Ուրվական Այլ․ ուղեցույց
Համերգ

Ուրվական Այլ․ ուղեցույց

Վաղուց սպասված, բայց արդեն անիրական թվացող իրադարձություն․ Նիկոլաս Ջաարը առաջին անգամ Հայաստանում կկատարի իր «Pomegranates» ալբոմը, որ գրել է՝ ոգեշնչվելով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնից»։ Ընդ որում, ոչ թե մեկ, այլ երկու անգամ՝ Urvakan Ayl երկօրյա միջոցառման շրջանակում։ Եվ դա կլինի ալբոմի առաջին կենդանի կատարումը երբևէ։ Պատմում ենք գլխավորը այդ երկու օրերի մասին։

Տեքստը՝ Արեգ Դավթյանի

 

Տոմսերի համար՝ Urvakan.com

 

ԵՐԵՎԱՆի Patreon-ում միայն մեր աջակիցների համար գործում է պրոմո-կոդ, որով Urvakan Ayl-ի տոմսերը կարելի է գնել 50% զեղչով

#Արվեստ #Փարաջանով100

Կազմակերպիչներ

Ուրվականի թիմի առաջին խոշոր միջոցառումը 2019-ի համանուն եռօրյա շլացուցիչ փառատոնն էր Մանկական երկաթուղում, հետո եղավ սինթեզատորային արվեստին նվիրված Synthposium-ը, DāM FunK-ի համերգը, UNTIME ցուցահանդեսը «ՀայԱրտում» և այլ միջոցառումներ, որոնք մշտապես միավորում են կենդանի ու էլեկտրոնային երաժշտությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։ 2022-ին նախատեսվում էր մեծ փառատոն Դիլիջանում, բայց այն չեղարկվեց խառը քաղաքական վիճակների պատճառով։ Urvakan Ayl-ը նշանավորում է Ուրվականի վերադարձը։ 

 

2018 թվականի փառատոնը / լուսանկարը՝ Բիայնա Մահարու

 

Ծրագիր

Ուրվականի թիմը երկար տարիներ շփվում էր Նիկոլաս Ջաարի հետ և ի սկզբանե նախատեսվում էր մեծ միջոցառում, որը կներառեր ոչ միայն Ջաարի, այլև լեյբլի այլ արտիստների մասնակցությունը։ 2022-ին այն պետք է դառնար դիլիջանյան փառատոնի մի մասը, բայց, ավաղ, իրավիճակը թույլ չտվեց։ 2025-ին  վերադարձան մտքին, հատկապես, որ «Pomegranates» ալբոմը նշում էր իր 10-ամյա հոբելյանը։ Դրա վրա էլ կենտրոնացան։ Այսպիսով, Ջաարը համաձայնեց առաջին անգամ պատմության մեջ կենդանի կատարել հռչակավոր ալբոմը։ Համերգը բացառիկ է նաև կատարողների կազմով․ Նիկոլաս Ջաարին բեմում կմիանա «Գուրջիեֆֆ անսամբլը»՝ Լևոնի Էսքեյանի ղեկավարությամբ, ինչպես նաև երկու մենակատարուհի՝ Ջուլիաննա Բերբերյանն ու Ժաննա Դավթյանը։ 

 

Հատված «Pomegranates» ալբոմից, ֆիլմ-կոլլաժը՝ Kinoversus-ի

 

Կարևոր դեր է խաղալու «Retaining The Energy, But Losing The Image» ինստալացիան, որը դառնալու է համերգի անբաժան ու ոչ պակաս տպավորիչ մասը։ 

 

Երկու օրն էլ ծրագիրը բաղկացած է երկու մասից․ առաջինում, դեռ լույսով, կմնեկնարկի «Pomegranates»-ը, իսկ երկրորդ՝ արդեն ավելի ակումբային մասում, կնվագեն այլ արտիստներ։ Երկրորդ օրվա վերջում խոստանում են մեծ անակնկալ։ 

 

”Retaining The Energy, But Losing The Image” ինստալացիան / լուսանկարը՝ Urvakan

 

Տարածք

Ինչպես նշում են կազմակերպիչները, Երևանում մինչ օրս չափազանց դժվար է գտնել նման տեսակի միջոցառումներին հարմար հարթակներ։ Ի վերջո, ընտրությունը կանգ առավ Գրքի պալատի վրա, այն տարածքում, որտեղ ժամանակին տեղակայվել էր The Office ակումբը։ Մոտակայքում է եղել նաև լեգենդար Poligraf-ը, մինչ օրս աշխատում է Tonelab-ը։ Ըստ կազմակերպիչների, այդ պատմական արձագանքը ևս կարևոր խորհուրդ է միջոցառման համար։ Չհաշված Գրքի պալատի պատմական մշակութային շերտը (այստեղ՝ «Հայպետհրատում», օրինակ, աշխատել է Եղիշե Չարենցը):

 

Գրքի պալատ / լուսանկարը՝ wikipedia.org

 

Ցերեկային ձևաչափ

Կարևոր պահ․ այս միջոցառումը ոչ թե ակումբային ռեյվ է, այլ ցերեկային հավաքույթ (անգլերեն դրան ասում են gathering), որտեղ կարելի է հաճելի ու հանգիստ օր անցկացնել, շփվել ծանոթների հետ, ծանոթանալ թվային արվեստի հատվածին, տրամադրվել համերգին, հիանալ երաժշտությամբ ու հեռանալ ոչ ուշ գիշերով։ Այս ձևաչափն ընդունված է աշխարհում, Հայաստանում  դրան հաճախ անդրադառնում են, օրինակ, Rambalkoshe-ում։ 

հավելյալ նյութեր