյանքի սաունդթրեքը դարձած «Երևանի գիշերներում 2» երգը ուղղակի հղում է անում Ռուբեն Հախվերդյանի հայտնի երգին (բայց բացարձակ չի մնում դրա ստվերի տակ): Ամենաուրախ ու սիրո արտահայտման ձևերից մեկն էլ «Ուտեմ քեզ»-ն է` կյանքդ ուտեմ, ուտեմ, ուտեմ․․․
Իսկ ահա բանաստեղծությունն ավելի շատ է բացվում, ռիթմը ավելի շատ է զգացվում, երբ դրան փորձում ես որևէ մեղեդի ավելացնել ու բոլորովին այլ աչքով նայել: Ինչ խոսք, մեր թե՛ դասական, և թե՛ ժամանակակից պոետները եթե շատ չեն, գոնե քիչ էլ չեն, սակայն բոլորը չեն, որ կարող են դառնալ երգ ու մի բան էլ հետաքրքրեն ժամանակակից մարդուն:
«Բորբոքիր ինձ»
Ես ուսումասիրեցի առհասարակ բոլոր այն խմբերին, որոնք բանաստեղծության հիման վրա են երգեր գրել, և Եղիշե Չարենցն ու Վահան Տերյանը ամենաշատ երգվողներն են. խնդիրը, իհարկե, հանգի, ռիթմի, մեղեդայնության, ինչու ոչ, նաև բովանդակայնության մեջ է: Ես որոշեցի առանձին կարդալ բոլոր բանաստեղծություններն ու համեմատել The Deenjes-ի գրած երգի հետ, թե հատկապես ո՞ր հատվածներն են ընտրում: Այս առումով, շատ հետաքրքիր է Չարենցի «Չարենց-նամե» պոեմը, որի երկու հատվածներ, որոնք ինչ-որ դադարներով հաջորդում են իրար, դարձան բոլորովին տարբեր տրամադրությամբ երգեր՝ «Ներիր ինձ» և «Տվեցի սիրտս նրան»: Այնինչ «Բոլորը քեզ» և «Այսօր Ձեր մատները տիկին» բանաստեղծություններն էլ՝ լինելով կատաստրոֆիկ տարբեր ոճի ու բովանդակության, ձուլվել են իրար երգում ու փոքրիկ երաժշտական անցումով դարձել նույն տրամադրության: Իսկ Տերյանի «Բորբոքիր ինձ» բանաստեղծության մեջ կոնկրետ բառի փոփոխություն կար, որն իրականում, ըստ իս, ավելի լավն էր դարձրել տեքստը, ու չնայած Միկայի ասած խմբի էրոտիկ-պատրիոտիկ լինելուն, էրոտզիմը թուլացել էր.
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ
Իսկ ահա Դինջերի մոտ՝
Թույլ տուր շնչեմ քո մազերի բուրմունքն անուշ
Վահան Տերյանի մյուս՝ «Ինչ մնաց ինձ ոսկյա մի ցանց ուրիշ ոչինչ» բանաստեղծությունից էլ ընտրվել են քառատողերից երկուական տողեր, որոնք միանալով իրար, չեն թողնում տպավորություն, թե կրճատված կամ կտրված են: Փաստորեն, երաժշտության մեջ գրվեց նոր գրականություն:
Իսկ Հովհաննես Շիրազի ու Պարույր Սևակի բանաստեղծությունները հենց իրենց ձայնով հայտնվում էին Միկայի տեքստով գրված երգերում: Կարծում եմ՝ ամենաբարդերից է, վերցնել այս երկուսի ամենաահայտնի ու նույնիսկ ծեծված բանաստեղծությունները կամ, օրինակ, Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ՝ «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, և չհատել կլիշեի սահմանը, այլ հակառակը՝ դառնալ մաքսիմալ ընդհատակյա, բայց Չարենցի ու Տերյանի տեքստերով էլ ժամանակակից մարդուն ամենաանհանգստացնող զգացումներով ընկերակցել ու ապրումակցել:
- Չարենցի տեքստերը ամենահարմարն էին, - բացատրում է Միկան, - Ես մի գիրք ունեի տանը, որ տենց թերթում էի փոքր ժամանակից, ու էն բոլոր տեքստերը, որոնց մոտ էջանիշներ էի դրել, դրանք փորձեցի երգել: Ուրիշ պոետներով էլ շատ ենք փորձել, բայց Չարենցն ամենահարմարն է, որովհետև Չարենցն էլ մի բանաստեղծության մեջ տարբեր տրամադրություններ ու ռիթմիկա է տալիս:
Իսկ Միկայի տեքստերով գրված տեքստերից մեկի մեջ էլ, փաստորեն, հայտնվեց Պարույր Սևակի ձայնը, որտեղ Միկայի «գնում ես, գնա-մնում ես, մնա»-ին հաջորդում է՝ «Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ» բանաստեղծությունը՝ Սևակի ընթերցմամբ: Միկան բացատրում է, որ Սևակի այս տողերն ամենահարմարն էին ցույց տալու նեղացած տղամարդու հոգեվիճակը, և որ իրականում այս երգը պարոդիա է համարում, ու չէր էլ մտածում, որ մարդիկ սա ևս որպես դեպրեսիվ մի երգ կընկալեն:
Ամենատարբեր դպրոցների ամենատարբեր դասարաններից մեզ սովորեցրել են գրեթե միշտ նույն կերպ ընկալել բոլոր գրողներին, նույն կերպ լսել ու կարդալ նրանց գրածը, նույն ապրումն ունենալ ու կիսել, իսկ և շատերն էլ հետո նույն կերպ ասմունքում են ու երգում: The Deenjes-ի մոտեցումը այլ էր, երաժշտության ու տեքստերի մեկտեղությունը ցնցում էր առաջացնում: Նրանց երաժշտական նորարարությունն ու դասական պոետիկությունը առավելություն դարձան ու գրավեցին կարևոր դերեր: ԵՎ միայն հիացմունքով շեշտում ենք, որ տեքստն ու երաժշտությունը հաճախ չեն համախատասխանում իրար, երգում ես «հոգիս հիվանդ», բայց պարային շարժումներ ես անում, «գիշերը հոգնած նստել սենյակում», բայց երաժշտությունը հանգիստ նստել չի թողնում, և ըստ իս՝ ընդամենը երկու երգում է դրաման նաև դրամատիկ երաժշտության մեջ՝ «Մոռանալ» և «Նույնն է»:
«Մոռանալ»
Խմբի տրամադրությունը հասկանալը բավական բարդ է դառնում սրա արդյունքում, և ըստ Թամամի՝
- Կամ մինչև էյֆորիան է, կամ էյֆորիայից անմիջապես հետոն։
Խմբի ներկայությունը երկրպագուները միշտ չի, որ զգացել են, ուշ-ուշ դուրս եկող երգերն ու երբեք չլինող համերգները էմոցիոնալ սպասման ու հույսի են վերածվել, բայց համբերությունն ու սերը ավելի ուժեղ են գտնվել, քան անհույս սպասումը՝ գիշերը հոգնած, սենյակում նստած: Թամամ Համզան իմ հարցին, թե ի՞նչ կասեր երկրպագուներին, պատասխանեց, որ չնայած, որ իրենք հաճախ չեն հայտնվում, ուշ-ուշ են երգեր թողարկում, մեկ է, երկրպագուները հավատարիմ են ու մնում են, ինչի համար շատ շնորհակալ են:
Հոգեվիճակի երաժշտություն
Իսկ երկրպագուները, որոնց հետ ես անընդհատ խոսում էի, ամենատարբեր պատճառներով էին սիրում խմբին։ Հեղինեն ասում է․ «Իրենց երաժշտությունը ինձ համար հոգեվիճակի երաժշտություն է, ինչ-որ տեղ նաև թերապևտիկ էն մարդկանց համար, որոնք իրենց գտնում են երգերում։ Ցավի կամ տխրության մեջ ոչ բոլոր մարդիկ են սիրում կիսվել, ոչ բոլորն են սիրում շփվել, իսկ իրենց երգերը մենակության մեջ մի տեսակ չխանգարող ներկայություն են ապահովում, որտեղ կարիք չունես խոսելու, քեզ տեսնված ու հասկացված ես զգում, քեզ հետ խոսում են քո ներսի մասին, էս շատ ապաքինող ա։ Մի տեսակ գրկող հատկություն ունեն իրենց երգերը»:
Իսկ Սեդայի առաջին ծանոթությունը միջին դպրոցի տարիքում է եղել, երբ շատ հիմնավոր սիրահարվել է գրականության ժամին վերջին նստարանին նստած լսելով «քույր գուցե չկանք»-ը՝ ականջակալը կիսելով ընկերուհու հետ․ «Դնջերը նաև ստիպում են ինչ-որ բաներ զգալ ոչ միայն բառերի, այլև մյուզիքի հաշվին, իսկ ես շատ կարևոր եմ համարում ամենը ինչ, որ ստիպում ա բաներ զգալ»:
Միտքը, որ գուցե խումբն այլևս չլինի, իհարկե, ցավալի է, մխիթարանքը հնի մեջ փնտրելն ու հարմարվելն է, ու The Deenjes-ին կարոտողներն էլ քիչ չեն։ Միկայի և Թամամի՝ ֆիլմից ծանոթությունն ու հանդիպումը բերեց իմ սերնդի ամենասիրելի խմբերից մեկի ստեղծմանը, որն առանց կոմերցիոն հնարամիտ գովազդների դարձավ գերիշխողներից ժամանակակից անդերգրաունդ երաժշտության մեջ, անգամ մշակութային տարբերությունները։ Սիրիացի Թամամը այսպես է բացատրում․
- Այստեղ ոչ այնքան մշակութային տարբերությունները կամ նմանություններն էին, այլ իմ ու Միկայի շփումը, այն որ ես արդեն այդ քաղաքի ու մշակույթի մի մաս էի, փաստ է, բայց մշակութային տարբերությունն էլ, եթե չի օգնել, ապա հաստատ չի խանգարել:
Պոեզիան ու միտքը, երաժշտությունն ու իմպրովիզը, դասականն ու ժամանակակից, շշուկն ու կիթառի ձայնը մի տեղում են, նույն վայրկյանի ու բառի մեջ, ամեն մարդու համար դինջիսը ունի շատ տարբեր դերեր, բայց միշտ նույն՝ գլխավոր, շատերիս ցավն ու դեպրեսիան ամենավատ պահին հենց խմբով ենք հանգստացրել, ու կամաց շշնջացել, թե՝ «Սիրտ իմ հանդարտվիր», թաքուն ներումներ են խնդրել մարդիկ իրար փողոցներում՝ ներիր ինձ, իմ լուսե բարեկամ, սիրո պոռթկումներ են եղել, թե՝ «ուտեմ քեզ, ուտեմ, ուտեմ»:
Քաղաքին կապված
Երբ խոսեցի Ուրու խմբի երաժիշտ Թամ Մխիթարյանի հետ, հասանք նրան, որ խումբը կապեց քաղաքի հետ ու քաղաքն էլ, փաստորեն, չպատկերացրեց առանց The Deenjes-ի, ասաց որ.
- Դինջերը երևույթ են, որը ցանկացած մտածող մարդու պետք ա, որպեսզի ավելի շատ մտածի ու մեկ մեկ չմտածի, երբ որ դուրս ես գալիս քայլելու կամ քայլում ես, որ չմտածես, կամ որ մտածես ու Դնջերը տենց են, իրենք շատ քաղաքի մեջ սերտաճած են, ես չեմ պատկերացնում, եթե էս քաղաքում գոյություն ունենաս ու չվերաբերվես որպես քաղաք, կպած ա քաղաքի մեջ, ասֆալտի, ծառերի ու իրան անհնար ա ոչնչացնել էս քաղաքից, եթե ինքը չլինի, չի լինի նաև Երևանը, նոստալգիայի ու կարոտի զգացումը վրադ ա իջնում, իրենք շատ են տալիս այդ հնարավորությունը, իրենք ցանկացած էմոցիա կարող են քո մեջ արթնացնել ամենավատից մինչև ամենալավ, բոլոր էմոցիաները ապրում ես:
Իսկ մարդիկ, ովքեր Երևանում չեն ապրում, իրենց համար Երևանի կարոտը հագեցնելու մի ձև է դառնում։ Օրինակ՝ Ամստերդամում ապրող Զառան է պատմում․
- The Deenjes-ի «Մի տեսակ»-ը երևի ամենաշատն եմ սիրում։ Ամստերդամում եմ հիմա ապրում ու ցուրտ, անձրևային գիշերներին լսում եմ ու մտածում Երևանի մասին։ Քաղաքի մասին, որտեղ սիրում են մի տեսակ։ Կարծում եմ՝ դինջերը ուրիշ ձև են սիրում Երևանը։ Անկեղծ, բայց տանջող սիրով - ոնցոր ես եմ սիրում։ Անբացատրելի երևանյան մի բան կա դինջերի մեջ ու էդ Երևանը՝ իրենց երգերի շնորհիվ ներս ա թափանցում իմ փոքրիկ ամստերդամյան բնակարան։ Երևանում էլ էի շատ լսում The Deenjes, բայց Երևանից հեռու լինելով, Երևանին իրենց երգերի մեջ եմ գտնում, ինձ տուն են տանում միշտ:
Տատանողական, քաղաքային, անձրևային, շատ ջերմ արևային ու երբեմն էլ այնքան ուժեղ է քամին, որ չես կարողանում կանգնել ու քեզ պահել երկու ոտքերիդ վրա, նստում ու անջատում ես, օրինակ, «Բոլորը քեզ»-ը, որովհետև երաժշտական անցումներն ու երկու բանաստեղծությունների մեկտեղումը ինչ-որ պահի քեզ հասցնում է տարօրինակ զգացման, կանգնեցնում մեծ զգացողությունների առաջ, հետո նորից հետ ես միացնում ու լսում՝ քայլելով ու մտածելով քո, Երևանի ու մնացածի մասին, ունեցած չունեցածի ու մի տեսակ կյանքի մասին:
Ֆորշից, Հախվերդյանից ու էլի շատ ուրիշներից հետո The Deenjes-ը ավելի քան երբևէ կապվում է Երևանի հետ, Երևանի հետ կապում են մարդիկ, ովքեր ուղիղ սիրով են սիրում քաղաքը, մենք երևանը չենք տեսնում միայն գունավոր ու դարավոր, Երևանը տեսնում ենք նաև մութ, ցեխոտ ու անձրևոտ, Երևանը դառնում է տեղ որտեղ դու ունենում ես քո ամենասուր ու վատ ապրումները, իսկ երբ ապրումներդ ամենալավը կիսում է որևէ երաժշտական խումբ, դա էլ հենց այն է դառնում, ինչ կոչում ենք երևանյան: The Deenjes-ը ավելի քան երևանյան է, որովհետև The Deenjes-ը ավելի քան մարդկային է:
«Երևանի գիշերներում 2»
Սիրելի Դինջեր, գուցե չկանք կամ գուցե փնտրում ենք իրար իրար մեջ, բայց սպասում ենք և հույսով ենք, որ մի օր մեր սիրելի խմբի համերգին ներկա կլինենք ու բարձր կգոռանք՝
- Բոլորը ձեզ, բոլորը ձեզ: