ՀայկաԿանն 2026․ Կաննի կինոփառատոնի լավագույն ֆիլմերը՝ ըստ հայ կինոլրագրողների
Հայաստանի կինոքննադատների ու կինոլրագրողների ասոցիացիայի չորս անդամներ եղել են այս տարվա Կաննի կինոփառատոնում և առանձնացրել իրենց հատկապես հուզած մի կինոնկարները։ Ծանոթացեք, գրանցեք ու հետևեք մոտակա ամիսներին դրանց թողարկումներին։
Բացման լուսանկարը՝ Ասատուր Եսայանից / YantsImages
Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի, Սոնա Կարապողոսյանի, Ալեքսանդր Մելյանի, Դիանա Մարտիրոսյանի
Կարեն Ավետիսյան
«Մինոտավրոս» (Minotaur), ռեժ` Անդրեյ Զվյագինցև
Ռուսական մշակույթի «Հատուկ մշակութային օպերացիան»։
«Հայրենիք» (Fatherland), ռեժ․՝ Պավել Պավլիկովսկի
Մտավորականության անկատար մանիֆեստը միասնականության ճգնաժամին։
«Ֆյորդ» (Fjord), ռեժ․՝ Քրիստիան Մունջիու
Առաջադիմության և պահպանողականության չկարգավորվող խաչմերուկը։
«Հանկարծ» (Suddenly), ռեժ` Ռյուսուկե Համագուչի
Մարդը պատահականության և ճակատագրի սեյսմիկ միջանցքում։
«Իր ժամանակի մարդը» (A Man of His Time), Ռեժ` էմանուել Մարր
Ժամանակը հնարավոր չէ սպանել, բայց ժամանակի հետ կարելի է բանակցել:
Սոնա Կարապողոսյան
«Ամեն անգամ» (Everytime), ռեժ.՝ Սանդրա Վոլներ
Ավստրիացի ռեժիսոր Սանդրա Վոլների ֆիլմը հետևում է մի ընտանիքի, որ փորձում է ապրել իրենց ավագ դստերը կորցնելու ցավի հետ։ Սակայն փառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում գլխավոր մրցանակի արժանացած այս ֆիլմը վշտի ուսումնասիրման դասական փորձերից անդին է անցնում՝ վերածվելով մեդիումի բոլոր սպասելի ու անսպասելի դրսևորումների խառնուրդի։
«Լա Գրադիվա» (La Gradiva), ռեժ.՝ Մարին Աթլան
«Քննադատների շաբաթ» ծրագրի գլխավոր մրցանակի արժանացած «Լա Գրադիվան» ռեժիսոր Մարին Աթլանի առաջին լիամետրաժ ֆիլմն է, ով ֆրանսիական անկախ կինոյի շրջանակներում նախևառաջ հայտնի է իր օպերատորական աշխատանքներով։ Ֆրանսիացի դեռահասների՝ դեպի Նեապոլ ու Պոմպեյի փլատակներ ճանապարհորդությունը պատկերող այս ֆիլմը հակադրում է դեռահասերի կրքերն ու ցանկությունները հին հռոմեական արվեստին ու ստեղծում կինոկտավ՝ դեկադանսի լավագույն ավանդույթներին համապատասխան։
«Թուրինյան ստվեր» (Torino Shadow), ռեժ.՝ Ցզյա Չժանկե
«Թուրինյան ստվեր» կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է Թուրինի կինոյի ազգային թանգարանի «Թուրինյան հանդիպումներ» ծրագրի շրջանակներում, ըստ որի` հրավիրված ռեժիսորները հանձն են առնում ֆիլմ նկարել քաղաքի մասին՝ օգտվելով թանգարանի հարուստ կինոարխիվային նյութերից։ Շարքի երկրորդ ֆիլմը՝ «Թուրինյան ստվերը», հեղինակել է չինացի հայտնի ռեժիսոր Ցզյա Չժանկեն, և ում պատմությունը համեստ, բայց բազմաշերտ ձոն է կինոյի պատմությանը։ (Շարքի առաջին ֆիլմի՝ «Էկե Մոլի» (Ecce Mole, 2025) հեղինակը Հայնս Էմիխոլցն է, իսկ երրորդ կարճամետրաժը կնկարահանի Ռադու Ժուդեն)։
«Սպասուհու օրագիրը» (The Diary of a Chambermaid), ռեժ.՝ Ռադու Ժուդե
Տարբեր էկրանավորումների հիմք դարձած ֆրանսիական նովելի կրկնակի էկրանավորմամբ է ներկայանում ռումինացի ռեժիսոր Ռադու Ժուդեն։ Վերջինիս ֆիլմում ռումինուհի Ջանինան աշխատում է ֆրանսիական բուրժուա ընտանիքի տանը, անթիվ տեսազանգեր ունենում Ռումինիայում թողած իր փոքրիկ դստեր հետ, ինչպես նաև խաղում է սիրողական թատրոնում, որտեղ բեմադրվում է «Սպասուհու օրագիրը»։ Դասակարգային քննադատությամբ, սև հումորով ու լավատեսության փշուրներով լցված ֆիլմը Ժուդեի՝ վերջին տարիների լավագույն ֆիլմն է։
«Թիթեղյա ամրոց» (Tin Castle), ռեժ.՝ Ալեքսանդր Մըրֆի
«Թիթեղյա ամրոց» վավերագրական ֆիլմը պատմում է իռլանդական քոչվոր ընտանիքի՝ Օ՛Ռեյլիների մասին։ Ռեժիսոր Ալեքսանդր Մրֆին ստեղծում է սիրով լի ֆիլմ Պայի, Լիզի ու նրանց տասը երեխաների մասին, ովքեր չնայած հասարակական և տնտեսական դժվարությունների, չեն ցանկանում հրաժարվել իրենց ավանդական ապրելաոճից, որը բնորոշ է իռլանդական այս էթնիկ փոքրամասնությանը և ունի հարյուրամյակների պատմություն։ Կոտրելով համայնքին վերագրվող կարծրատիպերն առ այն, որ նրանք վտանգավոր և անվստահելի մարդիկ են, Մրֆիի ֆիլմը դառնում է ջերմ ընտանեկան տեսանյութ, որ վավերագրում է Օ՛Ռեյլիների ամենագեղեցիկ ու կարևոր հիշողությունները։
Ալեքսանդր Մելյան
«Անհայտը» (The Unknown), ռեժ․՝ Արթուր Հարարի
Գորշ մրցութային ծրագրի խավար աստղը. Հարարիի էնիգմատիկ ֆիլմը տանում է անհայտ արահետներով ու արտահայտում անարտասանելին։
«Հայրենիք» (Fatherland), ռեժ․՝ Պավել Պավլիկովսկի
Թոմաս Մանը ճամփորդում է պառակտված հետպատերազմյան Գերմանիայով, ձախողում բևեռացված աշխարհների միջև երկխոսություն հաստատելու ինքնահռչակ առաքելությունը և հայկական կոնյակ խմում Պավլիկովսկու տիպային, բայց ամենահաջողված ֆիլմում։
«Ֆյորդ» (Fjord), ռեժ․՝ Քրիստիան Մունջիու
Քրիստոնյա-պահպանողական զույգի տանջանքները նորվեգական յուվենալ արդարադատության «ճիրաններում». ամուսինները մեղադրվում են երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Ֆիլմը որքան սադրիչ, նույնքան էլ՝ բազմաշերտ է։ Ավանդապաշտները կտեսնեն փտող արևմուտք, լիբերալները՝ հետամնաց ընտանիք։ Ու եթե կա մի կերպար, որի հետ հեղինակն ու հանդիսատեսը պետք է որ նույնականանան՝ ընտանիքի հարևան-փաստաբանն է, որը մարմնավորում է «վոլտերյան» դիրքորոշումը. «Ես չեմ կիսում ձեր համոզմունքները, բայց պատրաստ եմ մեռնել դրանք արտահայտելու ձեր իրավունքի համար»:
«Հրաժեշտ դաժան աշխարհին» (Goodbye Cruel World), ռեժ․՝ Ֆելիքս դե Ժիվրի
Աշխարհի դաժանությանն այլևս չդիմանալով՝ 14-ամյա Օտտոն որոշում է ինքնասպան լինել։ Նա հիսուներկու հրաժեշտի նամակ է ուղարկում դասարանցիներին և ընտանիքի անդամներին։ Ինքնամահափորձն անհաջողությամբ է ավարտվում, և մինչ քաղաքում որոնողական աշխատանքներ են ընթանում, կենդանի մնացած դեռահասը ստիպված թաքնվում է բոլորից: Համեմատաբար աննկատ անցած այս փոքր հասունացման ֆիլմում պատկերային շարքի զսպվածությունը, նուրբ մելանխոլիկ պատմողականությունը, ու միևնույն ժամանակ անրջական-ցնորական մթնոլորտը հիշեցնում են տարբեր ժամանակների ֆրանսիական լավագույն կինոն՝ Բրեսոնից Բրիսո, Պիալայից Լամորիս։
«Մերսի, որ եկաք» (Thanks for Coming), ռեժ․՝ Ալեն Կավայե
Կյանքի մանրուքներ, փոքրիկ զավեշտներ, նոթեր վաղանցիկի մասին: Իր վերջին՝ օրագրային-էսսեիստական ֆիլմում ֆրանսիական կինոյի պատրիարք 94-ամյա Ալեն Կավայեն շնորհակալություն է հայտնում ու հրաժեշտ տալիս հանդիսատեսին։
«Մերսի, որ եկաք»-ն ամփոփում է ռեժիսորի շուրջ յոթանասունամյա ֆիլմոգրաֆիան՝ իր գրեթե գոդարական հետագծով. մասսայական կինոյից դեպի ռադիկալ էքսպերիմենտներ։
Դիանա Մարտիրոսյան
«Քնքուշ հրեշը» (Gentle Monster)
Հոգեբանական թրիլեր-դրամա անհարմար, զգայուն և ցավոտ թեմաների մասին, որոնց մասին մեր հասարակությունը մինչ օրս նախընտրում է լռել։ Ստեղծագործական նյարդեր, սեռականություն, արգելքներ, սերը և ճշմարտության որոնումն այստեղ միահյուսվում են և բազմում ֆիլմի (և մրցութային ծրագրի) ամենանուրբ ու զգայուն կերպարներից մեկի՝ Լեա Սեյդույի հերոսուհու ուսերին:
«Հայրենիք» (Fatherland), ռեժ․՝ Պավել Պավլիկովսկի
Պավել Պավլիկովսկու շքեղ, նրբաճաշակ ու մելանխոլիկ պատումը ժամանակաշրջանի, քաղաքականության և դիսֆունկցիոնալ ընտանիքի մասին։ Տղամարդկանց մասին, որոնք դարձան իրենց դարաշրջանի խորհրդանիշներն ու ձայնը, բայց այդպես էլ չսովորեցին սիրող հայր լինել սեփական երեխաների համար։
Full Phil, ռեժ․՝ Քվենտին Դյուպյե
Քվենտին Դյուպյեն, ինչպես միշտ՝ մետահեգնանքի, պոստհեգնանքի, Նոր էթիկայի և բացարձակ աբսուրդի խաչմերուկում։ Աբսուրդային, զվարճալի և շատ ճշգրիտ փոքր ֆիլմ՝ մեծ աշխարհի մասին, որը վերջնականապես վերածվել է պերֆորմանսի։
«Ֆյորդ» (Fjord), ռեժ․՝ Քրիստիան Մունջիու
Ռումինական Նոր ալիքի նախահայր և արդեն Ոսկե արմավենու ճյուղի երկակի տիրակալ Քրիստիան Մունջիուի զգայուն, այժմեական ու խիստ կարևոր դատարանային դրաման արևելաեվրոպական և արևմտաեվրոպական ընտանիքների ու մշակույթների դաստիարակության պատկերացումների բախման մասին։ Եվ, անկեղծ ասած, որոշ պահերի պարզապես անհնար էր ռումինական ընտանիքի փոխարեն հայկական ընտանիք չպատկերացնելը։
«Անհայտը» (The Unknown), ռեժ․՝ Արթուր Հարարի
Արթուր Հարարիի միաժամանակ հիպերռեալիստական ու սյուրռեալիստական ֆիլմ նարկո-trip ինքնության, սեփական Ես-ի, մեծ, անտարբեր աշխարհում քո փոքրիկ տեղը գտնելու կամ հոգուդ ու ներաշխարհիդ հետ վերամիավորման մասին։ Անհարմար, տագնապային, երբեմն գրեթե ցնորք ու fever dream հիշեցնող կինո, որի համար (կրկին) Լեա Սեյդուն և Նիլս Շնեյդերը բավականաչափ տպավորիչ կերպով փոխակերպվել են, իսկ սիրելի ռեժիսոր Ռադու Ժուդեի՝ գլխավոր հերոսներից մեկի հոր դերում անսպասելի հայտնությունը փոքր, բայց հաճելի բոնուս է: